Փետրվարի քսանից հետո աշնանահերկից կամաց-կամաց շոգի է բարձրանում, տափը զգացական հևում է: Կարտիֆիլը հողը գցելու ժամանակն է, եղանակը հանկարծ փոխվի, գլխին ձյուն դնի՝ վնաս չկա, ձյան տակ սերմն ավելի տաքուկ է ծիլ տալու: Մերուժը շղթան քաշում է, հոսանքը հասցնում այգու տկողնատակ՝ մագնիտոֆոն միացնի: Նոր կասեթ է ուղարկել Ստեփանակերտից քեռու տղան: Մոր հետ սխտորը պիտի փխուր տան, կարտոֆիլը մարգ պիտի արվի: Բոլորը Փաշիկ Պողոսյան են լսում, ինչ-որ հարսանիքի Հուռումյան, ինքը՝ Հենդրիքս, «Uriah Heep»: Ձորի այն կողմից թաղամասի հայտնի ալարկոտ Ջեկա Լևոնը, ծխախոտը բերանին, ամեն երգի ավարտի կանչում է.
-Մեժոո՜, ախպերիկ, մի հատ էլ դիր, էլի՛: Կասեթ պիտի գտնեմ՝ զապիս անես ինձ համար: Էն օրը տելեվիզրից արել եմ՝ էն չի, ավելի շատ տնեցուց ղալմաղալն ա գրվել:
Քեռու տղա Արտուրն ասել է՝ Մակքարթնի է ուղարկելու, «The Rolling Stones»-ի բոլոր երգերը տալու է ավտոբուսի վարորդ Արեգին՝ բերի, իրիկնադեմ Մերուժը դուրս պիտի գա՝ մեքենան դիմավորելու:
Իսկ մայիսի վերջին Վեռը-Զեռ Սիրանի թթենիները կարմիր արմատիքը գետնի երեսով մեկնում են, նշանակում է՝ անտեր են, անձրև-կարկուտ, հողմուքամի ծառերի տակը տարեցտարի սրբել, լցրել են դեմի Ջրակնի ձորը: Ենովքի այգի, Մարտինի վաղուց լքյալ բակ՝ թութը հասել է, քանի թափ արդեն թափել. թթաթափը Փոլի ձորում հեռվանցի փայտի խուլ տկոցով շրխկում է: Հունիսի տաքը խաբուսիկ է, ճիճի է սվսվում, կածուկ ծաղիկը կոխել է, շուտ թափեն միայն, ժամ-ժամի՝ ռուզին չոլերն է լցնվում: Թաղի տկլոր երեխեքը, հոգսից ազատ, վազվզում են թթաթափին, համերգը սցենար ունի՝ դերերը բաժանված, փորձերն է, որ չկան, թթաթափը սկսվում-ավարտվում է:
-Ադա՜, փալասը դե՛ս ձգի, չէ՛, չէ, դե՛ն պահի: Թո՜ւհ, ադա, աչքերդ քոնը չե՞ն, աղբահարը դառավ տանջմունքս: Վա՜յ, վա՛յ, վայ, ռուզիս դառավ չոլերը: Ա՛յ տափը մտած, դու եկել ես փալաս բռնես, թե հոգիս բերանովս բերե՞ս …. թու՛հ, թքա՛ծ ձեր կերած ծծի վրա,- երեխաները գլխին հավաքած՝ ծղրտում է Սիրանը:
Նրանք մի ձեռքով փալաս են բռնում, մյուսի ափը, հոգի ուտելով, վերից շրմփացող թթի տակ պահում, հետո, կտորը ոտի տակ տալով, վերջին ծառի վերջին ճղներին են սպասում՝ Վահանը վերևից ասելու է.
-Պը՛րծ, իջա:
Սիրան մորքուրը, ծառատակից՝ սրտացավ, չքմեղ ու սիրալիր վերջին անգամ խնդրում է.
-Վահան, ղուրբան լինեմ քեզ, ոնց-որ էդ շեքամիջի ճղանդ լավ չես խփել, մի հատ էլ խփի՛ր՝ իջիր, հե՛նց ապրես դու…
Չորս կողմից, շերտ-շերտ, երեխաները փալասը ներս են ծալում, իրար քով շուրջանակի նստում, քաղցրակաթը համտեսում, շաշ-մաշ բաներից խոսում, իրար միս ուտում: Կուզե՜ն իսկի օրը մթնի: Ելակի մարգից են ահա կարմրին տվողը թռցնելու, ռուսեթի շլորը՝ դեռ խակ, թփից կանաչը պոկոտելու են: «Ձեր եկած տեղը անիծվի՛…»,- փնթփնթում է թթի ջանքից արդեն սրտհով Սիրանն ու՝ ժպտում: Նա փալասի միջի խշորը թթից ջոկում է միանգամից, երեխաները, հայհույը դրած, քեֆ են անում, հետո դեռ հին, փլատակ բակի պուճախներում մինչև օթի-իրիկուն տապկնոցի են խաղալու միասին:
Օր-կեսօր, Մարսելի տղա Վազիկն ահա ներքևից, անծանոթ մի աղջկա հետ, փալասը կռնատակին, թթափայտի քուղը ափի մեջ խաղացնելով, պայծառ-պույծուռ, դեպի թթենոտ է բարձրանում: Վեռըզեռը Վազիկի մեծ տատն է, վաղուց է մահացել, տունը՝ անտեր, փլվել-գնացել է, Սիրանի խալխը տատի երբեմնի հանդավարի զույգ թթենիները ժամանակին գալիս թափում են, տանեն արաղ քաշեն…
-Բարիօր, երեխեք, ո՞նց եք,- ձեռքի բեռները ծառի տակ դրեց, աղջկան հարմար քար ցույց տալով՝ նստի, մեծի սիրով ողջունեց Վազիկը:
-Բարև, բա՜րև,- մեկումեջ բացականչեցին երեխաները: Նրանք սովորաբար լկտի, քառականջ են, իրենց բարի աչքով նայող մեծին հարգում-սիրում են, նրա ներկայությամբ՝ միշտ ուրախանում, աշխարհով մեկ լինում:
-Վա՜յ, Վազո՛, էս ո՞ւմ երեխեքն են, ինչ էլ տեսակ-տեսակ են,- ծիծաղեց ծառի տակ նստած աղջիկը: Պարզվում է՝ նա ընդամենը նախանցյալ օրը Ստեփանակերտից փախցրած՝ Վազիկի հարսնացուն է՝ քաղաքում հայտնի անուն ունեցող, ավտոկայանի վաղուցվա աշխատակցուհի, մի քանի մարդու գնացած, լիքը, ծծառատ Թամարի դուստրը: Արդեն երկու օր է՝ իրար հետ են, արդեն քնել են իրար հետ:
-Էս մեկին նայի՛, վայ մամա, ճագար լինի ասես,- ասաց ու նորից քրքջաց հարսնացուն,- էս մի տղան էլ՝ կոպիա Ֆրունզիկ: Ախպերի՛կ, դու հո Խազանովի հետ բարեկամ չե՞ս,- իբր կատակեց նորահարսը:
-Իմ անունը Արսեն ա, ի՞նչ Ֆրունզիկ, ի՜նչ Խազանով,- նեղացավ, վերջապես հերսոտեց երեխաների ավագը:
-Կարգին խոսի նրանց հետ, ի՞նչ փոթեր ես դնում, լավ խոխեք են,- վերջապես նախատեց Վազիկը՝ ծառաբունը տնտղելով՝ բարձրանա:
Վազիկի խաթրին վիրավորված երեխաները, այնուամենայնիվ, փալասը բռնեցին, օգնեցին թութը թափել: Նրանք ցրվելուց հետո են իմացել, որ աղջկա մի ծալը պակաս է, իրար ասել, ծափ են զարկել՝ քրքզացել: Տկլոր են ման գալիս նրանք, մի-մի տրուսիկ է հագածները, կոշիկը՝ առանց քուղերի: Փնթի չեն, այդպես հարմար է պարզապես. գետը թրջոց լինել են գնում, հաճախ ոտնամաններով են մտնում ջուրը, մույկերը հագնել չկա, ոտդ գցեցիր-հանեցիր, քուղերն ամառ օրը կակպելուց ազատ ես, առավելևս՝ ինքնիրեն ետկապ տված քուղերը քայլելուց չես կոխում՝ դնչիդ վրա որ ընկնես:
Լուսիկի երկու որդիները տղամարդ են արդեն, մեկը մեկից երկու-երեք տարով մեծ: Վահանը՝ կրտսերը, ավազակ է՝ սրա հետ քարտ խաղա, նրա հետ սիգարեթ ծխի, աղջկա հետևից՝ այսինչ տեղը հասնի, մագնիտոֆոնը ձեռքին, կլուբում աղմուկ դնի, կռիվ գցի՝ շրջկենտրոնից եկած թատրոնը տապալի: Հայրը՝ Սուրենը, իրիկունը գլուխը բարձին է դնում՝ կրտսեր որդու ճակատագրի համար սիրտը ծանրանում է: Ախր, ո՜ւմ հետ է ընկերություն անում, գիրք չի բացում, սիգարեթի տուփը մարդամեջ արդեն գրպանում է ման գալիս: Աշխենի տղա Ռափիկի շարքերն ընկած, արդեն երկու-երեք անգամ միլիցիա են տարել: Ամեն իրիկուն՝ աչքը հուպ տալուց առաջ, անտանելի նեղվում է. «Ո՛չ սպանելի ա, ո՛չ պահելի, սրա վերջը ի՞նչ պիտի լինի: Սա ի՜նչ դարդ ա, որ տրվում ա երեխայի միջոցով, ա՜խ, աստված»: Հեռուստացույցի հետևի սարդոստայնի միջից հայրը մի կապուկ փակետ, իրար վրա դարսած նամակ է հանել, ո՞ւմ է գրում. ներքին թաղի ֆերմայի վարիչ, աչքը շիլ Սեդրակի աղջիկ Սուսանի վրա: Սուսանը սիրուն է, մատիտով գծած, հոնքերը կամար, համեստ, պռոշը-պռշի վրա, անբացատրելի ժպիտը՝ երեսին: Մեկը-մեկից մի դասարան բարձր են սովորում:
Դպրոցի շենքը՝ նորակառույց, շուրջը բաժան-բաժան տնատեղեր, այգիների ծառերը բերք են կաթուկ տալիս: Վարչության համար նոր շենք են այստեղ կառուցում, դպրոցից տուն գնացող երեխաները նայում են, ուրախանում նորակառույցի համար: Քաղաքից, բետոնե մասերը տեղադրելու համար, վերամբարձ կռունկ էր եկել, վարորդը մեքենան թողել է դռդռոցի մեջ, թափքից ցած թռել, մոտակա տանձենու տակ ամոթույքը հանել, սկսել ի տես բոլորի միզել: Շուրջը՝ երեխա, կին-արմատ, Վալոդի կին Նուրվարդն է անցնում, նայում՝ աչքը չի ճպում, վարորդ անամոթն էլ նրան է նայում: Շենի զեռ էշ տղամարդիկ, ձեռքերը գրպանում կանգնած, մեկնումեկը ծպտուն չի հանում՝ քաղաքից եկած անասունին ասի. «Դու քանի՞ գլխան տեր ես, որ օր-ցերեկ, կնիկ-երեխա անցնելիս, հասարակության մեջ պետքդ բավարարում ես, շան որդի…»:
Վահանն էր էլի, ութերորդցի, գրքերը կռնատակին, երկու դասարանցու հետ անցնում, աչքը տեսավ, կանգեց, մեծավարի ու տեղին՝ բարձրաձայն հոխորտաց.
-Դու քո երեխայի աչքի առաջ ցիթո՞ւմ ես, դայի:
Վարորդը անակնկալի եկավ, շուտ-շուտ ամոթույքը շեքի մեջ թափ տալով, թաքցրեց, շղթան ձգեց, ցատկեց կռունկի հարթակը.
-Ա՛ լակոտ, գնալու չե՞ս գործիդ,- առանց նայել Վահանին՝ նետեց քաղաքեցին ու թափքի դուռը բացեց:
-Լակոտը քո խոխեքն են, անքաղաքավարի շան որդի,-լսելի-չլսելի նետեց Վահանը:
Այդ պահին վարչության նախագահ Դանիելյան Վարդգեսը դուրս գա, կանգնած անլեզու շենի տղամարդկանց ականջին չհասնող մռթմռթոցը լսելով՝ նորակառույցի բակից նախատի.
-Սուրենի տղա, դու պիտի քեզ ցույց տա՞ս, էլի՛: Սեկիստներով դեռ չե՞ք որոշել, որ տանիքի տակ եք խաղալու: Լեզուդ տե՛ղը դիր, գնա դասերիդ մնա, որ կարաս տարին ավարտես, նույն դասարան չմնաս:
Վահանը չի խոսել, հետև էլ չի նայել, թե Դանիելյանը էլ ինչ է ասելու, շտապել է՝ դպրոցից միասին տուն գնացող ընկերներով Մարկոսյան Մուխանի բոստանի կեռմանը անցնի, որ աչքի երևալուն անհասանելի լինի:
Ամալը նոր էր Վանքից հարս եկել, տուր թե կտաս շան ճակատին, փախցրին բերեցին: Վահանը իններորդը նոր էր ավարտել: Քանի որ նշանածացու, իրենց հարևան Չախմուր Բորիկի հետ քարտի ընկեր են, արդեն քիչ-միչ սեղաններին ինք էլ է արաղ կոնծում: Բորիկի Ամալը աշխույժ աղջիկ էր, Վահանի հետ կարգին մտերմացել էր, գիտեր նրա կնամոլ, ամեն մի կռվի մեջ՝ անպայման մասնակից դառնալու բնավորությունը: Իրենց բակից ներքև՝ Վահանենց տունը բռան մեջ էր, որոշեց խաղ խաղալ գլխին: Զանգեց, բաժակը թեք՝ ընկալուչին պահեց, որ ձայնը չջոկի, այսպես խոսեց.
-Վահա՞ն, բարիօր: Որտե՞ղ ես, չես երևում, ուզում եմ քեզ կարևոր բան ասեմ. գալի՞ս ես հանդիպման:
Վահանը ձայնը չի ճանաչում, բայց իսկույն, բնականաբար, արյունը եփ է գալիս, շփոթմունքից դուրս գալու համար՝ հարցնում է.
-Բարիօր, ո՞վ ա:
-Էդքան շուտ մոռացա՞ր: Դե լավ ա:
-Կարում չեմ տեղը բերեմ:
-Այ, կգաս՝ կտեսնես:
-Շատ բարի, լավ, ժամը քանիսի՞ն, որտե՞ղ,- Վահանի սիրտը անուշ դողդողաց:
-Աղբրի մոտ՝ հիվանդանոցի դիմաց: Ժամը չորսը հարմա՞ր ա:
-Դե ասա՝ ով ա, խաղալու հավես չունեմ,- բերկրալի շաղվեց Վահանը:
-Մարդմուրդ շատ ա էդ ժամին, ուզո՞ւմ ես՝ Կուռուզի տան մոտ՝ տրանսֆորմատրից ներքև՝ փռշնենու տակ տեսնվենք,- հետքերը ավելի մոլորեցրեց Ամալը:
-Պայմանավորվեցի՛նք,- հանձնվեց սրտոտ Վահանը:
Ժամը խփեց, Ամալը դուրս եկավ իրենց բակ: Րոպե առ րոպե՝ ճիշտ ժամանակին, Վահանը՝ թրաշը շողշողուն, մազափունջը՝ սղալ, եղբոր՝ Մերուժի սպիտակ ջինսը հագին, դարպասը, ճը՜ռռ, բացեց, շուռ եկավ դեպի հիվանդանոցի կողմը: Ամալն ադեն ամուսնուն՝ Բորիկին ասել էր. միասին, իրենց սամթին կանգնած, սկսեցին նայել նրա հետևից: Վահանը կոկիկ-մոկիկ քայլեց, հասավ հիվանդանոցի դարպաս, նստարանի մոտ կանգնեց, նախշուն սիգարեթի տուփը հանեց, մի հատիկ վառեց, ափի մեջ՝ ծխուկը ձագար արած պահեց, սկսեց սպասել անծանոթ ընկերուհու ժամանելուն: Չկա ու չկա: Իսկ Ամալն ու Բորիկը, իրենց բակի բարձունքում, իրար երեսի էին նայում այս պահին-Վահանին՝ հռհռում: Մի կես ժամ, մինչև Բորիկը քրքզոցի միջից հանդարտ կանչեց.
-Վահան, ա՛յ Վահան, գլխիդ ձյո՛ւն գա, հերիք ա անտեղի մռութդ կախ տաս, արի՛, արի մեր կողմը: Արի՛, երեկվանից համով կորկոտ կա ուտելու:
Վահանին ճար չկա, մեկ էլ՝ աչքը ծմակհողցու է բռնել: Ավտոբուսի վարորդ Ռուբիկի աղջկա դասարանը ութն ավարտել, պիտի գար իրենց դպրոց՝ ուսումը շարունակելու: Տարի, ի՜նչ տարի, յոթ աշակերտից մենակ Փորսուղ Վանիկի տղան է որձը, անունը՝ Մայիս, մնացածը՝ մեկը մեկից նախշուն աղջիկներ: Ռուբիկի Կարինը հո՜ սիրուն չէր, աչք-ունքը պսպղուն, հասակը՝ ծիլտանից քիչ միջակ, քայլվածքը՝ նազելի, շուռ կգա՞ կողքի նայի, քիթը ցից, ծանր ու ավելի սիրուն: Վահանի ուզածն է. կռիվ գցի մյուս մուշտարիների հետ, արյունլվա իրիկունը գա տուն, դեռ ներս չմտած՝ թաքուն, դրսի ծորակի տակ, հարված կերած երեսը թրջոց դնի, մտածի, թե ոնց է հիմա հոր-մոր խուսքուզրույցի տաղտուկից գլուխ ազատելու, որ մտնի իր սենյակ, պառկի ու աչքին հուպ տա, Կարինեի՝ իրեն չնայելու կսկիծը, մինչև լույսը բացվել, մոռացության տա: Իններորդցի Գառնիկի հետ հաշիվ է մաքրել, կարելի է ասել՝ թակ է կերել, բայց թիկունքը գետնով չի տվել, կարգին ուշունց է տվել, ոնց որ մի քացի էլ ինքն է նրա դոշին բռնեցրել, հետո՝ իրարից բաժանել են: Կարինեենց հեռախոսի համարը Մայիսից իմացել է՝ 2-12, ի՜նչ էլ հեշտ հիշելու թվեր են: Վաղը՝ կեսօրից հետո, երբ աղջիկները դպրոցից տուն հասած կլինեն, կիջնի քրոջ կողմը, նրանց հեռախոս ունեն, զանգի Կարինի վրա, մի խոսք պոկի, թե չէ՝ այսպես որ գնաց, ինքը գժվելու է:
-Ալո՞: Ալո՛, դո՞ւ ես,- համարը հավաքեց, ինքնակամ, մտերմիկ տոն բանեցնելով՝ խոսեց նա:
-Ո՞վ ա:
-Ո՞նց թե՝ ով ա:
-Քեզ չե՞մ ասել՝ չզանգես,- չոր պատասխանեց Կարինեն:
-Ո՞նց եք տուն հասել, էլի էն լակոտը հետևից գալի՞ս ա մինչև գետի կամուրջ՝ մինչև տանձենին: Դու ուզում ես՝ ես դրա ծնոտը կոտրե՞մ, որ ինձ հավատաս,- հանդուգն խոսվածքի մտերմիկ երանգ պահեց նա:
-Ես ուզում եմ՝ ինձ հանգիստ թողնես, իմ հետևից ոչ մեկը չի գալիս, օրը ցերեկով, մի դասարան մարդիկ՝ ո՞վ ա գլխից ձեռ քաշել:
-Դու իմ դուրն ես գալիս, չեմ թողելու ոչ մեկի հետ կապվես,- պաշտոնական ու դերասանի մոգոնովի առնականությամբ ասաց Վահանը:
-Դու գլխից ձե՞ռ ես քաշել, էս ինչե՞ր ես դուրս տալիս: Երանի՜ ինձ,- հուսահատ ծղրտաց, ընկալուչը նետեց Կարինը:
Վահանը ուրախանալուց՝ որ մեծամիտ Կարինի ձայնը լսել է, որ նա իր հետ մի քանի րոպե խոսել է, որ ասել է՝ «իմ ետևից ոչ մեկը չի գալիս», դուրս թռչկոտաց քրոջ բակը:
Տնեցիք՝ քույր-փեսա, այգում զբաղված էին, զվարթ ու մատնելի՝ նրանց հետ զրույցի բռնվեց՝ «ինչ կա-չկա», «մի բան էլ ասեք՝ ես անեմ»: Օրը, Կարինի հետ խոսելուց հետո, երանության է փոխվել: Արսենը՝ քրոջ տղան՝ թթաթափի չարաճճի վարպետներից մեկը, Կարինեենց հեռախոսի համարը հիշել է, մինչև այգում մեծերը զրուցում էին, ընկալուչը վերցնի, հինգ անգամ իրար ետևից զանգի՝ տապուռ կենա, սսկված, նորից զանգի՝ նորից պապանձվի: «Ալո, ալո՛»,- Կարինեն է վերցնում՝ Արսենը նյարդերի վրա նստի: Մի հինգ-վեց անգամ զանգել-լռելուց՝ որ այն կողմից սպառնում են, թե՝ «էս ա՝ կապավոր Մինջո Լավրենտին էս րոպեին կբողոքենք, տեսնենք՝ էս ով ա մեր զահլեն տանում»՝ դրանից հետո միայն Արսենը տեղն է դրել ընկալուչը, դուրս վազել բակ: Նրա հերոսությանը բակում ամենևին տեղյակ չէին:
Լուսիկի ավագը՝ Մերուժը, ասես իրենց ցեղից չի, ինքը չի բերել, Մուշեղից չի, Վահանի եղբայրը չի, ողորմածիկ Էփոկը, ասես, փոխս է գցել ծննդատանը. «Մերո՛ւժ, քոռանամ ես, որ էդքան խեղճ ես, սրտիս դարդը դու ես: Բանակ պիտի գնաս, ո՜նց եմ սպասելու երկու տարի, ո՜նց եմ աչքիս հուպ տալու իրիկունը, թե երեխաս կերա՜ծ ա-խմա՜ծ ա, չեն նեղացրել հո՜ …. ախր, էս յաղին տարածից մեջդ մի պատառ էլ չկա , է՜, ա՛յ խոխա, մի պատառ էլ դու սուր կաց, էլի՛…»:
Մերուժը դպրոցն ավարտում է, փետրվարը շուռ կտա՝ տաքերը ընկնի, աչք ճպեցիր՝ մայիս է, քննություն կհանձնի, չորսեր կստանա: Նրա ստացած չորսը իսկական է, ձեռագիրը հուլունք, ուսուցիչ չկա, որ ծնողական ժողովին մի թերություն ասի: Հայր ու մայր, Վահանի ծնողականից որ կանչում են՝ մեկը մեկով են գցում, թե ով պիտի գնա: Հայրը նախօրոք ասում է. «…հաշվետվություն ունեմ գրելու, Լուսիկ, ինձ նեղություն չտաս, հենց ապրես…»: Մերուժինը՝ ուրիշ է: Ինչպես տանն է լուռ, համեստ, այնպես էլ դպրոցում:
Մերուժը սրտացավ է, հագածը՝ համեստ, բռնած գործը՝ կատարյալ ու շիտակ, բայց աղջիկներից կարմրում է, ու՝ մարդ չկա, որ նրան չհարգի: Ավարտական դասարան է, շրջկենտրոնից լուսանկարիչ է եկել՝ տարեվերջի ալբոմի համար նկարի: Վերջում իրենց դասարանի Սուսանն ասել է.
-Մերուժ, արի՛ միասին նկարվենք:
-Լավ կլինի, Սուսիկ,- ամաչելով՝ կատակել-համաձայնել է: Երկու իրար քով աթոռի նստել են: Քթի տակ, քյարթու բեղով, կնամոլ լուսանկարիչը՝ սարքի ետևին դունչը դեմ է արել ու՝ խայթել.
-Ա՛յ տղա, մի՛ մոտ կաց էդ սիրուն աղջկան, էլի՛, ի՞նչ ես վախենում, հո չի կծելու: Մի վայրկյա՛ն: Ըհը՛, պատրաստ ա, ազատ եք: Տունդ շինվի՛, հա՜, ոնց ա քաշվում:
Ուսուցիչ-աշակերտ՝ իրար խռնված, նկատել են՝ Մերուժն ինչքան է շփոթվել:
-Ափսո՜ս, ափսոս, որ ավարտելո՜ւ-գնալու եք: Էդպիսի երեխաներ է՛լ էս դպրոցը դժվար թե տեսնի,- լացակումած ասել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինե Կարապետյանը:- Էս ցածր դասարանները, օ՜խ, նու պրոստը ուժը՜ս…
Կիչանի վրա հրետանին սկսել է կրակել, ձորակը տրաքոցը բռնել է: Վահանը վաղուց՝ դեռ բանակում ծառայելուց հետո, արդեն Ռուսաստանի Վլադիմիրի մարզ, մորաքրոջ շինարար ամուսու հետ, խոպան էր գնացել: Սուսիկ-փուսիկ, նիհար, քիթը երկար, խոնարհ տեղացի մի հայ աղջկա հետ ամուսնացել՝ ընտանիք է կազմել: Աշխարհը թնդում էր նորությունով՝ Վահանից ձայն չկար: Հայր-մայր վաղուց հարմարվել են նրանից լուր չլինելուն: Թաքուն անգամ գոհ էին, որ նա այստեղ չի, գնդակի բերան չի գնալու, թող ինչ պատահելու է՝ իրենց պատահի, երեխայի մազը չծռի. իրենք իրենց սփոփում էին:
Ամալն ու Բորիկը երեք դպրոցական, նախշուն երեխա ունեն արդեն, Վահանին միտ բերելով՝ միշտ ժամադրումն են հիշում, եղբորից թաքուն հագած սպիտակ ջինսի կոստյումը: Ռուբիկի աղջկան երևանցի է տարել, կարծես, տաքսու վարորդ է: Կարինը՝ ստեփանակերտցի մի «կեգեբեշնիկի» է մարդու գնացել, էլի նույն աստծո վրձինով նկարածն է, նույն՝ կոնքից խորոտ քայլող մեծամիտը, ուշքը չի թեքի՝ թե բարևի:
Այս վերջերը Վահանը Ռուսաստանից եկել է, բոլորը՝ ծանոթ-բարեկամ, տարակուսել են՝ «սա էն մեր Վահանը չի», ամեն տունհրավերի՝ «չէ» է ասել, պռոշը բաժակի չի կպցրել, կխոսես՝ չոր «հա» կամ «չէ» կասի, չես խոսի՝ ձայն չի հանի. մարդուն ի՞նչ է պատահել, աշխարհը զրնգում է ամեն տեղ, զարմացել ու դարդոտել են, որ նա, ինչ-որ, բնավորությունը փոխել է:
Մերուժա՜ն, Մերո՛ւժ, Մեժոոո՜ …. իսկ քո գլխովը ինչե՜ր են անցել այս քանի տարում: Որ առաջին անգամ իսկական զենք է հասել շենը, պիտի Կիչանի դիրքերը պահվեր, գնացել, ասել է. «…Ինձ է՛լ գրեք, ես հետևակում եմ ծառայել, երեսուն վայրկյան՝ ավտոմատը քանդեմ-հավաքեմ…»: Հետո ծանր վիրավորվելուց, երկար տանջվել-մի քանի անգամ նարկոզի տակ ընկնելուց է, ինչ է՝ խոսքը ծանր, խղճմտանքով, համեստ, ամաչկոտ Մերուժ տղան նյարդային է դարձել, ամեն ինչ կռիվ է սարքում, աշխարհիս տակին ուշունց չկա՝ որ բերանից չլսես: Դեղերից է, ինչ է՝ գիշերները սիրտը նեղվում է, մի քանի րոպե իբր քնում է, վեր է թռչում. լինում է՝ մինչև ծագի պատառի՝ աչքը հուպ չի գալիս: Խմիչքից էլ խոկալ չկա, ո՜վ լցնի, ասելու է՝ «մի կարգին մազա վերցնեմ՝ գամ». հարբած տեղն էլ՝ կռվարար է, հաջորդ օրը՝ սթափվելուց հետո է միայն գլուխը պատով տալիս: Իսկական հիվանդ է մարդը: Աստծուն փա՜ռք, երեխեքը շահացել են, կինը՝ դասատու, տան ներսում ամեն ինչ՝ իրենք են:
Է՛հ, ո՜ւմ մի դարդն է հիմա՝ թթենի թափի. Կոթաքարի տակ — Վեռըզեռինն է, Արմենակինն է, Ղարմուխ Հրանտիկինն է — զառամյալ թթենիները անտեր են, օդի-ջրի նման ջահելանալ են ուզում. թթենին քոքից ճղնատել է ուզում, ծառն իսկույն թարմանում է, երկու-երեք տարում նոր ծառ է ճտատում, արմատը քարից նոր հյութ է ծրծունքում, բերք է տրաքում..
Թափի՜-թափե՜նք…
*Արցախի բարբառով՝ բերք
No Comments