Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան. Թերթերուկի կինոն

10.08.2020

Տատիս թաղում բոլորն անմարդ են: Փոլից ե՛կ մտնենք, բարձրանանք Սանթրի Սիմոնյանի բակ, Դոդոշ Ռաֆիկից սկսենք, հասնենք Դև Աշոտի սամթը, հետո՝ Իրիցանց Մուքի-Կոտի Կևերք, մինչև Շենի աղբյուր. աստված վկա, մի տուն չկա, որ շուշաբանդից տղամարդու ձայն լսվի: Մեկ-մեկ ընդամենը փեսոտենք են գալիս Ստեփանակերտից՝ զիլ ադեկալոն փչած իրենց թրաշին, կամ՝ թող բեղ-մորուս ծլած թոռուծոռ գան՝ իրենց ընկերների հետ, տոնից տոն. շուտ-շուտ, մեքենայի շարժիչն էլ չանջատեն, արաղ-մազա վերցնեն, թթու ջրերը գնան՝ քեֆի:

Այս թաղում՝ տանից տուն, տղամարդիկ հերթով մեռել են, կանանց թողել որբևայրի: Տատիս հարևան Կարոն ֆելդշեր է աշխատել ժամանակին, մեն-մի տղամարդ էր մնացել այս ժայռի գլխին: Մեկը խեղճին, ասես, բիզ է տվել, թե՝ «Կարո, գործից հետո եկ, շորդ փոխի, էշը փալանի, կապնիվեր բարձրացի, երկու հակնը լոբու սարա ցաքատահարի Կոթաքարի տկողնոտում»: Էշը՝ մենակ, բեռան տակ, գա, տուն հասնի, ինքը՝ Ալունց թաղի վերջին տղամարդը, սիրտը պայթի Կապի քարերում, մեռնի:

Կնանիք են մնացել Սուկին-Քար թաղում: Կռիվ է, բամբասանք, պենջար հաց թխել, մեռնող-ծնվողի հացկերություն, որբևայրիները պիտի կոկիկ հագնվեն, թուխ զգեստ, բրդե՝ Բաքու-Երևանից նվեր ուղարկած ժակետն ուսերով գցեն, մի գրպանում՝ երկու շոկոլադ կոնֆետ, էն մյուսում՝ մաքրամաքուր թաշկինակ, դուրս գան մարդամեջ:

Մութը կալավ: Կարոյի կին Լուսիկը, տաք-տաք թերթերուկն ափսեի մեջ՝ ձեռքին, հանկարծ դուռն անկոչ բացեց, ներս մտավ.

— Ախչի Հասմի՜կ, լավ կինո ա առաջին ալիքով, միացրու, շո՛ւտ արա: Մեր անտեր տելեվիզըրը մի Բաքու ա բռնում, շո՛ւտ արա…

Տատիս  պատշգամբից իրիկունը մի գեղարվեստական օնլայն է բացում: Տներն ու լույսերը բռան մեջ են, մեկը-մեկին տալով՝ խալխը հարայ է տալիս ահա.

— Էն թուխ մայր ոչխարը եկա՞վ, հըը՜, մի նորից նայի…

— Ախչի՜, գլխիդ գիտե՞ս ինչ օյին եմ դնելու, հո Ջրակնի ջուրը մենակ քո գերդաստանինը չի՜, լոբիս արևը խորովեց, գիշերն էլ չի՞ ինձ փայ ընկնելու՝ էրկու ժամ շան տերը մեռածը ջրեմ. ամագս չոլերը դառավ:

— Ռուզվելտ, ըհեեե՜, Ռուզվելտ, հենց ապրես, քարը գոգիցդ թափի, մինչև աշունք ժեշտս թխի, հերվանից առած՝ տակի տանը շարած ա ապրանքը…

— Ի՜նչ կինո ա, Լուսիկ, էլի մի սահլիկ բան կլինի, հներակ քեզ,- ուրախ ասաց տատս ու հեռուստացույցի կոճակը հուպ տվեց, որ հետո թեյ սարքի բուրումնավետ:

Իմացողը՝ գիտի, համեղ թերթերուկով թեյից կշտանալ չկա: Ասպետական դարի արկածային կինո է. միրուքով, խարտյաշ, սիրունատես հերոսը — Ջագա Մանվելին էլ շատ նման — ոսկեհեր աղջկա հետ՝ սայլի մեջ, հայ-հարա՜յ, փախչում են՝ չգիտես ո՜ւր, փախչում են, հաա՜, փախչում, ետևից էլ, դե, ինչպես կարգն է,  չարունենգ մարդիկ՝ թուրութվանք ձեռքներին, կրակում են՝ չի կպնում, սլանում են կառքի վրա նրանց ետևից, դախկուդրախկ:

— Վայ, ամա՜ն, չբռնեն թաղված ավազակներդ, դու ասա,- սրտանց վշտանում է Լուսիկը:

— Դե, էն ա բռնեցին-պրծան, էլի, ախչի, ո՞նց չբռնեն,- տատս է սառնասիրտ արձագանքում՝ թեյնիկի բռնակը ձեռքին:

Ավաղ, ավազակությունը սիրասուն զույգի ետևից հասնում է: Միրուքավոր՝ իմ, տատիս ու դերձակ Լուսիկի սիրեցյալին զնդան են նետում խոր մի հորի մեջ ու՝ փակում: Ասպետը՝ դիմադրելուց կոտրատված, ճիգ է անում ելք գտնել, որ փախչի, հանկարծ մի կմախք է նրա դեմն առնում: Նա սրսփում է, հոգոց հանում, հուսահատ ախ քաշում՝ որ զնդանն ընկնողը կենդանի դուրս չի գալիս: Կինոն գնում, հա՜ գնում, չի վերջանում: Մենք էլ հենց չենք ուզում, որ ավարտվի: Թերթերուկ-թեյախմությունն արդեն շուտվանից սեղանին հատվել է:

Իսկական երջանկություն է, երբ կինոն քո ուզածով է վերջանում: Ասպետն ու շիկահեր դիցուհին վերջում իրար երկա՜ր-երկար համբուրում են, հետո իրար ձեռք բռնած՝ «լյայ-լյա-լյա՜մ, թե էս ո՜ւր են գնում…»:

 Իսկ դու, Լուսիկի գնալուց հետո, տատի սարքած պաղուհաճելի տեղաշորն ես մտնելու, գլուխդ դնես փետրե բարձին, ուրախ-ուրախ, մթան մեջ, դեռ մնաս ասպետի ու ոսկեհերի հետ, մտածես, թե՝ տեսնես նրանք մարդուկին դառա՞ն, ի՞նչ եղան հետո:  Դու մուշ-մուշ արբենալու ես քնի մեջ իրիկունվա տեսածով, երկու շաբաթից էլ, գրո՛ղը տանի, ամառվա արձակուրդը հալչում է, հոգեառ դպրոցն էլի սկսվում է:

Ասպետի ու շիկահեր դիցուհու կինոն, մանկության  անուշ երեկոն տարիները պահել են իմ մեջ: Տատս ու դերձակ Լուսիկը կենդանի լինեին՝ կասեին.

— Ի՜նչ թերթերուկ, ի՜նչ կինո, ադա, վա՞յ թե՝ Ռաջ Կապուրի…

— Ա, չէ՛, այ մարդ, ի՞նչ Ռաջ Կապուր, ֆրանցուզսկի՜ էր, անգլիսկի՜ էր,- կասեի ես:

— Լուսիկ, ախչի, դու ե՞րբ ես թերթերուկ թխել, հլը բերել մեր տուն, մենք էլ իբր միասին կինո ենք նայել,- տատս կսկսեր լուրջ հետաքրքրվել:

— Չէ՛, չէ՛, մենք, թե կինո ենք նայել, կլուբն ենք գնացել, ինձիսկի կինո,- տատի հետ սուտ համերաշխում է Լուսիկը:

Իսկ ես միրուքավոր ասպետի արտաքինն եմ մշուշոտ հիշում: Զնդանը, նրա ճիգն ու տոչոր, վախվորելու կմախքը, տղա-աղջիկ՝ սրտառուչ, երկա՜ր, անզուսպ, ամաչելու, դյութական համբույրները: Ուրիշ ոչ մի բան:

Ո՜վ հրաշք… թեպետև՝ «յութուբի» դարում, վիրտուալ այս առատության մշտահաս ծովում՝ ի՜նչ հրաշք: Հավանաբար, այնուամենայնիվ, հրաշքն իմ երեխայական հուշի ու երևակայության մեջ է. միրուքավոր մի ասպետ՝ ձիու վրա մարտնչող, դրախտի շիկահեր, սիրունիկ աղջիկը սեթևեթում է՝ ահա, «ա՜խ, երբ են մի հատ էլ պաչպչելու իրար»: Ահա քեզ, «յութուբի» անվերջության մեջ, քո կինոն: Երեխա օրդ, ավա՜ղ, չքացել է անդարձ, ինչքան փորձում ես այն բաղձալի գիշերվանից մի զգացում բերել իր տեղը՝ ապարդյուն:

Մեր կինոն ու թերթերուկը: Ես, տատս ու դերձակ Լուսիկը…

No Comments

Leave a Reply