Սիրելի գրքասերներ, մարտի 23-ին, ժամը 18։00-ին, «Արհվեստանոց» մշակութային կենտրոնում (Պարոնյան 16) տեղի կունենա հայ ժամանակակից արձակագիր Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպեր» գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի 4-րդ գիրքն է։
Գիրքը տպագրվել է «Ակտուալ արվեստ» հրատարակչության «Ջեբգիր» մատենաշարով։
Ըստ հեղինակի՝ Սա Գիրք է
Տառապողի, տառերով ապրողների համար։
Սա Գիրք է
Տրաքած թղթի վրա
Սա Գիրք է
Եթե վերջակետի հատիկի չափ հավատ ունենաք,
այս գրքին կասեք այստեղ ավարտվի՛ր, և այն կավարտվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Սա գիրք է ու
Բացի տիեզերքից ոչ ոք իրավունք չունի մեծամիտ լինել։
Վերջապես, վերջապես վերջակետ։
«Արհվեստանոցը» սիրով հրավիրում է բոլորին հանդիպելու հեղինակի հետ և ձեռք բերելու գիրքը։
Մուտքն անվճար է։
****
Վեպի հիմքում 44-օրյա պատերազմի սարսափներն են, իսկ ավելի կոնկրետ՝ գրողը պատերազմի կենտրոնում: Գրողի ներքին պատերազմը (նոր ոճի, նոր լեզվի, նոր գրականության փնտրտուքը, բառերի ու տառերի հետ կռիվը) բախվում է արտաքին պատերազմին (հազարավոր մարդկային ու տարածքային կորուստներ, Հայրենիքի վերացման վտանգ, էքզիստենցյալ վախ): Գրողի գլխում՝ այդ սարսափի մեջ, իրար են հյուսվում այդ երկու պատերազմները և արվեստագետը ինքն իրեն զգում է որպես մի մեծ պատերազմի դաշտ, որտեղ նյութականն ու աներևույթը միաձուլվում են իրար՝ դառնալով մի վեպ, որում գրքերը, արվեստը նրա միակ զենքերն են պայքարելու ու ողջ մնալու այդ երկու պատերազմներում:
Լինել թե չլինել կամ չլինելով լինել այդ լի չլինելիության մեջ: Այսպիսի հարցերի առաջ է կանգնած գրքի հերոսը: Բայց նա պաթետիկ հայրենասիրությամբ չի խոսում իր երկրի ապագայի մասին: Նա ընդունում է, որ ամեն մեկիս սուրբ պարտքն է գեթ մեկ անգամ պարտվելը: Ու ծնկել նորից ծնվելու համար ու ավելացնում, որ միայն քերթված լեզուն կարող է նոր քերթվածք ստեղծել:
Ամբողջ վեպը պոետիկ ակտ է բառերի ու լեզվի հետ: Գիտակցության հոսք, սյուրռեալիզմ, պոստէկզոտիզմ, դադաիստական դադարներով, ֆուտուրիստական դժոխք: Այս վեպը լեզվի մանիֆեստ է: Գովք այն գրողին, ով սպիտակ թղթի վրա մշակում է Մաշտոցի մաշկը ու նույնիսկ մաշկում Մաշտոցին, որպեսզի իր գրքում նոր այբուբեն բեմ բարձրացնի:
Իսկ պատերազմը թքած ունի նրա կռվի վրա: Նա ունի իր օրենքները ու կուլ է տալիս մարդկանց իրենց երազանքների հետ, որոնց այստեղ մարմնավորում են ամպերը:
Կտրված ձեռքերը գրողին ձեռք չեն մեկնում: Նրան օգնության են հասնում մեծերը, որոնցից շատերը նույնպես զոհերն էին այս արտաքին ու ներքին պատերազմի: Նալբանդյանի «Մեռելահարցուկից» մինչև Չարենցի «Երկիր Նիրհի կամ Նիհիլի», ԲԱՌբիտուրատներ խմող Ադամովից մինչև Կախվածին Գորկի (ի դեպ 44-ամյա), Լենինի ծծերից մինչև զոոֆիլ Օժյեռաս աստծո գառ-բառ բռնաբարող ու այսպիսի ճամփորդություն դեպի լեզվի եզրը. այս ամենը իրար հյուսվելով դառնում է «Ամպուտացված ամպեր» վեպը:
Գրողը հասկանում է, որ միայն վերանալով կարելի է վերանայել անցած ճանապարհդ:
Այս վեպը գրողի կործանման մասին է ու նրա փառահեղ պարտություն-պատմությունն աշխարհի պատերազմում:
Արամ Ավետիս
No Comments