Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը վստահ քայլերով սկսում է կերտել իր կենսագրությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ և գեղարվեստական արժեք կրող ֆիլմերի ընտրությամբ, այս տարի ընդգրկել է 192 ֆիլմ՝ 68 երկրից:
Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրա յուրահատուկ լինելը ոչ ոք չհանդուրժեց»։
Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղում՝ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթև արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատև սիրային կապի հետևանքը՝ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի և սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:
Կինոնկարի անցած ուղին
«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտադրություն էր մտել դեռևս 2008 թվականին: 2010-2012 թվականներին իրականացվեցին ֆիլմի մոնտաժման և դերասանների ձայնագրման աշխատանքները, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետարտադրական փուլում նախատեսված` գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները մնացին անավարտ: 2017թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունեց, լրացուցիչ գումար հատկացնել ֆիլմն ավարտելու համար։ 2018 թվականին վերսկսվեցին կինոնկարի ավարտական՝ գունաշտկման, հնչյունավորման և համադրման աշխատանքները։ 2019 թ. ֆիմի աշատանքներն ամբողջությամբ ավարտվեցին։
Ֆինանսավորում
Այս կինոնախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել․ մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) : Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, այդ թվում՝ դրամաշնորհ ստացավ ՀՅՈՒԲԵՐ ԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands)՝ սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային (CineMart) և կինոնախագծերի մրցութային շուկայում շահեց Հյուբերբալս ֆոնդի արտադրական դրամաշնորհը։ Եվս մեկ դրամաշնորհ էլ նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Ֆիլմի պրոդյուսերներ Արա Մնացականյանը և Մելիք Կարապետյանը համարտադրության պայմանագրեր կնքեցին հոլանդական և գերմանական կինոընկերությունների (ISABELLA FILMS-Els Vandevorst, The Netherlands, zerofiction-Martin Hagemann, Germany) հետ, ապա Ֆիլմի բյուջեն համալրելու նպատակով դիմեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Կինոնկարը ֆինանսավորում ստացավ նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Համայնքը հաճախ չի ընդունում անհատի եզակիությունը և անձնական երջանկության իրավունքը։ Համայնքը դրանից վեր է դասում «ավանդականը»։ Ցավոք, սա դեռ գոյություն ունի շատ երկրներում և մշակույթներում։ Այս չարաբաստիկ պրակտիկայում փոփոխություն մտցնելը շարունակում է մնալ մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից և պարտավորություններից մեկը:
Խորը արմատացած սոցիալական մշակույթի համընդհանուր վարքագիծը հանգեցրեց մի ողբերգական պատմության, որը դրդեց ռեժիսոր Արամ Շահբազյանին, պրոդյուսերներ Արա Մնացականյանին և Մելիք Կարապետյանին («Արմնա Փրոդաքշն») ստեղծել ունիվերսալ կինեմատոգրաֆիկ հուշակոթող հանուն երիտասարդ աղջկա` Չնչիկի:
Մի առիթով, ֆիլմի ռեժիսորն ասել է․ «Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել»:
Ֆիլմը երեք երկրի համարտադրություն է՝ Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան,
Դերասաններ՝ Լիլի Էլբակյան, Հիլդա Օհան, Յուրա Կոստանյան, Արթուր Պապիկյան,
Սցենարի հեղինակներ՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան
Բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան,
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան,
Կոմպոզիտորներ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան,
Համարտադրողներ`
«Զիրո ֆիքշն ֆիլմ»՝ Մարտին Հագեման, (Գերմանիա),
«Իզաբելլա Ֆիլմս»՝ Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ),
Արտադրող` «Արմնա Փրոդաքշն»,
Պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն
No Comments