ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Արմատների խորքն ու մակերեսը

01.04.2025

Փաստագրական վիպակ է Պերճուհի Ավետյանի «Արմատները» (Երևան, ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2024)։ Այն ոչ միայն իրական դեպքերի գրավոր արձանագրություն է, այլև արխիվային լուսանկարների, փաստաթղթերի հարուստ շտեմարան, որոնք այս երկը դարձնում են հավաստի ժամանակագրություն։

Ավետյանների ընտանեկան լուսանկարը, Աթենք, 1924 թ

Հորական Ավետյան և մորական Գաբուճյան-Հոփալյան գերդաստանների  պատվարժան ներկայացուցիչների համայնապատկերն է բացում մեր առաջ Պերճուհի Ավետյանը՝ ինքն իրեն համեստորեն թողնելով ստվերում։ Բայց այդ ստվերն այնքան լուսվոր է, որ մինչև հայ գերդաստանների խութաշատ, ահասարսուռ պատմությունների ծալքերը բացելը, ընթերցողին հուսադրում է և մղում լավատեսության ընդամենը մեկ խորիմաստ դիտարկումով․ խոսքը մասնավորապես հեղինակի «Հրամայական էր» վերնագիրը կրող առաջաբանում ներկայացվող պատմության մասին է։ Ֆրանսիայում Պերճուհի Ավետյանը գիշերում է մի նախկին դուքսի դղյակում, որը վերջինիս ժառանգորդը վերածել էր հյուրանոցի։ «․․․ դղեակի սրահին պատին վրայ, որ ներկայի ընդունարանն էր, մեծ շրջանակի մէջ դքսական ընտանիքի տոհմածառն էր, հսկայական ծառ մը սերունդներու հաջորդականությամբ, ընտանիքի կնիքով»,- պատմում է Ավետյանը։ Եվ ի՞նչ․ հայուհին խեղճանո՞ւմ է՝ համադրելով իր գերդաստանին, ազգին պատուհասած բնաջնջման, տեղահանության, ունեզրկումի դառը ոդիսականը նախապապերի դղյակը տնօրինած, մի քանի սերունդ ձգվող իր տոհմի լուսանկարը պատից կախած ֆրանսիացու բարեկեցության հետ։ Բնավ ո՛չ։ Պերճուհի Ավետյանն ինքն իրեն ու մեզ հուսադրելու անքննելի կռվան է մեջտեղ բերում․ «Մտածեցի, թե այս չորս սերունդները ինծի անծանոթ՝ բայց սկիզբ ունեցեր են ու կը շարունակուին, իսկ երբեմնի դուքսին տոհմածառը կը վերջանար իրմով․ ան ժառանգ չունէր․․․»։

Պերճուհի Ավետյանի հերոսները որքան ազնիվ, նույնքան էլ դյուրահավատ են։ Վկայությունը դեղագործ Աբգար Գալուստյանի վարքն է, որ չնայած ազգականների հորդորին՝ չի համաձայնում լքել հարազատ բնօրրանը և Զմյուռնիա-Իզմիրի կոտորածի զոհն է դառնում հետագայում։

Աբգար Գալուստյանի դեղագործական վկայականը        

Իսկ Պերճուհու մեծ հայրը՝ Մկրտիչ Ավետյանը, բարեբախտաբար, դուրս է պրծնում մահվան օղակից և ապրում իր ոչ հեշտ կյանքը՝ աշխարհին տալով սեփական տոհմածառը շարունակող զավակներ։ Յաթաղանից փրկվելու հարցում նրան օգնում է հրեա գործընկերը, որի վարքը հիմք է տալիս հրեաներին քննադատելիս ունենալ որոշակի վերապահումներ Ավետյան ընտանիքի ավագին։ Վիպակում կարդում ենք․ «Գործընկերոջ թէ՞ Աստուծոյ օգնությամբ Մկրտիչ Աւետեանը իր ընտանիքով փրկուեցաւ Իզմիրի ջարդէն»։

Իզմիրի հրդեհը

1965-ին 93-ամյա Մկրտիչ պապը գրել է իր և մյուս հայերի ապրած դժոխքի իրապատումը, որից այսպիսի մեջբերում կա «Արմատներ»-ում․ «Հայեր, կ՛ուզե՞ք  այս աշխարհում ձեր դիրքերի վրա ամուր մնալ, եղէք աղաւնիի պէս միամիտ իսկ աղուեսի պէս նենգամիտ։ Հնարամտութիւն պէտք է ունենաք, ինչպես որ ունին հրեաները, փորձառութիւն առէք ձեր անցուցած կեանքէն եւ ըստ այնմ գործեցէք ձեր կեանքում, ապա թէ ոչ, ուր որ ալ գտնուիք, ուր որ ալ գործէք, լաւ գիտցէք որ մեր վրայ կնքուած գաղթական անունը չպիտի սրբուի եւ պիտի մնաք անտէր, անտիրական հայ գաղթական»։

Գաղթականի ցուպից հրաժարվելու մտայնությամբ Մկրտիչ Ավետյանը դեգերումներին վերջակետ է դրնում՝ Երևան տեղափոխվելով, հայրենիքում բնակություն հաստատելով։ «Աղայան փողոցի վրայ հայրս ձեռք բերաւ «բնակարան»

մը, որ նախապես ախոռ էր»,- պատմում է հեղինակի հայրը՝ Ստեփան Ավետյանը։ Բայց կենցաղային անհարմարություններն ամենասարսափելին չէին։ Հայրենադարձների և խորհրդային վերահսկիչների անխուսափելի բախումն այն օրերին ընդունված օրինաչափություն էր՝ դրսևորման միևնույն համախտանիշով։ Ցանկացած տարածքում պիտի ներդրվեին պետանվտանգության գործակալները՝ մարդկանց վրա զօրուգիշեր չթուլացող վերահսկողություն սահմանելու համար․ «Յաջորդ օրը կոմունիստ կին մը եկաւ տեղաւորուելու մեր տան վերի յարկի սենեակին մէջ, այդպես էր կարգը այդ օրերուն․․․ մէկ քարով երկու թռչուն․ անտուն կոմունիստին ապաստարան, նաեւ մեր ընտանիքին վրայ աչք  ու ականջ պահող հսկիչ»։ 

Կտրոնով հաց ստանալու, կենցաղային անհարմարությունների բովով անցնելու, ընտանիքների ներսում քաղաքական հայացքների բախումների մանրամասները աննենգ, բայց ցավագին հնչերանգով է մատուցում Պերճուհի Ավետյանը։

Վիպակի որոշ հատվածներ ասքի, դյուցազներգության տարրեր են ի հայտ բերում, մշակութային մի ուրույն շերտ է բացվում խոհանոցային թեմաներին վերաբերող  պատումաշարում։ Բայց բոլոր թեմաներից ամենաողբերգականը ցեղասպանության նորօրյա վկայություններն են, որ հակիրճ, զուսպ, բայց շամփրող բանաձևումներով մատուցում է Ավետյանը․ «Տէր-Զօրի եկեղեցին, ցեղասպանութիւնը խորհրդանող յուշարձանը եւ Մարկատէի մատուռը, Սուրիոյ վրայ փչող «արաբական գարուն»ի հողմամրրիկը քարուքանդ ըրավ։ Ծայրայեղական ահաբեկիչներն էին ռմբակոծողները, անկասկած ցեղասպանութեան հետքերը ոչնչացնելու հետամուտ դրացի երկրի դրդրմամբ եւ աջակցութեամբ»։

Եվ եթե իրականությունը լավատեսության հիմքեր չի տալիս, ապա իրապատում, փաստագրական նյութի մեջ անգամ կարելի է թույլ տալ տեսիլքի շռայլությունը․ Պերճուհի Ավետյանը կիրառում է հենց այդ հնարը՝ տեսիլքը տեղայնացնելով իրական հողի վրա․ «Մենք Երևանի մէջ տուն ունինք»։

Հայի ինքնաորոնումի ու ինքնագտնումի, դժոխքներից դեպի ապահովություն, ինքնափրկություն ձգվող երկար ու ձիգ տարագրության այս պատումը շատերը կարող են ընկալել սոսկ իբրև ինքնակենսագրական վավերագրություն, որի վերջում երևացող կամ չերևացող լույսին ձգտումը շարունակական է մինչև այսօր։ Այնինչ այստեղ ամեն ինչ շատ ավելի ընդհանրական է, տարածական և ժամանակային սահմանափակումներից դուրս։ Այս պատմությունը եղել է, լինում է և, ցավոք, կարող է դեռ տևել, եթե աշխարհի բախտը տնօրինող չարագույժ մեքենան կանգնեցնող ձեռք չգտնվի։ Ու սա բնավ էլ միայն հայերին ու Հայաստանին վերաբերող խնդիր չէ։ Գուցե և՝ ոչ այնքան հայերին ու Հայաստանին վերաբերող, քանի որ մենք ոչ մեկ անգամ ենք բախվել այդօրինակ խնդիրների ու հաղթահարել դրանք, վերապրել։ Մինչդեռ աշխարհում կան դիմակայելու արվեստին անվարժ, ինքնափրկության գողգոթային անծանոթ շատ ազգեր ու պետություններ, որոնք արժե որ դասեր քաղեն մեր դառը փորձից ու ջանան հասկանալ մեր գոյատևումի առեղծվածը։ Թեև այդ առեղծվածի գաղտնազերծման վրա գլուխ են կոտրել աշխարհի շատ մտածողներ՝ այդպես էլ չգտնելով իրենց փնտրած բացատրությունը։ Եվ անգամ հայ մտքի տիտաններին դա չի հաջողվել կամ գրեթե չի հաջողվել, քանի որ բոլոր հարցերը չէ, որ ունեն մեկ ու հստակ պատասխան։ Դեռևս 1943 թ․ Դերենիկ Դեմիրճյանը «Հայ հերոսական ժողովուրդը» հրապարակագրության մեջ այսպիսի դիտարկում է արել․ «Հպարտություն է ծնում մարդու մեջ, երբ մտածում ես, թե ինչպես ապրեց ու վերապրեց այս ժողովուրդը: Բնականն ու հնարավորն այն էր, որ նա իսկապես չպիտի ապրեր: Ապրեց նա, դիմացավ՝ ունենալով դրա ուրիշ հիմքերն ու պատճառները:

Եվ ի՞նչն էր հայ ժողովրդի պայքարի նետվող հատկությունների հիմքը — նրա ազատասիրությունը: Ի՞նչն էր նրա ազատասիրության դրդիչը — նրա կուլտուրան, նրա բարձր կուլտուրան՝ իրեն շրջապատող նվաճողների հանդեպ»։ Սա մեկն է հնարավոր պատասխաններից, մյուսները կարող ենք փնտրել, գտնել կամ չգտնել ինքներս։

Կարինե Ռաֆայելյան