Սկիզբը՝ այստեղ
Կամուրջ «Helix» (թարգմ․՝ պարույր). Սինգապուր
Սինգապուրի կենտրոնում գտնվող հետիոտնային կամուրջն ունի լայն տեսադաշտ ունեցող 4 դիտահարթակ։ Դրանցից երևում են բիզնես կենտրոնի երկնաքերերը, ֆուտբոլի դաշտն ու ծովածոցը, որտեղ լազերային և ջրային շոուներ են տեղի ունենում։ Դրանից բացի, կամուրջը միացնում է ծովածոցով բաժանված քաղաքի երկու կենտրոնական հատվածները։
Ավստրալիական COX ճարտարապետական ընկերությունն առաջարկել էր հետիոտնային կամուրջը կառուցել արդեն գոյություն ունեցող ավտոմոբիլային կամրջից մեկ մետր հեռավորության վրա։ Այդպիսի մոտ տեղակայության շնորհիվ ավելի լավ է երևում նոր, նուրբ, ֆուտուրիստական և հին, ծանրաքաշ շինությունների հակադրությունը։
Կամուրջն ինժեներական հրաշք են անվանում ըստ արժանվույն։ Առաջին՝ ԴՆԹ-ի մոլեկուլին նմանվող կառուցվածքի շնորհիվ 280 մետրանոց կամուրջը կարող է պահել 10000 մարդ։ Երկրորդ՝ նրա կառուցման համար հինգ անգամ ավելի քիչ պողպատ են օգտագործել, քան իր հարևան՝ հասարակ, գծային կամուրջի դեպքում։
Հայելային ծածկի շնորհիվ, «մոլեկուլի» ներսում հետիոտները հանգստանում են արևադարձային արևից։ Իսկ չորս դուրս ցցված դիտահարթակներից հարմար է նայել և լուսանկարել քաղաքի կենտրոնի համայնապատկերը։
Կամուրջ «Zaragoza Bridge»․ Իսպանիա
2008 թվականին Իսպանիայի Սարագոզա քաղաքում տեղի ունեցավ համաշխարհային ցուցահանդես՝ նվիրված ջրի վրա իրականացվող կառույցներին։ Հատուկ այդ իրադարձության համար Զահա Հադիդը գետի վրայով անցնող կամուրջ նախագծեց։ Դա առաջին ցուցանմուշն էր, որի միջով այցելուները գնում էին դեպի ցուցահանդես։
Կամուրջն ավելին էր, քան պարզապես հետիոտնի ճանապարհը։ Հիմա դրա ներսում դիզայնի, ճարտարապետության և նոր տեխնոլոգիաների հետ կապված ինտերակտիվ ցուցադրության հարթակներ են տեղակայված։
290 մետրանոց կամրջի կենտրոնը նրբորեն հպվում է գետի կենտրոնում գտնվող փոքր կղզյակին։ Դա տուրք չէ գեղեցկությանը, այլ անհրաժեշտություն, առանց որի անհնար կլիներ 7000 տոննա կշռով բետոնը պահել գետի վրա։
Նախագծելիս Զահա Հադիդը ոգեշնչվել է Էբրո գետի ծփանքով։ Դրա համար արտաքին ծածկը պատված է եռանկյուն վահանակներով։ Զահան դրանց մեջ ծփանք է տեսնում։
Արևային լույսը ներս է թափանցում նեղ ճեղքերի միջով, որոնք սփռված են պատերի և առաստաղի վրա։ Դրանք ապահովում են նաև շինության բնական օդափոխությունը։
Կամուրջ «The Millau Viaduct»․ Ֆրանսիա
Տոն օրերին Ֆրանսիայից Իսպանիա տանող ճանապարհին միշտ խցանումներ են առաջանում։ Նոր կամուրջը խնդրի լուծումն էր։ Կառույցի կոնստրուկցիայի նախագծումը ստանձնեցին ֆրանսիացի ինժեներ Միշել Վիրլոժոն և բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոստերը։
Կամրջի առաջին գծագիրներից մինչև կառուցման ավարտը տևեց 17 տարի։ Շինարարները բախվեցին խնդիրների՝ անկայուն գրունտ, հովտի հեղեղում և ուժեղ քամի։ 2004 թվականին ավտոճանապարհային կամրջի շինարարությունն ավարտվեց, և այն հայտնի դարձավ որպես աշխարհում ամենաբարձրը։
341 մետր բարձրությամբ կամուրջը Էյֆելյան աշտարակից բարձր է 20 մետրով։ Վիադուկի երկարությունը 2460 մետր է, լայնությունը՝ 32 մետր։ Կոնստրուկցիայի ընդանուր զանգվածը 206000 տոննա է։ Վիադուկը կանգնած է յոթ հենասյուների վրա։ Ամենաերկար հենասյան տրամագիծը հիմքի մոտ 24,5 մետր է։
Վիադուկի երթուղին նույնքան նորարար է, որքան նախագիծը։ Դեֆորմացիաներից խուսափելու համար գիտնականները ասֆալտբետոնի նոր բանաձև են հնարել։ Ավտոճանապարհի կառուցման նյութերի բաղադրությունը մշակել են 3 տարի, և այն ճանաչվել է յուրահատուկ իր տեսակի մեջ։
Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Աղբյուրը՝ losko.ru
No Comments