Նրանք, ովքեր ինձ վաղուց են ճանաչում, գիտեն իմ հոգևոր, մտավոր և զգացական կապը Ազնավուրի և նրա երգերի հետ: Մինչ օրս Ազնավուրին թարգմանել են չափածո, ես թարգմանում եմ՝ ինչպես թարգմանում էի քսան տարեկանում՝ սիրածս աղջկա ականջին փսփսալով, այդ երգերի տակ տանգո պարելիս։ Հիմա նույնն եմ անում՝ մի քիչ մշակելով: Բոլորը թարգմանում են Ազնավուրի տեքստը, Ազնավուրի երգը, բայց չեն թարգմանում նրա կատարումը, որը ավարտում է կամ ավարտուն է դարձնում աշուղի ամբողջ արարումը։ Այդպես փորձում եմ փոխանցել նրա ոգին, թարգմանել երգի կատարման ապրումը, այն, ինչ թարգմանելի չէ, բայց բոլորինս է․ որովհետև Ազնավուրը խոսում է հնդիկ գուրուի պես` պարզ ու հասկանալի, պարզ ու բովանդակ, պարզ ու իմաստուն։ Սա որպես փառաբանում չեմ ասում, այլ ասում եմ որպես պարզաբանում:
Եվ այսպես մի քանի նմուշ.
Վարդան Հովհաննիսյան
Բեմադրիչ, ԱՄՆ
Et moi dans mon coin
Ես իմ անկյունում
Ես — (Մտքում, իրեն մխիթարելով) Ծը՜, չէ, չէ, ի՞նչ ես ասում, շատ էլ լավ երեկո է, առանձնապես ի՞նչ է եղել, որ…
…ինքն աչքի ծայրով հետևում է քեզ, դու էլ նեղվում ես բազկաթոռիդ մեջ, տեղդ չես գտնում: Ինքն աչքի տակով մեղմ շոյում է քեզ …ու էդ քեզ շատ դուր է գալիս, խաղին տրվելով դու հանձնվում ես:
Ես էլ մի անկյուն քաշված ոչինչ չեմ ասում, բայց հո՜ տեսնում եմ ամեն ինչ, տեղս նստած ինձ ուտելով հազիվ եմ զսպում, մինչև տեսնեմ սրա վերջը ե՞րբ է գալիս:
Ինքը մոլուցքով պաշարում է քեզ …իսկ դու ժպտալով վավերացնում ես, … նա իր հայացքով հետևում է քեզ և ես տեսնո՛ւմ եմ` ոնց ես ափսոսում, որ այստեղ եմ ես:
Ու մի կողմ քաշված ծպտուն չեմ հանում …բայց ձեր խաղերն հո իմ աչքից չեն վրիպում և պարուրված հոգսերի մեջ զգուշորեն թաքնվում եմ. կուչ եմ գալիս իմ անկյունում:
Ինքը գաղտագողի հետևում է քեզ…դու ազատորեն շաղակրատում ես, ինձ շրջանցելով նա շողոքորթում, հմայում է քեզ, անզուսպ քրքիջով դու էլի նրան վարձատրում ես:
Եվ ես իմ անկյունում եթե ոչինչ չեմ ասում, էդ նրանից է, որ սիրտս լցված է ու արցունքներս հազիվ եմ պահում …ու իմ անկյունում կաթիլ առ կաթիլ վիշտս եմ կուլ տալիս, կսկիծս եմ քամում…
… քանի որ սերը մի ձեռքից …մի ուրիշ ձեռք է փոխանցվում:
…Բայց չէ՜, չէ՜, ոչինչ, չէ՛, չէ՜, ի՞նչ կա որ, երևի մի քիչ հոգնած եմ այսօր, ի՞նչ կա փորփրելու, ընդհակառակը, շատ լավ երեկո էր, չքնաղ երեկո անցկացրինք այսօր…չքնա՜ղ երեկո …
J’en déduis que je t’aime
Եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ
Քեզ կորցնելու ու այլևս չտեսնելու վախից, էս խենթ աշխարհում, որ միտքս է խառնում, իմ անքուն գիշերներին, որ քիչ է մնում խելագարվեմ, երբ կասկածը փարվում է ու իմ սիրտը սևով է պատում` ես…
եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ:
Էն ժամերին, որ քո մասին եմ միայն մտածում, իմ ցերեկվա երազներում, ուր իշխում ես կուռքի պես, քո ցանկալի մարմնով, որից իմը շփոթվում, մոլորվում է կույրի պես, էն տագնապից, որ թվում է, թե խաղում ես դու ինձ հետ` ես…
եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ:
Քեզ տեսնելու սարսուռից շունչս կտրվում, արյունս է պաղում ու կործանվում է շուրջս ամեն ինչ, նվազեցնելով այն միջավայրը, որտեղ ապրում եմ ես ու էն ցավից, որ հաճախ ակամա պատճառում ես ինձ…
եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ:
Սրտիս ու մտքիս հակասությունից, նաև կորցրած իմ քսան տարիներից, որ քեզանով եմ ես վերագտնում, էն հեռավոր հայացքներից, որ երբեմն նույնիսկ բավարար են ինձ ու լավ օրերի հույս են ներշնչում` ես…
եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ:
էն մտքից, թե վերջը կարող է նոր սկիզբ լինել ու էն բերկրանքից, որը քո անհոգությունը երբեմն կոտրում է իմ մեջ. սիրո խոսքերից, որ դեռ չեն ասվել, որովհետև ինձ արգելված է դրանք քեզ ասել` ես…
եզրակացնում եմ, որ սիրում եմ քեզ,
եզրակացնո՜ւմ եմ, սիրելի՛ս:
Je t’aime comme ça
Ես քեզ սիրում եմ այդպես
Միշտ ուզել եմ այս խոստովանությունը անել քեզ, բայց չեմ համարձակվել կամ մտածել եմ հիմա ժամանակը չէ, գուցե հետո ասեմ ու հիմա այլևս չեմ կարող պահել ու պիտի ասեմ, որ․․․
Դու իմ ամբողջ կյանքն ես և չգիտեմ ինչու, թեև այնքան էլ սիրուն չես, բայց ես այդպես եմ սիրում քեզ: Քո ուրախությունները շատ մանկական են, ինչ-որ անճոռնի շարժուձև ունես, նույնիսկ քո տեսքով մանչի նման ես, բայց ես հենց այդպես եմ սիրում քեզ: Առանց պատճառի մեկից ճչում ես ու ստում ես դու առանց ամոթի և ինձ տալիս ես անմիտ անուններ, որ իմ ընկերը վրաս ծիծաղի: Երբ ասում եմ, որ այս ամենին վերջ պիտի տրվի, դու լաց ես լինում: Եւ որպեսզի մխիթարեմ, առնում եմ քեզ թևերիս մեջ. գրկում ես ինձ ու փաթաթվում… այդ դիրքում դու շատ ուժեղ ես …և ես հենց այդպես եմ քեզ սիրում:
Աչքերս արցունքով են լցվում, չգիտեմ սա ինչպես բացատրեմ, քո դեմ միշտ անզեն եմ ես, բայց հենց այդպես եմ քեզ սիրում: Հազար ու մի թերություն ունես, հաճախ խոսում ես չափից ավելի և երբ ուժասպառ մի կերպ գոռում եմ` դե բավակա՜ն է… անձնատուր եղած ժպտում ես էլի ու քո մոլորված հայացքի դիմաց՝ սառած կանգնում եմ հալումաշ եղած:
Դու իմ ամբողջ կյանքն ես և չգիտեմ ինչու, … դու այնքան էլ սիրուն չես, բայց ես այդպես եմ սիրում քեզ:
Je veux te dire adieu
Ես ուզում եմ քեզ մնաս բարով ասել
Եվ քանի որ ուրիշ ձեռքեր են ներկա քո ցոփ մարմնի վրա իմ մատների փոխարեն, և քանի որ ուրիշ սիրտ է հիմա քո հառաչին արձագանքում և քո վայելքը պառկած է մի անծանոթի վայելքի վրա` ես ուզում եմ քեզ մնաս բարով ասել:
Քանի որ մեջքդ կորվում է նոր գրկումներով և մաշկդ սարսռում է ուրիշի շնչից, քանի որ բացի ինձանից մի ուրիշն էլ կարող է դուրս քաշել քեզնից բողոքների կույտ, հառաչանք, կսկիծ, ես ուզում եմ քեզ մնաս բարով ասել:
Եւ քանի որ իր անկողնում ժխտում ես իմ գոյությունը, նույնիսկ անունս ես մոռանում, որ նրանը դու ճչաս, որ խայթում ես նրա կյանքը, որ քո վայելքը հյուսես և ասելով նրան բառեր, որ հավատում էի, թե իմն են, ես …անգամ սիրտս վիրավորվեց, և քանի որ սիրում եմ քեզ, ուզում եմ հրաժեշտ տալ քեզ… ուզում եմ քեզ մնաս բարով ասել:
Les enfants de la guerre
Պատերազմի երեխաները
Պատերազմի երեխաները` երեխաներ չեն: Նրանք քարի, երկաթի ու արյան տարիքը ունեն: Նրանք աչք են բացել իրենց մայրերի արցունքների տակ և անհանելուկ օրեր են ապրել կրակի մեջ այրվող աշխարհի վրա:
Պատերազմի երեխաները սովորական երեխաներ չեն, նրանք կրակի ու արյան մեջ են երկիրը տեսել, սին երազներով են նրանք իրենց ժանիքը սրել, և գերեզմանը նրանց մանկապարտեզն է եղել:
Փոթորիկի ու տարտամ օրերի այս երեխաները սովից խորշոմած դեմքեր ունեին, ժամանակից շուտ նրանք ծերացան ու մեծացան անօգնական` սիրո կտակած ժառանգությունը չստացան անգամ:
Պատերազմի երեխաները համարյա երեխաներ չեն, նրանք իրենց երգերը լլկող ցասումը տեսան ու սովորեցին համրորեն լռել և բռունցքները շատ ամուր սեղմել, երբ ստախոս ու սին ձայները ահեղ ճակատագիր են նրանց պարտադրել:
Պատերազմի երեխաները իրականում երեխաներ չեն, նրանք հպարտ հայացք ու չափազանց մեծ աչքեր ունեն, որ պոռթկումներ խորտակող թշվառությունը տեսան և ձեռքերը այն օտար
և գարունները կործան:
Ոչ մանկություն, ոչ երիտասարդություն, ոչ երջանկություն տեսած այդ երեխաները, որոնք անպաշտպան դողում էին ցրտից ու ցավից` տառապանքն ու վիշտն արհամարեցին, նույնիսկ խռովքն իրենց զսպեցին, բայց ինչպես ես ու դու, հույսով ապրեցին:
Թշվառության դժբախտ այդ սիրահարները անզուգական սիրով ու փխրուն երազներով լույսը փնտրեցին, բայց վախ ունեին իրենց սրտերում, քանի որ պատերազմի այդ սիրահարները երեխաներ մնացին:
Avant la guerre
Պատերազմից առաջ
Այն ժամանակ ես քսան տարեկան մի փխրուն երիտասարդ էի և բանաստեղծություններ էի միշտ նվիրում քեզ, որոնց տողերը նույն հանգն ունեին` «Ես սիրում եմ քեզ»: Իսկ դու տասնվեց տարեկան դպրոցական մի աղջիկ էիր, որ սովորելու դեռ շատ բան ուներ: Եթե հիշում ես`դա պատերազմից մի քիչ առաջ էր:
Պատանեկության շեմին անսանձ տենչերը ցնցեցին անմեղ մեր մանկությունը ու վաղ գարնան մի օր, կույս խոտերի մեջ մենք միացանք․ անսեթևեթ հարսանիք էր, միակ վկան Հայր Աստվածն էր: Պետք է որ հիշես, դա պատերազմից մի քիչ առաջ էր:
Բայց մեղավոր սիրո խենթ քամիներով, մեզ հետ եղավ այն` ինչ պետք է լիներ. մենք շուտափույթ ամուսնացանք, երբ քո տարիքը դեռ նոր էր լրացել: Եվ մի օր հանկարծ ամեն ինչ փոխվեց, ոչինչ նույնը չէր: Գուցե կհիշես, դա պատերազմից մի քիչ առաջ էր:
Ինձ տվեցին մի հրացան, չորսը պարկուճ ու համազգեստ, որն իմ բախտից` վրաս մեծ էր, իսկ նահանջի ճանապարհին միայն կային վառված դաշտեր, թշվառ երկիր և պարտության փշալարեր, բայց իմ մտքում մեր ձեռքերը անբաժան էր, արդյոք հիշո՞ւմ ես, դա պատերազմից մի քիչ առաջ էր:
Հիմա ո՞ւր են կյանքիդ տասնվեց տարիները (…ես կվերադառնա՜մ), ո՞ւր են մեր սիրո թաց գարունները (…կվերադառնա՜մ), երբ հաջողությունը բացում էր բախտի ոսկե դռները (…միա՜յն քո մասին եմ մտածում…), երբ որ ամեն ինչ փայլում էր լույսից …նախքան գիշերը` պատերազմից մի քիչ առաջ, մի՜նչ պատերազմը, պատերա՜զմը…
No Comments