Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Բակունցի անհայտ դիմանկարը

03.10.2024

Այս տարի նշվում է ամենապոետիկ հայ արձակագրի՝ Ակսել Բակունցի 125-ամյակը։ Այս հրապարակումն անդրադարձ է այդ հոբելյանին:

Բոլորովին գաղտնիք չէ, որ թանգարանների ֆոնդերը գանձերի շտեմարաններ են․ բացառություն չէ նաև Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդը, որը գտնվում է Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում։ Մեծ գրողի և մտածողի ֆոնդում, բացի իր անձնական իրերից, պահպանվում են նաև շատ այլ արժեքավոր նյութեր։ Քանի որ Դեմիրճյանն ինքն էլ նկարում էր ու հետաքրքրվում նաև արվեստի այս ճյուղով, նրա ֆոնդում քիչ չեն կերպարվեստի գործերը։

Ձեզ ենք ներկայացնում Սարգիս Արուտչյանի «Ակսել Բակունցը վորպես գուսար» մակագրությունը կրող մի բացառիկ գծանկար, որն անհայտ է հանրությանն ու անգամ մասնագիտական շրջանակներին։

Սարգիս Արուտչյան, Ակսել Բակունցը վորպես գուսար

Ովքե՞ր են եղել հուսարները. հպանցիկ անդրադառնանք այս թեմային՝ պարզելու համար, թե ինչ կերպարով է պատկերել գրողին Ս. Արուտչյանը:

Հուսարները՝ թեթև հեծելազորի հեծյալները, ծագել են Հունգարիայում, 15-րդ դարում, այնուհետև տարածվել ամբողջ Եվրոպայում։ «Հուսար» բառը ծագում է հունգարերեն «huszár» բառից, որը նշանակում է «քսան» և վերաբերում է 20 տղամարդկանց խմբերով միավորներ կազմակերպելու վաղ պրակտիկային։

Հուսարները հայտնի էին իրենց արագությամբ, շարժունակությամբ, քաջությամբ և հաճախ օգտագործվում էին հրամանատարության կողմից՝ հետախուզության, փոխհրաձգության և արշավանքների համար: Նրանք կրում էին վառ գույների առանձնահատուկ համազգեստներ՝ հաճախ կարմիր, կապույտ կամ կանաչ երանգներով, հակապատկեր հյուսերով և զարդարանքներով: Հուսարի համազգեստը ներառում էր վառ մենթիկ (մորթյա թիկնոց), շակո (բարձր գլանաձև գլխարկ՝ երեսակալով), տոլման (կարճացված համազգեստ), սռնապաններ, երկարաճիտ կոշիկներ և հարթ պայուսակ՝ «տաշկա»: Զենքերը, որ նրանք կրում էին, սակրեր և թամբի ատրճանակներ էին։

Ահա այսպիսի նկաագիր ունեցող զինվորականի կերպարով է ներկայացրել Ակսել Բակունցին հայ բեմանկարչության մեծ վարպետ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սարգիս Արուտչյանը:

Արուտչյանը երկար տարիներ եղել է Սունդուկյանի անվան թատրոնի բեմանկարիչը և ձևավորել Դերենիկ Դեմիրճյանի բազմաթիվ թատերգությունների բեմադրություններ:

Դեմիրճյանի և Արուտչյանի միջև, մասնագիտական շփումներից զատ, եղել են նաև այլ հետաքրքրություններ, հանդիպումներ ոչ աշխատանքային մթնոլորտում: Թերևս, այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ էլ Արուտչյանը Դեմիրճյանին է տվել Բալունցի այս գծանկարը. Հասկանալի է, որ Բակունցի եղերական մահը հանգիստ չի տվել հայ մեծանուն մտավորականներին, և ահա այդ մասին բարձրաձայն կամ կիսաձայն քննարկումների արդյունքում էլ ծնվել է հուսարի կերպարով Բակունցին պատկերելու գաղափարը: Գուցե այս նկարը պատահաբար է պահպանվել Դեմիրճյանի արխիվում, գուցե Արուտչյանն այն նկարել է հատկապես նրան նվիրելու համար: Դժվար է այս մասին հստակ դատողություններ անել: Բայց որ Դեմիրճյանն այն խնամքով պահպանել է, մեծ բարեբախտություն է, քանի որ մենք այսօր ունենք հնարավորություն փոքրիշատե պատկերացում կազմելու մի առեղծվածային և ուշագրավ մասունքի վերաբերյալ, որն առնչվում է երեք հայ մեծությունների միաժամանակ՝ Ակսել Բակունցին, Դերենիկ Դեմիրճյանին, Սաևգիս Արուտչյանին: 

Կարինե Ռաֆայելյան

Գլխավոր լուսանկարը՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի ՖԲ էջից