Անի Անտոնյան Թատրոն

«Բալանս»․ Որ մրցավազքում չվերածվես փոշեհատիկի

27.11.2023

Երևանի մնջախաղի պետական թատրոնի արտիստներ Նաիրա Եդիգարյանը և Շուշան Սարգսյանը հանդես եկան համատեղ աշխատանքով՝ հանդիսատեսի դատին հանձնելով հեղինակային «Բալանս» ներկայացումը։

-Ի՞նչ կասեք ձեր առաջին համատեղ աշխատանքի մասին։ Հե՞շտ էր միասին բեմադրելը։ Միտքն ինչպե՞ս ծնվեց ու զարգացավ։

Շուշան— Նախ ասեմ, որ ես ու Նաիրան հոգեպես շատ նման ենք։ Այս արվեստը սիրողները չեն կարող նման չլինել։ Մեր քսանամյա ընկերությունն ու աշխատանքը խմորել են մեր միտքն ու ճաշակը։ Այդպես էլ ծնվեց «Բալանսը»՝ ինքնաբուխ, հավասարակշռված։

Նաիրա- Ներկայացման ընդհանուր գիծը գնացքի շուրջ է, հետո գործողությունները տեղափոխվում են գնացքից ներս՝ ավելի հստակեցնելով ու պարզ դարձնելով, թե ուր են գնում հերոսուհիները:

-Որպես հանդիսատես՝ ես ինձ համար երկու բան առանձնացրի՝ տեսարաններին համահունչ, հետաքրքիր լուծումներով երաժշտությունն ու բեմի մինիմալիստական ձևավորումը։ Ինչպե՞ս եք կատարել երաժշտության ու բեմական հագուստի ընտրությունը։ 

Շուշան- Մնջախաղը յուրահատուկ է հենց իր մինիմալիզմով, դրանում է նրա առանձնահատկությունն ու գրավչությունը, երբ ոչնչից կամ ոչնչով մի ամբողջ պատմություն ես ներկայացնում։ Ամեն բան արտահայտչամիջոց է այս արվեստում, նաև հագուստը։ Կինը կարող է կրել ԾԱՆՐ կոստյում, բայց լինել ու մնալ կանացի այդ ծանրության տակ։

Նաիրա- Գրեթե ողջ ներկայացման ընթացքում հնչում է հին սկավառակի փոքր-ինչ խլացած երաժշտություն, որը գնացքի կայարաններում իր տեղը զիջում է այլ ելևէջների։ Հետո այդ ամենը համադրվում է գնացքի չխկչխկոցի հետ։ Փորձել ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, կարծես գործողությունները տեղի են ունենում 20-30-ականներին։

-Զգացմունքային առումով տարիների փորձն իհարկե իրենն ասում է, բայց կան թեմաներ, որոնք մենք անձնական մակարդակում ենք զգում՝ կենցաղը, կենցաղի մեջ անհետացող սերը և այլն։ Կա՞ր տեսարան, որը խաղալը դժվար էր։

Շուշան- Չկար այդպիսին։ Ամեն ինչ հյուսվել է մեր մտքերով ու զգացումներով։

Նաիրա- Միշտ էլ ամենադժվարը կերպարին գտնելն է, նրան հավատալը, տուն գնալիս նրան թատրոնում թողնելը, հետո վերագտնելը։ Ու ինչն է հետաքրքիր՝ ամեն անգամ խաղալիս քո կերպարի հետ կարծես նորովի ես ծանոթանում: Լինում է՝ նա քեզ հիասթափեցնում է կամ հակառակը՝ ուրախացնում: Ամեն ինչ կախված է քո այդօրվա խաղից։ Կարծում եմ՝ սրանք են հիմնական դժվարությունները, որոնք կերպարիդ հետ հաշտ լինելու և բալանսավորվելու մի մասն են։ 

-Սա առաջին ռեժիսորական աշխատա՞նքն է։ Այս ուղղությամբ շարունակելու միտք ունե՞ք։ 

Շուշան— Որպես ամբողջական ներկայացում՝ առաջինն է։ Շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է ռեժիսուրան։ Եթե նորից լցվեմ ասելիքով, ինչո՞ւ ոչ։ Այս պահին պարզապես ուզում եմ վայելել «Բալանսի» բերկրանքը։

Նաիրա- Առաջինը «Դեպի ներս» մոնոներկայացումս է: Գուցե շարունակեմ, ամեն բան կախված է մտքերից ու ցանկություններից:

-Ներկայացման հերոսներն իրար ու աշխարհին նայում են խոշորացույցով։ Արդյո՞ք սա հաղորդագրություն է, որ առաջին հերթին այդ խոշորացույցն ուղղենք դեպի մեր ներսը, ինքներս մեզ ճանաչենք։

Նաիրա- Մարդը միշտ էլ ուրիշների թերություններն ավելի արագ է նկատում, քան իրենը: Այդպես ավելի հարմար է: Ուրիշների աշխարհը մեզ ավելի է հետաքրքրում, քան մեր սեփականը: Գուցե հաճախ չենք նայում մեր ներսը, որովհետև վախենում ենք բախվել իրականությանը և հիասթափվել՝ տեսնելով, որ բնավ այն չենք, ինչ կարծում էինք:

Շուշան- Կարևոր է ներկայացման սկիզբն ու վերջը, որոնք նույնացվում են։ Դա ընթացքի արդյունքն է․․․ Մարդն իր ներսը լցնում է փոշեհատիկներով և դրանցից մաքրվելիս, միևնույն է, էլի փոշեհատիկ է փնտրում։ 

-Մրցավազք, բախումներ, աղմուկ, փախուստ՝ մարդկային անսպառ հույզերի բալանսավորման համար ի՞նչ լուծում է տալիս ներկայացումը։ 

Նաիրա- Կարծում եմ՝ բոլորս կանք այս ներկայացման մեջ ու նաև հասկանում ենք, որ ժամանակն անվերադարձ է։ Կերպարները փոշու պես անհետանում են՝ շեշտելով ժամանակի ու տարածության ուժը: Ուրեմն ինչու՞ չսթափվենք գոնե մի ակնթարթ՝ նախքան հաջորդ քայլն անելը։ Ի վերջո՝ վերջին կանգառն անխուսափելի է, և փրկությունը մեկս մյուսի, մարդկայինը չկորցնելու մեջ է:

Շուշան— ․․․ և այդ մրցավազքում փոշեհատիկի չվերածվելու։

-Ներկայացման մեջ աստվածաշնչյան մոտիվներ կա՞ն։ Օրինակ՝ մարդու հողեղեն լինելու գաղափարը։ 

Շուշան- Ներկայացումը շատ կոնկրետ և մնջախաղին բնորոշ սիմվոլիկ արտահայտչամիջոցներ ունի։ «Աստվածաշունչը» մեր ներսում պիտի լինի, իսկ մենք՝ ամուր բռնված, մեր բաժին հողակտորի վրա։

Նաիրա— Եկեք այսպես մեկնաբանենք․ անէության մեջ նորից կյանք սկսելու համար հերոսուհիներին ամուր հող է պետք։ 

-Ի դեպ՝ հողի մասին․ ինչու՞ ենք մենք՝ հայերս ինքներս մեզ մերժում, ու էլ ոչինչ կարծես արժեք չունի՝ դիմացինին կարեկցելը, հարգելը։ Սա ինչի՞ հետևանք է։

Շուշան- Արժեհամակարգ ենք կորցրել, ազգայինի գիտակցում՝ ով ենք, ինչ ենք անում և ուր ենք ուզում գնալ։ Ներկայացումն այդ հարցերի շուրջ մտածելու տեղիք է տալիս՝ ո՞ր վագոնի մեջ ենք խցկվում և ի՞նչ ուղղությամբ…

Նաիրա- Մարդկանց մեջ սերն է պակասել, մեզնով տարված՝ երբեմն մոռանում ենք դիմացինի մասին: Կարեկցանքի ու հարգանքի հիմքը սերն է․ սե՛ր է պետք։

-Մնջախաղի թատրոնի ապագան․ տարիներ շարունակ՝ առանց շենքի, իսկ շուտով ձեզ հյուրընկալած Պատանի հանդիսատեսի թատրոնը կփակվի՝ վերանորոգման նպատակով։ Ի՞նչպես եք պատկերացնում հետագա ստեղծագործական գործունեությունը։

Նաիրա— Թատրոնը շարունակելու է գործել այլ բեմահարթակներում: Վերջին տարիներին ծրագրեր չեմ կազմում: Ամեն բան թողել եմ ժամանակի կամքին:

Շուշան— Լիահույս ենք, որ մեզ հասանելիք թատրոնի տարածքի նորոգումն այլևս երկար սպասեցնել չի տա, և կկարողանանք «Բալանսը» ներկայացնել տարբեր բեմերում։ 

Մի խոսք կա․ «Երբեք մի՛ ստիպիր մնջախաղացին խոսել․ նա այլևս կանգ չի առնի»։ Ինչի՞ մասին եք լռել մինչ այժմ։ 

Նաիրա— Այն, ինչի մասին ուզում եմ խոսել, պատմում եմ բեմում՝ մարդու, նրա կյանքի ու միշտ լույսը գտնելու որոնումների մասին:

Շուշան- Հիմա շուրջբոլորը շատախոսություն է ու գռեհկախոսություն։ Ուզում եմ լռություն լինի… խաղաղեցնող լռություն… Ուզում եմ՝ հավասարակշռությունը կորցրած այս իրականությունը վերջապես բալանսավորվի։ 

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply