Գեղեցիկ Մարգարյանի «Լուսնի լրումներ» ժողովածուն հեղինակի վեցերորդ գիրքն է, երրորդ՝ բանաստեղծական ժողովածուն: Գիրքը համակրելի է դառնում՝ այն դեռ չբացած. կազմին՝ Հակոբ Հակոբյանի «Անդորր» ստեղծագործությունն է: Սկսում ես թերթել ու դարձյալ գրականությունից շեղվում ես դեպի կերպարվեստի մուսան: Գրքի ձևավորումը շատ կարևոր գործոն է Գեղեցիկ Մարգարյանի ինչպես այս, այնպես էլ մյուս գրքերում: Ձևավորողը Դիանա Մելիքջանյանինն է, որի ներկայությունը հեղինակի ժողովածուներում արդեն ավանդույթի ուժ է ձեռք բերել: Բոլոր էջերում Մխիթար Գրիգորյանի գծանկարներն են, որոնք ներդաշնակորեն լրացնում են բառի տարածությունը գրքում:
Զարմանալի խաղաղություն կա այս նկարներում, որ ծայր է առնում Հակոբ Հակոբյանի «Անդորր»-ից, սակայն գրքի բովանդակությունն անդորրավետ չէ բնավ: Գեղեցիկ Մարգարյանը որոշել է ինքնօրինակորեն վերահաստատել, թե հակասության մեջ է ծնվում ճշմարտությունը: Սա զուտ անձնական վերաբերմունք ու կարծիք է. գուցե հեղինակը սրա հետ համաձայն չէ՞:
Գրքի կառուցվածքն արդեն իսկ անակնկալի է բերում: Այն անսպասելի է: Բանաստեղծություններն ամփոփված են երեք խորագրի և երկու շարքի մեջ: Խորագրերն են «Սիրտս դարձիդ ճանապարհ…», «Ավաղումներ…», «Լուսաբացներ նվիրիր ինձ», շարքերը՝ «Իմ սի՛րտ-Հայրենիք» (յոթնաբանյա), «Արթնություն»:
Առաջին խորագրի ներքո կնոջ ներանձնական աշխարհի քնարերգությունն է: Տարեթվերը՝ 2019-2022 թթ., հուշում են, որ Հայրենիքին պատուհասած աղետը, որն այնքա՜ն ծանր է տանում բանաստեղծը, այնուամենայնիվ չի խաթարել կնոջ հոգու ամենախորքում ապրող նրբագույն թրթիռները:
Տողերիս պարանը
Ձգվում է
Քո մասինի՛ց
Ու կտրվում
Քո՛ մասինով…
«Ավաղումներ»-ում անձնական ցավն ու կարոտը ներհյուսված են հող հայրենիի ցավին, որն իր դրսևորումն է գտել հոր, մոր, Արտավազդ, Իշխան եղբայրների, 2020-ի 44-օրյա պատերազմին զոհ գնացած ուսանողների հետ մենախոսություն-երկխոսություններում:
Դառնադարձ…
Երկինքը,
Ավա՜ղ,
Իրենն է տանում,
Երկիրն էլ,
Ափսո՜ս,
Տանում է իրենը:
Ձեռք ձեռքի տված
Երկինք ու
Երկիր՝
Տանում են իմոնց…
Այսպե՛ս
Մոլորվում են կարոտները…
Այսպե՛ս
Ծուլանում են
Վերադարձի ճանապարհները…
………………………………………
Ու ցավացնոր տեսիլաժամին
Ծանրանում,
Ապա և
Մեռնում է
Լույսը…
«Լուսաբացներ նվիրիր ինձ» խորագիրը Հայրենիքի չբացվող լուսաբացի սպասումից ծնված եղերերգություն է հիշեցնում: Բոլոր բառերը՝ ծանոթ ու հազար անգամ ասված, չեն կորցրել թարմությունը Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծություններում.
Մի ճար լիներ,
Ա՜խ, մի հնար՝
Հանեի քեզ
Տիրոջ աջը
Չհասնող
Այս պուճախից,
Իմ ափաչա՜փ
Հայրենիք…
Իհարկե, բոլոր բանաստեղծություններն էլ այս կամ այն չափով դիպչում են ընթերցողի հոգուն, առավել կամ պակաս չափով դառնում յուրաքանչյուրի ներքին եսին համահունչ ձայնանիշ: Սակայն Հայրենիքի, հայրենացավի մասին բանաստեղծի գիրը չափազանց անձնական է ընկալվում իր տեսակին ու ինքնությանը հավատարիմ ամեն մի հայի համար: Այս թեմայով գրված գործերում ինչ-որ ասված է, բոլորիս անունից ու բոլորիս փոխարեն է ասված.
Պտտվում է
Ցավը
Իր առանցքի շուրջ,
Ու Հայրենիքս է
Առանցքը
Նրա…
«Իմ սի՛րտ-Հայրենիք» յոթնաբանյայում նախորդ շարքի տրամադրություններն են շարունակվում, բայց լավատեսական մարգարեությամբ, Հայրենիքի հառնումի հանդեպ հավատով:
Ճերմակս տարա՜ր.
Երկինքդ գոց է.
Դարձ չկա՝ գիտեմ:
Աղոթքը շուրթիս՝
Արցունքներիս հետ
Ու սևիս մեջ եմ…
Էլ մի՜ հապաղիր.
Հառնումիդ ծիրը
Ես պիտի՛ տեսնեմ…
Իմ սի՛րտ – Հայրենիք:
«Արթնություն»-ը ևս տրամադրությունների, զգացողությունների այս ծիրում է հյուսված: Տևական գիշերից դուրս պրծնելու, «անլուսաբաց մայրամուտների» մշտաներկայությունից ձերբազատվելու փափագը տեղապտույտ է տալիս. չեն վերջանում մայրամուտները.
Նոր օրվա տեղակ
Երեկներ բերող
Մայրամուտները…
Հեղինակն այլ ելք չի գտնում, քան երկխոսելը Բարձրյալի հետ:
Լույս է ու
Լուսին…
Հեռավոր աստղի
Տրոփ է հասնում
Լուսաբացներին…
Դու ես մեկնելու
Բառս՝
Լղոզված սիրո շուրթերին…
Դու ես,
Որ Երկրի
Գորովն ես փռում
Երկնքի վրա…
Ամենավերին,
Բարձրյալ,
Անխաթար,
Աստղից էլ անդին
Քո սիրտն է խփում…
Նրա զարկերը
Հասցրու Երկիր,
Նրանցով սրբիր
Մրմուռը օրվա…
Երկխոսության նյութը թե՛ հայրենյաց ցավն է, թե՛ անձնական ու պոետական տագնապները: Ասել է թե՝ գիրքը եզրափակող հատվածում ի մի են բերված, լրումին են հասցված բոլոր գոյերը՝ Հայրենիքը, կինը, բանաստեղծը: Եվ Լուսինն էլ, ի վերջո, հասել է իր լրումին: Ակնհայտ է, որ «Լուսնի լրումներ» ժողովածուն սկզբից մինչև վերջ ուղղորդում է իր ընթերցողին մի ճանապարհով, որի վերջին կետում կիսատությունների լրումներն են, ամբողջացումը, բայց ոչ՝ ավարտը, քանի որ Լուսինն իր լրումին հասնելուց հետո ունի վերածնվելու ու նոր լրումների հասնելու «բնավորություն»: Սա ենթադրում է Գեղեցիկ Մարգարյանի հետագա գրքերում այդ նոր լրումներին հաղորդակից լինելու անխուսափելիություն:
Կարինե Ռաֆայելյան
No Comments