ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Բանաստեղծություններ

07.08.2019

Մայր

Դու հորինել ես ինձ,
երբ Տերը 
փսփսացել է ականջիդ,
որ պիտի գամ,
Ու ծաղկել են
նռնենիներն,
 ու սիրենները ծաղկաթափվել 
արյան մեջ, 
գիշերները 
բուրել է երկինքը
լուսնի լոտոսով։
Գիտեն հեռուներից եկած
իմ աշխարհը
Տերը և դու,
և ոչ մի, ոչ մի սեր,
հարդագողի 
արահետներում թափառող,
չի գտնի ավելի 
սիրուն մոլորակ,քան սիրտդ,
ուր դրախտի թռչունն է ծաղկում,
ու ջրերը օրհնված են 
յոթ շարականով
կիպարիսների,
և Աստվածամայրը
մատներով երկնքոտ
ասեղնագործում է
Նիմբդ։

***
Հեռու մի տեղ,հեռու մի տեղ
ավագ ուրբաթն 
անպատարագ 
փարատելով 
Պերգոլեզիի կանտատով՝
մնամ մենակ
երկնքի ու հողի 
հաշտության անձրևի մեջ,
դու կշոյես գլուխս,
ես կխաղաղվեմ՝
անսահմանության մեջ 
ծաղկած
բրաբիոնների,
ու կօրորվեմ ջրերին երկնքի՝
գլխաշորով փրփուր ամպերի,
հեռու մի տեղ,հեռու մի տեղ
սիրտս ձեռքերիդ մեջ կառնես,
Eia, Mater, fons amoris*․․․

*Օ,Մայր,աղբյուր սիրո․․․


***
վերևում
մի հավք թևով սրբում է երկինքը,
հանկարծ հասկանում եմ,
որ անկշռությունը 
հաղթում է վախերին,
էլ չեմ փակում աչքերս 
հոգեծովի մակարդակից
մի քանի պարսեկ վեր սավառնելիս,
այնտեղ չի ցավում անցյալում մնացած ոչ մի սպի․․․
այնտեղից տեսնում եմ իմ այգին,
որ խաղաղության հողն է ամենաբերրի,
և ծառից կապած ճոճանակին շարունակվում եմ
որդուս աչքերում․․․
վարդենիներ են ցանկապատել կանաչ 
աշխարհը,
և բույրը խտտում է ծաղկող օրերի ընչացքը․
հիշողության սառը մի հոսանք 
վերապրում եմ ժպիտով,
որովհետև հեշտ չէր,հեշտ չէր
մի օր 
կոտրել ակնոցը
և հավատալ, որ ինչ էլ լինի՝
չեմ կորցնի տեսողությունը գույնի․․․

***

Եվ դաշտերը կանչեցին՝
արի, հավաքիր նեկտարը կյանքի,
տեղավորիր թթվածինը բառերի մեջ,
և երկինքը փսփսաց՝
արի, քաղիր կապույտ հիրիկները
դեղնառէջ ծիրի,
հորիզոնական դասավորիր
սպիտակին
անլուսանցք տիեզերքը,
սեղանիս հենված մի շող 
հեղեց արևի թանաքը մատներիս,
և սիրտը, որպես երկնագույն ալկիոն,
կանչեց ափերը անապակ ջրերի
ու անոտնահետք մենության 
մարգագետիններով տարավ ինձ․․․
ես գրեցի սիրո մասին։


***
Ծիծեռնակները կանչում են,
այս անձրևից հետո 
քամու հետևից գնալու ժամանակն է,
ծիածանը կծկելով՝
գիշերը մի սիրուն շալ գործելու 
համար անքուն մնալը 
կմատնեն բիբերիս շուրջ թափթփված
բոցենիները․․․
աչքերս տխուր չեն, չէ,
ես մի կյանք անդին արդեն 
գիտեի՝
բնությունն է իմ հավատարիմը,
որ երբեք չի մոռանում
իր ծաղիկները ջրելու
արվեստը ազնիվ,
ծիծեռնակները կանչում են,
այս անձրևից հետո 
կանաչի գրկում կուչ գալու ժամանակն է․․․

Մարինա Գևորգյան

Մարինա Գևորգյանը (1986թ.) մասնագիտությամբ բանասեր է՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորումով։  Գրական քայլերը սկսել է ՀԳՄ Գյումրու բաժանմունքից։ Բանաստեղծությունները տպագրվել են գրական ժողովածուներում (Գրական Շիրակ, Հուշարձան Մայրերուն և այլն), հրապարակվել էլեկտրոնային և տպագիր գրական մամուլում (Գրանիշ, Անդին, Ցոլքեր, Գարուն, Նոր-Դար, Եղեգան փող, Երկունք և այլն):  Արժանացել է ՆՈՒՌ -2 գրական մրցամակաբաշխության առաջին մրցանակին՝ պոեզիա անվանակարգում, «Արարատ Մկրտումյան» գրական առաջին մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին։

No Comments

Leave a Reply