Բեռլինաբնակ DJ և մեդիա մասնագետ Մայքլ Լոյֆենը Երևանում կանցկացնի բաց դասախոսություն
Հայաստան է ժամանում բեռլինաբնակ DJ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար և լրագրող Մայքլ Լոյֆենը։ Մարտի 27-ին, ժամը 20:00-ին, Openhaus-ում տեղի կունենա Լոյֆենի բաց դասախոսությունը՝ «Ինչպե՞ս են նորաձևության բրենդները վերածվում մշակութային հարթակների» թեմայով։
Դասախոսության ընթացքում Մայքլ Լոյֆենը կբացահայտի նորաձևության և երաժշտության խաչմերուկում գործող մարքեթինգային մեխանիզմները՝ հիմնվելով իր բազմամյա փորձի վրա։ Նա կանդրադառնա նաև այն հարցին, թե ինչու է մշակույթն այսօր դարձել բրենդների համար ամենաարժեքավոր կապիտալը՝ ներկայացնելով օրինակներ ինչպես իր կորպորատիվ գործունեությունից, այնպես էլ ոլորտի առաջատար պրակտիկաներից։
Դասախոսությունը կներառի թեմաներ արտիստների հետ համագործակցության վերաբերյալ, այն մասին, թե ինչպես է նորաձևության մարքեթինգը ազդում կինոյի, երաժշտության և լայն դաշտի վրա, ինչպես նաև կանդրադառնա այն սահմանագծին, որտեղ կոմերցիոն նպատակները վերածվում են ինքնուրույն մշակութային հարթակների՝ ձևավորելով բուտիկ փառատոներ, մեդիա պլատֆորմներ և արտիստակենտրոն նախագծեր։
Միջոցառման ավարտին նախատեսվում է հատուկ DJ սեթ․ Մայքլ Լոյֆենին կմիանա Vittoria-ն՝ փակելով երեկոն երաժշտական ծրագրով։
Դասախոսությունը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նորաձևության, երաժշտության, մեդիայի և ժամանակակից մշակույթի փոխազդեցությամբ։






