Կրեատիվ Արմինե Սարգսյան ՄարզաԴիտակ

Բջնի, Գետափ, թանգարան․․․

24.08.2020

Բջնի գյուղի վերջնամասում գտնվող ամայի տարածքը Կարապետ Կարապետյանի նախաձեռնությամբ վերածվել է հանգստի գոտու։ Հայտնի է «Գետափ» անվամբ։

«Գետափ»

Մեզ հետ զրույցում Կարապետ Կարապետյանը նշեց, որ իրականում այն գյուղատնտեսական տարածք էր, բայց չէր օգտագործվում,  քանի որ գետը վարարում էր, հեղեղում ամբողջ տարածքը։ Սկսել է 2015-ից. նախ ծառեր է տնկել, հետո տաղավարներ կառուցել։  Տարածքը դեռ բարեկարգվում- նորոգվում է։ Այցելուներ շատ ունեն և՛ Հայաստանից, և՛ արտերկրցի։

,

Բջնիի այցեքարտերից է հանքային ջուրը։ «Գետափում» կան հանքային ջրի աղբյուրներ։ Վերաբացվել են հանգստի գոտու տնօրենի նախաձեռնությամբ,  ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Մարդիկ ազատ, անվճար օգտվում են փորձաքննություն անցած, բուժիչ հատկություններ ունեցող  բնական ջրից։  

Հանքային ջրի աղբյուր՝ Գետափում

Հանգստի գոտուն կից թանգարան է գործում, որը դեռ վերանորոգման, ընդլայնվելու, կազմաձևման կարիք ունի։  Թանգարանի ստեղծման գաղափարը հղացել է Կարապետ Կարապետյանի կինը՝ Հերիքնազ Կարապետյանը։

Թանգարան՝ գետափին

Մոտ 100 տարվա պատմություն ունեցող նմուշներ են՝  կուժ, կճուճ, թեյնիկ, իլիկ, վարսանդ , խնոցի, երկանք, սանդ, մանղալ, լամպեր, պղնձի թավաներ, սրճեփ․․․

Կան նաև խորհրդային ու հետխորհրդային տարիների մասին պատմող  իրեր՝  կարի մեքենաներ, հեռախոս․․․
Հայկական տարազը, Մշո Սուրբ Կարապետ վանքից բերված քարն ու հողը և շատ այլ իրեր պարզապես այցելուների նվերներն են թանգարանին։ 

Գյուղի մասին պատմում են նաև լուսանկարները․

Բջնին՝  1900-ականների սկզբին՝ հոլիկներ, ցանի դեզեր․․․

Բջնիի նշանավոր բերդի պարիսպները․․․

«Ծակքար» բնական կամարը․․․

1974-ին Բջնիում ֆիլմ է նկարահանվել, նկարներից մեկում պատկերված են Բջնիի ծերունիները։

1953թ․, մատաղի տեսարան, Տեր Աբարահամը, Չարենցավանի կոլեկտիվներից մեկը․․․Այդ տարիներին փակ էին եկեղեցիները։ Բջնիում եկեղեցին միշտ գործել է՝ նշում է մեր զրուցակիցը։

Կարելի է տեսնել նաև Բջնիի Սուրբ Սարգիս 7-րդ դարի եկեղեցին՝  վերանորոգումից առաջ ու հետո․․․
Սուրբ Սարգիսը ամենափոքր գմբեթավոր եկեղեցին է։ Վերանորոգվել է 1970 թվականին։ Սուրբ Սարգսի տոնն այստեղ նշում են ողջ գյուղով։

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին տեղ է գտել նաև Մարտիրոս Սարյանի կտավերում

Թանգարանի հիմնադիրը նշում է․ «Հենրիկ Սիրավյանը Մարտիրոս Սարյանի սանն է դարձել, երբ վարպետը 1957-ին Մոսկվայում տեսել է Սիրավյանի «Բջնիի առավոտը» նկարը»․․․ 

Թանգարանում կա նաև ընտանեկան, ինչպես նաև թանգարանի հիմնադրի կենսագրությանը վերաբերող լուսանկարների անկյուն․․․

Աշխարհի դատախազների հավաքույթ, որտեղ ներկա է նաև Կարապետ Կարապետյանը․․․

Չարենցավանի քաղաքային պանթեոնի բացումը․․․(1995թ․)

Լուսանկարում՝ Կարապետ Կարապետյան, Գարեգին Առաջին Կաթողիկոս

Կարապետ Կարապետյանը աշխատել է տարբեր հաստատություններում՝ երկար տարիներ՝ գլխավոր դատախազությունում (Հրազդանի շրջ., գ.Բջնի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն, դատախազ), այնուհետև՝ քննչական կոմիտում:
Չարենցավանի քաղաքապետն է եղել 1992-1995թթ։  Պատերազմական այդ տարիներին հիմնել է Չարենցավանի քաղաքային պանթեոնը, որտեղ ամփոփովում են զոհված ազատամարտիկների շիրիմները։

Մութ ու ցուրտ տարիներին Չարենցավանում թատրոն է բացել։ Երեք բեմադրություն են արել՝ «Բաղդասար Աղբար», Ոտքի, դատարանն է գալիս», «Սպիտակ դրոշներ»։ Նրա պաշտոնավարումից հետո թատրոնի գործունեությունը դադարեցվել է։
Ներկայումս Կարապետ Կարապետյանը դասախոսում է Հրազդանի հումանիտար ինստիտուտում և Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում։

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply