Կինո Տաթև Խաչատրյան

Բլյում-բլյում պատմություններից մինչև միջազգային կինոհարթակներ

12.06.2020

Գրող, սցենարիստ, դերասանուհի, պրոդյուսեր Արմինե Անդայի հետ ես հանդիպել եմ մանկությանս տարիներին, երբ նա դեռ Արմինե Աբրահամյան էր և վարում էր «Բլյում-բլյում պատմություններ» հեռուստահաղորդաշարը՝ ըստ իր «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի մոտիվների: Ես մեկն էի այն փոքրիկ դերասաններից, որոնք մարմնավորում էին անկիմյուրցիների կերպարները: Այն ժամանակ քիչ բան էի հասկանում գրականությունից, ստեղծագործելու շնորհից, բայց մի բան պարզ էր ու անքննելի՝ ես երջանիկ էի՝ գտնվելով Արմինեի հերքիաթի աշխարհում:  
 

«Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի նկարազարդումները՝ Արմինե Անդայի

«Անկիմյուրի բնակիչները» շատ ինքնատիպ երկ է՝ գրված արտասովոր լեզվով: Սա գրողի երևակայության անծայրածիր աշխարհն է, որին հասնելու համար պետք է ինքդ էլ գոնե մի քիչ երևակայության թևերին թռչելու կարողություն ունենաս: 

«Երևակայությունը նույնքան մեր իրականությունն է, որքան այն, ինչ մենք իրականություն ենք անվանում,- ասում է Արմինե Անդան:- Եվ երևակայությունն այն ճանապարհն է, որով մեր գիտակցության ամենաբարձր շերտերն անգամ մեզ հասանելի են դառնում»: 

Ցավոք, «Անկիմյուրի բնակիչները» Հայաստանում շատ ճանաչված չէ, այնինչ յուրաքանչյուր փոքրիկի ու նաև մանկության հետ կապը չկորցրած մեծերի համար այն կդառնար դեպի հրաշքների աշխարհ տանող ճանապարհ: 

Ու թեև հայ երեխաները գրեթե անտեղյակ են անկիմյուրյան անիրականություն-իրականությանը, այսօր կա հնարավորություն, որ այս հեքիաթ-վեպը ճանաչելի դառնա նաև օտարախոս միջավայրում, քանզի Գոհար Հարությունյանը իր սեփական նախաձեռնությամբ «Անկիմյուրի բնակիչները» թարգմանել է ռուսերեն:

Գրող Արմինե Անդան ավելի ուշ սկսեց իր երևակայության թռիչքները տեղայնացնել կինոյում: Նա ասում է, որ գրականությունը և կինոն թե՛ շարունակում-լրացնում են իրար, թե՛ խանգարում: Իսկ «Անկիմյուրի բնակիչները» իր ազդեցությունը թողել է  նրա կինոյի, սցենարների վրա: 

Արմինե Անդայի առաջին ֆիլմը «Բոժո» անիմացիան էր: Նա այս ֆիլմի համասցենարիստն ու պրոդյուսերն է:

Գրաֆիկան՝ Իվանա Կրչադինացի

Ապա ստեղծվեց «Ժաննան և ձայները» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Նա նաև այս ֆիլմի համասցենարիստն ու պրոդյուսերն է, նաև` Ժաննայի դերակատարը: Երկու ֆիլմերի ռեժիսորն էլ Միքայել Վաթինյանն է: 

Ժաննան և ձայները, նկարահանումներ

Արմինե Անդան մի կարճամետրաժ ֆիլմ էլ ստեղծել է Աբաս Քիարոստամիի աշխատարանում: 

Նրա նոր կարճամետրաժ ֆիլմը վերնագրված է «Թռիչք»: Ռեժիսորն է Վիկտորյա Ալեքսանյանը: Դարձյալ Արմինեն ֆիլմի համասցենարիստն է, պրոդյուսերներից մեկն ու գլխավոր դերակատարը:  Ֆիլմը շուտով էկրան կբարձրանա, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով առայժմ հստակ չէ՝ երբ և որտեղ:

Ահա թե ինչ է պատմում նա այդ ֆիլմի մասին. «Ֆիլմը մի կնոջ մասին է, որը փորձում է ինքնասպան լինել՝ արտաքսվելուց  հետո:  Երբ Վիկտորյան ինձ առաջին անգամ պատմեց այս պատմությունը, ես գերվեցի այդ կերպարով, քանի որ նա այնպիսի ներքին ողբերգության էր հասել (ի դեպ, իրական պատճառները միայն ֆիլմի ավարտին են հասանելի դառնում), որ ես առաջին իսկ վայրկյանից հասկացա՝ ուզում եմ՝ այս ֆիլմն էկրան բարձրանա»:

Ստեղծագործական ընթացքը երբեք կանգառ չի ունենում: 

Հիմա Արմինե Անդան միաժամանակ երկու մուլտֆիլմի վրա է աշխատում, գրում մի քանի մուլտֆիլմի սցենար և մի հեքիաթի գիրք՝ «Միգուի լեգենդը»: Այս գրքին զուգահեռ՝ աշխատում է դրա լիամետրաժ ֆիլմի սցենարի վրա: «Առաջին անգամն է, որ միաժամանակ աշխատում եմ և՛ գրքի, և՛ սցենարի վրա: Սա շատ հետաքրքիր փորձ է: Ես սիրում եմ իմ գրական գործերի վրա գրել կինոսցենար: Գրականությունն ինձ ազատություն է տալիս, իսկ սցենարը` պատկեր,- ասում է Արմինեն:- Գրական նյութի վրա սցենար գրելը ի սկզբանե մեծ մարտահրավեր է: Բայց և ունի իր առավելությունը. այս դեպքում դու ի սկզբանե պատրաստի մոլորակ ես գնում, մնում է միայն, որ այդ մոլորակում ապրես»: 

Արվեստագետը ցավում է, որ ավելի շատ ժամանակ է հատկացնում կինոյին, քան գրականությանը, և իրեն մեղավոր է զգում գրականության առաջ: Բայց և կինոն է՝ որպես ստեղծագործություն, տուժում, քանի որ Արմինե Անդան ոչ միայն սցենարներ է գրում և նկարահանվում՝ որպես դերասանուհի, այլև իր վրա է վերցրել պրոդյուսերի բարդ առաքելությունը: Այս հանգամանքը նրան կտրում է ստեղծագործական վիճակներից և ստիպում զբաղվել ռազմավարական և կազմակերպչական խնդիրներով: Բայց  և սրանում կա շահեկանություն: 

«Կինոպրոդյուսեր դառնալով՝ ես սկսեցի պատկերացնել սեփական ուժերով կինոն միջազգային դաշտ դուրս բերելու ճանապարհները: Ու հենց այդպես էլ անում եմ: Եթե պրոդյուսերությամբ չզբաղվեի, ես և այլ ստեղծագործողներ կզրկվեինք ինչ-որ բան ստեղծելու հնարավորությունից, աշխարհի հետ նույն համատեքստում գտնվելու հնարավորությունից»: Նրա վերջին երեք կարճամետրաժ ֆիլմն էլ ուրիշ երկրների հետ համատեղ աշխատանքի արդյունք են՝ Նիդերլանդների, Ֆրանսիայի, Իրանի:  Ֆրանսիայի հետ համատեղ արվող՝ «Երբ ես տխուր եմ» ֆիլմի ռեժիսորը Լիլիթ Ալթունյանն է: Այս նախագիծը մրցանակ է ստացել Անսիի միջազգային կինոփառատոնում: Իրանի հետ համատեղ անիմացիոն ֆիլմի համասցենարիստ է նաև Ռոման Բալայանը:

Գրաֆիկան՝ Լիլիթ Ալթունյանի

Վերջերս Արմինե Անդան դարձել է «Եվրոպայի կանանց աուդիովիզուալ ցանց» /European Women’s Audiovisual Network/ կազմակերպության անդամ: Ռեժիսոր Մերի Աղախանյանի լիամետրաժ ֆիլմի նախագիծը՝ «Իռենի աշխարհը» վերնագրով,  Իտալիայի Տրիեստե փառատոնում՝ «Երբ Արևմուտքը հանդիպում է Արևելքին» հարթակում, ստացել է «Եվրոպայի կանանց աուդիովիզուալ ցանց» կազմակերպության մրցանակը: Սա էլ դարձել է EWA-ին անդամագրվելու առիթը Արմինե Անդայի, Վիկտորյա Ալեքսանյանի, Մերի Աղախանյանի համար:

2009 թվականին Արմինեն մասնակցել է «Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնողներ» /EAVE/ դասընթացին: Դա առաջին կազմակերպությունն է, որ ստեղծել է պրոդյուսերական դասընթաց, որի սեսիաներն անցկացվում են տարբեր երկրներում: EAVE-ում ընդգրկված է օսկարակիր, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, այլ կինոփառատոների մրցնակակիր ռեժիսորների շատ մեծ խումբ: Եվ քանի որ Արմինեն  2009-ից EAVE-ի անդամ էր, ձգտում էր նաև անդամագրվել EWA-ին: «Իռենի աշխարհը» ֆիլմի մրցանակը դարձավ այդ ձգտումն իրականացնելու լավ առիթը: 

EWA-ն մի կազմակերպություն է, որն աջակցում է կինոյի բարեփոխումներին՝ միջազգային մասշտաբով: Աջակցությունը տրամադրվում է կին պրոդյուսերների, կին ռեժիսորների նախագծերին, կին կինոգործիչների համատեղ ծրագրերին: Այսինքն՝ մի բան, որի պակասը կա Հայաստանում: Հենց այս պակասն էլ ստիպել է Արմինե Անդային իր ընկերների հետ ներգրավվել Հայաստանում կինոյի բնագավառի իրավական դաշտը կարգավորելու գործընթացի մեջ: Նա լիահույս է, որ աջակցույթուն կգտնի ՀՀ պետական մարմինների շրջանում, որ մեր կինոաշխարհին հատուկ անհարմարությունները և միջազգային դաշտի հետ գոյություն ունեցող իրավական տարբերությունները կվերանայվեն, և դրանից կշահեն ոչ միայն ինքն ու իր ընկերները, այլև հայաստանյան կինոաշխարհն ընդհանրապես: 

Այսպիսին է Արմինեի՝ հեքիաթից կինո, կինոյից հեքիաթ ճանապարհը: 

Տաթև Խաչատրյան

No Comments

Leave a Reply