Պատկերացրեք, դուք ամենահայտնի դերասաններից ու կատակերգուներից մեկն եք, որ մարդկանց ծիծաղեցնելու տաղանդ ունի։
Մարդ, ով ընդամենը մեկ կատակով լուսավորում է սենյակը։ Հենց այդպիսին էր Ռոբին Ուիլյամսը։ Նա կյանք էր հաղորդում իր խաղացած ցանկացած կերպարի: Ժպիտ ու ծիծաղ էր տալիս ուրիշներին, բայց միժամանակ պայքարում էր իր ներքին հրեշի դեմ՝ ընկճախտի, որի մասին քչերը գիտեին: Իր ժամանակն անցկացնում էր երկրպագուներին ուրախություն բերելով, որ հանրության աչքից թաքցնի անձնական խնդիրները։
1951-ի հուլիսի 21-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում ծնված Ռոբին Ոիլյամսը ծնողների միակ երեխան էր։ Հայրը Ford Motor Company-ի ավագ գործադիր տնօրենն էր, մայրը նախկին մոդել էր ու դերասանուհի։ Ռոբինի ծնողները հարուստ ընտանիքներից էին: Սակայն երեխան զրկված էր ուշադրությունից, նրան հիմնականում դաստիարակում էր սպասուհին: Տասնմեկ տարեկան էր, երբ իրենց ընտանիքը տեղափոխվեց Դեթրոյթի արվարձաններ, որտեղ նա ապրում էր քառասուն սենյականոց տան մեջ:
Ռոբինին նկարագրում էին որպես կարճահասակ, ամաչկոտ ու փակ անձնավորություն: Մեծանում էր մեծ տանը, բայց երջանիկ չէր: Նա հաճախ մենակ էր մնում, ու ավելի շատ շփվում էր սպասուհիների հետ, քան ծնողների (նրանք շատ էին աշխատում)։ Ռոբինի միակ ընկերը երևակայությունն էր, որովհետև շատ ամաչկոտ էր ու դժվարանում էր իսկական ընկերություն ձևավորել։ Վեցերորդ դասարանում նրան ծաղրում էին ավելորդ քաշի համար, ամեն օր նա տուն էր գալիս ու լաց լինում։ Մշտական ոտնձգությունները նրան խոր ընկճախտի մեջ էին գցել, ինչից նա չէր ազատվելու ամբողջ կյանքում։
Ռոբինը, իբրև պաշտպանական մեխանիզմ, որդեգրեց հումորը, ինչը ժառանգել էր մորից: 1967-ին Ռոբինի ընտանիքը տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո: Տասնվեցամյա Ռոբինը հաղթահարեց իր ամաչկոտությունն ու ընդունվեց դրամատիկական ակումբ։ Շուտով, անեկդոտներ պատմելով ու ծիծաղելով, նա դարձավ դպրոցի ամենահայտնի տղան։ Տղան հայտնի էր որպես հիանալի ծաղրածու, իսկ ուսումնական տարվա վերջում ճանաչվեց «ամենազվարճալի աշակերտը»։
Ռոբինը հումորային հիանալի կարիերա, համբավ, ի վերջո, համաշխարհային ճանաչում ստացավ, բայց ոչ ոք չգիտեր նրա առաջ ծառացած խնդիրների մասին։ Ռոբինի մահից հետո շատերը հարցնում էին՝ ինչը Ռոբինին գցեց ընկճախտի մեջ:
Կանզասի համալսարանի կլինիկական հոգեբանության դոցենտ Սթիվեն Իլարդին ասում է, որ ընկճախտը շատերը նույնացնում են տխրության հետ, այնինչ իրականում դա տրամադրության խանգարում է, որն առաջացնում է տխրության և հետաքրքրության կորստի մշտական զգացում։
Կյանքի վերջին ամիսներին Ռոբինը ցույց չի տվել ինքնասպանություն գործելու ոչ մի նշան։ Ռոբինի կնոջը՝ Սյուզան Շնայդերին, անհանգստացրել էր ամուսու առողջական վիճակը, երբ 2011-ին բժիշկները պարզել էին, որ Ռոբինը տառապում է դիմենցիայով (ձեռքբերովի տկարամտությամբ), ինչն առաջացնում է մտավոր կարողությունների աստիճանական անկում։ Ռոբինը դա գաղտնի էր պահում, որպեսզի ոչ ոք չանհանգստանար։ 2014-ի հուլիսին բուժման կուրս է անցել թմրամոլության բուժման կենտրոնում: Երբ դուրս է գրվել, կինը կարծել է, որ Ռոբինն իրեն ավելի լավ է զգում, ու ոչինչ չի կասկածել: Մահվան գիշերը նա գնացել է խանութ, կնոջ համար ամսագիր գնել, հետո առանձնացել սենյակում։
Հաջորդ առավոտ կինը կարծել է, թե ամուսինը հանգստանում է, ինչի համար ուրախ է եղել ու թողել է, որ երկար քնի, իսկ ինքը աշխատանքի է գնացել:
Ռոբին Ուիլյամսի մահվան մասին հայտարարվեց 2014-ի օգոստոսի 11-ին:
Երբ տարածվեց Ռոբինի ինքնասպանության լուրը, աշխարհն ասես կանգ առավ։ Բոլորը զարմացան, որովհետև մտածում էին, որ նա վայելում էր կյանքը, միշտ ուրախություն ու սեր էր տարածում։
Ռոբին Ուիլյամսը շատերին երջանկացնում էր ու ոգեշնչում, որ հետևեն սեփական երազանքներին։ Բայց ցավալի է, որ հենց իրեն չէր հաջողվում անել դա: Չնայած բոլոր փորձություններին ու նեղություններին՝ Ռոբին Ուիլյամսը հարգված մարդ էր, որին սիրել ու մինչև հիմա սիրում են։ Նա մարմնավորեց շատ կերպարներ և մեզ անմոռանալի ֆիլմեր նվիրեց։ Ռոբինը պարտվեց 2014-ի օգոստոսի 11-ի կռվում, բայց նրան ընդմիշտ կհիշեն՝ որպես աշխարհին ծիծաղ բերած մարդու։
Նյութի աղբյուր՝ stmuhistorymedia.org
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments