Փետրվարի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությունը:
Այն կազմակերպվել է 2021 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ներառում է հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Ցուցադրությամբ ի մի են բերվել Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:
Հայոց մայրաքաղաք Արտաշատի կանոնավոր ուսումնասիրությունը և պեղումները, որ սկսվել են 1970 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, շարունակվում են մինչ օրս։ Բոլորելով իր հնագիտական ուսումնասիրության հիսնամյակը` Արտաշատ մայրաքաղաքը շարունակում է անակնկալներ մատուցել հետազոտողներին։
Այս ցուցադրության նյութը պեղելու և մեզ հասցնելու երախտաշատ գործն իրականացրել են Բաբկեն Առաքելյանը, Ժորես Խաչատրյանը, Մկրտիչ Զարդարյանը, որոնք եղել են մասնագիտական արշավախմբերի ղեկավարները:
Ցուցանմուշները չեն կարող անտարբեր թողնել որևէ այցելուի: Այս փոքրիկ թանգարանային առարկաների մեջ խտացած են մեր ժողովրդի դարերի ոգին, արվեստը, կենցաղը, հիշողությունը, մեկ բառով՝ կենսագրությունը: Այս անգին մասունքների շտեմարանը Հայաստանի պատմության թանգարանն է, որը հիմնադրվել է դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում՝ 1919 թվականին՝ պառլամենտի N 439, 09.09.1919թ. օրենքով:
Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Ներկայում այստեղ պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, որը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։
«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությունը կգործի մինչև մայիս:
Այս ցուցադրությունը ոչ միայն տեղեկատվական, մշակութային, պատմագիտական կարևոր առաքելություն է իրականացնում, մի բան, որ հասկանալի է ինքնին, այլև տալիս է բոլոր հիմքերը վերագտնելու և վերարժևորելու մեր խոցված ազգային արժանապատվությունն ու հայի ինքնագնահատականը:
Ստորև ներկայացնում ենք հողի գաղտնիքն իրենցում ամբարած ցուցանմուշներից մի քանիսը:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ Հայաստանի պատմության թանգարանի
No Comments