ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Դանիլ Խարմս․ պատմվածքներ

05.07.2024

«Խարմսի համար իր կյանքը արվեստի վերածելը հույժ կարևոր էր։ Նա կյանքի՝ իբրև հրաշքի զգացում ուներ, և պատահական չէ, որ հրաշքի մասին շատ պատմվածքներ ունի։ Չափազանց հատկանշական է մարդու մասին պատմվածքը, որը կարող էր հրաշքներ գործել, բայց ամբողջ կյանքում ոչ մի հրաշք չգործեց. նրան բավ էր միայն գիտակցումը, որ կարող է հրաշքներ գործել։ Հրաշքը, կյանքի՝ իբրև հրաշքի, ընդ որում՝ բացարձակապես անշահախնդիր հրաշքի ըմբռնումը՝ հրաշքը որպես հրաշք, գլխավոր թեմաներից մեկն է, որ կանխորոշեց ոչ միայն Խարմսի արվեստը, այլև կյանքը, դրանց սերտ կապը, նրա ստեղծագործության և կյանքի անբաժանելիությունը։ Խարմսը հրաշագործ չէր և չէր կարող հրաշքներ գործել։ Եվ հրաշքներ գործելու այդ անհնարինության մեջ դրսևորվեց մեծագույն հրաշքը՝ կյանքի հրաշքը, ավելի ճիշտ՝ կյանք-ստեղծագործության հրաշքը։ 1933-ը ճգնաժամային տարի է Խարմսի կյանք-ստեղծագործությունում, ճգնաժամի սկիզբը հավանաբար վերաբերում է նախորդող երկու տարվան. նա հասկացավ, որ ինքը հրաշագործ չէ, և երբ  հասկացավ, հրաշք գործեց։ Խարմսը պատմվածք ունի. մարդը վստահ է, որ ինքը հրաշագործ է։ Նա սպասում է հրաշքի, բայց հրաշքը միշտ չկա։ Նա արդեն հիասթափվել է ինքն իրենից, հրաշք գործելու իր ունակությունից, և երբ լրիվ հիասթափվեց, հանկարծ նկատեց, որ հրաշքն արդեն կատարվել և կատարվում է։ Դա պատմվածք է, բայց միաժամանակ և՝ ինքնակենսագրական աղոթք ու փիլիսոփայական խորհրդածություն».։ 

«Խարմսն իր որոշ պատմվածքներում անդերսենյան երեխա էր, որը չերկնչեց ասել. «Իսկ չէ՞ որ թագավորը մերկ է»։ Նա տեսնում էր մտքի, զգացումի և ամենուրեքության մեքենայացվածության մեջ ոսկրացած մեքենայական կյանքի չնչինությունն ու դատարկությունը, գոյության դատարկությունն ու անմտությունը, որոնք սահմանվում են «ինչպես բոլորը», «այդպես ընդունված է» բառերով։ Նրա պատմվածքներում և բանաստեղծություններում հանդիպում է այն, ինչ անվանվում է անմտություն, անտրամաբանություն։ Ոչ թե նրա պատմվածքներն են անմիտ և անտրամաբանական, այլ դրանցում նկարագրվող կյանքը։ Իսկ դրությունների ֆորմալ անմտությունն ու անտրամաբանությունը նրա գործերում, ինչպես և հումորը,  կյանքի մերկացման, մեքենայացված գոյության իրական անմտության, յուրաքանչյուր մարդուն հատուկ որոշ իրական հոգեվիճակների արտահայտումներ են։ Ուստիև նա ասում էր, որ կյանքում երկու բարձր բան կա՝ հումորը և սրբությունը։ Սրբության տակ նա հասկանում էր ճշմարիտ՝ կենդանի կյանքը։ Հումորով նա մերկացնում էր կեղծ, քարացած, արդեն մահացած կյանքը. ոչ թե կյանքը, այլ միայն կյանքի մեռած թաղանթը, անդեմ գոյությունը»։ 

                                                                       Յակով Դրուսկին

Խարմսը գրականության կառնավալային գծի ուղիղ ժառանգորդ է, և իր ստեղծագործություններում օգտագործում է ինչպես ժողովրդական ծիծաղի մշակույթի, այնպես էլ ռոմանտիկ և երբեմն մոդեռնիստական գրոտեսկի հնարքներ։ Նրա ստեղծագործություններում լիովին առկա են կառնավալային ժանրի գլխավոր հատկանիշները՝ «շրջված աշխարհի» յուրահատուկ տրամաբանությունը, կերպարների հարաբերականությունն ու երկիմաստությունը, տիեզերքի անավարտությունը, նյութա-մարմնական սկզբի իջեցումն ու գերակշռումը, ինչպես նաև ծիծաղելիի մեծ չափաբաժինը, ինչը թույլ է տալիս խոսել գրողի ստեղծագործության մեջ կառնավալային մշակույթի մասին։ 

Ելենա Յուրևնա Ռոգ

Բնության իրական սիրահարը

Նա բերանով է շնչում և փորն ուռեցնում, այնպես, որ անրակի տակ սկսում է ցավել։ Ահա կամրջից իջնում է և գնում մարգագետիններով։ Ահա փոքր ծաղիկ է տեսնում և, չորեքթաթ, հոտոտում և համբուրում է այն։ Ահա պառկում է հողին և ինչ-որ շրշյուններ է լսում։ Իր շորը չափսոսալով՝ սողում է գետնի վրայով։ Նա սողում և երջանկությունից լալիս է։ Երջանիկ է, քանզի բնույթն իր հողի մեջ է։

Բնության իսկական սիրահարը միշտ լավ կորսա բնության մանրագույն դրսևորումները։ Նույնիսկ քաղաքում, նայելով բութ ձիու դնչին, անհուն տափաստաններ, կիծուկ և փոշի է տեսնում, իսկ ականջներում բոժոժներ են զնգզնգում։ Նա, աչքերը կկոցելով, գլուխը տմբտմբացնում է և արդեն չգիտի էլ՝ ձի է ինքը, թե` մարդ։ Խրխնջում է, սմբակահարում, շարժում երևակայական պոչը, ցույց տալիս ձիու իր ատամները և ձիավարի փչացնում օդը։

Աստված չտա բնության սիրահարի հանդիպեմ։

Կուզնեցով

Կար չկար Կուզնեցով անունով մի մարդ։

Մի անգամ նրա աթոռակը ջարդվեց։ Նա ելավ տնից և գնաց խանութ ատաղձագործական սոսինձ գնելու, որպեսզի աթոռակը կպցնի։ 

Երբ Կուզնեցովն անցնում էր կիսակառույց տան կողքով, վերից աղյուս ընկավ և հարվածեց Կուզնեցովի գլխին։ 

Կուզնեցովը ընկավ, բայց իսկույն ոտքի կանգնեց և շոշափեց գլուխը։ Կուզնեցովի գլխին վիթխարի ելունդ էր ծլել։

Կուզնեցովը ձեռքով շոշափեց ելունդը և ասաց.

-Ես, քաղաքացի Կուզնեցովս, ելա տնից և գնացի խանութ, որպեսզի… որպեսզի… որպեսզի։ Է՜հ, էս ի՞նչ է։ Մոռացա, թե ինչու խանութ գնացի։

Այդժամ կտուրից ընկավ երկրորդ աղյուսը և նորից թխկացրեց Կուզնեցովի գլխին։ 

-Է՜հ, -բացականչեց Կուզնեցովը, բռնեց գլուխը և վրան երկրորդ ելունդը շոշափեց։ 

-Ա՜յ քեզ պատմություն,- ասաց Կուզնեցովը։

-Ես, քաղաքացի Կուզնեցովս, ելա տնից և գնացի… գնացի… գնացի… իսկ ո՞ւր գնացի ես։ Մոռացա՝ ուր գնացի։ 

Այստեղ վերից Կուզնեցովի վրա ընկավ երրորդ աղյուսը։ Կուզնեցովի գլխին ծլեց երրորդ ելունդը։ 

-Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- բղավեց  Կուզնեցովը՝ գլուխը բռնելով։- Ես քաղաքացի Կուզնեցովս ելա… ելա… ելա մառանի՞ց։ Չէ։ Ելա տակառի՞ց։ Չէ։ Իսկ որտեղի՞ց ելա։

Կտուրից ընկավ չորրորդ աղյուսը, հարվածեց Կուզնեցովի գլխին, և նրա գլխին ծլեց չորրորդ ելունդը։ 

-Դե ու դե,- ասաց Կուզնեցովը՝ վիզը քորելով։- Ես… ես.. ես.. Իսկ ո՞վ եմ ես։ Ոչ մի կերպ չեմ հիշում՝ ինչ է անունս։ Ա՜յ քեզ պատմություն։ Իսկ ի՞նչ է անունս։ Վասիլի Պետուխո՞վ։ Չէ։ Նիկոլայ Սապոգո՞վ։ Չէ։ Պանտելեյ Ռիսակո՞վ։ Չէ։ Դե, իսկ ո՞վ եմ ես։

Բայց այստեղ կտուրից ընկավ հինգերորդ աղյուսը և այնպես հարվածեց Կուզնեցովի գլխին, որ Կուզնեցովը վերջնականապես աշխարհի երեսին ամեն ինչ մոռացավ և «օ՜, հո՜, հո՜» բղավելով՝ վազեց փողոցով։ 

Խնդրում եմ։ Եթե որևէ մեկը հանդիպի փողոցում մարդու, որի գլխին հինգ ելունդ է, հիշեցրեք, որ անունը Կուզնեցով է և պետք է սոսինձ գնի ու նորոգի ջարդված աթոռակը։

Այն մասին, թե ոնց մարդ շաղ եկավ

-Ասում են՝ բոլոր լավ կնիկները հաստաքամակ են։ Է՜հ, սիրում եմ կրծքեղ կնիկներին, ինձ դուր է գալիս՝ ինչպես են նրանք բուրում,- դա ասելով՝ նա սկսեց հասակ առնել և  հասնելով առաստաղին՝ հազարավոր մանր գնդիկների շաղ եկավ։ 

Եկավ դռնապան Պանտելեյը, այդ գնդիկները հավաքեց գոգաթիակի վրա, որով սովորաբար հավաքում էր ձիու թրիքը, և այդ գնդիկներն ինչ-որ տեղ հետնաբակ տարավ։ 

Իսկ արևը նախկինի պես շարունակում էր շողալ, և թմբլիկ կանայք առաջվա պես շարունակում էին սքանչելի բուրել։

Տետր

Ինձ ապտակեցին։

Ես նստած էի պատուհանի մոտ։ Հանկարծ փողոցում ինչ-որ բան շրմփաց։ Ես պատուհանից դուրս ցցվեցի և ապտակ ստացա։ Նորից տուն պահ մտա։ Եվ ահա հիմա իմ դեմքին այրվում է, ինչպես առաջ էին ասում, անջնջելի ամոթ։

Դառնության նման ցավ նախկինում լոկ մի անգամ եմ ապրել։ Դա այսպես է եղել։ Մի սքանչելի օրիորդ, արքայի անօրինական դուստր, ինձ շքեղ տետր էր նվիրել։ Դա ինձ համար իսկական տոն էր. այնքան լավն էր այդ տետրը։ Ես իսկույն նստեցի և սկսեցի այնտեղ բանաստեղծություններ գրել։ Բայց երբ այդ օրիորդը, արքայի անօրինական դուստրը, տեսավ, որ այդ տետրում սևագրեր եմ գրում, ասաց.

-Եթե իմանայի, որ այդտեղ ձեր անտաղանդ սևագրերը կգրեք, երբեք այս տետրը ձեզ չէի նվիրի։ Ես ախր մտածում էի, որ այս տետրը կծառայի տարբեր գրքերից ընթերցած խելացի և օգտակար արտահայտություններ արտագրելուն։ 

Ես պոկեցի տետրից գրածս էջերը և տետրն օրիորդին վերադարձրի։ 

Եվ ահա հիմա, երբ ինձ պատուհանից ապտակեցին, ինձ ծանոթ զգացում ապրեցի։ Դա այն նույն զգացումն էր, որպիսին ապրել եմ սքանչելի օրիորդին իր շքեղ տետրը վերադարձնելիս։

             Պուշկինի մասին

Դժվար է Պուշկինի մասին ինչ-որ բան ասել նրան, ով ոչինչ չգիտի նրա մասին։ Պուշկինը մեծ պոետ է։ Նապոլեոնը նվազ մեծ է, քան Պուշկինը։ Եվ Բիսմարկը Պուշկինի համեմատ ոչինչ է։ Եվ Ալեքսանդր 1-ինը, 2-րդը, 3-րդը Պուշկինի համեմատ պարզապես պղպջակներ են։ Դե բոլոր մարդիկ էլ Պուշկինի համեմատ պղպջակներ են, միայն թե Գոգոլի համեմատ Պուշկինն ինքը պղպջակ է։

Ուստիև Պուշկինի մասին գրելու փոխարեն ավելի լավ է ձեզ համար Գոգոլի մասին գրեմ։ 

Թեև Գոգոլն այնքան մեծ է, որ նրա մասին ոչինչ գրել էլ չի կարելի, ուստի, այդուհանդերձ, Պուշկինի մասին կգրեմ։ 

Բայց Գոգոլից հետո Պուշկինի մասին գրելը մի տեսակ վիրավորական է։ Իսկ Գոգոլի մասին գրել չի կարելի։ Ուստի ավելի լավ է ոչ ոքի մասին չգրեմ։

Մի երաժշտի անձնական ապրումը

Ինձ ճիվաղ անվանեցին։

Իսկ մի՞թե դա այդպես չէ։

Չէ, դա այդպես չէ։ Ապացույցներ ես չեմ բերի։

                                             * * *

Մի քաղաքում, բայց ես չեմ ասի որում, մարդ էր ապրում, նրան Ֆոմա Պետրովիչ էին կոչում։ Նա սովորական հասակ ուներ, հագնվում էր պարզ և աննկատ, մեծ մասամբ մոխրագույն տոլստովկայով և մգակապույտ շորերով էր քայլում, քթին կլոր մետաղյա ակնոց էր կրում, մազերը բաժուկ էր անում, բեղ-մորուսը՝ սափրում, մի խոսքով՝ միանգամայն աննկատ մարդ էր։ Ես անգամ չգիտեմ ինչով էր նա զբաղվում. ոչ այն է՝ փոստում էր ծառայում, ոչ այն է՝ փայտասղոցարանում էր ինչ-որ բան աշխատում։ Գիտեմ միայն, որ ամեն օր նա վերադառնում էր տուն վեցն անց կեսին և պառկում թախտին հանգստանալու և մի ժամ քնելու։ Հետո ելնում, էլեկտրական թեյնիկում ջուր էր եռացնում և նստում ցորենհացով թեյ խմելու։

Մենք ապրում էինք երկու սենյակում։ Իմ ընկերը

Մենք ապրում էինք երկու սենյակում։ Իմ ընկերը ավելի փոքր սենյակ էր զբաղեցնում, իսկ ես՝ բավական մեծ, երեք պատուհանով։ Օրերով ընկերս տանը չէր լինում, և իր սենյակ էր վերադառնում՝ լոկ գիշերելու։ Իսկ ես գրեթե ողջ ժամանակ նստում էի սենյակումս, և եթե դուրս էի գալիս, ապա կամ փոստ, կամ ճաշի համար ինչ-որ բան գնելու։ Ի լրումն՝ չոր պլևրիտ էի ձեռքբերում, ինչը է՛լ ավելի էր ինձ տեղում պահում։ Ես սիրում եմ մենակ լինել։ Բայց ահա անցավ ամիս, և ինձ միայնությունս ձանձրացրեց։ Գիրքը ինձ չէր ուրախացնում, իսկ նստելով սեղանի առջև, հաճախ էի երկար մնում, տող չգրելով։ Նորից անցնում էի գրքին, իսկ թուղթը մնում էր մաքուր։ Դե նաև այդ հիվանդագին վիճակը։

Մի խոսքով, սկսեցի ձանձրանալ։ 

Քաղաքը, որում ապրում էի այդ ժամանակ, ինձ ամենևին դուր չէր գալիս։ Այն կեցած էր լեռան վրա, և ամենուր բացիկային տեսարաններ էին բացվում։ Այդ տեսարաններն ինձ այնպես էին զզվեցնում, որ նույնիսկ ուրախ էի նստել տանը։ Դե, ըստ էության, փոստից, շուկայից և խանութից բացի՝ տեղ էլ չկար գնալու։ Եվ այդպես ճգնավորի պես նստում էի տանը։ 

Լինում էին օրեր, երբ ոչինչ չէի ուտում։ Այդժամ ջանում էի ինձ համար բերկրալի տրամադրություն ստեղծել։ Պառկում էի թախտին և սկսում ժպտալ։ Մեկեն քսան րոպե ժպտում էի, բայց հետո ժպիտը փոխվում էր հորանջի։ Դա շատ տհաճ էր։ Բերանս այնքան էի բացում, որպեսզի լոկ ժպտամ, իսկ այն ավելի լայն էր բացվում, և հորանջում էի։ Սկսեցի երազել։ 

Առջևս կաթով կավե կուժ և թարմ հացի կտորներ էի տեսնում։ Իսկ ինքս նստած եմ սեղանի առջև և արագ գրում եմ։ Սեղանին, աթոռներին և թախտին ընկած են գրոտած թղթի էջերը։ Իսկ ես շարունակում եմ գրել, աչքով եմ անում և ժպտում մտքերիս։ Եվ ինչ հաճելի է, որ կողքս հաց է, և կաթ, և ծխախոտով ընկույզի արկղ։ 

Ես բացեցի պատուհանը և նայում էի այգուն։ Հենց տան մոտ աճել էին դեղին և բաց մանուշակագույն ծաղիկներ։ Այնուհետև աճել էր ծխախոտը և կեցած էր պատերազմական մեծ շագանականենին։ Իսկ անդ սկսում էր մրգայգին։ Շատ լուռ էր, և միայն լեռան տակ երգում էին գնացքները։

Այսօր ոչինչ չկարողացա անել։ Քայլում էի սենյակում, հետո նստում սեղանի առջև, բայց շուտով վեր էի կենում և տեղափոխվում ճոճվող թիկնաթոռին։ Գիրք էի վերցնում, բայց իսկույն էլ դեն նետում ու անցնում նորից սենյակում քայլելուն։ Ինձ հանկարծ թվաց, որ ինչ-որ բան եմ մոռացել, որևէ դեպք կամ կարևոր բառ։ Ես տանջալիորեն փորձում էի հիշել այդ բառը, և ինձ նույնիսկ սկսում էր թվալ, որ այդ բառը սկսվում է Բ տառով։ Օ՜հ, ոչ, բնավ ոչ Բ-ով, կամ Մ-ով։ Բանականություն, բերկրանք,  կամ միտք։ Չէ, իհարկե, Մ-ով, թե դա միայն բառ է։

Ես ինձ սուրճ էի պատրաստում և Մ-ով բառեր երգում։ Օ՜, որքան բառեր հնարեցի այդ տառով։ Գուցե դրանց մեջ էր և դա, բայց չճանաչեցի, այն մյուսների տեղ ընդունեցի։ Իսկ գուցե այդ բառը չի էլ եղել։

Ինչպես Մաշան ստիպեց էշին իրեն քաղաք տանել

Ահա էշը տանում է տարատայկան, իսկ տարատայկայի վրա Մաշան է։ Շողում է արևը։ Ծառերի վրա աճում են խնձորները։

Հանկարծ էշը կանգնեց։

Մաշան ասաց էշին.

-Դե, խնդրում եմ, գնա քաղաք։- Իսկ էշը պոչը շարժեց և մնաց տեղում կանգնած։

Մաշան ցույց տվեց էշին մտրակը և ասաց.

-Տե՛ս, մոտս ինչ կա։

Բայց էշը լոկ ականջները շարժեց և մնաց տեղում կանգնած։ 

Այդժամ Մաշան արձակեց էշին տարատայկայից։ Եվ նորից լծեց նրան տարատայկային, բայց միայն պոչով առաջ։

Հետո Մաշան հանեց մկրատը և էշի բաշից մի խուրձ կտրեց։ Էշը զարմանքով նայում էր Մաշային։

Մաշան նորից նստեց տարատայկան, և բաշից բեղեր և մորուք սարքելով, կպցրեց դրանք իր դեմքին։

Էշը աչքերը չռեց և սարսափահար սկսեց ընկրկել։

Էշը նահանջեց և իր հետ տարավ տարատայկան։ Եվ ահա այդպես Մաշան եկավ քաղաք։

Ֆյոդոր Մոիսևիչն ավելի կարճ էր

Ֆյոդոր Մոիսևիչն ավելի կարճ էր, արդ նրան պառկեցնում էին քնելու ֆիսհարմոնի վրա, փոխարենը Ավակում Նիկոլաևիչին, որը չափազանց երկայնահասակ էր, ստիպված էին պառկեցնել նախասենյակում, փայտերին։ Ֆյոդոր Մոիսևիչը իսկույնևեթ քնեց և երազում տեսավ լվերի, իսկ երկայնահասակ Ավակում Նիկոլաևիչը շուռումուռ էր գալիս և տեղավորվում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում խաղաղվել՝ մեկ գլուխն էր նրա մտնում ինչ-որ սպիտակ փոշով տաշտակը, մեկ, եթե Ավակում Նիկոլաևիչը վար էր ձգվում, դուռն էր լայն բացվում, և Ավակում Նիկոլաևիչի ոտքերը ուղիղ այգու վրա էին կախվում։ Կեսգիշեր չարչարվելով, Ավակում Նիկոլաևիչը խելքն այնքան թռցրեց, որ դադարեց հասկանալ, թե որտեղ է գտնվում իր գլուխը և որտեղ՝ ոտքերը, և քնեց, գլուխը սպիտակ փոշուն դեմ տալով, իսկ ոտքերը դռնից դուրս մաքուր օդի հանելով։ 

Գիշերն անցավ։ Վրա հասավ առավոտը։ Արթնացան սագերը և եկան այգի՝ մաքուր խոտ պռճոկելու։ Հետո արթնացան կովերը, հետո շները և, վերջապես, ելավ անասնապահուհի Պելագեյան։

Ամերիկյան պատմվածք

Սպանդանոցի պահակը բողոք էր ներկայացրել ամերիկյան դատարան, իբր ինչ-որ տղա իր ձեռքը կոտրել է։ Դատավորը կանչեց այդ տղային և հարցրեց. «Դու կոտրե՞լ ես պահակի ձեռքը»։ Տղան ասաց. «Ոչ, ես նրա ձեռքը չեմ կոտրել»։ Իսկ պահակն ասաց. «Ինչպես թե դու ձեռքս չես կոտրել։ Չէ՞ որ քո պատճառով եմ ձեռքս կոտրել»։ Այդժամ դատավորը հարցրեց. «Իսկ ինչպե՞ս է դա պատահել»։

Պարզվեց, որ բանն այսպես է եղել․

Երիտասարդ առողջ տղան մագլցեց սպանդանոցը, կտրեց կովի կրծքից ծիծը, դրեց շալվարի ծակը և այդպես գնաց։

Պահակը տեսավ  տղային, աչքերը չռեց և ասաց. «Դե, նայիր, ինչպես ես գնում»։ 

Իսկ տղան հանեց դանակը և ասաց. «Է՜հ, վեջս չի», կտրեց դանակով ծիծը և կողք նետեց։ 

Պահակը ընկավ և ձեռքը կոտրեց։ 

Մի ֆրանսիացու նվիրեցին թախտ, չորս աթոռ և թիկնաթոռ

Մի ֆրանսիացու նվիրեցին թախտ, չորս աթոռ և թիկնաթոռ։ Նստեց ֆրանսիացին պատուհանի մոտի աթոռին, իսկ ինքն ուզում է թախտին պառկել։ Պառկեց ֆրանսիացին թախտին, իսկ արդեն թիկնաթոռին նստել է ուզում։ Ելավ ֆրանսիացին թախտից և նստեց թիկնաթոռին, հանց արքա, բայց իր գլխում մտքերն արդեն այնպիսին են, որ թիկնաթոռի վրա խիստ ճոխ է։ Լավ է ավելի պարզ՝ աթոռին։ Տեղափոխվեց ֆրանսիացին պատուհանի մոտի աթոռին, միայն թե ֆրանսիացին այդ աթոռին նստել չի կարողանում, քանզի պատուհանից ինչ-որ փչում է։

            Ֆրանսիացին նստեց վառարանի մոտի աթոռին և զգաց, որ հոգնել է։ Այդժամ ֆրանսիացին որոշեց պառկել թախտին և հանգստանալ, բայց թախտին չհասած՝ շրջվեց և նստեց թիկնաթոռին։ 

-Ահա որտեղ է լավ,- ասաց ֆրանսիացին, բայց իսկույն ավելացրեց.- Դե, իսկ թախտին,  թերևս, ավելի լավ է։

Շարունակելի

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի