«Դարակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը ներկայացնում է գրքեր, որ տպագրվելու են տարվա ընթացքում:
Բավական մեծ են այս տարվա մեր ծրագրերը: Այս պահին ունենք հրատարկվելիք 45 գիրք: Սակայն կանդրադառնամ այն գրքերին, որոնք շատ շուտով կլինեն ընթերցողի սեղանին:
Շարունակում ենք վերահրատարակել հայ հեղինակների ստեղծագործությունները: Պատրաստվում ենք հրատարակել Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը», Մկրտիչ Սարգսյանի «Շահմարի առեղծվածը» և «Քաջ Նազարը», Գրիգոր Բալասանյանի «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» գրքերը:
Շուտով լույս կտեսնի նաև «Ֆեմինա» մատենաշարի երրորդ գիրքը՝ Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ» վեպը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ: Ֆրանսիական գրականությունից կտպագրենք նաև Անատոլի Ֆրանսի «Կարմիր շուշան» վեպը:
Մեր հրատարակչությունը բավական մեծ տեղ է հատկացնում մանկապատանեկան գրականությանը: Լուսինե Հակոբյանի՝ իտալերենից կատարած թարգմանությամբ կհրատարակենք Իդա Բաչինիի «Ճուտիկի հուշերը»: Որոշել ենք առաջին անգամ հայերեն ներկայացնել Ֆրենկ Լայմըն Բաումի Օզի աշխարհը պատկերող բոլոր ստեղծագործությունները. այս պահին տպագրության են պատրաստ երկուսը՝ «Օզի զարմանահրաշ կախարդը» և «Օզի սքանչելի աշխարհը»: Պատանիների համար կհրատարակենք նաև Ռուվիմ Ֆրաերմանի «Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին» վիպակը, Վլադիմիր Կորոլենկոյի «Կույր երաժիշտը», Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքլիի և պարոն Հայդիի տարօրինակ արկածները» գրքերը:
Անահիտ Ղազախեցյանի թարգմանությամբ հրատարակման ենք պատրաստում Մարկուս Զուսակի «Գրքի գողը» և Քեյթ Էթքինսոնի «Թանգարանի հետնաբեմում» վեպերը:
Մեր թարգմանությունների աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է, և շուտով առիթ կլինի խոսելու նաև հընթացս թարգմանվող գրքերի մասին:
Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի
No Comments