ԳրաԴաշտ Էմմա Սիմոնյան

Դավիթ Սամվելյանի «Չորրորդ փողոցը» ժողովածուի բանարվեստը

27.02.2024

Ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի անունը շատերին է հայտնի։ Նրա «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը», «հակաՔԱՂԱՔական», «Զգուշացեք, դռները չեն փակվում», «Հայելապատում», «Ունայնություն ըստ սերերի» ժողովածուները սիրված են ընթերցողների կողմից։ 

2022-ին լույս է տեսնում «Չորրորդ փողոց»-ը` պատմվածքների և էսսեների ժողովածուն, որում առկա ստեղծագործությունների մի մասն արդեն ծանոթ էր ընթերցողներին։ Այն ընդգրկում է 14 պատմվածք ու 4 էսսե։ Ողջ ժողովածուում հեղինակը քննում է անձի ներքին հույզերի, անձնական բախումների, հիասթափությունների և պատրանքների հիմնահարցերը, սակայն` յուրօրինակ ու տարբերվող մոտեցմամբ։

Դավիթ Սամվելյանը ուրբանիստ գրող է։ Նրա ստեղծագործության առանցքը քաղաքն է՝ «ծխացող կյանքերի», «քարացած հուշերի տնակը»։ Ողջ ժողովածուում իրար են բախվում մարդկային ամենատարբեր հարաբերություններն ու մտատանջությունները, որոնք միահյուսվելով՝ կազմում են քաղաքաբնակ մարդու առօրյան։ 

Ժողովածուում հստակ ուրվագծված է քրոնոտիպը՝ ժամանակատարածությունը։ Տարածությունն արտացոլված է ոչ թե ամբողջությամբ՝ մանրամասներով ծանրաբեռնելով ընթերցողին, այլ պատկերային այնպիսի համակարգով, որը հեղինակը կիրառել է սեփական ասելիքն առավել ընդգծված դարձնելու համար։ Ժամանակի մեջ ճանապարհորդելով՝ հեղինակը ցույց է տալիս, որ մարդկանց հուզող խնդիրները նոր չէ, որ երևան են եկել, այլ մշտապես ուղեկցել են մարդուն՝ իր բանական էակ դառնալու պահից ի վեր։Սամվելյանը համադրելով ժամանակի և տարածության հարաբերությունը՝ բացահայտում է թե՛ ներկայում, թե՛ նշված ժամանակի սահմաններից դուրս մարդու անփոփոխ հոգեբանությունը։ Հեղինակը իր հերոսներից շատերին նույնիսկ անուն չի տալիս՝ այս կերպ ընդգծել զգացմունքների համամարդկային լինելու հանգամանքը։ 

«Չորրորդ փողոցը» լի է լեզվական հետաքրքիր պատկերներով։ Ողջ ժողովածուն ողողված է գրական լեզվի, բարբառային բառերի, օտար փոխառությունների կիրառությամբ, որոնք բացահայտում են հեղինակի ինքնատիպ լեզվամտածողությունը։ Հանդիպում ենք մակդիրների, փոխաբերությունների, հոմանշային շարքերի կամ համանունների, որոնք հեղինակը կիրառում է սեփական խոսքը ավելի ազդու, ավելի բազմերանգ դարձնելու համար։ «Մեռած հույզերը», «փուչ հոգիները», «դատարկ դեմքերը», «կարված կոպերը», «ծառերի լացը» միայն կարող են ապահովել այն յուրատիպ գունային գամման, որը ուղեկցում է ընթերցողին՝ ընթերցանության ամբողջ  ընթացքում։ 

Ուշագրավ է գեղարվեստական մտածողության խնդիրը, որի ամենից ակնառու տարրը խորհրդանշական պատկերների առկայությունն է։ Անձնավորված քաղաքին տրված ամենաբազմազան բնութագրումների միջոցով տեսնում ենք և՛ հեղինակի քննադատողական վերաբերմունքը, և՛ գնահատողականությունը։ «Քաղաքի» խորքային էությունը բացահայտելու համար հեղինակը դիմում է համեմատությունների, որոնք բազմաբովանդակ են և ընթերցողին ստիպում են վերընթերցել՝ խորքային ընկալման հասնելու համար։ Այս հարցում ընթերցողին օգնում են ոչ միայն հերոսների բնավորության գծերը, նախասիրությունները, այլև հեղինակի դատողությունները արժեհամակարի և աշխարհընկալման վերաբերյալ։ 

Յուրաքանչյուր գրողի առաջնահերթ նպատակն ընթերցողի հետ շփման մեջ մտնելն է՝ ասելիքը փոխանցելը։ Այս առումով չափազանց կարևոր է գրողի աշխարհընկալումը, ինչը պետք է փնտրել նրա ստեղծած կերպարների մեջ։ Սամվելյանի կերպարները ժամանակակից գաղափարների կրողներ են, որոք իրենց արդիական մտածելակերպին զուգորդել են ավանդականն ու քրիստոնեականը։ Առ Աստծված տածած անսահման հավատը կարմիր թելի պես անցնում է բոլոր պատմվածքներում։ 

Հանդիպում ենք նաև լեզվի և գաղափարական բովանդակության փոխադարձ կապին։ «Չորրոդ փողոցի» գաղափարը մարդու՝ հասարակության մեջ միայնակ լինելու, ինքն իր դեմ պայքարելու, սեփական ես-ին պարտվելու համամարդկային հարցերն են։ Եվ այսքան նուրբ, բայց միևնույն ժամանակ այսքան խրթին թեման չէր կարելի մատուցել առանց անհատի լեզվամտածողության։ Ներկայացնելով մարդ արարածի ներաշխարհը՝ հեղինակը հաճախ դիմում է առօրյա-խոսակցական բառաշերտին՝ ասելիքն ավելի ներգործող դարձնելու համար։ Լեզվական այսօրինակ յուրահայտկությունն էլ պայմանավորում է լեզվի և գաղափարային բովանդակության կապը։ 

Ժողովածուում առկա ոճաբանական կարևոր առանձնահատկություններից է բազմալեզվայնությունը։ Հանդիպում ենք հեղինակային նորաբանությունների․ սրանք հետաքրքիր կապակցություններ են, որոնք գեղարվեստական շաղախին միանալով՝ ինքնատիպություն են հաղորդում ստեղծագործությանը։ Ժողովածուում առկա նորաբանություններից են՝ «ինքդ քեզ բազմատել», «անքեզ տարածություն», «քեզնից դատարկվել», «սրտի օրացույց», «թուր-երազանք» և այլն։

 Հեղինակը կիրառում է մե՛րթ հարցական, մե՛րթ պատմողական, մե՛րթ բացականչական նախադասություններ, որոնք պայմանավորում են երկի թարմությունը։ Ոճական այս հատկանիշի շնորհիվ էլ բարձրանում է ստեղծագործական հուզականությունը։

 Պարզությունը, լեզվի, ոճի և կոմպոզիցիայի միասնությունը, հեղինակի աշխարհայացքի ու գաղափարախոսության զուգորդումն են Սամվելյանի ստեղծագործության ելակետային հատկանիշները։

Էմմա Սիմոնյան

No Comments

Leave a Reply