Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ԳԱԹ հրատարակությամբ լույս է ընծայել «Արդի դեմիրճյանագիտություն» ստվար հատորը՝ դեմիրճյանագիտական ուսումնասիրությունների և անտիպների ժողովածուն, որում հավաքված են տուն-թանգարանի կազմակերպած երկու գիտաժողովների զեկուցումները, տարբեր տարիների այլևայլ միջոցառումների ընթացքում կարդացված բանախոսությունները և Դերենիկ Դեմիրճյանի անտիպ երկերը։
Այս ժողովածուն համահավաք նյութ է ներկայացնում դասականի թողած գրական ժառանգության, հասարակական-քաղաքական կյանքի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի գործունեության վերաբերյալ։
Այստեղ ոչ միայն գրականագետների հոդվածներ և հաղորդումներ են, որոնք համակողմանիորեն վերլուծում, արժևորում են Դերենիկ Դեմիրճյանի գրական երկերը, այլև դեմիրճյանական կինոյին, թատրոնին, իր հայրենիքի համար ճակատագրական անցքերին նրա ունեցած մասնակցությանը վերաբերող գիտական անդրադարձներ, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի միջթանգարանային գործունեությունը ներկայացնող փաստեր։
Ժողովածուն կազմել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը, խմբագիրն է բանասիրության դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը։
Ժողովածուում տպագրվել են մեր ժամանակի լավագույն մասնագետների հոդվածները։ Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, բանասիրության դոկտորներ Ժենյա Քալանթարյանը, Սամվել Մուրադյանը, Մարգարիտա Խաչատրյանը, բանասիրության թեկնածուներ Ազնիվ Չիլինգարյանը, Անի Փաշայանը, Նաիրա Բալայանը հանդես են եկել դասական գրողի բազմաժանր ստեղծագործության խորաքնին վերլուծություններով։ Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության անհայտ էջերի, նրա վարած հասարական-քաղաքական գործունեության մասին նոր բացահայտումների վերաբերյալ հոդվածներով ներկայացել են գրողի եղբոր՝ Գևորգ Դեմիրճյանի ծոռը՝ պատմագիտության դոկտոր Վահան Մելիքյանը և պատմագիտության թեկնածու Համո Սուքիասյանը։ Դերենիկ Դեմիրճյանի թատերագիտական հայացքների մասին հոդվածի հեղինակն է արվեստագիտության թեկնածու, թատերագետ Նաիրա Շահվալադյանը։ Արվեստագիտության թեկնածու, կինոգետ Սիրանույշ Գալստյանի երկու հոդվածները ոչ միայն դեմիրճյանական կինոյի մասնագիտական վերլուծություններ են, այլև հետաքրքիր փաստերի հանրայնացում, որոնց մասին քչերին է հայտնի ինչ-որ բան։ ՀՀ ԳԱԱ Հովհ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանի հոդվածը պատմում է իր ղեկավարած հաստատության և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի միջև երկարամյա համագործակցության մասին։
Այսուհանդերձ, «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուի կարևորագույն արժանիքը դրանում ընդգրկված՝ 147-ամյա դասականի անտիպներն են, որոնք թե՛ իրենց գեղարվեստական արժանիքներով, թե՛ ասելիքի արդիականությամբ, թե՛ գրողի անձնական կյանքին վերաբերող մանրամասների առումով պարզապես անգին մասունքներ են։ Անտիպների բաժնում կան բանաստեղծություններ, դրամա, ծաղրանկարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ստեղծագործական ուշագրավ պատմությունն ու մինչ մեր ժամանակներն անհայտության դատապարտված լինելու տարաբնույթ պատճառները։ Այս ամենի մասին կարել է կարդալ «Արդի դեմիրճյանագիտություն» գրքում։
Անտիպները վերծանել և հրատարակության է պատրաստել Կարինե Ռաֆայելյանը, ով նաև գրքում ընդգրկված գրականագիտական ուսումնասիրությունների գերակշիռ մասի հեղինակն է։
Օրեր առաջ ԳԱԹ-ում կայացած շնորհանդեսի ժամանակ Կարինե Ռաֆայելյանը, Աելիտա Դոլուխանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Նաիրա Շահվալադյանը, Սիրանույշ Գալստյանը, Համո Սուքիասյանը ներկայացրին «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուի արժանիքները՝ նշելով, որ այն կարևոր հանգրվան է Դ․ Դեմիրճյանի հիշատակի հետագծում։
Շնորհանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն ունի նպատակ երեք տարի հետո, գրողի 150-ամյակի տոնակատարության շրջանակներում, ի մի բերելու և առանձին հատորով ներկայացնելու վերջին տարիներին թանգարանի աշխատակիցների ջանքերով հայտնաբերված և տարբեր գրքերում տպագրված՝ Դ․ Դեմիրճյանի նորահայտ երկերի ամփոփ ժողովածուն։
Ardi.am