Դրամա 4 արարով
Գ արար
Սկիզբը՝ այստեղ
(Հովնանի սենյակը: Պատերի տակ անկարգ թափված են բոխչաներ և այլ ճամփու իրեր):
Խորեն — (Մտնում է աջ կողմից՝ ձեռին մի կարճ դաշույն, որ տնտղում է և ապա թաքցնում գոտկատեղում): Ա՜խ:
Նունուֆար — (Մտնում է նրա հետևից): Խորե՛ն, ի՞նչ ես անում, թո՛ղ էդ դանակը, գնա պահվիր տեղդ:
Խորեն — (Նունուֆարին գրկել փորձելով) Կյանք տար Աստված, թռցնեի քեզ:
Նունուֆար — (Ընկնում է Խորենի թևին): Է՜հ, ի՞նչ թռցնել. մենակ ի՞նձ… էսքան ժողովուրդը կրակի մեջ է:
Խորեն — Ժողովրդին ազատում չկա՜ էլ: Պիտի ջարդվի: Դու ասա՝ քեզ ազատեի: Կարո՞ղ ես հետս փախչել:
Նունուֆար — Է՜հ, Խորեն, թե պիտի մեռնենք, հարազատների հետ մեռնենք:
Խորեն — (Ատամները կրճտելով) Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Կռիվ չէ՝ կռիվ մտնեմ: Մենակ ես չեմ՝ սարերն ընկնեմ: Ջա՜րդ է: Կռվող չկա: Ես ձեռքերս կապած մեկ տղամարդ եմ: Քանի՜ կյանք պիտի ունենամ, որ կռվելով քեզ ազատեմ:
Նունուֆար — Ամա՜ն, Խորեն, քեզ համար շատ եմ վախենում: Չհակառակե՜ս:
Խորեն — Է՞հ, թողնեմ, որ տանե՞ն քեզ:
Նունուֆար — Մի՛ վախենա, ես քեզնից շուտ կմեռնեմ:
Հերիք — (Մտնում է ներս): Խորե՛ն, ի սե՛ր Աստծո, գնա տեղդ պահվիր: Եկան հարցրին: Բեյին էլ ասել են, որ գնացել ես զինվորական ատյան:
Խորեն — Ապա Նունուֆա՞րը:
Հերիք — Ես հետն եմ: Գնա՛:
Խորեն — Դո՞ւ… ես որ զարկվեմ, էլ դու` ի՞նչ:
Հերիք — Ես ճարը գիտեմ, գնա՛:
Խորեն — Վա՜յ Խորենի գլխին, որ ճարը դու ես:
(Խորենը դուրս է ելնում աջից):
Նունուֆար — (Մոտենում է Հերիքին և կպչում նրան): Ամա՜ն, քույրիկ, բեյը չգա՞:
Հերիք — Մի՛ վախենա, ես հետդ եմ:
Նունուֆար — Ա՜խ, ե՞րբ պիտի ազատվենք, չտեսնեմ ես էս բոլորը:
Հերիք — Չես տեսնի… ես էնպես կանեմ, որ չես տեսնի:
Նունուֆար — Հա՜, գիտեմ. առաջ դու մեռնես, ինձ թողնես մենակ… Գիտեմ՝ ինչ է միտքդ:
Հերիք — Քո ի՞նչ գործն է: Քեզ ու Խորենին կազատեմ:
Նունուֆար — Չէ՛, չէ՛, քույրի՛կ, ապա հայրի՞կը, մայրի՞կը, դո՞ւ… ի՞նչ ես ասում:
Հերիք — Է՞, ի՞նչ է, պիտի երթաս բեյի՞ն…
Նունուֆար — Չեմ երթա, ինձ կդեղեմ:
Հերիք — Օգո՞ւտն ինչ: Ափսոս չէ՞ կյանքդ:
Նունուֆար — Էդպես լավ է: Որ ինձ դեղեմ, գազանը վազ կգա ձեզնից: Ախր որ փախչեմ, կչարանա ու ձեզ կկոտորի:
Հերիք — Խենթ բաներ մի՛ խոսիր, Նունուֆա՛ր: Գնա կյանքդ ազատիր, ջհանդա՛մը մենք:
Նունուֆար — Չէ՛, քույրի՛կ, էսքան մարդը որ պիտի մեռնի, ես արժանի՞ եմ, որ կյանքս ազատեմ: (Ընկնելով Հերիքի գիրկը) Ես եղա պատճառը, որ հայրիկին չարչարում են: Քույրի՛կ, քեզ եմ ասում գաղտնիքս, պիտի երթամ բեյի մոտ և հետո կյանքիս վերջ տամ:
Հերիք — Խե՛նթ, ափսոս չե՞ս, ապա ի՞նչ անի Խորենը:
Նունուֆար — Այ որ ես չփախչեմ ու բեյի մոտ մեռնեմ, էլ Խորենին բեյը չի մեղադրի, ու, ո՞վ գիտի, ազատի: Ի՞նչ անեմ, քույրի՛կ, ես պիտի մեռնեմ, որ դուք ազատվեք: (Հանկարծ փղձկալով) Ապա ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Մի՞թե ես ուզում եմ էդ բանը: (Սարսափով նայում է Հերիքին): Քույրի՛կ, իսկ եթե էնպես պատահի, որ չմեռնեմ… շո՛ւտ չմեռնեմ… Ա՜խ, Աստվա՛ծ, թռչուն դարձրու մեզ, թռցրու: Ի՞նչ ենք արել, ի՞նչ է մեր մեղքը…
Հերիք — Մի՛ վախենա, չեմ թողնի, որ տանջվես. ես գիտեմ անելիքս: Հնագի՛ստ կաց: (Ականջ դնելով) Ոտքի ձայն է: Գնանք:
(Նունուֆարի մեջքը գրկած տամում է դեպի ձախ սենյակը: Մտնում են Հովնանը, նրա հետևից՝ Նազեն):
Նազե — Հա՛, որտե՞ղ էիր: Բան դուրս եկա՞վ:
Հովնան — Պիտի մորթվենք: Պիտի մորթվենք անասունների պես ու …
Նազե — Ամա՜ն, Հովնա՛ն, ժողովարան չէ, քարոզը թո՛ղ:
Հովնան — Քարոզ չէ՛: Արդարությունը քարոզ չէ՛:
Նազե — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան:
Հովնան — Ի՞նչ, աշխարհքի մեծերը մի օր դատի չպիտի՞ նայեն: Վերին ատյան չպիտի՞ լինի: Էլ ուրիշ նպատակ չէ՜, մե՜կ նպատակ ունեմ. պիտի կյանքս ազատեմ, երթամ արդարություն պահանջեմ:
Նազե — Ամա՛ն, Աստծո՛ւ սիրուն, դու խելքդ կորցրել ես: Մեռնում ես՝ մեռիր: Արդարություն չկա:
Հովնան — Ի՞նչ, արդարություն չկա՞: Ատամներովս դուրս կքաշեմ արդարությունը: Ո՞վ է այս ոճրի պատասխան տվողը: Պիտի գտնեմ: Այսպես անիրավված մեռնել չեմ ուզում: (Լռություն): Արդարություն չկա՜: Չկա՞: Լա՛վ: Ե՛ս եմ արդարությունը, դո՛ւ ես, ժողովո՛ւրդն է: Ու մի մարդ, մի շուն չպիտի՞ նայի մեր կողմը:
Նազե — Գիտեի՜, որ վերջերս մահն է: Բեյը… տեսա՞վ քեզ:
Հովնան — Բեյը… աղջկան ուզում է:
Նազե — (Սարսափով) Ուզո՜ւմ է… (Սրտատրոփ) Է՞հ, ի՞նչ պիտի անես:
Հովնան — Ինչ պիտի անե՜մ… Ես ի՞նչ գիտեմ:
Նազե — (Վեր թռչելով) Վա՜յ, հո՜ղը գլխիս, ոնց թե՝ ինչ գիտեմ: Աղջիկը պիտի տա՞ս:
Հովնան — (Խուլ) Ես գործ ունեմ, նպատակ ունեմ:
Նազե — Գործերդ ու նպատակներդ քեզ թող, ես աղջիկն եմ ասում: Աղջիկը պիտի…
Տե՜ր Աստված… աղջիկը պիտի տա՞ս…
Հովնան — Վախենում եմ՝ տամ: (Բարկացած) Ե՜ս չպիտի տամ: Բայց… ո՞վ է իմանում… նեղը մնալ կա: Նեղը որ մնամ, ի՞նչ պիտի անեմ: Մեռնել չեմ կարող: Դա՛տ ունեմ:
Նազե — Աստծու սիրուն, ինչե՜ր է խոսում… ի՞նչ դատ, ի՞նչ ես ասում:
Հովնան — Դատ ունեմ մարդկության հետ: Աշխարհք պիտի դատի կանչեմ: Պիտի երթամ վերերը, վերին ատյանները, արդարություն պիտի պահանջեմ:
Նազե — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան: Արդարություն չկա:
Հովնան — Ուրիշ նպատակ չէ՜, մե՛կ նպատակ ունեմ հիմա՝ կյանքս պիտի ազատեմ և երթամ արդարություն պահանջեմ: Ես մեռնել չեմ ուզում, արդարություն եմ ուզում:
Նազե — Ո՞վ է քեզ լսողը, ո՞վ է քեզ բանի տեղ դնողը… ա՜խ…
Հովնան — Բկերը կխրեմ ատամներս, դատի կքաշեմ: Ատամներովս արդարությունը բերաններից դուրս կհանեմ: Պետք է չիմանա՞մ՝ ով է այս ոճրի արմատը: Այսպես անիրավված մեռնե՞լ: Ով է ինձ լսո՞ղը… Աշխարհքի ականջները կպատռեմ, լսել կտամ:
Նազե — Դե որ էդպես է, թող տղադ էլ միտքդ հասկանա: (Անցնում է ձախ սենյակը և մի փոքր անց դուրս է ելնում Խորենի հետ): Ահա՛ դու, ահա՛ նա:
Խորեն — Ինձ նայիր, հայրի՛կ, ասածդ մտքովդ չանցի: Էլ հերի՛ք եղավ: Բեյին չեմ թողնի, որ Նունուֆարին մոտենա: Ես է՛լ մարդ եմ…
Հովնան — (Դառն ծաղրով) Դո՞ւ ես մարդ, ե՞ս եմ մարդ, սրա՞նք… (Ծիծաղ): Հը՛, հը՛, հը՛… մորթվելո՜ւ հավեր. խոհարարը մի քանի օր խնայել է ձեզ՝ փլավի համար: Մարդը վերջացա՜վ, տղա՛ս, երեկ էինք մարդ: Շոր էր մարդը՝ վրաներիցս հանեցին: Ձգե՛, ձգե՛, մորթվող հավի մտածելը շատ երկար չպիտի լինի:
Նազե — Դու խելքդ կորցրել ես:
Հովնան — Չեմ կորցրել: Ես մեռնել չեմ ուզում:
Նազե — Մեռնել որ չես ուզում… ի՞նչ է, պատիվնե՞րս պիտի կորցնենք:
Հովնան — (Դառն) Պատիվը թանկացա՜վ… Աստծու ուտելու բան դառավ պատիվը: Մսացունե՜ր… կարծում եք, թե պատի՞վ ունեք: Սա՞ է ձեր պատիվը: Դանակի տակ դրած ոչխարի պատիվը: Շա՜նը գցեցեք, թքել եմ վրան: Պատիվը էն ժամանակ էր, որ իմ ձեռս էր ուրիշին տալը կամ չտալը: Մենք պատիվ չունենք:
Նազե — (Հանդիմանորեն և գլուխը դառն շարժելով՝ դուրս է ելնում ձախից): Հը՜մ, ա՛յ թե ինչ մարդ ես դու:
Հովնան — Ե՜ս… (Միջոց: Մեքենաբար վերցնում է Նարեկը, բայց փոխանակ կարդալու՝ ձեռքում բռնած նայում է սաքուին և խորասուզվում մտքերի մեջ: Հերիքը ներս է մտնում ձախից և, կամաց մոտենալով Հովնանին, լուռ կանգնում է նրա դիմաց: Հովնանը՝ կարծես ինքն իրեն, մտախոհ, հասարակ, դառն) Այսօր՝ կյանքի գրկում, վայելքի սեղանի վրա, պատկերդ՝ Աստծո պատկեր, շուրջդ՝ բարիք, բարեկամ, առողջ, պատվավոր… ու վաղը՝ իբրև ոտնատակի դիակ… Կյանք և մահ – փո՜ւհ, այն փտած ոսկրը, այն հոտած գանգը, որ պիտի դառնա մարդ… Եվ քեզ բոթում են այնտեղ… և ո՞վ կկամենա երթալ: Դևեր և սադայելնե՜ր…
Հերիք — Ա՜խ, մեռնե՜լը…
Հովնան — Մեռնե՜լը, մա՜հը: Աստված ինքը դրել է մահի երկյուղը մեր մեջ, որ չմեռնենք: Իսկ սա մահ չէ, ոճիր է, խեղդամահ է՝ մարդու ձեռքով՝ բռնի, անիրավ, հիմար: Մահը Աստծուց է սոսկալի, իսկ սա՞, մարդո՞ւցը՝ ամենասոսկալի: Ո՜ւ, ձեռս տվեք այս կյանքի իրավունքը, ցույց տամ՝ արդարությունը որն է:
Հերիք — Հայրի՛կ, համբերի՜ր, Աստված ողորմա՜ծ է:
Հովնան — Ա՜խ, Հերի՛ք, այնպես մի քար է եկել նստել սրտիս… Նունուֆա՜րը, իմ հարսը…
Հերիք — Նունուֆարը ի՞նչ, հայրի՛կ:
Հովնան — Բեյը ուզո՜ւմ է…
Հերիք — Ամա՜ն, մեղք է Նունուֆարը, հայրիկ: Ի՞նչ անենք: Խեղճը անմեղ-անմեղ եկավ մեր տունը թե չէ… այդ փորձանքը: Կասես ես եմ անողը: Սրտիցս արյուն է կաթում, որ վրան եմ նայում:
Հովնան — Ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ, ի՞նչ ասեմ որդուս, խիղճս ինչպե՞ս ծախեմ:
Հերիք — Դե, հայրի՛կ, վերջը վերջը դու ի՞նչ մեղավոր ես. իրենք կգան, իրենք կխլեն, դու ի՞նչ անես:
Հովնան — Ո՞վ գիտի, Հերի՛ք: Մարդ մեռնելուց առաջ գեշ բաներ կարող է անել: Վախենում եմ՝ խիղճս ծախեմ… Ախր ուզում եմ, որ ե՛ս չտամ աղջկան:
Հերիք — Ամա՜ն, հայրի՜կ…
Հովնան — Հորի մեջն ենք, ջուրն ենք ընկել, օձն ենք բռնել: Աստված այնպես մեկ փորձություն դրեց առջևս, որից Ինքը խելքը կկորցներ: (Մտնում է Նունուֆարը ձախ դռնից: Նկատելով Հովնանին՝ ուզում է հետ դառնալ, բայց Հովնանը գնում է դեպի նա՝ ձեռները տարածած): Նունուֆա՜ր… (Գրկում է նրան: Նունուֆարը չոքում է Հովնանի առջև, հետո ընկնում ոտները: Հովնանը կռանում է, բարձրացնում նրան և վիզն ընկնելով՝ սկսում է անզուսպ հեկեկալ): Խելք սովորեցրու ինձ՝ ազատեմ քեզ… (Նունուֆարը նույնպես լաց է լինում): Նունուֆա՜ր, մատա՜ղ, ների՛ր ինձ:
Նունուֆար — (Զսպելով լացը) Ի՞նչ ներեմ, հայրի՛կ, դու ի՞նչ ես անում, քո ձեռը ի՞նչ կա:
Հովնան — Ներիր ինձ, ախր քեզ է՛լ ազատել պետք է…
Նունուֆար — (Տխուր, հանգիստ, անմեղ) Հա՛, հայրի՛կ, ինչպես որ գիտես, էնպես էլ արա: Ազատի՛ր: Իհարկե, հնարքները դու գիտես:
Հովնան — (Բաց է թողնում Նունուֆարին և խորտակված, մռայլ դուրս է ելնում աջ դռնից): Ե՜ս, ի՞նչ անեմ ես…
(Լռություն):
Նունուֆար — Քույրի՛կ, ի՞նչ անբախտն ենք մենք: Երևի Աստված նրա համար է ստեղծել մեզ, որ աշխարհքին զոհ դառնանք:
Հերիք — Է՜հ, ինչե՞ր ես ասում:
Նունուֆար — Կտեսնես, քույրի՛կ, ե՛ս մեջտեղը զոհ կերթամ: (Լռություն): Է՜հ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ, ի՞նչ տեսակ բան է… կասես երազում լինեմ: Ախր թե նրա համար ենք մենք, որ զոհվենք, էլ ինչո՞ւ է Աստված մեզ ստեղծում, որ մենք էլ ապրել ուզենանք… (Ինքն իրեն, խեղճ և մտախոհ) Ախր մեղք եմ, ջահել եմ…
Հերիք — Դե որ էդ գիտես, քեզ պիտի ազատես:
Նունուֆար — Ո՛չ, քույրիկ, ես զոհ եմ: Մենակ էն ասա, որ ես զոհվեմ՝ դուք ազատվեք: Հայրիկը հո մեղքս գալիս է:
Հերիք — (Ականջ դնելով դրսի ոտնաձայնի) Սպասիր, ո՞վ է:
(Ֆայիկը ներս է մտնում դիմացից):
Նունուֆար — Ամա՜ն, քույրի՜կ…
(Նունուֆարը ձախից դուրս է գնում):
Ֆայիկ — Բարև՛, օրիո՛րդ:
Հերիք — Բարև՛, ի՞նչ եք ուզում, բե՛յ:
Ֆայիկ — Ներեցեք, օրիո՛րդ, որ եկա: Քաղաքավարության ժամանակ չէր: Թեև իրար հետ խոսած չունենք, բայց խոսենք: Ձեր կյանքը վտանգի մեջ է:
Հերիք — Ի՞նչ եք կամենում, բե՛յ:
Ֆայիկ — Օրիո՛րդ, ես ձեզ պիտի պաշտպանեմ:
Հերիք — Շնորհակալ եմ, բե՛յ, ես պաշտպանություն չեմ ուզում:
Ֆայիկ — Ափսոս է ձեր ջահել կյանքը: Թողեք ձեզ պաշտպանեմ:
Հերիք — Օգուտ չունի, բե՛յ: Մեր դուռը մեծ է, գնացե՛ք ձեր ճամփան:
Ֆայիկ — Ինչո՞ւ չեք ուզում, որ ձեզ պաշտպանեմ: Մենք մարդ չե՞նք, օրիո՛րդ…
Հերիք — Չխոսենք, բե՛յ…
Ֆայիկ — (Պարզ): Ինչո՞ւ չխոսինք, օրիո՛րդ…
Հերիք — Է՜հ, բե՛յ, ես մեռած եմ:
Ֆայիկ — Օրիո՛րդ, ի՞նչ եք ասում. այդ խոսքն ի՞նձ եք ասում:
Հերիք — Ի՞նչ եք ուզում, բե՛յ:
Ֆայիկ — է՜հ, օրիո՛րդ, ամոթ չէ՞, որ մի ազնիվ տղամարդ ձեզ պես ջահել օրիորդից լսի այդ խոսքը, թե ես մեռած եմ:
Հերիք — (Կտրուկ): Ազնիվ տղամա՞րդ, ջահել օրիո՞րդ … սու՛ս կացեք, բավակա՛ն է, բե՛յ…
Ֆայիկ — (Հետաքրքրված և մի փոքր վիրավորված) Ինչո՞ւ, օրիո՛րդ…
Հերիք — (Հուզված): Ձե՞զ եք ասում՝ ազնիվ տղամարդ, ի՞նձ եք ասում՝ ջահել օրիորդ: Ո՞վ է ջահել օրիորդը: Ե՞ս: Ես փալասի կտոր եմ ձեր ոտքի տակ, հողին հավասար: Ձեռքերի վրա՞ են տանում ջահել օրիորդներին՝ վարդի փնջի պես, թե՞ վայրի ճամփաներին քարշ են տալիս: (Կտրուկ): Ջահել օրիորդ չկա՛:
Ֆայիկ — Կա՛, օրիո՛րդ, կա՛:
Հերիք — Չկա, ասում եմ ձեզ, ջահել օրիորդը ազնիվ տղամարդու համար էն դժվար սիրուն ծաղիկն է, որ բարձր քարափի մեջ է բուսած: Մի՛ խոսեցրեք ինձ: Մի՛ գրգռեք դատարկ խոսքերով՝ ջահել օրիո՜րդ, ազնիվ տղամա՜րդ: Ո՞ւր են էն ազնիվ ու քաջ երիտասարդները, որ կրակի պես հասնեն, զարկեն-թռցնեն էս հազարավոր ջահել օրիորդներին:
Ֆայիկ — (Ոգևորվելով) Ե՛ս եմ այդ երիտասարդը: Պատիվս վկա, ձեզ կթռցնեմ կրակի պես, եկե՛ք…
Հերիք — (Վճռական ու բարկացած) Կգամ…
Ֆայիկ — Աստվա՛ծ վկա, պատրաստ եմ, եկե՛ք:
Հերիք — Գա՞մ… (Դառն) Շա՜տ ազնիվ եք: Ապա մյո՞ւս ջահել օրիորդները, ապա են հազարավորնե՞րը…
Ֆայիկ — (Դեռ ոգևորված) Նրանք դժբախտ են, նրանք պիտի կորչեն… բայց գոնե դու՛ք, դու՛ք ազատվեցեք. ափսոս է ձեր մատաղ կյանքը:
Հերիք — Նրանք պիտի կորչե՞ն… հա՞, սա՞ է ձեր տղամարդկությունը: Դե որ նրանք պիտի կորչեն, ես էլ թանկ բան չեմ, թող ես էլ կորչեմ:
Ֆայիկ — (Կոտրված): Ափսո՜ս, ափսո՜ս, ափսո՜ս …
(Լռություն: Նազեն ներս է մտնում ձախ դռնից: Նայելով Հերիքին և Ֆայիկին՝ առանձին նշանակություն չի տալիս, մտերիմ հայացքով մոտենում է Ֆայիկին):
Նազե — Տեսա՞ր, Ֆայի՛կ, տեսա՞ր, տղա՛ս՝ ինչ զուլում եկավ գլխներիս:
Ֆայիկ — Հանը՛մ, օրիորդին ասում եմ, որ իրեն կազատեմ, չի համաձայնում:
Նազե — (Տխուր): Է՜, տղա՛ս, ի՞նչ պիտի ազատես: Նա կորած է: Գիտես՝ ինչ կրակի մեջ ենք:
Ֆայիկ — (Աչքերը կախելով) Մի՛ ասա, մե՛րս, մի՛ ասա…
Նազե — Դու մեր ունե՞ս: (Ֆայիկը լռում է): Եթե դուք ամենքդ մեր ունենայիք, մերերը էս օրին չէին լինի:
Ֆայիկ — Սիրտդ մի՛ կոտրիր, մե՛րս: Աստված մեծ է:
Հերիք — (Առաջ գալով, վճռական) Բե՛յ:
Ֆայիկ — Ի՞նչ կա, օրիո՛րդ…
Հերիք — Մեկ բան պիտի խնդրեմ: Լավությու՞ն եք ուզում անել՝ Նունուֆարին ու Խորենին ազատեցեք:
Ֆայիկ — Դժվար է, օրիո՛րդ, շատ դժվար է:
Հերիք — Ինչու՞ դժվարացաք…
Ֆայիկ — Օրիո՛րդ, նրանց որ ազատեմ, ես էլ հետները պիտի երթամ:
Հերիք — Գնացեք, ի՞նչ կա որ…
Ֆայիկ — Բեյը պիտի կատաղի ու վրեժը ձերոնցից հանի:
Հերիք — Թող հանի: Դուք սրա՜նց ազատեցեք:
Ֆայիկ — Ասել է՝ ձեր ծնողներին զոհու՞մ եք:
Հերիք — Ե՛ս կազատեմ:
Ֆայիկ — Չեք կարող: Մի՞թե չգիտեք, որ չեք կարող: Եվ հավատալո՞ւ բան է , որ անկեղծ եք ասում:
Հերիք — Ի՞նչ անեմ: Ջահելները պիտի ազատվեն:
Ֆայիկ — Ապա դո՞ւք, օրիո՛րդ, դուք ջահել չե՞ք:
Հերիք — Ջհանդա՛մը ես, սրա՛նց ազատեցեք: Նունուֆարի առջև գեշ փորձանքներ կան: Նա մեռնել չի իմանում:
Ֆայիկ — Իսկ դուք իմանու՞մ եք:
Հերիք — (Ժպտալով) Քիչ-միչ, տեղը որ եկա՜վ…
Ֆայիկ — Չգիտեմ ինչ ասեմ, օրիո՛րդ: Մեջս մի խենթ բան է պտույտ գալիս… ճի՞շտ եմ անում… Ա՜խ, օրիորդ, դե հասկացեք, ես էլ կյանքի ու մահի հետ խաղացող եմ: Բայց դուք ափսոս եք:
Հերիք — Գնացե՛ք, դուք տղամարդ չեք:
Ֆայիկ — (Ազդված): Ես տղամարդ չե՞մ: Բանը որ էդտեղ հասնի, ես կրակի հետ թռչող եմ: Իմ էլ արյունս մի քիչ խենթ է, հա՜…
Հերիք — Օրիո՜րդը… (Ծնկի է գալիս): Նեղն ընկած օրիորդը էսպես ծունկի ընկած բան խնդրի տղամարդուց ու նա չկատարի՞: Ապա՞: Էն զարկված տղամարդկանցից մեկը ծպտունս լսե՜ր, թե ես իրենից բան եմ խնդրում, կրակի պես կթռչեր: (Արցունքը հազիվ զսպելով) Ողջ գիշերներ պատուհանիս տակ տղամարդիկ են ոտի վրա չորացել՝ սպասելով, որ մի ժպիտս տեսնեն: Եվ նրանցից մե՜կը չկա, որ հասնի, գա: Դրա համար էլ ապրել չեմ ուզում: Ու դուք էլ տղամարդ չեք:
Ֆայիկ — Էդպե՞ս եք ուզում: Լա՛վ, վե՛ր կացեք: Կազատեմ: Կազատեմ, հետո դուք գիտեք: Կուզեք՝ համակրեցեք ինձ, կուզեք՝ մոռացեք: Չուզեցի, ախպե՛ր, էսպես երջանկությունը: Ես էդ խոսքը վերցնողը չեմ: Ես տղամարդ եմ:
Հերիք — (Վեր է կենում): Հա՛, էդտե՛ղ ազնիվ եք:
Նազե — (Արտասվելով) Հա՛, տղա՛ս, դու ազնիվ ես. մի էդ օտար աղջկան մեր տանից ազատեցե՜ք, մի էդ զույգը մուրազաչոր չմնա՜… (Համբուրում է Ֆայիկին): Մենք ջհանդա՛մը, մենք կորած ենք:
Ֆայիկ — Ձեզ էլ կազատեի, թե օրիորդը թողներ… սրանց ազատելով՝ ես, ո՞վ գիտե, ուր կընկնեմ… էհ՜, սա էր օրիորդի ուզածը, թող էսպես լինի: Կանչեցե՛ք Նունուֆարին: Գնանք Խորենի սենյակը, խոսենք:
Հերիք — (Ուրախ): Հիմա՛…
Նազե — Աստված՛, Դո՛ւ հասնես:
Հերիք — (Անցնում է ձախ սենյակը: Շուտով այնտեղից լսվում են տրտունջի ձայներ): Նունուֆա՜ր, գնա՜…
Նունուֆար — Չեմ կարող, քույրի՜կ, չեմ կարող…
Նազե — (Դռան մոտ) Աղջի՛կս, Ֆայիկը պիտի ազատի քեզ ու Խորենին… (Խորենը մտնում է դիմացից): Պատրաստվիր, տղա՛ս, բեյը քեզ ու Նունուֆարին պիտի փախցնի…
Խորեն — (Սաստիկ ուրախացած) Ամա՜ն, բե՛յ, պատվի՛դ սիրույն…
Նազե — (Նունուֆարին) Դե՛, աղջի՛կս, լսիր բեյին, գնացեք խորհուրդ արեք …
Նունուֆար — (Ներս գալով) Չէ՛ , մայրի՛կ, ես ասի, որ չեմ երթա:
Խորեն — Ինչո՞ւ…
Նազե — Չես երթա՞, ինչո՞ւ:
Նունուֆար — Դուք փորձանքը կընկնեք. չեմ երթա, պիտի մնամ:
Խորեն — Ի՞նչ է ասում…
Նազե — Ամա՛ն, որ հակառակվեցիր ի՞նչ պիտի պատահի… ինչո՞ւ չես գնում:
Խորեն — (Զայրացած) Չե՞ս ուզում… Ինչո՞ւ, բեյի շնի՞կն ես ուզում դառնալ:
Նազե — Ո՞վ գիտե…
Նունուֆար — Ախր հայրիկը, մայրիկը, Հերի՜քը… ինչպե՞ս անեմ… չեմ կարող:
Խորեն — Հայրիկ, մայրիկ չգիտեմ: Ե՛լ երթանք:
Նունուֆար — Մի՛ զորի, Խորե՛ն, թող հանգիստ մեռնեմ:
Խորեն — (Գոռում է): Զորով կտանեմ. կյանքի հարց է, ե՛լ:
Ֆայիկ — (Մետենալով Նունուֆարին) Հանը՛մ, ինչո՞ւ եք համառում, ելեք գնանք Խորենի սենյակը, էնտեղից պիտի դուրս գանք: Աստված մեծ է: Ելե՛ք:
Նունուֆար — Աստվա՜ծ, ի՞նչ անեմ…
Խորեն — Ե՛լ, ի՞նչ պիտի անես:
Նունուֆար — Չէ՛, Խորե՛ն, չեմ գա, ուզու՞մ ես՝ դու գնա:
Խորեն — (Բարձրացնելով բռունցքը) Ե՛լ, թե չէ հիմի կվերջացնեմ…
Հերիք, Ֆայիկ — (Առաջ գալով) Խորե՛ն…
Խորեն — (Նունուֆարին) Գիտեմ՝ ինչ է միտքդ: (Քաշում է թևից): Ե՛լ, ասում եմ քեզ:
Նունուֆար — (Թևն ազատելով՝ փախչում է դեպի ձախ սենյակը): Չեմ գա, պիտի մնամ:
(Նունուֆարը մտնում է ձախ սենյակը, Խորենը՝ նրա հետևից):
Խորեն — Անզգա՛մ…
(Խորենը հետևում է Նունուֆարին: Հովնանը ներս է մտնում դիմացի դռնից: Նա նկատել է Խորենի այլայլմունքը):
Հովնան — Հա՛, ի՞նչ կա…
Ֆայիկ — Ոչինչ, Հովնան էֆենդի, Նունուֆարին ու Խորենին ուզում եմ փախցնել:
Հովնան — Ուզում ես փախցնե՜լ…
Նազե — (Բարկացած): Օ՜ֆ ,փախչեն թող, իրենք էլ ազատվեն, մենք էլ: (Դուրս է նայում ձախ դռնից): Խորեն՛, շու՛տ արա…
(Խորենը ներս է մտնում ձախ դռնից: Լռություն):
Հովնան — Հը՛, փախչո՜ւմ ես:
Նազե — Վա՞յ… տղադ, հարսդ իրենց կյանքն են ազատում. ուրախ չե՞ս:
Հովնան — Լա՜վ… (Լռություն): Փախչու՜մ եք, մեզ թողնում կրակի բերա՜նը… (Խորենին) Ո՞վ է կյանքն ազատում, ե՞ս…
Խորեն — Ե՛ս: Ի՞նչ կա: Ամեն մարդ իր կյանքի մասին է մտածում:
Հովնան — Ամեն մարդ իր կյանքի մասի՜ն է մտածում… (Դառն զզվանքով) Հը՛, հը՛, հը՛… տեսա՞ր ինչ աղբ է մարդը…
Խորեն — Տեսա, ի՞նչ կա որ…
Հովնան — Ապա ինձ խաչն էիք հանո՞ւմ… (Սպառնալով) Հը՜, ինձ նայիր, խելքդ գլուխդ հավաքիր: Փախչել չկա՜:
Ֆայիկ — Է՜, Հովնան էֆենդի, նրանց փախչելն էլ մի ազնվություն է, որ պիտի թույլ տանք:
Հովնան — Հազար ազնվության գիրք գրեցեք՝ ես մեռնել չեմ ուզում:
Ֆայիկ — (Մի փոքր խիստ): Չեղա՛վ, դա ազնվություն չէ:
Հովնան — Ազնվությո՜ւն… մի կողմ տար այդ փտած լաթն էլ: Մեզ՝ շներիս, գցեք դուրս, իսկ դուք վերը՝ տաք տեղերում, առանց մեզ հեշտ-հեշտ ազնվությո՜ւն անեք: Ապա մենք՝ շներս, չե՞նք ուզում ազնիվ լինել: Ձգիր, ձգիր, հնար ունես՝ ազնիվ ես: Եթե մեկը պիտի մեռնի, որ մյուսը ազնիվ լինի, թքել եմ այդ ազնվության վրա: Փախչել չկա:
Նազե — Ապա ինչպե՞ս պիտի լինի, անխի՛ղճ:
Հովնան — Ամենքս մի-մի քիչ պիտի աղտոտվենք, ամենքս միասին պիտի ազատվենք:
Նազե — Չի՞ լինի, որ դու մեռնես, ջահելներն ազատվեն: Աղբ կյանքը ինչի՞դ է պետք:
Հովնան — Թե այս աղբ կյանքը պետքական է, ամենքի կյանքն էլ պետքական է: Ես էլ պիտի ապրեմ, ճանճն էլ. ամենքն էլ հավասար պիտի ապրեն: (Դուրս գնալով դիմացի դռնից) Փախչել չկա՜:
Նազե — Հա՜, դե է՛դ ասա, միտքդ հասկանանք: Տեսա՞ր, տեսա՞ր մարդը:
Ֆայիկ — Հետևից մի ընկեք: Գնանք Խորենի սենյակը, ես ուրիշ հնար գիտեմ:
Նազե — Ի՜նչ հնար, որդի՜, կմատնե, հնարը դժվարացավ:
Խորեն — Աստված ողորմած է, գնանք: Էլ ձայներդ կտրեցեք՝ կասկած չլինի: Եվ լավ կլինի՝ Նունուֆարը մնա կողքի սենյակում՝ իր աչքի առջև: Մենք գնանք, գնանք. ես դրա մարդ ասողին:
No Comments