Աելիտա Դոլուխանյան ԳիտաՆյութ

Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը և Եղիշեի Պատմությունը

07.07.2022

Հայ նոր գրականության նշանավոր դեմքերից է Դեմիրճյանը, որի ստեղծագործության լավագույն էջերը գրվել են նորագույն շրջանի հայ գրականության շրջանում՝ խորհրդային տարիներին: Նա հիանալի բանաստեղծ էր, առաջնակարգ դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ: Թարգմանել է ռուս գրականության այնպիսի դասականների գործեր, ինչպիսիք են Ալ.Պուշկինը, Ն.Գոգոլը, Ա.Չեխովը:

Դեմիրճյանը խստապահանջ էր գրականության խնդիրներում, դա երևում է հենց իր ստեղծագործություններից: Նույն խստապահանջությունն ուներ նաև գրականությամբ զբաղվողների նկատմամբ: Մի անգամ նրա մոտ է գալիս մի ապաշնորհ դրամատուրգ, որի պիեսը Դեմիրճյանը չէր հավանել: Սնապարծ երիտասարդին, որին թվում էր, թե դասական գրողը խանգարում է իրեն գրական ասպարեզ մտնել, գրողը, ըստ առաջնակարգ գրաքննադատ և գրականագետ Տիգրան Հախումյանի հուշերի, զայրացած այսպես է պատասխանել

-Զուր եք անհանգստանում: Ինձ նույնիսկ Շեքսպիրը չի խանգարում ապրել ու պիեսներ գրել, ուր մնաց դուք… Դուք գուցե կռահում եք, թե որպիսի աստրոնոմիական հեռավորության վրա եք գտնվում Շեքսպիրից…Տեսնում եմ, որ չեք կռահում և միայն այդ պատճառով եք ինքներդ ձեզ դրամատուրգ հռչակում: Ձեր այդ հորինվածքը պիես էլ չէ:Ես ասում եմ դա միանգամայն համոզված: Դրամատուրգի շնորհք դուք չունեք, իմացություն՝ առավել ևս: Ո՞վ է ներշնչել ձեզ անմտորեն, որ գրող եք:[1]

Դեմիրճյանը կրթվել էր Ժնևի համալսարանում, տիրապետում էր ռուսերենին, գրաբարին, եվրոպական լեզուներին ու այլազգի դասականներին կարդում էր բնագրերի լեզվով: Նա Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատան» հիմնական անդամներից էր և այդ առիթով հիշում է. «Պետք է որոշակի և վճռականապես ասեմ, որ մենք պաշտամունքի առարկա էինք դարձրել համաշխարհային կլասիկներին, ուսումնասիրում էինք նրանց և խոսում բացառապես նրանց մասին: Կլասիկները մեր առօրյա, գործնական զբաղմունքն էին: Մենք ձգտում էինք գնալ նրանց ուղիով»:[2]

Դեմիրճյանին հայ ժողովրդի պատմությունը հետաքրքրել է մշտապես՝ ողջ գրական-ստեղծագործական կյանքի ընթացքում: Արդեն 1912-ին գրել է «Վասակ» դրաման: Այս թեման ինչ-որ առումով նրան հուշել է 1904-ին Պետերբուրգում լույս տեսած Նիկողայոս Ադոնցի մի ուշագրավ հոդվածը, որի վերնագիրն էր՝ «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ»:[3]

Դրանից հետո Ավարայրի ապստամբության դեպքերը, և դրանք ներկայացնող հինգերորդ դարի երկու պատմիչների գործերը շարունակել են մնալ գրողի մշտական հետաքրքրությունների շրջանակում: 1939-ին է լույս տեսել Դեմիրճյանի ծավալուն հետազոտությունը՝ նվիրված Վարդանանց պատերազմին: Այդ գործին անդրադարձել ենք «Վարդանանց պատերազմն ըստ Դ.Դեմիրճյանի» հոդվածում, որը լույս է տեսել 2013-ին:[4]

«Վարդանանք» պատմավեպը գրելիս Դեմիրճյանին, անշուշտ, ուղեցույց էր Րաֆֆու «Սամվել» վեպի չհնացող առաջաբանը, որում ասվում է. «Եթե Վալտեր Սկոտը և Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վեպեր, որոնց մեջ յուր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կյանքը,-այդ հաջողությունը պետք է վերաբերել ոչ այնքան նրանց տաղանդին, որքան նյութերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականությունը»:[5]

Ամեն կրթված մարդ եթե կարդացել է Գեորգ Էբերսի «Ուարդա» պատմական վեպը, ապա կտեսնի, որ վեպը վերաբերում է Եգիպտոսի ամենանշանավոր փարավոն Ռամզես Երկրորդի դարաշրջանին: Ռամզեսը Եգիպտոսը ղեկավարել է մոտ 66 տարի (Ք.ծ.ա. 1300-1235թթ.), վարել է հաղթական նվաճողական պատերազմներ, ունեցել է շատ կանայք, երեխաներ: Հաղթել է հիթիթներին ու Սիրիայի տարածքի մի մասը մտցրել է իր տերության մեջ: Նրա օրոք ծաղկել են գիտությունը, արվեստը, ճարտարապետությունը: Նա ոչ միայն նոր շինություններ է կառուցել, այլև վերականգնել ու ամրացրել է հները: Նրա աղջկա սիրո պատմությունն է ներկայացնում գերմանացի եգիպտագետ և պատմավիպասան Գեորգ Էբերսը իր հիանալի «Ուարդա» վեպում, որը լի է երկխոսություններով ու ժողովրդի մարդկանց կերպարներով:

Էբերսը ոչ մարքսիստ էր, ոչ էլ խորհրդային գրող, այլ պատմությանը հավատարիմ ստեղծագործող: Համոզված ենք, որ Դեմիրճյանը կարդացել է այս վեպը, գուցե և բնագրով:[6]

«Վարդանանք» վեպը հարուստ է հայ գեղջկուհիների և հայ շինականների կերպարներով, որոնց գործողությունները էական ընթացք են տալիս վեպին: Ես IX դասարանից փոխադրվել էի X դասարան և ամառանոցում մեր տուն եկավ հորս շատ հայտնի կարբիդագործ ընկերը, որը Խորհրդային Միության մաշտաբով հայտնի ինժեներ էր: Ես կարդացել էի արդեն «Վարդանանքը» և հիացած էի այդ վեպով: Հորս ընկերը, որը շատ զարգացած մտավորական էր և նույնպես կարդացել էր «Վարդանանքը», հարցնում էր, թե ինչու եմ այդքան հավանել վեպը: Ես շարունակում էի տալ իմ բացատրությունները, երբ նա ընդհատեց ու ասաց, որ վեպում երևում է կուսակցական տոմսի կարմիր գույնը: Դա ես չընդունեցի, բայց դեպքը հիշողությանս մեջ մնաց ընդմիշտ: Դեմիրճյանին նվիրված վերջին գիտաժողովի ժամանակ մեր անվանի գրողներից մեկն էլ ափսոսանքով հայտնեց, թե մեծ գրողը տուրք է տվել խորհրդային գաղափարախոսությանը և այդքան մեծ տեղ է հատկացրել «Վարդանանք» վեպում ժողովրդին: Նա իր խոսքից հետո հեռացավ դահլիճից և չլսեց իմ ընդդիմախոսությունը: Ահա այսօրինակ տարբեր տարիների տրված գնահատականները հիմք դարձան, որ ես անդրադառնամ «Վարդանանք» պատմավեպի ու Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» դյուցազներգական բնույթ ունեցող, սակայն խորապես պատմական արժեքի մատյանին:

Գրականագետները, իսկ դրանք ստվար խումբ են կազմում, իրավացիորեն նշում են, թե Դեմիրճյանն օգտվել է հիմնականում Ոսկեդարի երկու պատմիչների երկերից՝ Եղիշեի ու Ղազար Փարպեցու: Սա շատ ճիշտ է, սակայն ժողովրդի դերի հարցում Դեմիրճյանը հենվել է Եղիշեի ընձեռած փաստերի վրա:

Նախ ուզում եմ հիշեցնել, թե ինչ պահանջ ուներ «Սրբազան ուխտի» միաբանությունը ըստ Եղիշեի. «Եվ խորհրդի առաջին վճիռն այս հաստատվեց. «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել Աստծու պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը: Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում, և նույն օրենքից հանցավորներն ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»:[7]

Ըստ «Սրբազան ուխտի» այս հրահանգի է կառուցված  «Վարդանանք» վեպը: Ծառաները ելնում են ապստամբությունից հրաժարված Վասակ մարզպանի դեմ, մարզպանի դեմ նույն պատճառով ելնում են կինը՝ Փառանձեմը և որդին՝ Բաբիկը:

Մարզպան Վասակի որդիների մասին Եղիշեն լռում է, այդ մասին խոսում է Ղազար Փարպեցին, ըստ որի մարզպան Վասակին չվստահելով՝ Հազկերտ Երկրորդը Վասակ Սյունեցու երկու որդիներին իր մոտ  պահում է պատանդ. «Սակայն Պարսից Հազկերտ արքան Վրաց Աշուշա բդեշխին, Սյունյաց իշխան Վասակի երկու զավակներին՝ Բաբիկին և Արտներսեհին, չարձակեց Հայոց մյուս նախարարների հետ առաջիկա գործերի անորոշությունը նկատի առնելով՝ նա կասկածով զգուշանում էր»:[8]

Ըստ Ղազար Փարպեցու և ըստ Եղիշեի հայ շինականները և նախարարական դասը V դարում եղել են ջերմ փոխհարաբերությունների մեջ: Դա երևում է Փարպեցու  «Հայոց պատմության» սկզբում զետեղված  «Արարատյան դաշտի նկարագիրը» հատվածից, որում որոշակի են նախարարների ու շինական դասի ջերմ փոխհարաբերությունները. «Ջրասուզակ ձկնորսների մանուկներն էլ, ըստ իրենց հանապազօրյա սովորության, քայլելով նախարարագունդ խմբի առջևից, բերում, իշխաններին ընծա էին մատուցում որսած ձկներից, գետի կղզյակներից բռնած վայրի թռչունների ձագեր կամ հավաքած ձվեր էին տալիս: Իսկ նախարարները, ընծայածների մասն ընդունելով հոժարությամբ, իրենք էլ նրանց էին առավել շատ պարգևում իրենց ունեցածները»:[9]

Նախարարների և շինականների ջերմ հարաբերությունները տեսնում ենք  «Վարդանանքում»: Այս պատմավեպը Դեմիրճյանը գրել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ Խորհրդային Միությունը կենաց-մահու կռիվ էր մղում ֆաշիզմի դեմ: Եթե կա որևէ մարդ, որն արդարացնում է ֆաշիզմը, թող գնա Լեհաստան ու տեսնի մահվան ճամբար Օսվենցիմը: Ես այն տեսել եմ 20 տարեկանում և աշխատում եմ չհիշել միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքերին վերջ տված այդ սպանդանոցը: Այն կրկնությունն էր 1915 թվականի հայոց ցեղասպանության, և Թուրքիան այդ պատերազմում դաշնակիցն էր ֆաշիստական Գերմանիայի: Թուրքական զորքը շարված էր Հայաստանի սահմանին: Սա հիանալի գիտեր Դեմիրճյանը, և Ավարայրի հերոսամարտը նրան ներշնչեց գրելու «Վարդանանքը»: Խորհրդային շրջանի գրականագետները «Վարդանանքը» համարում են խորհրդային արձակի դրսևորում: Բերենք մի քանի օրինակներ:

«Սովետական գրականության պատմության» մեջ կարդում ենք. «Ինչպես տեսնում ենք, «Վարդանանք» վեպում շեշտը դրված է ժողովրդի վրա՝ որպես պատմության հեգեմոնի վրա»:[10]

Դեմիրճյանի ստեղծագործության լավագույն գիտակ Հրայր Մուրադյանը գրում է. «Սովետական պատմավեպի մի հիմնական սկզբունքային տարբերությունը անցյալի պատմավեպից այն է, որ նրա հիմքում ընկած է մարքսիստական այն տեսակետը, որի համաձայն պատմությունը դա ժողովրդական լայն զանգվածի ստեղծագործություն է»:[11]

Այս եզրահանգման հետ մեկտեղ Մուրադյանը միանգամայն ճշգրտորեն նկատում է, թե Եղիշեն և թե ժողովուրդը միանգամայն ճիշտ են բացահայտում դարի ոգին:[12]

Եղիշեն գրում է, թե «Սրբազան ուխտի» միաբանության պատգամներն իրենց հոգում Հայոց աշխարհի թեմերի առաջնորդ եպիսկոպոսները ցրվեցին իրենց բնակավայրերը և լուր ուղարկեցին բոլոր գյուղերն ու ագարակները, որ շինականները ևս պատրաստ լինեն դիմագրավելու նոր փորձությանը:[13]

Երբ կեղծ ուրացություն ընդունած նախարարները հայոց զորքերով ու մոգերի խմբով եկան Հայաստան, Անգղ գյուղաքաղաքում տեղի ունեցավ բախում Ղևոնդ երեցի, մի քանի հոգևորականների, շինականների ու մոգերի միջև: Նրանք թույլ չտվեցին մոգերին մտնել եկեղեցի, նրանց դագանակներով ջարդ տվին ու քշեցին եկեղեցու մոտից: Այս լուրը տարածվեց. «Հայոց աշխարհի բոլոր կողմերից տղամարդկանց ու կանանց մեծ բազմություն հասավ նույն տեղը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի՛ աղետալի իրարանցում ընկավ. ոմանք աղբյուրի պես հորդ արտասուք էին թափում իրենց աչքերից, ուրիշները բարձր ճչալով կարծես երկինքն էին դողացնում, իսկ կեսն էլ խիզախելով ու դեպի զենքը վազելով՝ նախընտրում էին մեռնել, քան թե ապրել»:[14]

Ինչպես տեսնում ենք, ընդվզումը համաժողովրդական էր և ոչ թե պարտադրված: Հ.Մուրադյանը ճշգրիտ ձևով բացատրում է ժողովրդական ընդվզման ինքնաբուխ լինելը. «Հասկանալու համար այս դարաշրջանի հայ ժողովրդի հոգեբանությունը, պետք է հաշվի առնել, որ հայերը վաղուց արդեն անցել էին կրոնական ըմբռնումների հեթանոսական շրջանը, որի վրա դեռևս կանգնած էր Պարսկաստանը»:[15]

Անշուշտ, Դեմիրճյանը կարդացել էր Նիկողայոս Ադոնցի “Армения в эпоху Юстиниана” կոթողային աշխատությունը, որում առկա է Հայաստանի Գահնամակը՝ նախարարների դիրքի հերթականությամբ ու հեծելազորի քանակով: Սյունյաց նախարարությունն ուներ ամենամեծաքանակ հեծելազորը:

Ինչպես վկայում են երկու պատմիչները՝ Եղիշեն ու Փարպեցին, Վասակ Սյունեցին կամենում էր վերականգնել Հայոց պետականությունը ու գահի վրա տեսնում էր իրեն: Նա սկզբում ոչ միայն ապստամբների հետ էր, այլև կեղծ ուրացությունից հուսահատված Վարդան Մամիկոնյանին իր ողջ գերդաստանով Բյուզանդիայի ճանապարհից հետ է վերադարձնում՝ նշելով, թե նամակներով դիմել է Հունաց արքային, Անտիոքի սպարապետին, Վրաստանին, Աղվանքին, անգամ հոների առաջնորդ Հեռանին՝ միասին ապստամբելու համար: Սակայն ոչ մի պատասխան չի ստացվում: Այդ իսկ պատճառով, վերջին պահին Վարդան Մամիկոնյանի կողքին մնում են ավելի քիչ հեծելազոր ունեցող նախարարները և շինականները: Փաստորեն Վարդանը կռվի է գնում զորքի կեսն ունենալով աշխարհազորը: Այս ամենը կա և՛ Եղիշեի, և՛ Փարպեցու մոտ:

Վճռական պահին Վասակի կողմն են անցնում առավել ազդեցիկ նախարարները՝ նրանց թվում առաջին հերթին Բագրատունիները:[16]

Հայ նախարարների ու շինականների փոխհարաբերությունը վերստին երևում է Եղիշեի պատմությունը եզրափակող ներբողական հատվածում, որում հայ փափկասուն կանայք իրենց հավասարեցնում են գեղջկուհիներին ու միասին սգում իրենց ամուսինների կորուստը. «Որովհետև թեպետ ամեն մեկն էլ իրենց ձեռնասուն սպասավորներն ունեին, բայց նրանց մեջ չէր երևում, թե ո՛րն է տիկինը և կամ ո՛րը նաժիշտը, բոլորի զգեստները միատեսակ էին և միապես երկուսն էլ պառկում էին գետնին»:[17]

Ապստամբության համաժողովրդական բնույթը հիանալի է ներկայացրել մեծատաղանդ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: Գոբելենի համար պատրաստած նրա «Վարդանանք» նկարի հենց կենտրոնում հայ գեղջկուհին է՝ գրկած իր նահատակ որդուն: Այս գիտակցումը, թե հայերը պահեցին իրենց ազգային ինքնությունը ազգովի ելնելով թշնամու դեմ՝ Եղիշեն գրել է դարերի համար:

Եղիշեի պատմության և «Վարդանանք» պատմավեպի սերտ կապի մասին ճիշտ նկատում ունի XX դարի հայ գրականության լավագույն գիտակ Սուրեն Աղաբաբյանը: Նա հավաստում է, թե Դեմիրճյանը, հենվելով Եղիշեի երկի վրա, գիտականորեն ապացուցեց այդ պատմիչի մատյանի պատմական ու վավերական արժեքը:[18]

Դեմիրճյանը Վարդանանց սխրանքը բնութագրել է հետևյալ ձևով. «Վարդանանց պատմությունը հայ ժողովրդի հոգեկան բարձր առաքինության, ուժի, ազատության, ինքնուրույնության, կուլտուրայի համար նահատակվելու երգ է»:[19]

Դեմիրճյանը Վարդանանց կռիվը ավարտված չի համարում: Նա իր վեպն ավարտում է հետևյալ նախադասությունով. «Այսպես անցան օրեր, տարիներ, դարեր…»:[20]

Վարդանին ու Վարդանանց նվիրված հավերժական երգի մեջ է տեսնում գրողը Ավարայրի ճշմարիտ պատմությունը, որն առանց ժողովրդի մասնակցության չէր կարող հավերժանալ դարերով:

ԱԵԼԻՏԱ  ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՀՀ  ԳԱԱ  թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


[1]Տ.Հախումյան, Հուշեր, Երևան, 1987, էջ 64:

[2]«Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Երևան, 2009, էջ 25:

[3]Տե՛ս Ն.Ադոնց, Երկեր, հ.Ա., Երևան, 2006,  էջ 180-188:

[4]Տե՛ս «Լրաբեր» հասարակական գիտությունների, թ. 1, Երևան, 2013, էջ 276-280:

[5]Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ.VII, Երևան, 1956, էջ 8:

[6]Տե՛ս Г.Эберс, Уарда, Москва, 1981.

[7]Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, թարգմանությունը և ծանոթագրությունները Ե.Տեր-Մինասյանի, Երևան, 1989, էջ 115:

[8]Նույն տեղում, էջ 129:

[9]Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 25:

[10]«Սովետական գրականության պատմություն», հ.2, Երևան, էջ 162:

[11]Հ.Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1961, էջ 406:

[12]Նույն տեղում, էջ 417:

[13]Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, էջ 115:

[14]Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, էջ 117, 119:

[15]Հ.Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, էջ 421:

[16]Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, էջ 157:

[17]Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, էջ 403:

[18]Տե՛ս В.С.Налбандян, С.Н.Саринян, С.Б.Агабабян, Армянская литература, Москва, 1976, с. 431.

[19]Տե՛ս Վ. Մկրտչյան, Դ.Դեմիրճյանի «Վարդանանքը», Երևան, 1977, էջ 50:

[20]Դ.Դեմիրճյան, Վարդանանք, երկու գրքով, գիրք Բ, Երևան, 1968, էջ 557:

No Comments

Leave a Reply