ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Դրակուլա (հատված վեպից)

11.07.2020


«Դարակ» հրատարակչությունը Կարինե Պետրոսյանի թարգմանությամբ լույս է ընծայել Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։ Գիրքն ունենալու է նաև աուդիո տարբեր։ Հայերեն ներկայացվում է առաջին անգամ։ Առկա է երևանյան գրախանութներում։

Գրեթե երեկո էր, երբ պրոֆեսորն ու ես ճանապարհ ընկանք արևելք, որտեղից էլ, ես գիտեի, որ գալիս էր Ջոնաթանը: Մենք արագ չէինք գնում, չնայած ճանապարհը կտրուկ դեպի ներքև էր իջնում, քանի որ ստիպված էինք մեզ հետ վերցնել ծանր ծածկոցներն ու մյուս իրերը: Վախենում էինք այդ ցրտին ու ձյանը առանց տաքության մնալուց: Ստիպված էինք վերցնել սննդի որոշակի պաշար ևս, քանի որ կատարյալ ամայի վայրում էինք և ինչքան որ կարողանում էինք տեսնել թափվող առատ ձյան միջից, շուրջը բնակության ոչ մի հետք չկար: Երբ արդեն մոտ մեկ մղոն անցել էինք, ես հոգնել էի այդ ծանր իրերով բեռնավորված քայլելուց և նստեցի հանգստանալու: Հետ շրջվելով՝ տեսանք երկնքի վրա հստակ գծագրվող Դրակուլայի ամրոցը: Մենք այնքան ներքև էինք իջել բլրից, որի վրա կանգնած էր ամրոցը, որ թվում էր՝ Կարպատյան լեռները դրանից բավականաչափ ցածր են: Մենք տեսանք այն իր ողջ շքեղությամբ՝ բազմած հազար ոտնաչափ բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռի եզրին, և կարծես ամրոցի ու մոտակա բարձրաբերձ սարերի միջև բոլոր կողմերից մի հսկայական անդունդ էր ընկած: Այս վայրում ինչ-որ վայրի ու առեղծվածային բան կար: Մենք լսում էինք հեռվից եկող գայլերի ոռնոցը: Նրանք շատ հեռվում էին, բայց ձայնը, որ թեև խլանում էր առատ ձյան մեջ, լի էր սարսափով: Տեսնելով, թե ինչպես է բժիշկ Վան Հելսինգը հետազոտում տարածքը, հասկացա, որ նա փորձում է գտնել որևէ ստրատեգիական կետ, որտեղ մենք հարձակման դեպքում հնարավորինս ապահով կլինեինք: Խորդուբորդ ճանապարհն առայժմ դեպի ներքև էր իջնում: Չնայած կուտակված ձյանը՝ մենք կարողանում էինք նշմարել այն:

Քիչ անց պրոֆեսորն ինձ ձայն տվեց, և ես, տեղիցս վեր կենալով, միացա նրան: Նա մի հրաշալի տեղ էր գտել, մի տեսակ բնական խոռոչ՝ ժայռի մեջ, որտեղ դռան նմանվող մուտք կար: Նա բռնեց ձեռքիցս և ինձ ներս քաշեց:

— Տեսեք,- ասաց նա,- այստեղ Դուք ապահով կլինեք, և եթե գայլերը գան, ես կարող եմ հերթով սպանել նրանց:

Նա ներս բերեց մեր ծածկոցները, ինձ համար մի հարմարավետ տեղ պատրաստեց և սնունդ հանելով՝ ստիպեց, որ ուտեմ: Բայց ես չէի կարողանում ուտել. նույնիսկ փորձելը զզվանք էր առաջացնում, և ինչքան էլ ցանկանայի հաճոյանալ նրան, միևնույն է, չէի կարող հարկադրել ինձ: Նա շատ տխրեց, բայց չհանդիմանեց: Տուփից հանելով հեռադիտակը՝ կանգնեց ժայռի գագաթին ու սկսեց զննել հորիզոնը: Հանկարծ բացականչեց.

— Նայեք, տիկին Մինա, նայեք, նայեք,- ես թռա ժայռի վրա ու կանգնեցի նրա կողքին, նա հեռադիտակն ինձ մեկնեց ու մատնացույց արեց, թե որ կողմը պետք է նայեմ: Ձյունն էլ ավելի առատ էր իջնում ու կատաղի պտույտներ անում օդում, քանի որ քամին բարձրացել էր: Այնո­ւամենայնիվ, երբեմն ձյան պոռթկումերի դադարներ էին լինում, և բարձունքից, որի վրա էի, լայն հորիզոն էր բացվում: Հեռվում՝ ձյան սպիտակ ու անծայրածիր դաշտում ես տեսա սև ժապավենի պես ձգվող ոլորապտույտ գետը: Ուղիղ մեր դիմաց՝ ոչ շատ հեռու (իրականում այնքան մոտ, որ զարմանում եմ, թե առաջ ինչպես չէինք նկատել), մի խումբ ձիավորներ էին սլանում: Նրանց մեջտեղում մի սայլ կար, մի երկար բեռնասայլ, որը մի կողմից մյուս կողմն էր թեքվում` շան պոչի պես տարուբերվելով խորդուբորդ ճանապարհին: Նրանց կերպարանքներն այնքան հստակ էին գծագրվում ձյան վրա, որ հագուստներից զանազանում էի՝ կամ գյուղացիներ են, կամ գնչուներ:

Սայլի վրա մի մեծ քառակուսի արկղ կար: Սիրտս սկսեց ուժգին բաբախել, երբ տեսա այն, քանզի զգացի, որ վերջը մոտենում է: Երեկոն իջնում էր, և ես հրաշալի գիտեի, որ մայրամուտին այդ արարածը, որ բանտարկված էր արկղի մեջ, նորից կազատվի այնտեղից և որևէ կերպարանք ընդունելով՝ կկարողանա խույս տալ հետապնդումից: Ես վախեցած դարձա դեպի պրոֆեսորը, բայց ի սարսափ ինձ, նա այնտեղ չէր: Հաջորդ վայրկյանին ես նրան տեսա ներքևում: Ժայռի շուրջը նա մի շրջան էր գծել, նման այն մեկին, որի մեջ անցած գիշեր մենք ապաստանեցինք: Գործն ավարտելով՝ նա կրկին եկավ ու կանգնեց կողքիս՝ ասելով.

— Այստեղ գոնե Դուք նրանից վախենալու պատճառ չեք ունենա:

Նա հեռադիտակը վերցրեց և օգտվելով ձյան հերթական դադարից, որ բացեց մեր տեսադաշտը, ավելացրեց.

— Տեսեք, նրանք շատ արագ են գալիս, հնարավորինս ուժեղ մտրակում են ձիերին ու քառատրոփ առաջ սլանում:

Նա ընդհատեց խոսքը, իսկ հետո շարունակեց խուլ ձայնով.

— Նրանք շտապում են, որ մինչև մայրամուտ տեղ հասնեն: Մենք կարող ենք շատ ուշանալ: Թող Աստծո կամքը լինի:

Կրկին սկսեց ուժեղ ձյուն տեղալ, և ողջ տեսադաշտը փակվեց: Բայց այն շուտով դադարեց, և նա վերստին իր հեռադիտակն ուղղեց դեպի հարթավայր: Հետո հանկարծ գոռաց.

— Նայեք, նայեք, նայեք: Տեսեք, երկու ձիավորներ հարավից սլանում են նրանց հետևից: Պետք է որ Քո­ւինսին ու Ջոնը լինեն: Վերցրեք հեռադիտակը: Արագ նայեք, քանի ձյունը տեսադաշտը չի փակել:

Ես վերցրի ու նայեցի: Այդ երկու տղամարդիկ կարող էին բժիշկ Սյո­ւարդն ու պարոն Մորիսը լինել: Ամեն դեպքում ես գիտեի, որ նրանցից ոչ մեկը Ջոնաթանը չէր: Միևնույն ժամանակ, ես գիտեի, որ Ջոնաթանն էլ հեռու չէ: Նայելով շուրջը՝ տեսա, թե ինչպես էին հյուսիսից շատ մեծ արագությամբ երկու հեծյալներ մոտենում: Նրանցից մեկը, համոզված էի, որ Ջոնաթանն էր, իսկ մյուսն էլ ենթադրեցի, որ, բնականաբար, լորդ Գոդալմինգն է: Նրանք նույնպես հետապնդում էին սայլին և ուղեկցող խմբին: Երբ պրոֆեսորին ասացի այդ մասին, նա պատանու պես ուրախությունից աղաղակեց և ուշադիր նայելուց հետո, մինչև ձյունը լրիվ կփակեր տեսադաշտը, վինչեսթրը պատրաստ հենեց մեր ապաստարանի մուտքի մոտ՝ քարե ելուստին:

— Նրանք բոլորը միացան իրար,- ասաց պրոֆեսորը,- երբ ժամանակը գա, մենք բոլոր կողմերից կշրջապատենք գնչուներին:

Ես ատրճանակս հանեցի ու պատրաստ դրեցի, քանի որ մինչ մենք խոսում էինք, գայլերի ոռնոցն սկսեց ավելի բարձր ու ավելի մոտիկից լսվել: Երբ ձնախառը փոթորիկը մի պահ մեղմացավ, մենք նորից նայեցինք: Տարօրինակ էր տեսնելը, որ ձյունն այսպես առատ փաթիլներով իջնում էր մեր շուրջը, իսկ վերևում արևը, որ դանդաղ թաքնվում էր հեռվում գտնվող սարերի թիկունքում, ավելի ու ավելի վառ էր շողում: Հեռադիտակը շարժելով շուրջբոլորը, ես այստեղ ու այնտեղ ինչ-որ կետեր տեսա, որ ընթանում էին մեկական, երկո­ւական, երեքական և ավելի մեծ խմբերով. գայլերը որսի հոտ էին առել և հավաքվում էին:

Քանի դեռ սպասում էինք, ամեն վայրկյանը դար էր թվում: Կատաղի քամի էր փչում, և ձյունը մոլեգին գալարումերով իջնում էր մեզ վրա: Երբեմն պարզած ձեռքի հեռավորության վրա ոչինչ չէինք տեսնում, բայց պահեր էին լինում, երբ խուլ քամին կարծես մաքրում էր օդը մեր շուրջը, այնպես որ հեռուն դառնում էր տեսանելի: Վերջին ժամանակներն այնպես էինք վարժվել արևածագին և մայրամուտին հետևելուն, որ ամենայն ճշգրտությամբ կարողանում էինք որոշել, թե որը երբ է լինելու, և գիտեինք, որ շուտով արևը մայր կմտնի: Դժվար էր հավատալը, որ ըստ մեր ժամացույցների մեկ ժամից էլ քիչ էր, որ սպասում էինք ժայռե ապաստարանում, մինչև որ տարբեր կերպարանքներ սկսեցին մոտենալ մեզ: Քամին հիմա էլ ավելի կատաղի ու կտրուկ էր փչում հյուսիսից: Այն կարծես ձնաբեր ամպերը հեռու էր քշել մեզնից. այժմ ձյունը ավելի սակավ էր: Մենք հստակ զանազանում էինք յուրաքանչյուր խմբի անդամի՝ հետապնդողներին ու հետապնդվողներին: Բավական տարօրինակորեն հետապնդվողները կարծես չէին հասկանում կամ գոնե ուշադրություն չէին դարձնում, որ իրենց հետամուտ էին: Այնո­ւամենայնիվ, որքան շատ էր արևն իջնում սարերի թիկունքը, այնքան նրանք ավելի մեծ արագությամբ էին առաջ շարժվում:

Հեծյալներն ավելի ու ավելի էին մոտենում: Պրոֆեսորն ու ես թաքնվեցինք ժայռի տակ՝ զենքերը պատրաստ պահած: Ես տեսնում էի, որ նա որոշել էր ձեռքից բաց չթողնել նրանց: Որևէ մեկը պատկերացում անգամ չուներ, որ մենք այդտեղ էինք:

Հանկարծ երկու ձայն միանգամից գոչեցին.

— Կանգնեք: Մեկն իմ Ջոնաթանի կրքով բռնկված ձայնն էր, մյուսը, որի մեջ լսվեց հանգիստ հրամանի ուժգին ու վճռական հնչերանգը, պարոն Մորիսինը: Գնչուները չէին կարող իմանալ լեզուն, բայց բառը, որ լեզվով էլ այն ասված լիներ, հնչերանգի հետ կապված սխալմունք չէր ունենա: Նրանք բնազդաբար ձիերը սանձեցին, և հենց այդ պահին լորդ Գոդալմինգն ու Ջոնաթանը մի կողմից, իսկ բժիշկ Սյո­ւարդն ու պարոն Մորիսը մյուս կողմից արագ մոտեցան նրանց: Գնչուների առաջնորդը` մի բարեկազմ երիտասարդ, կենտավրոսի պես հեծած, ձեռքով նշան արեց, որ նրանք հետ գնան, իսկ իր ուղեկիցներին կատաղի ձայնով հրամայեց, որ շարունակեն ճանապարհը: Նրանք մտրակեցին ձիերին, որոնք առաջ սլացան, սակայն չորս տղամարդ բարձրացրին իրենց հրացանները և կարգադրեցին կանգ առնել: Նույն պահին բժիշկ Վան Հելսինգն ու ես դուրս եկանք ժայռի հետևից ու զենքերն ուղղեցինք նրանց վրա: Տեսնելով, որ շրջապատված են, սրանք սանձերը քաշեցին ու անշարժացան: Առաջնորդը դարձավ նրանց կողմը և ինչ-որ բան ասաց, որից հետո գնչուների խմբի բոլոր անդամերը դուրս քաշեցին իրենց զենքերը, ով ինչ ուներ՝ դանակ կամ ատրճանակ, և պատրաստվեցին հարձակման: Ամեն ինչ որոշվեց մեկ վայրկյանում:

Առաջնորդն արագ շարժումով ձին առաջ տարավ, և սկզբում ցույց տալով արևի կողմը, որ գրեթե մայր էր մտնում, ապա ամրոցի՝ ինչ-որ բան ասաց, որը ես չհասկացա: Ի պատասխան՝ մեր չորս տղամարդիկ արագ իջան ձիերից ու նետվեցին դեպի սայլը: Ես պետք է որ սարսափելի վախենայի՝ Ջոնաթանին այդպիսի վտանգավոր իրավիճակում տեսնելով, բայց կռվի ոգին ինձ էլ էր պատել, ինչպես և մյուսներին: Ես ոչ թե վախենում էի, այլ ինչ-որ բան անելու բուռն ու վայրի ցանկություն ունեի: Տեսնելով մեր խմբի արագ առաջխաղացումը՝ գնչուների առաջնորդը հրաման տվեց. նրա մարդիկ անմիջապես սայլի շուրջբոլորը շրջան կազմեցին մի տեսակ անկազմակեպ ու իրար հրելով՝ ցանկանալով կատարել հրամանը: Ես տեսա, թե ինչպես այս ամենի մեջ Ջոնաթանը` գնչուների կազմած շրջանի մի կողմից, Քո­ւինսին` մյուս կողմից, ուժ գործադրելով ճանապարհ էին բացում դեպի սայլը: Ակնհայտ էր, որ նրանք մտադիր էին իրենց գործն անել մինչև արևի մայր մտնելը: Նրանց ոչ մի բան չէր կարող հետ կանգնեցնել կամ նույնիսկ խոչընդոտել. ոչ իրենց վրա ուղղված զենքերը, ոչ գնչուների շողացող դանակներն առջևից, ոչ էլ գայլերի ոռնոցը թիկունքից, որին նրանք նույնիսկ ուշադրություն չէին դարձնում: Ջոնաթանի վճռականությունը և համառ կամքը, որով նա գնում էր դեպի նպատակ, կարծես թե երկյուղի մեջ գցեց իր առջև շարված մարդկանց. նրանք ակամայիցհետ էին քաշվում ու թույլ տալիս, որ նա անցնի: Մի ակնթարթում նա թռավ սայլի վրա, անհավանական թվացող ուժով բարձրացրեց հսկայական արկղն ու գցեց գետնին: Այդ նույն ժամանակ պարոն Մորիսն ստիպված էր ուժ գործադրել իր կողմից գնչուների շրջանը ճեղքելու համար: Քանի դեռ ես այդ ողջ ընթացքում շունչս պահած հետևում էի Ջոնաթանին, աչքի պոչով տեսա, թե ինչպես էր պարոն Մորիսը հուսահատ առաջ նետվում, և ինչպես էին գնչուների դանակները փայլում, երբ նա ճանապարհ էր հարթում նրանց միջով, իսկ նրանք հարվածում էին: Նա գնչուների հարվածները հետ էր մղում իր հսկայական ու երկար որսորդական դանակով, և սկզբում մտածեցի, որ նա նույնպես անվ­նաս դուրս կպրծնի: Բայց երբ նա ցատկեց ու կանգնեց Ջոնաթանի կողքին, որն արդեն ներքև էր իջել սայլից, ես տեսա, որ նա ձախ ձեռքով բռնել էր կողը, իսկ արյունը հոսում էր մատների արանքից: Չնայած դրան, նա կանգ չառավ, ու քանի որ Ջոնաթանը հուսահատությունից ծնված եռանդով մի կողմից հարձակվեց արկղի վրա՝ փորձելով բացել կափարիչն իր հսկայական կուկրի դանակով, նա իր որսորդական երկար դանակով մոլեգնած վրա հասավ մյուս կողմից: Շնորհիվ երկու տղամարդկանց ջանքերի՝ կափարիչն աստիճանաբար տեղի տվեց. մեխերը չարագուշակ ճռինչով դուրս եկան, և արկղի բերանը բացվեց:

Այս ընթացքում գնչուները, տեսնելով, որ իրենց սպառնում են վինչեսթրներով, լորդ Գոդալմինգի և բժիշկ Սյո­ւարդի կամքին անձնատուր եղած՝ հանձնվեցին և այլևս դիմադրություն ցույց չէին տալիս: Արևը գրեթե թաքնվել էր սարերի հետևում, և այդ ողջ խմբի ստվերն ընկել էր ձյուների վրա: Ես տեսա կոմսին՝ պառկած արկղի մեջ՝ հողի վրա, և հողի մի մասն արկղի ընկնելու պատճառով թափվել էր նրա վրա:

Նա մեռելի պես գունատ էր, ճիշտ մոմե արձանի նման, իսկ աչքերը փայլում էին վրեժխնդրությամբ. մի հայացք, որն ինձ հրաշալի ծանոթ էր:

Ես տեսա, թե ինչպես էր նա նայում մայր մտնող արևին, և նրա աչքերում արտացոլվող ատելությունը վերածվեց հաղթանակի:

Բայց այդ պահին օդում շողաց Ջոնաթանի հսկայական դանակը: Ես ճչացի, երբ տեսա, թե ինչպես այն ճեղքեց կոմսի կոկորդը: Նույն պահին պարոն Մորիսի որսորդական դանակը խրվեց սրտի մեջ:

Այդ ամենը հրաշքի էր նման, և մեր իսկ աչքերի առջև ու գրեթե անմիջապես ողջ մարմինը վերածվեց փոշու և անհետացավ տեսադաշտից:

Ես ամբողջ կյանքում ուրախությամբ կհիշեմ, որ թեկուզ միայն վերջին պահին, բայց նրա դեմքին խաղաղության ժպիտ հայտնվեց, ինչը ես երբևէ չէի պատկերացնի:

Դրակուլայի ամրոցը բարձրանում էր կարմիր երկնքի դեմ հանդիման, իսկ մայր մտնող արևի լույսն ընդգծում էր քանդված ատամավոր պարսպի ամեն քարը:

Գնչուները կարծելով, թե մենք ենք մեռած մարդու արտասովոր անհետացման պատճառը՝ առանց մի բառ ասելու շրջվեցին ու արագ հեռացան՝ ասես երկյուղելով իրենց կյանքի համար: Նրանք, որ ձիեր չունեին, թռան-նստեցին բեռնասայլի վրա և աղմկելով հեծյալներին խնդրեցին, որ իրենց չլքեն: Գայլերը, որ բավական հետ էին քաշվել, գնացին նրանց հետքերով՝ մեզ մենակ թողնելով: Պարոն Մորիսը, որ ընկել էր գետնին, հենվեց արմունկի վրա՝ ձեռքը ամուր սեղմած կողին: Արյունը դեռ դուրս էր հոսում նրա մատների արանքից: Ես վազեցի նրա կողմը, քանի որ սուրբ շրջանն այլևս չէր կարող ինձ հետ պահել: Երկու բժիշկները նույնպես նետվեցին նրա մոտ: Ջոնաթանը ծնկի իջավ, և վիրավորը գլուխը հենեց նրա ուսին: Նա խոր շունչ քաշեց ու հազիվ ջանք գործադրելով՝ ձեռքս վերցրեց իր այն ձեռքի մեջ, որ մաքուր էր: Հավանաբար, սրտումս եղած տանջանքը տեսավ դեմքիս, քանզի ժպտաց ինձ ու ասաց.

— Ես միայն անսահման երջանիկ եմ, որ կարողացա որևէ ծառայություն մատուցել: Ախ, Տեր Աստված,- հանկարծ նա բացականչեց՝ մեծ դժվարությամբ տեղում նստելով ու ինձ մատնացույց անելով,- արժեր սրա համար մեռնել: Նայեք, նայեք:

Այդ ժամանակ արևն ուղիղ սարի հետևում էր և կարմիր շողերը գցել էր իմ դեմքին՝ ողողելով այն վարդագույն լույսով: Բոլորը միանգամից ծնկի իջան, և մի խոր ու հանդիսավոր «Ամեն» պոկվեց բոլորի շուրթերից, երբ նայեցին նրա մատի ուղղությամբ: Մեռնողն ասաց.

— Փառք Աստծո, որ ոչինչ իզուր չէր: Տեսեք, նրա ճակատը ձյան պես մաքուր է: Անեծքը մաքրվել է:

Եվ ի մեծ վիշտ ու դառնություն մեզ, այդ ազնվասիրտ մարդը ժպիտը դեմքին լուռ մահացավ:

No Comments

Leave a Reply