Կերպարվեստ

Ձգտելով միշտ անհնարինին

10.12.2021
Առաջին նկարիչները նկարել են քարանձավներում,
երկրորդները՝ Աստծուն, հաջորդները՝ կանանց,
բոլոր ժամանակներում նկարիչները

նման են իրար իրենց ձգտումներով։
Էդվարդ Մարդանյան

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Էդվարդ Մարդանյանը կդառնար 34 տարեկան։ Նա կյանքից հեռացել է 2019 թվականի փետրվարի 20-ին։ Ներկայացնում ենք վաղամեռիկ նկարչի ստեղծագործությունների մասին Մելանյա Գասպարյանի գրած հոդված-վերլուծությունը (2014թ․):

Որքան զարգանում է մարդկությունը, այնքան ավելի  անձկալի է դառնում միօրինակությանը հակադրվող ստեղծագործող անհատականությունների վիճակը և ավելի են բարդանում եզակիության խնդիրները: Չնայած այս ամենին՝ շարունակում են ծնվել եզակի արվեստ ստեղծող անհատականություններ։ Եթե անցյալ դարաշրջանում ավելի ցայտուն էին զանազանվում տարբեր ժողովուրդների ճարտարապետությունը, կահույքը, կահ-կարասին, ապա այժմ ողջ աշխարհում տեղի է ունենում տների, կահույքի, հագուստի և այլնի միօրինակեցում։ Ժամանակակից հայկական արվեստը բավականին հետաքրքիր անհատական ուղղություններ է տվել։ Չի կարելի ասել, որ ժամանակակից արվեստի զարգացման գործընթացը տեղի է ունենում հարթ և անարգել, ինչը, իմիջիայլոց, տեղի չի ունեցել և ոչ մի դարաշրջանում։ Այսօրվա ժամանակակից արվեստագետ նկարիչներից է Էդվարդ Մարդանյանը, որը, լինելով տակավին երիտասարդ, հասցրել է կյանքի կոչել տասնյակ կտավներ, որոնք արժանացել են հասարակության ուշադրությանը։
Էդվարդ Մարդանյանը ծնվել է 1987 թվականին, Վանաձոր քաղաքում։ Ապրել և մեծացել է Դիլիջանում։ Նկարել է փոքր հասակից։ Հինգ տարի մասնակցել է նկարիչ, քանդակագործ Աղասի Գուգշյանի դասընթացներին։ Նկարելու վարպետության դասեր է ստացել  նաև Սոֆյա Պարանյանից։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը  եղել է 2004 թվականին, Դիլիջան քաղաքում, իսկ մինչ այդ մասնակցել է խմբակային ցուցահանդեսի: 2006-ից տեղափոխվել է Ռուսաստան, ապրել  և ստեղծագործել Ստավրոպոլի երկրամասում։ Էդվարդ Մարդանյանն այն բացառիկ նկարիչներից է, որ կուլ չի գնացել մոդեռնիստական և ավանգարդիստական ուղղություններին։ 

 Լինելով 21-րդ դարի ծնունդ, այսինքն, մոդեռնիստական ուղղության ժառանգորդ, այնուհանդերձ, նրա ստեղծած արվեստը բազմաբնույթ է։ Նրա նկարները դիտողը  գեղագիտական հաճույք է  ստանում։ Այդպիսի գործերից են՝ «Իմ մանկության տունը», «Սևանա լիճը», «Աշնան արահետ», «Պարզ լիճ», «Արագածը ծովում», «Դիլիջանի ճերմակության առեղծվածը», «Գոշավանք» և այլն։ Այս նկարները դիտելիս հասկանում ես, որ նկարիչը կրել է իմպրեսիոնիստական ազդեցություն, որի վառ դրսևորումներից է «Պարզ լիճ» կտավը: Նկարիչը հետաքրքիր կերպով համադրել է տաք գունային գամաները և միաժամանակ կարողացել  որսալ այն ակնթարթը, երբ սաղարթախիտ ծառերը իրենց անապական արտացոլանքն են գտել պարզ, զուլալ ջրում: Նկարչին  հաջողվել է կերտել Պարզ լիճն ավելի գեղարվեստորեն, քան իրականում է,  իսկ հետնամասի սարերի պատկերումը հետաքրքրիր լուծում է հանդիսացել լճի համար, որի օգնությամբ ավելի ցայտուն է դառնում լճի կապույտ երանգը՝ համեմված տերևաթափ  ծառերի արտացոլմամբ։ Բացառիկ աշխատանքներից է «Դիլիջանի ճերմակության առեղծվածը» նկարը, որը դիտելիս ցրտաշունչ քամին լցվում է սիրտդ, հոգիդ փոթորկում է, բայց չի սառեցնում, քանզի նկարիչը կարողացել է և՛ երփներանգները, և՛ գույները համադրել, ինչը երբեմն անհնարին է լինում։ Եվ, իհարկե, ձյունոտ ճանապարհով քայլում է մի սիրակեզ զույգ, որ պատրաստվում է հաղթահարել այդ անեզր ճանապարհը: Մարդանյանի հաջորդ լավագույն գործերից է «Աշնան արահետ» կտավը: Այստեղ կա և՛ լույս, և՛ կյանք, և՛ նորից անվերջություն, կարելի է ենթադրել, որ նկարչի հիմնական գաղափարն է եղել՝ ձգտել միշտ անհնարինին, անեզրին, անսահմանին՝ փորձելով պատկերել ոչ թե հասնելու գաղափարը, այլ ընթացքը, միջոցները, որ հարկավոր են հասնելու համար: Այնուամենայնիվ, Էդվարդ Մարդանյանը զերծ չի մնացել մոդեռն աբստրակցիոնիզմից, քանի որ ժամանակները փոխվում են, դրա հետ մեկտեղ փոխվում են մեթոդները և գեղագիտական սկզբունքները։ «Տեսանելի աշխարհը միակը չէ, նրան զուգահեռ գոյություն ունի այն աշխարհը, որտեղ մարդիկ արտահայտում են իրենց»,- ասում է Մարդանյանը։

Նկարիչն ունի հետաքրքիր աբստրակցոնիստական նկարներ, նատյուրմորտներ, սիմվոլիստական  գործեր՝  «Կյանքի համար», «Կյանքի լրացուցիչ պատկերներ», «Կենսակերպ», «Ստավրոպոլ»․․․

Թերևս ավելի ուշագրավ գործ է համարվում «Շղթայված ազատություն» սիմվոլիստական կտավը։ Նկարում պատկերված է ազատության արձանը՝ կիսով չափ, մարդու առանձնացրած զգացական օրգանները, որոնք արծարծում են «ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ գիտեմ» գաղափարը։ Եվ այս ամենը հակադրվում է ազատության հետ, որը կա, սակայն տոտալիտար բնույթ է  կրում։ Այս գծանկարը շունչ է առել 2012 թվականին, որն ասես ճչում է ժամանակաշրջանի գերխնդրի մասին՝ անսահման ազատության,  որն ունենում է այլասերված կամ բարդույթավորված դրսևորումներ։ Այսպիսով նկարիչը չի անտեսել և չի շրջանցել իր ժամանակաշրջանի խնդիրները, որն արդեն իսկ գովելի փաստ է։ Էդվարդ Մարդանյանի աբստրակտ հայտնի գործերից են մերկ կանանց ճեպանկարները, մասնավորապես «Սեմինարին» կտավը, այստեղ հատկապես ուշագրավ է սառը գույների համադրումը․ սիլուետային կին, որը վերացարկվում է երևակայության մեջ և անէանում ՝ վերածվելով այլաբանական ֆիգուրի։ Սակայն կապույտ գույնի դոմինանտ լինելը թույլ է տալիս, որ  վերջնական կետում նորից հայտնվի կերպարը՝ հակադրության մեջ դնելով առարկայականը ոչ առարկայականի հետ։

Ակներև տպավորիչ և ներգործուն կտավներից է Մարդանյանի «Բախումը», որն աբստրակցիոնիզմի լավագույն դրսևորումն է գտել իր մեջ՝ համատեղելով խիստ ռոմանտիզմը՝ ռեալիզմը։ Վառ, աներևակայելի երևակայությամբ բախվել են միևնույն ժամանակ տարբեր էմոցիոնալ պատկերներ, որոնք տվյալ պարագայում մարմնավորվել են ցլերի տեսքով, վճռական և հարձակողական նկրտումներով։ Կտավի կուլմինացիան երրորդ ցուլն է, որը հայտնվում է երկարատև դիտումից հետո, երբ տեսողականդ բախման մեջ է մտնում տեսածի և երևակայածի հետ: Հետաքրքիրն այն է, երբ ցանկությունը պոռթկում է մեջդ, ուզում ես բացականչել, որ  գտել ես այդ «երրորդին»՝ թաքնված ցուլին, անմիջապես կորչում է և միաձուլվում անէությանը։  Այստեղ նկարիչը  թողել է նկարը դիտորդի երևակայությանը, որքան խորանում ես, այնքան ավելի նոր կերպարներ են ի հայտ գալիս՝ երևան բերելով նոր հուզական իրավիճակներ։ Սակայն նկարի հանգուցալուծումը բերում է ի վերջո պատկերների բախման միաձուլմանը և դառնում մի ամբողջական կերպար, երևույթ:

Էդվարդ Մարդանյանն ունի նաև բազմաթիվ նատյուրմորտներ, այսինքն, վրձնահարվածների միջոցով կարողացել է պատկերել մեռած բնությունը, բայց միևնույն ժամանակ այնքան տպավորիչ և ազդեցիկ է նկարել, որ, դիտելով ծաղկամանով ծաղիկները, ակամա արբում ես ծաղիկների անուշահոտ բույրով, իսկ մրգերով լի սեղանը ոչ թե գրգռում է ախորժակդ, այլ ստիպում է հասկանալ բնության բարիքների գեղեցկությունը: Մարդանյանը շատ քիչ դիմանկարներ ունի, բացառիկ է իր ինքնադիմանկարը, որը նկարել է վաղ հասակում, իսկ հիմա գրեթե դիմանկարչությամբ չի զբաղվում, պատճառաբանելով, որ  բնությունն ավելի հոգեհարազատ է, քան մարդկային դեմքերը, որոնք քողարկվում են դիմակների տակ։ Սակայն եղբոր՝ Գարմարի դիմանկարը, թերևս, իր ամենահաջողված և բացառիկ գործերից է։ Էդվարդ Մարդանյանը հիմնականում աշխատել է ջրաներկով, այնուհետև օգտագործել է յուղաներկ, ունի նաև մատիտով արված որոշ գծանկարներ:

Այսպիսով, ընդհանրապես արվեստի ստեղծագործության արժեքն անհնար է որոշել կշեռքի կամ քանոնի միջոցով։ Համեմատությունները միշտ չէ, որ թույլ են տալիս հանգել գեղարվեստական ստույգ չափանիշների։ Ժամանակն ավելի ճիշտ և ավելի խիստ է ընտրություն կատարում, այն դեն է նետում ցանկացած դրսևորում, մնում է միայն մաքուրը, որակյալը, հավերժը, որից էլ ձևավորվում է գեղարվեստական արժեքը։  Հենց այդ արժեքներից մեկն էլ տաղանդավոր նկարիչ Էդվարդ Մարդանյանի վրձնահարվածներով ստեղծված արվեստն է՝ իր երփնագրերով:

Գլխավոր նկարը՝ Էդվարդ Մարդանյանի, Ինքնանկար

No Comments

Leave a Reply