Կրեատիվ Արմինե Սարգսյան

Էդուարդ Մակարյանի ինտերակտիվ, ուսուցողական խաղը սկսվում և ավարտվում է Հայաստանում

23.10.2025

Ռեկորդ և գյուտ

«Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր  Էդուարդ Մակարյանն այս անգամ ներկայանում է այլ «ռեկորդով»․ ստեղծել է ուսուցողական, ճանաչողական, դինամիկ սեղանի խաղ՝ աշխարհագրությամբ հետաքրքրվողների համար։ Խաղը կարող է հետաքրքրել ամենատարբեր տարիքի մարդկանց։ Էդուարդն իր նոր գաղափարն իրականացրել է ամռան ամիսներին։ Անվանել է «Հայաստանի շուրջը»։ 

«Խաղի գլխավոր կարգախոսն է՝ «Ուր էլ գնաս, թող բոլոր ճանապարհները քեզ բերեն դեպի քո երկիրը՝ Հայաստան»։ Այն միտված է  զարգացնելու երեխաների աշխարհագրական գիտելիքները՝ միաժամանակ ապահովելով ինտելեկտուալ, հետաքրքիր ժամանց։ Այսինքն՝ և՛ խաղում ես, և՛ սովորում»,- ասում  է տասնամյա  ռեկորդակիրը։ 

«Հայաստանի շուրջը» կարելի է խաղալ անհատական (մինչև չորս մասնակցով) կամ թիմերով։ Խաղը մեկնարկում է Հայաստանից, և զառի «կամայականությունից»  կախված՝ մասնակիցները կարող են  հայտնվել Եվրոպայում կամ Ասիայում և իրենց ճանապարհը շարունակել այդ աշխարհամասերով։ Ամեն ճանապարհին նախատեսված է երեք ոլորան-խոչընդոտ. դրանցից դուրս գալու համար պետք է նետել համապատասխան զառը կամ շարունակել պտտվել այդ ոլորաններով։ Օրինակ՝ կղզիների վրա տեղակայված պետություններին հասնելու ճանապարհները նավով են նշագծված, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու տվյալ պետության տեղակայման մասին։ Ավելին, դրոշներով գծվող ճանապարհը կառուցված է այնպես, որ միմյանց կողք են շարված այն պետությունների դրոշները, որոնք միմյանց սահմանակից են (կամ առնվազն տարածքով շատ մոտ են): Այս փաստը նույնպես հնարավորություն կտա հարստացնելու աշխարհագրական գիտելիքները և վիզուալ պատկերացնելու՝ որ երկրներն են իրար կողք գտնվում:

«Ամեն անգամ խաղալով դու կարող ես հայտնվել տարբեր ոլորաններում, խոչընդոտներում և հաղթահարելով դրանք, տարբեր ժամանակներում հասնել Հայաստան»,- ընդգծում է Էդուարդը։

Երկրորդ տարբերակը խաղալու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի աշխարհագրական գիտելիքներ, քանի որ այդ դեպքում թիմը (կամ մասնակիցը) պետք է ճիշտ գուշակի այն երկրի դրոշը, որտեղ զառի օգնությամբ հայտնվում է: Էդուարդն առաջարկում է նաև փոքր-ինչ բարդ տարբերակ. պետությունների դրոշները նշելուն զուգահեռ, անհրաժեշտ է նշել նաև այդ պետությունների մայրաքաղաքները: Որ թիմը շատ միավոր հավաքի, նա էլ կհաղթի: Ի դեպ, ճիշտ պատասխանները ստուգելու համար խաղում  ներառված է նաև ներդիր, որտեղ պատկերված են Եվրոպայի և Ասիայի երկրները, դրանց մայրաքաղաքները: Այս խաղային տարբերակում պատասխանները կստուգի խաղավարը, որին կընտրեն մասնակիցները:

Առաջին խաղի ընթացքը կախված է զառի կամայականությունից, երկրորդինը՝ գիտելիքից։ 

Ամենակարևորը. Էդուարդն ընդգծում է, որ խաղը սկսվում է Հայաստանից և ավարտվում Հայաստանում։

Ի դեպ, խաղաքարերը նախագծված են այնպես, որ նման լինեն տեղորոշման նշանին։

Բացի դրոշների նկատմամբ հետաքրքրությունից, Էդուարդը  սիրում է նաև խաղալ դրոշներով։ Շարում է դրանք հատակին ու խմբերի է բաժանում՝ տարբեր «փորձությունների ենթարկելով». տեղաշարժում է երկրից երկիր, նկարում քարտեզներ, դրոշներ։ Առհասարակ ինտելեկտուալ, սեղանի խաղերի սիրահար է, և մինչև իր խաղի ստեղծելը, մշտապես հետաքրքրվել է, ուսումնասիրել համացանցն ու եկել այն եզրահանգման, որ  նմանօրինակ ձևաչափով խաղ չկա: Շուտով իր խաղը հասանելի կլինի գրախանութներում:

Էդուարդ Մակարյանը առաջին անգամ ընդգրկվել է «Դյուցազնագրքում» աշխարհի պետությունների դրոշները մեծ արագությամբ՝ 2 րոպե 16 վայրկյանում ներկայացնելու համար։ Ապա գերազանցել է իր իսկ ռեկորդը՝ ներկայացնելով դրոշները 2 րոպեում։ Ռեկորդներ է սահմանել նաև Եվրոպայի (25 վայրկյան) և Ասիայի պետությունները (20 վայրկյան) մեծ արագությամբ թվարկելիս՝ պահպանելով միմյանց հնարավոր սահմանակից լինելու հաջորդականությունը։  5-րդ ռեկորդում մեծ արագությամբ (25 վայրկյանում) աչքերը փակ թվարկում է Աֆրիկայի երկրները։

Ի դեպ, «ինքն իրեն գերազանցել» սիրող տասնամյա տղան, որն իր տասնամյակը բոլորել է օրեր առաջ, նաև երաժիշտ է, սաքսոֆոնահար։ Այս տարի Դիլիջանում կայացել է նրա բեմելը՝  հանդես գալով Վանաձորի կամերային նվագախմբի հետ՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և դաշնակահար Անահիտ Դիլբարյանի նվագակցությամբ։ Հոկտեմբերի 21-ին, նույն նվագախմբով ելույթ է ունեցել նաև Վանաձորում:

Արմինե Սարսգսյան