Ազդագիր

Էքսպերիմենտալ տրամադրություններ ԵԹԿՊԻ

Էքսպերիմենտալ տրամադրություններ ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացավ «Տգեղը» ներկայացման առաջնախաղը։ Պիեսի հեղինակը գերմանացի ժամանակակից անվանի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգ։ Բեմադրությունը հագեցած է նորարարական լուծումներով, որոնք ամբողջությամբ տեղավորվում են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողության համատեքստում։ «Տգեղը» ներկայացումը միաժամանակ ուղղված է ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակմանը և սոցիալական կարևոր թեմաների անդրադարձին՝ դիտարկելով անհատի ինքնության, հասարակական ընկալումների և ժամանակակից աշխարհի արժեքային հակասությունների հարցերը։ 

Ժամանակակից մի քաղաքում, որտեղ արտաքին տեսքն ամեն ինչ է, մակերեսի տակ թաքնված է կերպարի ու ինքնության մոլուցքով ապրող մի աշխարհ։ Լեթեն իրեն միշտ համարել է սովորական մարդ, մինչև բացահայտվում է ցնցող ճշմարտությունը․ շրջապատի աչքում նա անտանելի տգեղ է։ Գեղեցկության առևտրայնացումն առաջ է բերում խորքային հարցեր՝ ինքնության, անհատականության և հասարակության՝ արտաքինի նկատմամբ մոլուցքային վերաբերմունքի մասին։ Սուր հումորով և սոցիալական հնչեղությամբ այս սատիրան բացում է ժամանակակից մարդու ամենացավոտ վախերը՝ հաջողության, ճանաչման և կատարյալ լինելու մոլուցքի մասին՝ ստիպելով միաժամանակ թե՛ ծիծաղել, թե՛ մտածել։

Ստեղծագործական կազմում են՝ բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյան, բեմանկարիչ՝ Դիանա Լևոնյան, դերերում՝ Կարեն Առաքելյան, Արսեն Ազիզյան, Մարիա Գևորգյան, Արսեն Ներսիսյան։

Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն, դերասան Արսեն Ազիզյանը, անդրադառնալով նոր ներկայացմանը, ընդգծում է դրա սոցիալական և հոգեբանական խորությունը. «Այս ներկայացումն ինքնաճանաչման բարդ ուղու և արժեքների թերի ընկալման մասին է։ Ռեժիսորական ինքնատիպ մեկնաբանությունը մեզ թույլ է տալիս հմտորեն օգտագործել բեմական պայմանականությունը՝ է՛լ ավելի սուր և տեսանելի դարձնելով այն խնդիրները, որոնք այսօր արդիական են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-նշում է Արսեն Ազիզյանը։ Վերջինս նաև հավելում է, որ թատրոնի հիմնական շարժիչ ուժը երիտասարդական ավյունն է։ «Մենք աշխատում ենք երիտասարդ ստեղծագործողների հետ, ովքեր բերում են թարմ ու առողջ գաղափարներ։ Ունենք բազմաթիվ նոր պլաններ, որոնք մոտ ապագայում կստանան իրենց շոշափելի մարմնավորումը բեմում»,-ամփոփում է թատրոնի տնօրենը։ 

Բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանը խոստովանում է, որ ստեղծագործությունը գրավել է իրեն հենց առաջին ընթերցումից. «Սովորաբար ես սիրում եմ ընթերցել դանդաղ՝ թույլ տալով, որ յուրաքանչյուր միտք բյուրեղանա, ստիպի կտրվել իրականությունից ու նորովի վերադառնալ տեքստի տարածք: Սակայն այս պիեսն ընթերցեցի մեկ շնչով՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Որոշումս ակնթարթային էր ու հստակ. ես պետք է բեմադրեմ սա»:

Ռեժիսորի բնորոշմամբ՝ գործն աչքի է ընկնում իր բազմաշերտությամբ և արդիականությամբ. «Հեղինակին հաջողվել է ստեղծել հզոր ու ազդեցիկ տեսարաններ, որոնք արտացոլում են մերօրյա իրականությունը: Երիտասարդ դերասանների հետ միասին ներդրել ենք մեր ողջ ներուժը, որպեսզի ստանանք մի արդյունք, որը կհուզի և տպավորի հանդիսատեսին»,-նշում է բեմադրող ռեժիսորը։ 

Հայաստանի Գյոթե ինստիտուտի տնօրեն դոկտոր Յան-Թագե Քյուհլինգի խոսքով՝ նոր գերմանական թատերգությունն այսօր լայն տարածում ունի աշխարհով մեկ․ այն թարգմանվում է, ադապտացվում, նորովի մեկնվում, ու հենց դրանով էլ կարևորություն ձեռք բերում։ 

«Հայաստանի Գյոթե ինստիտուտի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից իրականացվող «Թարգմանելով թատրոնը․ գերմանական նոր թատերգություն» թարգմանական նախագիծը դրա լավագույն օրինակներից է։ Այստեղ խոսքը միայն լեզվական փոխանցման մասին չէ, այլ նաև մշակութային փոխակերպության․ այն, թե ինչպես են դրամատիկ տեքստերը նոր իմաստներ, ազդեցություններ և թատերական նոր արտահայտչաձևեր ստանում այլ համատեքստերում։ Հենց դրա համար էլ առանձնահատուկ ուրախ եմ, որ այսօր իրականացնում ենք Մարիուս ֆոն Մայենբուրգի «Տգեղը» պիեսի առաջնախաղը․ մի տեքստ, որը եզակի կերպով ցույց է տալիս, թե ինչպես է գերմանական նոր թատեգրությունը փոխում թատրոնի կառուցվածքային ավանդույթները»,-ընդգծում է դոկտոր Յան-Թագե Քյուհլինգը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հետևողականորեն ձևավորում է կարևոր համագործակցային հարթակ, որի նպատակն է խթանել երիտասարդ մասնագետների ստեղծագործական ինքնարտահայտումը, մասնագիտական վերելքն ու թատերական նոր մտածողության արմատավորումը։ 

Նախագիծն իրականացվում է Հայաստանի Գյոթե ինստիտուտի «Թարգմանելով թատրոնը․ Գերմանական նոր թատերգություն» նախագծի շրջանակներում։  Ներկայացման մեջ ներգրավված են նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։

Նախորդ գրառումը