Սեպտեմբերի 22-ին Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Թատրոնի գեղարվեստական խորհրդում պիեսի քննարկման ժամանակ գեղխորհրդի բոլոր անդամները միաձայն հավանություն տվեցին գեղարվեստական այս գործի բեմադրությանը, որովհետև սա գեղարվեստական պայմանականությունների միջոցով առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե վաղվա օրվան: Երկիր հայրենիի փրկության հարցը դրված է բոլոր ժամանակների հայկական իրականության զոհասեղանին, և երկրի տերերը պետք է կարողանան ժամանակի և իրադարձությունների հորձանուտում կողմնորոշվել ու ապրել այնպես, որ տուժողը երկիր հայրենին չդառնա, որովհետև «հող ծանդր բան է» (ռամիկ Զենոն):
Սա շարունակվող պայքար է՝ հանուն հայրենիքի, սա դիմհար կանգնելու առաքելություն է՝ հանուն սերունդների վաղվա խաղաղ լուսաբացների: Ներկայացումը նվիրվել է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին: Բեմադրության հեղինակը համոզված է, որ այս ներկայացումը երկար է ապրելու:
No Comments