Ardi.am-ի հյուրը հոգեբան-մանկավարժ, «Տատիկի հեքիաթը» ծրագրի հեղինակ Վարսենիկ Խաչատրյանն է։ Սա հին ու նոր սերունդների յուրատեսակ երկխոսություն է։ Տատիկներին հնարավորություն է տրվում տարբեր ձևաչափերով իրենց իմացած հեքիաթները մատուցել մատաղ սերնդին։
— Արդեն քանի տարի է որպես հոգեբան-մանկավարժ «Տատիկի հեքիաթը» հեղինակային ծրագիրն եք անում, ինչու՞ հենց «Տատիկի հեքիաթը»:
— Հոգեբաններն ասում են, որ մարդու կյանքի ու կենսագործունեության վրա մեծ ազդեցություն է թողնում մանկությունը: Իմ մանկության ամենավառ կերպարներից մեկն էր տատս: Կլորացած աչքերով հետևում էի, թե ինչպես է տատս իլիկ պտտում, արագ-արագ վերմակ շուլալում կամ բուրդը գզում: Ինձ հետը բանջարի էր տանում ու անասելի համբերատարությամբ սովորեցնում ճանաչել ամեն թուփ: Այնքան խոտ կերա, մինչև սովորեցի տարբերել սինձն ու խոտը (ծիծաղում է): Տատուս սեղանը միշտ առատ էր, ոչ ոք չէր կարող իր սեղանից վեր կենալ, մինչև մի լավ չկշտանար: Ու ինչպես աշխարհի բոլոր տատերին, իմ տատին էլ էր թվում, թե ես միշտ սոված եմ: Հարիսա սարքելը մեր տանը մի մեծ արարողության էր վերածվում, եփում էր հսկայական կաթսայով, իսկ ինձ հանձնարարում էր ձավարը մաքրել, որովհետև «քո աչքն ա սուր, իմը՝ բիլակներս պինդ, ես հարիսան կխառնեմ. գործը պիտի ճիշտ բաժանես, որ տունդ շեն պահես», ամեն բառի ու տողի տակ մի ամբողջ իմաստություն դնելով, ասում էր տատս: Մենք իսկական ընկերներ էինք ու մի քիչ էլ «հանցակիցներ»: Ամենաշատը սիրում էի, երբ երեկոյան տան բոլոր լույսերը մարում էին, ես գաղտագողի անկողնուցս փախնում, մտնում էի տատիս ծոցն ու խնդրում ինձ հեքիաթ պատմել… Վերմակը գլխիս քաշած ու շունչս պահած անհամբեր լսում էի տատիս պատմած հեքիաթները: Ի՞նչ իմանայի, որ վերմակի տակի իմ «թագավորության» իմաստուն թագավորները, չար դևերը, փորձություններ հաղթահարող արքայազնները, խորագետ արքայադստրերը, ազնիվ, աշխատավոր գյուղացիները աշխարհայացքս են ձևավորում: Ինչու՞ «Տատիկի հեքիաթը», կարծում եմ պարզ է. հեքիաթներն ամփոփում են ժողովրդական իմաստնությունը, իսկ ո՞վ, եթե ոչ մեր նախնիների փորձառության գիտակ տատիկները պիտի փոխանցեն այդ իմաստությունը նոր, երիտասարդ սերնդին:
— Իսկ ինչպե՞ս ծնվեց, ի՞նչ շարունակություն ունեցավ «Տատիկի հեքիաթը»:
— Ես ծնվել ու մեծացել եմ մայրաքաղաքում ու գյուղն իմ համար միշտ հեքիաթային մի վայր էր, որտեղ կար պարզություն, խաղաղություն: Մանկավարժ-հոգեբանի կոչումս ինձ մի օր տարավ Սևանի գյուղերից մեկի՝ Ծաղկունքի դպրոց, որտեղ շաբաթվա մի քանի օրն աշխատում էի ու վերադառնում մայրաքաղաք: Աշխատելուս տարիներին փորձում էի հնարավորինս արդյունավետ ու բազմաբովանդակ ժամանակս օգտագործել՝ նպաստելով կրթության միջոցով նաև համայնքի զարգացմանը: Գյուղում չկար մանկապարտեզ, նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կամ ժամանցային այլ վայրեր: Ինքս նախաձեռնեցի ու դպրոցում սկսեցի դասերից դուրս անվճար «Պատրաստվում ենք դպրոցին» նախադպրոցական զարգացնող ծրագիրն իրականացնել՝ հավաքելով գյուղի այդ տարիքի երեխաներին: Ծրագիրը մի քանի տարի իրականացնելուց հետո դպրոց հաճախող երեխաներն արդեն ավելի պատրաստ, մոտիվացված ու անկոնֆլիկտ էին հաղթահարում առաջին դասարանի դժվարությունները: Ոչ ֆորմալ կրթության մի այդպիսի ծրագիր էլ դարձավ «Տատիկի հեքիաթը», որը հետո աճեց, զարգացավ ու տարբեր մշակումներով սկսեց տարածվել:
Գյուղում, աշխատանքից հետո, երբ տուն էի գնում, հաճախ էի տեսնում իրենց բակերում, այգիներում ժրաջան աշխատող տատիկներին, կանգնում, զրուցում էի հետները: Չեմ կարող նկարագրել, թե ամեն անգամ ինչ ջերմություն ու հաճույք էի ստանում այդ զրույցներից: Ու հաճախ մտածում էի, որ այս տեխնոկրատ դարում, երբ երեխաների առօրյան լցնելու են եկել բազմաթիվ սմարթֆոններ, համացանց և այլն, դա նրանց զրկել է տատիկների ու պապիկների հետ շփվելու բերկրանքից: Մյուս կողմից, որպես հոգեբան շատ լավ հասկանում էի, որ տարիքի հետ մեծահասակները կորցնելով իրենց սոցիալական ակտիվությունը, ավելի խոցելի են դառնում, այնինչ նրանք մեր ամենաիսկական գանձարաններն են, որտեղ ամբարված այնքան իմաստություն, սեր ու ջերմություն կա: Այդտեղից էլ ծնվեց «Տատիկի հեքիաթը» նախագծի միտքը. որոշեցի շաբաթը մի օր դպրոց հրավիրել տատիկներից մեկին, ով հեքիաթ կկարդա երեխաների համար: Հոգեբանության մեջ լայն կիրառում ունի հեքիաթաթերապիան, որի օգնությամբ թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը կարող են հաղթահարել բազմաթիվ հոգեբանական խնդիրներ: Մասնագիտական գիտելիքներիս օգնությամբ նախագիծը որոշակի կառուցվածք ու բովանդակություն ստացավ՝ առանց կաշկանդելու մասնակիցների ազատ, ինքնաբուխ ու ստեղծագործ մասնակցությունը: Ծրագիրն ինտերակտիվ է, հեքիաթներն ամենայն մանրամասնությամբ ընտրվում են՝ տարիքին համապատասխան, իրենց ասելիքով ու փոխանցող արժեքներով, հեքիաթների ընթերցումից հետո երեխաների հետ քննարկում էինք, նկարում հեքիաթից իրենց դուր եկած հատվածը, լսում տատիկների խրատները և այլն: Սկզբում շատերն էին թերահավատորեն վերաբերվում այս մտքին, ասելով, որ տատիկները չեն գա. ո՞վ այդքան ժամանակ ունի, այն էլ գյուղի տատիկը: Բայց ասեք ինձ՝ ի՞նչ չի անի տատը իր սիրելի թոռան համար: Տատիկները ոչ միայն սիրով եկան, այլև հերթագրվում էին, ամեն անգամ զանգում, հարցնում, թե ե՞րբ է իրենց հերթը, անգամ այլ գյուղերից, մարզերից չէին զլանում՝ գալ և պատմել իրենց հեքիաթը: Այդ օրերն իսկական տոն էին թե՛ երեխաների, թե՛ տատիկների, թե՛ ինձ համար: Տատիկներն իրենց ստեղծարարությամբ ամեն օր հարստացնում էին ծրագիրը՝ համեմելով հանելուկներով, առած-ասացվածքներով, անգամ «երկնքից ընկած 3 խնձորով» :
— Դպրոցում աշխատանքն ավարտելուց հետո «Տատիկի հեքիաթը» ի՞նչ ձևաչափ ստացավ։
— Մայրաքաղաք վերադառնալիս ինձ դադար չէր տալիս այն միտքը, որ «Տատիկի հեքիաթը» կարող էր այլևս չշարունակվել: Բայց ինչպես ասում են՝ կյանքում պատահական ոչինչ չի լինում: Հենց այդ ժամանակ ծանոթացա մեր ազգային մշակույթի մշակ, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանի հետ: Մի առիթով ես ու Վանուհին բանավիճեցինք, մտքերով փոխանակվեցինք, երկուսիս մտահոգությունների, թեժ քննարկումների արդյունքում որոշեցինք «Տատիկի հեքիաթին» նոր շունչ տալ: Հիմա էլ կեսկատակ ասում ենք. «Ի՜նչ լավ է, որ մի օր իրար հետ վիճեցինք, թե չէ ամեն ինչ այսքան սիրուն չէր լինի…»: Վանուհին երկար տարիներ զբաղվել է հայկական ժողովրդական տոներով ու ծեսերով, հանրահռչակել մեր ազգային մշակույթը: Իսկ «Տատիկի հեքիաթը» կրթամշակութային ծրագիր է: Որոշեցինք, որ նա կդառնա ծրագրի կերպարային տատիկը՝ մամիկը (Վանուհու կողմից միակ խնդրանք-պահանջն էր, որ իրեն մամիկ ասենք, ինչպես իր տատին են ասել), ով տատիկների հավաքական կերպար է, և այն արժեքները, որոնք մտածում էի ծրագրի օգնությամբ փոխանցել երեխաներին, հենց հավաքական կերպարի միջոցով էլ կփոխանցենք: Ու արդեն քանի տարի է միասին համագործակցում ենք՝ ամեն օր կատարելագործելով ծրագիրը, նոր ասելիք ու նոր շունչ տալով նրան: Մամիկը գալիս է անցյալից, գալիս ու պատմում է մեր նախնիների կենսակերպի, ավանդույթների, դրանց կենցաղային ու հոգևոր բովանդակության մասին, աշխատանքի ընթացքում ծնվող երգերն է երգում ու սովորեցնում երեխաներին, իսկ վերջում պատմում հեքիաթը: Իսկ ես, ստանձնելով մամիկի կերպարային թոռնուհու դերը, թոռնուհու բերանով փոխանցում եմ մանկավարժ-հոգեբանի իմ գիտելիքները: Մեծերի աշխարհում տատի պատմած հեքիաթը փնտրող թոռնուհու իմ կերպարը կարծես միջնորդ է, որը փորձում է ներկայի ու անցյալի, իրականության ու հեքիաթի կամրջող օղակը դառնալ, ինչպես նոր ընձյուղվող ծառը, որն իր արմատին, տվյալ դեպքում մամիկին ու նրա փորձառությանը, կպած միայն կարող է փթթել: Երիտասարդ թոռնուհու կերպարն ինձ դուր է գալիս, որովհետև նրա կերպարով ես իրացնում եմ մանկավարժի իմ առաքելությունը:
— Ծրագրի ձևաչափը փոխվել է, իսկ վա՞յրը։ Որտե՞ղ և ինչպե՞ս են կենդանություն ստանում հեքիաթները։
— Ծրագիրը գյուղից տեղափոխվեց քաղաք։ Թանգարանների հետ համագործակցելով՝ այն սկսեցինք իրականացնել մայրաքաղաքում: Համագործակցել ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Հ. Թումանյանի տուն-թանգարանի, Ժողարվեստի թանգարանի հետ և այլն: Այդ ընթացքում, չմոռանալով ծրագրի նախնական ձևաչափն ու առաքելությունը, փնտրում էի նաև այդ ձևաչափով աշխատելու հնարավորություն: «Ազգային արժեքների պահպանման ու տարածման» դրամաշնորհային մրցույթում ծրագիրը հաղթող ճանաչվեց, և հնարավորություն ստեղծվեց Մեղրաձոր խոշորացված համայնքում տատիկների ու երեխաների հետ միասին իրականացնել այն: Շուրջ 100 երեխա և 11 տատիկ 7 գյուղից՝ հնարավորություն ստացան դառնալ ծրագրի մասնակից: Անգամ Վանաձորից ու Երևանից կամավոր տատիկներ արձագանքեցին մեզ ու եկան Մեղրաձոր՝ երեխաների համար հեքիաթ պատմելու: Հատուկ շնորհակալություն եմ ուզում ասել Մեղրաձոր համայնքի մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, հատկապես Գոհար Հակոբյանին, հնարավոր ամեն կերպ ծրագրին աջակցելու համար: Ծրագիրը բարեգործական սկզբունքով իրականացրել ենք նաև Հայաստանի այլ մարզերում, որովհետև չափազանց կարևոր ենք համարում, որ ամեն հայ մանուկ մասնակիցն ու մասը դառնա մեր հեքիաթի: Տարբեր ձևաչափերով ծրագիրն իր գործունեության ընթացքում 2000-ից ավելի երեխա է հյուրընկալել, ես համարում եմ, որ այդքան սերմ ենք գցել, որոնք կպտղաբերեն իրենց ժամանակին:
Ներկայում ծրագիրն իրականացնում եմ Նորքի հին թաղերում ծվարած մի հեքիաթային անկյունում՝ «Մամիկ» հյուրատանը, որի համահիմնադիրները ծրագրի լավ բարեկամներ՝ կերպարային տատիկ, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանն ու Շողեր Հակոբյանն են: Հուսով եմ մի օր «Տատիկի հեքիաթը» կունենա իր հեքիաթային անկյունը:
— Ի՞նչ նպատակ ունի ծրագիրը ու ի՞նչ խնդիրներ է լուծում:
— Առհասարակ, ծրագրի նպատակն է պահպանել սերունդների կապը, ննրանց միջև ստեղծել երկխոսություն: Մենք հաճախ ենք շեշտում, որ այս ծրագիրը թեպետ ինտերակտիվ է, իր մեջ ներառում է երգ, պար, խաղեր, հեքիաթի ընթերցում, նկարչություն, բայց այն զուտ ժամանցային չէ, ծրագրում շեշտադրումը կատարված է ուսուցողական բնույթի վրա: Այսօր առաջարկվող բազմաթիվ զվարճանքները, համացանցը երեխային դարձնում են պարզապես սպառող, այնինչ մենք խնդիր ունենք նրանց դաստիարակելու։ Մենք պետք է նրանց հնարավորություն տանք ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, երևակայելու, ստեղծելու ու արարելու: Իսկ հեքիաթները դրա լավագույն գործիքներն են: Եթե մենք ուզում ենք ապագայում ունենալ ստեղծարար, արարող, ճկուն, պատասխանատու, սեփական ինքնությունը ճանաչող ու իրեն դրա հետ նույնականացնող հասարակություն, ապա անպայման պիտի այսօր արմատախիլ անենք սպառողի արատավոր մոտեցումը: Ասեմ ավելին, կարծում եմ, որ պետական մակարդակով կրթության միջոցով պետք է պատվիրակել մանկավարժներին դաստիարակելու պատասխանատու ու արարող սերունդ, որը ճանաչում է իր մշակույթն ու պատմությունը: Այսօր այս ծրագրով մենք փորձում ենք հեքիաթների լեզվով երկխոսել երիտասարդ սերնդի հետ, իսկ դրանցում ամփոփված են ժողովրդական իմաստության բանալիները:
— Ծաղկունքի հայտնի տատիկին, ով 2000-ից ավելի հանելուկ գիտի, կարելի է ասել, դուք եք հայտնաբերել: Չե՞ք խորհրդակցել ազգագրագետների հետ, գուցե հնարավոր է հանելուկներ, հեքիաթներ հավաքել:
— Տատիկների հետ աշխատելիս ամեն անգամ մենք ազգագրական, բանահավաքչական անասելի շերտեր ենք բացում: Այդ ամենը հնարավորինս փորձում ենք կիրառել ծրագրի ընթացքում: Պատահական չէ, որ ծրագիրը շարունակում ենք ազգագրագետի հետ, նրա շնորհիվ արժեքավոր նյութեր ենք հավաքում։ Մեր նպատակն ավելի շատ այդ ամենը ժողովրդի մեջ կենդանի պահելն է, կիրառելը:
Զրույցը՝
Արմինե Սարգսյանի
Լիլիա Շատվերյանի
No Comments