Արև էր, բայց աշուն․․․
Դ․ Սամվելյան
Տատս կասեր՝ «Բոյին ու քաշին մի աշի, իմաստնությունը չափի»։
Գիրքդ չափերով փոքր էր, կազմ ու շապիկով դժվար էր ենթարկվում մատներիս, պատրվակ էր փնտրում ու օձի հնարամտությամբ սողոսկում ձեռքիցս։ Բայց․․․բռնում էի Իրեն, էջերից ներս խցկվում, անէանում շապիկին դաջված Ռոդենի գիշերվա խորհրդավոր իմաստնության խորքերը, չէ՞ որ մարդու համար՝ մենակ, իր ու հոգին գրկող գրքի հետ մնալով՝ «գիշերը հենց կեսօրին է գալիս»։
Նուրբ ու դիպուկ, գրողի վարպետությամբ կարողացել էիր սյուժե ունեցող պատմողական այս փոքր ծավալի ստեղծագործությունների մեջ խտացնել գույներ, ձայներ, մեղեդի, դրվագներ ու կերպարներ։ Ցույց էիր տվել կյանքի էական կողմերը, կատարել էիր խոր ընդհանրացումներ կերպավորածդ հերոսների միջև։
Ես «անցյալի հոտ» զգացի գրքումդ տաշած ու ձևած դեպքերից ու դեմքերից։ Գրքիդ հետ տարիները փեշիցս քաշելով՝ պատմության իրենց քառուղիները հասցրին, որոնք հերոսաբար ապրեցինք՝ կոչելով «ցուրտ ու մութ»։ Այդ տարիներն իմն էին, քոնը, մեր սերնդինն էին, այդտեղ մռայլից ու տաղտուկից հյուսված մեր հիշողություններն էին, հարազատ էին այնքան, ինչպես «սենյակիդ հավատարիմ ճանճը»։
Գիրքդ ինձ «շքամուտք» տարավ, բայց ոչ ձերը։ Իմ ապրած «ցուրտ ու մութը» գյուղում էր, շքամուտք չկար, նեղլիկ, նաև բարձր ու մեծ տներ էին, բայց հերոսները նույն էին՝ քո գիրք մտած կամ այնտեղից դուրս եկած, ձևած էին նույն հոգուց, միս ու արյունից, «ձուլված էին նույն հիշողությունից, որը, հավանաբար, հաշվել չէր լինում»։
Ասում ես՝ «անձրևները քաշվել, գնացել էին այնտեղ, որտեղ արևները շատ էին»։ Գիտե՞ս, արև-հոգիներին է բնորոշ տեսնել ու զգալ անշունչը, անէ ու անգոյ թվացող երևույթները։ Դու կարողացել ես ներթափանցել հերոսներիդ հոգու խորքերը, նուրբ մազանոթները միահյուսելով՝ սեր ստեղծել, պատիվ (որն արդեն վաճառվում է), հրաժեշտ, կարոտ, քաղաքի հոտ, լվացքից կերպավորող քաղաքի գույն ու թույր, վերելակի ապսպրող դռների պատմություն, պատրանք, երազ․․․
«Երազումս մեզ էի տեսել»․․․ ժլատ նախադասություն, զուսպ ու համեստ, պճնանքից ու շպարից հեռու պահած բառեր, բայց տե՛ս, մեջն ինչքա՜ն սեր ես խտացրել, որի մասին մեկ ուրիշը կգրեր, գուցե և,տասնյակ էջեր։
Ինչ խոսք, հաճելի է կարդալ այն գրողներին, ովքեր ընթերցողին խոկալու ու խորհելու, ասելիքը մեծ-մեծ ումպերով կուլ տալու բաժինք են կտակում։
«ՈՒզում եմ վերադառնալ այն աշխարհ, որտեղ ապրում են ամեն վայրկյան, ցերեկը՝ աշխատելով, գիշերը՝ երազելով»։
Երանի թե կյանքը թույլ տա, ու բոլորս ապրենք գրողի կերտած կյանքի ռիթմը զգալով, ապրենք սիրելով՝ սիրել՝ ապրելով, հեռանանք․․․
Թող որ հրաժեշտները լինեն ժամանակավոր, իսկ երամները վերադառնան միշտ։
Նաիրա Աբրահամյան
No Comments