Գայանե Մկրտչյան Թատրոն

Երեխային հմայող ներկայացում  թանգարանում .«Լույսի ծածկագիր»

Երեխային հմայող ներկայացում  թանգարանում .«Լույսի ծածկագիր»

Թումանյանն ու Իսահակյանը առաջին հայացքից պարզ, սակայն մեր ամենագաղտնագրված հեղինակներից  են: Այս հաստատումին ես հանգում Իսահակյանի տուն-թանգարանի «Լույսի ծածկագիր» ներկայացումից դուրս գալիս:

Համազգայինի դերասանուհի Ալլա Սահակյանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից առաջարկ էր ստացել գրողի 150-ամյակի հոբելյանի շրջանակում հեքիաթներ պատմելու: Իսահակյանը երեխաների համար տարբեր ժանրերի գործեր ունի՝ առակ, լեգենդ, հեքիաթ,  և դերասանուհու մտահղացումն էր՝ «ավելի լուրջ ընթացք տալ դրան, հեքիաթն ուղղակի չպատմել, այլ ցույց տալ, խաղալ»:  Միտքը համակող էր, տուն- թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանին ոգևորեց տարբեր հերոսներին նույն ներկայացման մեջ տեսնելու գաղափարը:  Եվ համախոհների հրաշալի թիմը  սեփական երևակայությամբ վերաձևելով «Ամենապիտանի բանը», «Արևի մոտ», «Նուկիմ քաղաքի խելոքները» գործերը, ստեղծեց բազմաշերտ  ներկայացում՝ «Լույսի ծածկագիրը»:

Ներկայացման սցենարիստն ու ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է, բեմանկարիչը Սուսաննա Հախվերդյանը, տիկնիկագործը՝ Նանե Զուրաբյանը, երաժշտական ձևավորումը Էլլադա Սահակյանինն է:  Էլլադա Սահակյանը  նաև «Գիտության լույսը» երգի հեղինակն է:

Հանդիսականները սկզբում նախնական շրջայց են կատարում տուն-թանգարանում, տպավորվում հայ գրողի ճաշակավոր կենցաղով և 7 հազար գիրք  ունեցող գրադարանով: Թանգարանի մուտքի մոտ, պալատական մանկլավիկի զգեստավորումով, իբրև հյուրընկալ տիրուհի Ալլա Սահակյանը  երեխաներին ուղեկցում է վերնահարկ՝ ներկայացումը դիտելու:

 Ներկայացման անսովոր միջավայր դահլիճն ասես մեծ գերդաստանի հյուրընկալ օջախ է, որտեղ բոլորի համար էլ հարազատ անկյուն կա: Հանդիսատես փոքրիկները առաջին շարքերում էին, հարմարավետ տեղավորված բարձերի վրա: Նրանց ուղեկից մեծահասակները պատվավոր թիկունքում էին՝ աթոռներին հարմար տեղավորված:

Սրահի մեջտեղում կախարդական սնդուկն էր՝ նրանում թաքնված հեքիաթի հերոսներով: Սենյակի անլույս անկյուններում գաղտնի դարակաշարեր ու խորշեր կային, որոնց պարունակությունը բացահայտելու մենաշնորհը հեքիաթասաց  տիրուհունն է: Ալլա Սահակյանը հեքիաթների անկյունից վերցնում էր հարկ եղած իրը և հետ դնում նաև՝ անվրեպ: Ինտերակտիվ ներկայացման վարողը նաև  կենդանի շփման մեջ էր հանդիսականի հետ: Հեքիաթների աշխարհ մուտք ուննալու համար պետք էր ճշգրիտ գուշակել  սնդուկի գաղտնաբառը…

Առաջին շարքում նստած վեցամյա Վանը ներկայացումից հետո ավագ եղբայր Համիին պատմում էր. «Շունչս կտրվում էր սնդուկի բացելու ժամանակ, ուզում էի հիշել,  լավ էր մի մեծ տղա հիշեց՝ Աբու-լալա Մահարի»:

Եվ սկսվում է թատրոնը՝ հեքիաթը  երկու մետր հեռավորությունից  դիտելու կախարդանքը:

Աբուն և Ալլան

Ներկայացման գլխավոր կերպաներն են դերասանուհի Ալլան, որ սնդուկը բացելուց հետո զգեստափոխվում է կանաչ-երկարափեշ հեքիաթային ոգու և կախարական սնդուկի պահապան Աբու տիկնիկը: 

Խամաճիկ, տիկնիկավար, երգասաց, երեխաների ու հեքիաթի հերոսների միջև կապավոր, երգիչ, սիրտ փոխող սրինգ փչող, դեկորատոր. 13 պերսոնաժ է մարմնավորում  Ալլա Սահակյանը: Երեխաների ակտիվ օժանդակությամբ ներկայացման հերոսները պիտանի բաների միջից գտնելու էին ամենապիտանի բանը, որը պետք էր նաև հեքիաթային Նուկիմ քաղաքի չակերտավոր խելոքներին, որոնք այնքան անփույթ էին իրենց երկրի լույսն ու ջերմությունը ապահովելու երաշխիք ոսկու պարկը  պահպանելիս: Հիսուն րոպե բեմադրության հերոսները միմյանց հետ լույսի ճանապարհն են որոնում: Նուկիմ քաղաքի` սիրտ սառեցնող «սրթսրթան ցուրտը» մի առանձին՝ մարմնավորված կերպար ու խոչընդոտ էր ասես, որը պիտի հաղթահարվեր:

Կյանքը չէր քաղցրացրած կամ ստերիլ մաքրազերծած, ինչպես մանուկների համար արված շատ գործերում, չեն խուսափում «աղքատ» բառից: «Լույսի ծածկագիր» ներկայացման մեջ իսահակյանական հեքիաթները ոչ թե ուղղագիծ հերթականությամբ են, այլ հյուսված էին՝ իբրև մեկ պատում: Ավելին՝ բազմաշերտ հնարքով հեքիաթներին միահյուսվել էին Իսահակյանի առանցքային երկու գործերի՝ «Աբու-լալա Մահարի» և «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով»,  պոետական տողերը: Արդյունքում բազմաշերտ հեքիաթ էր, մի քիչ ավելի լավ, քան մեծերի, ոչ թե անհասկանալի կամ մեծական, այլ խորհրդավոր ու կախարականին սահմանակցող  հրաշքի սպասումով: Նոր ժամանակակից գործիքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված հատուկ ներկայացման համար նկարված մուլտ ու երգ կար՝ «Գիտության լույսը»՝ դահլիճն ու բեմը միավորող, հեքիաթի  մոտիվներով ռիթմիկ, գունագեղ, որում ինչ-որ տեղ հակասության մեջ էին տեքստն ու պատկերները՝ երեխաներին ընկալելի լինելու համար:

Երգը սա էր՝ ավելի առարկայորեն և հասկանալի և շատ վիզուալ՝  երեխաների համար ներկայացման մեջ. «տխուր մրմունջ, լուռ անուրջ, նյութապաշտ, նյութի տաճարում անհագ, արբած պարողներ, սիրտ փոխող, լույս բերող երգ, երգ լույսի, որ չգա ոգու սով, եթե լույսը չլինի՝ խավարը կտիրի, ցուրտը կտիրի»…

Հ.Գ․ Ներկայացումը հիշեցրեց Իսահակյանի խոսքը.«Պետք է միայն սիրել, խորանալ, դիտել, տեսնել, զգալ, հուզվել և նյութը արվեստի վերածել»:

Եվ ակամա կամ ըստ հարկի՝ մտքումդ Չարենցի վերջին բանաստեղծության տողերն են բանտից՝ ուղղված Իսահակյանին, նրա պոեզիայի ժողովրդական կախարդանքի  մասին.

«Որ հմայե երեխային

Ու ծերունու սրտում մնա»։

Գայանե Մկրտչյան