ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Երեք նրբություն «ի» և «ու» հնչյունների վերաբերյալ

13.01.2024

1․ Հայերենում այս երկու հնչյունները՝ ի, ու, հաճախ ենթարկվում հնչյունափոխության, երբ կորցնում են բառային շեշտը, օրինակ՝ գի՛ր – գրավո՛ր, գի՛րք – գրքի՛, տո՛ւն – տնե՛ր, ամո՛ւր – ամրանա՛լ և այլն։ Բայց սա պարտադիր օրինաչափություն չէ․ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ նման հնչյունափոխություն տեղի չի ունենում, այսպես՝ թիմ – թիմի, դիրք – դիրքի, հիմք – հիմնային։ Շատ բառեր էլ այսօր արդեն հանդիպում են զուգաձևություններով․ ծնունդ – ծննդից//ծնունդից, սնունդ – սննդից//սնունդից, ծծումբ – ծծմբի//ծծումբի և այլն։ Այս դեպքում հին՝ հնչյունափոխված ձևերը առավել շատ գործածվում են գեղարվեստական ոճում, իսկ չհնչյունափոխված ձևերն ավելի ու ավելի են նկատվում որպես «չոր» գրական տարբերակներ։

2․ Ժամանակակից գրական արևելահայերենում «ի» հնչյունով ավարտվող բառերի գերակշիռ մասը պատկանում է «Ու» հոլովման․գարի – գարու, բարի – բարու, այգի – այգու և այլն։ Այս համաբանությամբ ռուսական մի շարք անուններ, որոնք վաղուց են գործածվում հայ գրականության մեջ և առավել հարազատ են հնչում, նույնպես ենթարկվում են «Ու» հոլովման, օրինակ՝ Դոստոևսկի – Դոստոևսկու, Գորկի – Գորկու և այլն։ Սակայն դրան հակառակ՝ «ի» հնչյունով ավարտվող այլ օտար անուններ շարունակում են պահպանել այն և հոլովվել արդեն համակարգային «Ի» հոլովմամբ, օրինակ՝ Մերի – Մերիի, Ջոնի – Ջոնիի, Վերդի – Վերդիի և այլն։

3․ Ժամանակակից հայերենում Լոռի, Գյումրի տեղանուններն ունեն հոլովական զուգաձևությունները․ Լոռվա – Լոռիի–Լոռու, Գյումրվա–Գյումրիի–Գյումրու։ Պետք է իմանալ, որ գրական լեզվում հանձնարարելի է «Ու» հոլովումը՝ Լոռու, Գյումրու, Լոռուց, Գյումրուց։ Այս կանոնը, սակայն, չի բացառում, որ այդ տեղանունների որոշ բարբառային հոլովաձևեր գործածվեն պատմական, աշխարհագրական, սննդապաշարեղենի բնագավառներում, օրինակ՝ Լոռվա բերդ, Լոռիի հովիտ, Լոռիի Ս. Լուսավորիչ վանք, Լոռվա սարահարթ, Գյումրվա խաշ և այլն։

Նշան Աբասյան

No Comments

Leave a Reply