Երերույքի տաճարը կարող էր դառնալ ուխտագնացության և զբոսաշրջության կարևոր հանգրվան թե՛ տեղացիներիս, թե՛ մեր երկիր ժամանող հյուրերի համար, եթե այն արժանանար պատշաճ վերաբերմունքի և հոգածության: Այնինչ տաճար հասնելու համար մեծ սխրանք է պահանջվում ու մեծ ցանկություն: Սարսափն սկսվում է տաճար տանող ճանապարհից, որը մեծ փորձություն է թե՛ մեքենաների, թե՛ վարորդների, թե՛ ուղևորների համար: Ճանապարհ, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի: Այն մեքենա կոտրելու և ոսկորներդ հատ-հատ հաշվելու բացառիկ հնարավորություն է: Եվ եթե անգամ ղեկին Գևորգի նման հյուրընկալ գյումրեցի է, որ բառ անգամ չի արտաբերում մեքենային և իրեն բաժին հասած փորձության մասին, միևնույն է, դու քեզ շատ մեղավոր ես զգում այդ տղային նման անհարմարություն պատճառելուդ համար: Ինձ համար թանկ անունով այդ տղան (Գևորգը քրոջս (նաև՝ իմ) որդու անունն է, որն իր ողջ գիտակցական կյանքում ստանձնել է հայրենիքի փրկության առաքելությունն ու անդավաճան ծառայում է այդ բարդ ու սուրբ գործին. կամ պատերազմի դաշտում է, կամ պատերազմի սպասման մեջ) զարմացնում է իր բարեկրթությամբ: Ես ու Ռուզաննա մորաքույրս նրան հանդիպեցինք Գյումրի ոտք դրած առաջին րոպեներին: Տաքսի էր վարում, կանգնեցրի և խնդրեցի ինձ տանել հյուրանոց: Գումար չվերցրեց: Ի պատասխան շնորհակալության՝ հնչեց գյումրեցիների այնքա՜ն ինքնատիպ պատասխանը. «Բարո՛վ էգաք»: Հենց այդ պահին էլ որոշեցի նրան դիմել մեզ Երերույք տանելու առաջարկով, որն ընդունվեց առանց քննարկման: Ճանապարհին պատմում էր իր մասին, գյումրվա կյանքի, զարմանում, որ ես Երևանից հասել եմ Գյումրի՝ տեսնելու Երերույքը, մինչդեռ ինքը հարցուփորձ է արել տեղացիներին և զարմացել, որ ոչ ոք անգամ չի լսել այդ տաճարի մասին:
Հասանք Երերույքի տաճարին՝ կիսախարխուլ, կիսականգուն, հպարտ սրբատանը, որ իր երերումի մեջ անբացատրելի վեհությամբ հառնեց մեր առջև նախ՝ հյուսիսային կողմից:
Տաճարի ամենագեղեցիկ, ճարտարապետական հորինվածքի ամենաշքեղ ոճավորումն ունեցող պատը գտնվում է հարավ-արևմուտքում:
Այստեղից էլ մուտք գործեցինք երբեմնի սրահ ու սկսեցինք ներսից զննել պահպանված պատերն ու խոյակները:
Սրահի ձախ հատվածում երկու փոքր խցեր էին, որոնցում գտանք մոմերի տրցակներ:
Հասկանալի է, որ ուխտավորների համար սրբավայրը չի դադարում սրբավայր լինելուց, եթե անգամ կիսաքանդ է ու ամայի: Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն մոմավառության, այլև հավատում են Երերույքի հրաշագործ զորությանն ու իրենց անուններով թերթիկներ թողնում այդ խցերում՝ խնդրելով Բարձրյալից հոգու և մարմնի առողջություն:
Մենք էլ վառեցինք մեր բաժին մոմերն ու շարունակեցինք հիացումի մեր երթը:
Տաճարից դուրս եկանք հարավային կողմից:
Հարավային պատը ևս պահպանել է իր երբեմնի շքեղության փշրանքները: Տաճարը գոտևորող աստիճանների առջև թափթփված են այդ շքեղության բեկորները: Թեև դժվար է ասել՝ դրանք Երերույքի մասունքնե՞րն են, թե այդտեղ գոյություն ունեցած երբենի գերեզմանատան տապանաքարերի:
Ամեն դեպքում այստեղ կարելի է տեսնել անգամ հեթանոս ժամանակներին բնորոշ տապանաքարեր, որպիսիք քիչ չեն մեր բազմաթիվ հնավայրերում: Թեև մասնագիտական ուսումնասիրությունները Երերույքի շուրջ գտնվող տապանաքերերին վերագրում են վաղ քրիստոնեության ժամանակաշրջան:
Տաճարից քիչ հեռու երևում է հին դամբարանի մուտքը:
Իսկ դրանից անդին քարե պարիսպ հիշեցնող կիսագոտի է, որ, թվում է, ձեռակերտ է, ոչ թե բնական լեռնապատ:
Երկար, բավականաչափ երկար պտտվեցինք Երերույքի ներս ու դրսում: Հեռանալն այս հրաշքից դժվար էր: Բայց Գևորգին շատ սպասեցնելն անհարմար էր: Չէ՞ որ պիտի հաղթահարեր հետդարձի չարչարանքը:
Երբ իմ ունեցած գիտելիքների շրջանակում փորձում էի պատմել Երերույքի մասին, Գևորգը լսում էր կախարդված: Երբ ուխտներս ավարտած նստեցինք մեքենա, այդ պարզ, հասարակ տղան հուզված ասաց. «Էս ինչե՜ր ունինք, ի՜նչ պապեր ենք ունեցել: Հըբը մենք ընչի՞ ըսպես դարձանք»: Դե արի ու գտիր պատասխանը:
Իսկ պատասխանը խայտառակորեն ցցված էր մեր առջև՝ Երերույքի կեղտոտ շրջակայքի, սուրբ պատերին գրոտված, անգամ՝ փորված չնչինությունների անունների ու դժգույն ցուցանակի տեսքով:
Իսկ ի՞նչ կարող է իմանալ հասանելի աղբյուրներից պարզ հետաքրքրվողը Երերույքի մասին, եթե հանկարծ որոշի իրեն պատճառել այդ նեղությունը:
Կարող է իմանալ, որ Երերույքի տաճարը եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի է Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին: Հիմնվել է քրիստոնեության վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Տեղ-տեղ նաև սև տուֆաքարեր են երևում պատերի մեջ: Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու՝ հեթանոսությունից մնացած սովորությունից։ Կա նաև այլ մեկնաբանություն՝ տրված ժողովրդի կողմից. Երերույք անվանումն առաջացել է հարավային պատի սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
Մասնագետների գնահատմամբ՝ Երերույքը վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։
2010-2011 թվականներին այստեղ ուսումնասիրություններ են կատարել Շիրակի երկրագիտական թանգարանի և ֆրանսիական Պրովանսի համալսարանին կից գործող «Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի» մասնագետները։
2011 թվականին կատարված պեղումների ժամանակ նկատվել է վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա։ Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն՝ ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն։ Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական։ Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը։
Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների գերեզմաններ։ Դա ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրիկ Տոնապետյանը 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Քանի որ նա եղել է Հիսուսի մկրտիչը, մարդկանց պատկերացումներում դեռ չմկրտված նորածին երեխաներին այստեղ թաղելը Սուրբ Հովհաննեսից այդ կերպ մկրտություն ստանալու հնարավորություն է ենթադրվել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։ Իսկ ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն նշել է, որ լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև թվագրման համար։
Կարելի է ասել, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում։ Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ։
Ահա այսքանը, որ կարող է օգնել՝ գոնե մոտավոր պատկերացում կազմելու Երերույք անունով հրաշքի մասին: Սակայն ի՞նչ տեղեկություն կարող է փոխարինել այն սրբազան դողին, հպարտության, ափսոսանքի, ընդվզումի այն ալիքին, որ գլուխ է բարձրացնում մարդու մեջ, երբ կանգնում է Երերույք կոչվող անօրինակ վեհության առջև ու խորապես գիտակցում իր չնչինությունը, անարժանությունը սեփական անցյալի, սեփական արմատների, նախնիների կտակած գանձերի առջև:
Մենք հետ նայելու ու այնտեղից սովորելու ինչքա՜ն բան ունենք: Ե՞րբ պիտի սկսենք այդ ընթացքը, որ կարողանանք տեղ հասնել:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments