ՄշակութաԳիծ

Երևանում կայացած հաջող պրեմիերայից հետո «Նոր հրաշքի նախօրեին» սառցե շոուն կցուցադրվի Բաթումիում

Երևանում կայացած հաջող պրեմիերայից հետո «Նոր հրաշքի նախօրեին» սառցե շոուն կցուցադրվի Բաթումիում

Երևանում մեծ արձագանքով կայացավ պրոդյուսեր Զառա Մխեյանի «Նոր հրաշքի նախօրեին» ամանորյա սառցե շոուի պրեմիերան, որի հիմքում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթն է։ Այս զգացմունքային ու մասշտաբային նախագիծը շուտով կներկայացվի նաև Բաթումիում, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա ապրելու հայկական հեքիաթի կախարդանքը սառույցի վրա։

Զառա Մխեյանի ղեկավարած ստեղծագործական թիմը հերթական անգամ բարձրացրեց սառցե շոուների որակական նշաձողը՝ միավորելով գեղասահքը, թատերական դրամատուրգիան և ժամանակակից բեմական լուծումները։ Նախագծի վրա աշխատել է մեծ թիմ՝ շուրջ մեկ տարի շարունակ՝ յուրաքանչյուր դետալ ձևավորելով առավելագույն ճշգրտությամբ և գեղարվեստական խորությամբ։ Նախագծի մեկենասն է Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։

Սառցե ներկայացման ընթացքում հանդիսատեսը վայելում է գունեղ և տեխնիկապես բարդ համարներ՝ ուղեկցված տպավորիչ վիդեոարտադրությամբ, որոնք հիացնում են անգամ ամենախստապահանջ դիտողին։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Էմիլ Կարատը, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը, զգեստների դիզայները՝ Կարինե Դնոյանը։

Նախագիծը իրականացրել է APPA-pro պրոդյուսերական ընկերությունը՝ Զառա Մխեյանի ղեկավարությամբ, որը հայտնի է իր մեծածավալ և եզակի սառցե շոուներով։ Նրա նախագծերում համադրվում են գեղասահքը, դրամատիկական թատրոնը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսային տարրերն ու ժամանակակից սցենոգրաֆիական տեխնոլոգիաները՝ ստեղծելով ամբողջական և հզոր բեմական փորձառություն։

Բաթումիում սպասվող ներկայացումը կդառնա ևս մեկ կարևոր հանգրվան այս բացառիկ նախագծի ճանապարհին՝ հայկական ստեղծագործական ներուժը ներկայացնելով միջազգային բեմում։