Մթի մեջ՝ գիշերվա կեսին, կամ ցերեկը, երբ մենք զբաղված ենք լինում առօրյա հոգսերով կամ դասերով, մեր ներսում՝ սրտի խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:
Բայց ո՞վ կամ ի՞նչ է նա: Ինքներս էլ չգիտենք։ Գիտենք միայն, որ նա կա, եղել է և հին է՝ Երկիրը բանգլադեշյան: Գուցե մտացածի՞ն է Բանգլադեշը: Հարավ-արևմտյան թաղամասը չկա՞: Գուցե փոշի՞ է միայն, երևակայությո՞ւն, կարծրատի՞պ…
Հիմա ձեր աչքի աջևով կանցնեն բազմաթիվ բանգլադեշցիներ, սիրեք՝ ում ուզում եք, ում մեջ ուզում եք, գտեք Երկիրը Բանգլադեշը:
Երկիր Բանգլադեշ՝ նույնը ինքը՝ երևանյան Բանգլադեշ
Ի՞նչ է Երևանյան Բանգլադեշը և ինչո՞ւ հենց Բանգլադեշ:
Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։
Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։
Մաս առաջին
Թաղամասը
․․․տները աքսոր քշվողներ են.
նայում են փլչող հայացքով․․․
Ղուկաս Սիրունյան, 1995
Երևանի այս թաղամասը ամեն ինչով նման է բոլոր հին ու նոր այլ թաղամասերին։ Ե՞րբ է կառուցվել այն։ Մենք այդպես էլ չկարողացանք գտնել մի ստույգ տարեթիվ, բայց 1970-ականները ամենանշանակալին էին այժմյան Բանգլադեշի համար։ Այն բաժանված է 7 ավելի փոքր թաղամասերի՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4։ Ասում են` այնքան շատ են բախումներ լինում տարբեր թաղամասի տղաների միջև, որ չկարողանալով զանազանել հակառակորդներին ընկերներից՝ նույն թաղամասի տղաներն իրար են հարվածում։
Այստեղ առաջին բնակելի տները եղել են հինգհարկանի, որոնք կանգուն են մինչ այսօր, բայց ժամանակի ընթացքում վեր են բարձրացել իննհարկանի` չիբուռաշկա կամ վրացական կոչվող շենքերը, հանդիպում են նաև տասներկու, տասնչորս, անգամ՝ տասնվեցհարկանի քարե հսկաներ:
Ամեն շենք ունի ամենաքիչը մեկ ցայտաղբյուր՝ նվիրված շենքի բնակիչներից մեկին, որն ըստ ամենայնի շատ բան է արել թե՛ շենքի, թե՛ բնակիչների համար կամ՝ մեր երկրի: Եվ, ի զարմանս բոլորի, այս ցայտաղբյուրներից քչերն են ձմռան ամիսներին դադարում աշխատել։ Հիմնականում դրանք տարին 12 ամիս, անգամ սառույցների միջից, խմելու ջուր են առաջարկում տեղի բնակիչներին։
Թաղամասը, բացի այդ բարձրահարկ հրաշք բնակելի շինություններից, ունի մի շարք տեղական հրաշալիքներ։ Թեկուզ հենց «Ամրոցը», «կալցեվոյը», Զորավար Անդրանիկի արձանը, և վերջապես՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին:
Սկսենք «Ամրոցից»։
Անդրանիկի փողոցի արևմտյան կողմում
գտնվում է բոլորին հայտնի «Ամրոցը»։ Ժայռե իր գահից մեզ է նայում քարայծի արձանը, որ ոչ մի կապ չունի «Ամրոցի» նշանակության հետ, պարզապես
այն դարձնում է ավելի խորհրդավոր։ Ասում
են, որ այդ վայրում պետք է կառուցվեր մանկական խաղահրապարակ, այլ կերպ ասած` Հայկական Դիսնեյլենդ։
Սակայն տարիների շինարարական աշխատանքները սպանել են սկզբնական
գաղափարը, և երկարամյա փոշու, կեղտի ու երկաթե ջարդոնների հավաքատեղի լինելուց հետո
նրա մի մասն այժմ վերածվել է ավտոկայանատեղիի, մյուս մասը` ավտոլվացման կետի՝ «Բ1,Գորգերի
ավտոմատացված լվացում» և «Car wash» ցուցանակներով։
Իսկ մյուս մասում նորահարուստները, մեկը մյուսից
գնելով կիսաքանդ շինությունը, իրենց համար տուն են
կառուցում, սակայն դրան դեմ են ոչ միայն բնակիչները, այլև՝ բնությունը։
Ամրոցից Անդրանիկի փողոցով վերև բարձրանալով՝ կարելի է տեսնել «կալցեվոյը»` զարդարված մաշտոցյան տառերով, սպիտակ կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով, որը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի՝ Հերասսայի հրապարակը: Սակայն շատերի կարծիքով այն չի համապատասխանում թաղամասի ընդհանուր տեսքին։ Այստեղ են հատվում Անդրանիկի և Րաֆֆու փողոցները։ Վերջինը համարվում է Երևանի ամենալայն փողոցը։
Հենց այս խաչմերուկի մի անկյունում էլ վեր է խոյանում Զորավար Արդրանիկի արձանը, որի անունով երբեմն կոչում են Բանգլադեշ դարձած Հարավ-արևմտյան թաղամասը։ Ավագ սերնդի ներկայացուցիչները Բանգլադեշի կենսագրության մեջ հատկապես առանձնացնում են այն օրը, երբ զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն, որը, ի դեպ, գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասին շատ մոտ։ Ասում են՝ բոլոր բանգլադեշցիները ոգևորված էին այդ փաստով և հայտարարում էին, թե գնում են Անդրանիկ զորավարի թաղմանը: Զորավարի արձանն էլ դարձավ յուրօրինակ ժամադրվայր: Հանդիպում ենք Անդրանիկի արձանի մոտ:
Եվ վերջապես, Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականին և ավարտվել 2005-ին, երբ կաթողիկոսը կատարել է եկեղեցու օծման արարողությունը։ Նրա շրջանաձևն կառուցվածքի հիմքում 7-րդ դարի Զվարթնոցի հայտնի տաճարն է։ Հոգևոր տոներին եկեղեցու բակում իսկական ժողովրդական տոն է լինում։ Եկեղեցու ներսում շատ են մեծահասակները, բակում` երեխաները:
Մաս երկրորդ
Բանգլադեշ ու բանգլադեշցիներ
Ինչպե՞ս լցվեցին այս թաղամասի շենքերն ու բակերը
Խորհրդային տարիներին շատ ընտանիքների տուն են տվել, մեկին՝ որպես հիմնարկության աշխատողի, մյուսին` որպես փոխհատուցում՝ կենտրոնի նրանց քանդված բնակարանների դիմաց։ Այն ժամանակ կենտրոնից տեղափոխված բնակիչներին դա աքսոր էր թվում: Շուտով այստեղ տեղափոխվեցին նաև բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի տարբեր մարզերից։ Երևանի կենտրոնից և ՀՀ տարբեր մարզերից եկած երեխաները խաղում էին միմյանց հետ և ձևավորում բանգլադեշցու կերպարն ու ժարգոնը։
Մեզ արդեն հայտնի Անդրանիկի արձանից Սուրբ Երրորդություն եկեղեցի ընկած հատվածում գտնվում էր այժմյան Մալաթիայի շուկան, որտեղ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ վաճառում էին այն, ինչ ընկնում էր ձեռքները։ Ժամանակի ընթացքում շուկան տեղափոխվեց դեպի արևելք և զբաղեցրեց սովետական գոմերի տարածքը։ Երևանի որ անկյունում էլ լինեք, կարող եք հարցնել ցանկացած անցորդի, և նա կճանաչի Մալաթիայի շուկան։
Խորհրդային միության տարիներին կառուցվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը հայտնի էր մասնավորապես դասերից փախչող աշակերտների շրջանում։ Երկարատև անգործությունից հետո՝ 2015-ին, կինոթատրոնը կրկին բացեց իր դռները:
«Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ են գտնվում նաև շատրվանները: Դրանց կողքին տարածվում է կանաչապատ այգին, որտեղ կարելի է հանդիպել նշանավոր մարդկանց հուշարձաններ ու դիմանկարներ։ Երեկոյան ժամերին այստեղ խիստ մարդաշատ է. կարելի է տեսնել՝ ինչպես են զբոսնում, զրուցում, իրենց երեկոն անցկանցում ավագ և երիտասարդ բանգլադեշցիները:
Բանգլադեշցիները շատ տարբեր են: Առավել հայտնի է բանգալդեշի քյառթու համայնքը, նրանք իրենց հպարտորեն կոչում են բանգլադեշցի կամ, օրինակ, բ1-ցի։ Հայտնի են նաև ամեն բակում նարդի կամ շախմատ խաղացող պապիկները և իրար կողք նստած տատիկները, որոնք հետևում են յուրաքանչյուր քայլիդ։ Կուզենայինք ծանոթացնել ձեզ նրանց հետ, բայց եղանակային ցուրտ պայմանների պատճառով նրանք միառժամանակ լքել են իրենց դիրքերը։
Իսկ եթե ուզում եք գալ այստեղ ու իմանալ վերջին իրադարձությունների մասին, ապա կես ժամ անցկացրեք փոքրիկ վարսավիրանոցներում, որտեղ ձեզ ջերմորեն կընդունեն և կպատմեն ամեն բան:
Չի կարելի խոսել խոսել Բանգլադեշի մասին և չհիշատակել ազատամարտիկ Վահան Զատիկյանին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ամենանշանավոր վարչական ղեկավարներից մեկին: Նա, լինելով համայնքի առաջին թաղապետը, փոշոտ Բանգլադեշի մի մասը զարդարել է պտղատու ծառերով։ Հենց նրա անունն է կրում զորավար Անդրանիկի արձանին հարակից այգին։ Վահան Զատիյանը մահացել է 42 տարեկան հասակում, ըստ պաշտոնական վարկածի՝ սրտի կաթվածից։ Թե ինչ էր եղել իրականում, դժվար է ասել. դա կարող է համարվել Բանգլադեշի մութ էջերից մեկը։
Դժվար է ներկայացնել Բանգլադեշի կյանքն ու առօրյան այսքան կարճ ժամանակում, բայց երևի բոլորս էլ արդեն կարող ենք համաձայնել, որ այն մտացածին չէ, մտքի հիվանդություն չէ, այլ հողեղեն է ու ամենաիրականը։
Երևի քչերը գիտեն, որ մեր երկրում բացի երևանյան բանգլադեշից կա նաև մեկ ուրիշ Բանգլադեշ կոչվող թաղամաս, որը գտնվում է Վանաձորում:
Միգուցե ուրիշ բանգլադեշներ
էլ կան, բայց մենք չգիտենք դրանց մասին, միգուցե շատ ավելի հեռու են, փոշոտ և փոքր:
Բայց կա մի բան, որ պատահել է միայն մեր թաղամասի հետ…
Պարզվում է՝ ասիական պետության՝ Բանգլադեշի բնակչության թիվն ահռելի է՝ հասնում է 143 միլիոնի. զարմանալի զուգադիպություն՝ մեր երևանյան Բանգլադեշի բնակչությունն էլ 143 հազար է կազմում:
Ռեբեկա Ասրյան
Լիանա Հարությունյան
No Comments