ԳրաԴաշտ

Էրիխ Մարիա Ռեմարկ․ Վերադարձ

12.01.2022

Ardi.am-ը բացառիկ իրավունքով ներկայացնում է հատված Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձ» վեպից։ Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը։ Մոտ օրերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության ռեմարկյան շարքը համալրած վեպը կլինի ընթերցողի սեղանին։


 -Ուզում եմ նորից զինվոր դառնալ: Ամեն ինչ որոշված է: Առավոտյան մեկնում եմ:

 -Դու հասկանո՞ւմ ես,- հարցնում եմ ես Լյուդվիգին:

-Այո՛,- պատասխանում է նա,- հասկանում եմ: Բայց դա չի օգնի,- ապա դիմում է Ռահեին,- դու հիասթափված ես, Գեո՛րգ, բայց մտածի՛ր, որ դա բնական է: Դաշտում մեր նյարդերը լարված էին, որովհետև կենաց-մահու հարց էր դրված: Հիմա մեր նյարդերը առագաստի պես փողփողում են անհողմության մեջ, որովհետև այստեղ փոքր առաջխաղացումների հետ գործ ունենք:

 -Իրավացի ես,- ընդհատում է Ռահեն,- այստեղ գործ ունենք կերի, կարիերայի մանր դժվարությունների և մի քանի իդեալների հետ, որոնցից սիրտս խառնում է, և այդ պատճառով ուզում եմ հեռանալ:

-Եթե անպայման ուզում ես մի բան նախաձեռնել, կարող ես միանալ հեղափոխությանը,- ասում եմ ես,- այնտեղ գուցե պատերազմի նախարար դառնաս:

-Ա՜խ, այդ հեղափոխությունը,- ձեռքը թափ է տալիս Գեորգը,- նրա ձեռքերը կարված են տաբատի կարերի հետ, կուսակցական քարտուղարներն են կարել, որոնք սեփական համարձակությունից իսկ վախեցած են:

-Ո՛չ, Գեո՛րգ,- ասում է Լյուդվիգը,- այդպես չէ: Մենք չափազանց քիչ ատելությամբ ենք հեղափոխություն արել, դա ճիշտ է, ու հենց սկզբից մենք ուզել ենք արդար լինել, և հենց դա է պատճառը, որ ամեն ինչ խափանվել է: Հեղափոխությունը պիտի մոլեգնի անտառային հրդեհի պես, հետո կարելի է ամեն ինչ նորից ցանել: Սակայն մենք չէինք ուզում ոչինչ ավերել, այլ միայն թարմացնել էինք ուզում: Մենք անգամ ատելության ուժ չունեինք՝ այնքան հոգնած ու վառված էինք պատերազմից: Հոգնածությունից կարելի է փոթորկային կրակի տակ էլ քնել, դու հո լավ գիտես: Բայց երևի դեռևս ուշ չէ աշխատանքով հասնել նրան, ինչ կորցրել ենք գրոհի ժամանակ:

-Աշխատանք,- ձեռքը թափ է տալիս Գեորգն ու լեռնային բյուրեղը փայլեցնում լամպի տակ,- մենք կարող ենք պայքարել, բայց ոչ աշխատել:

-Մենք պետք է նորից սովորենք աշխատել,- իր բազմոցի անկյունից հանգիստ ասում է Լյուդվիգը:

 -Մենք այլևս պիտանի չենք աշխատանքի համար,- հակադարձում է Գեորգը: Մի պահ լռություն է տիրում: Քամին ոռնում է պատուհանների տակ: Ռահեն մեծ-մեծ քայլերով անցուդարձ է անում Լյուդվիգի փոքր սենյակում, ու նրան նայելիս իսկապես թվում է, թե նա այլևս չի համապատասխանում գրքերի այս պատին, այս խաղաղությանն ու աշխատանքին, թե նրա՝ սուր դիմագծերով հստակ երեսը միայն համազգեստին է սազում խրամատներում, պայքարի մեջ ու պատերազմում: Նա թևերը հենում է սեղանին ու խոնարհվում դեպի Լյուդվիգը: Լամպի լույսն ընկնում է նրա ուսադիրներին, իսկ թիկունքում շողշողում է քարերի հավաքածուի քվարցը:

-Լյո՛ւդվիգ,- դժվարությամբ ասում է նա,- կասե՞ս՝ ինչ ենք անում այստեղ: Շո՛ւրջդ նայիր՝ որքան մեղկ ու անմխիթար է ամեն ինչ: Ինքներս մեզ ու մյուսների համար բեռ ենք դարձել: Մեր իդեալները կողոպտվել են, երազանքները՝ փշրվել, ու մենք վազվզում ենք այս աշխարհում ազնիվ, նպատակասլաց ու սպեկուլյանտ մարդկանց միջև որպես մի-մի դոն Կիխոտ, որ օտար երկիր են քշվել: Լյուդվիգը երկար նայում է նրան.

 -Ինձ թվում է՝ մենք հիվանդ ենք, Գեո՛րգ: Պատերազմը մեր ոսկորներում է դեռ:

Ռահեն գլխով է անում.

-Երբեք էլ չենք պրծնելու նրանից:

-Պրծնելու ենք,- պատասխանում է Լյուդվիգը,- քանի որ այլապես ամեն ինչ իզուր էր:

 Ռահեն վեր է թռչում ու բռունցքներով հարվածում սեղանին.

-Իզո՜ւր էր, Լյո՛ւդվիգ, հենց դրանից եմ ես խելագարվում: Ի՜նչ մարդիկ էինք այն ժամանակ, երբ խանդավառության հորձանքի մեջ ելանք այստեղից: Լյո՛ւդվիգ,- շարունակում է նա,- ես շատ ապաստարաններում եմ եղել, ու մենք բոլորս երիտասարդներ էինք, որ կծկվում էինք մի թշվառ մոմի շուրջ ու սպասում, իսկ մեր գլխավերևում երկրաշարժի պես մոլեգնում էր խափանիչ կրակը: Մենք այլևս նորակոչիկ չէինք ու գիտեինք՝ ինչին էինք սպասում, ու գիտեինք՝ ինչ է լինելու, սակայն Լյո՛ւդվիգ, գետնի տակի կիսախավարի այդ դեմքերի վրա ավելին էր, քան ինքնատիրապետումը, ավելին, քան արիությունը, ավելին, քան մահվան պատրաստականությունը, այլ ապագայի կամքն էր այդ անշարժ, կոպիտ երեսների վրա, այդ կամքն էր, երբ մենք գրոհում էինք, այդ կամքն էր, երբ մեռնում էինք: Մենք խաղաղվեցինք, տարեցտարի խաղաղվեցինք, շատ բան կորավ, բայց այս մեկը մնաց: Իսկ հիմա՞, Լյո՛ւդվիգ, որտե՞ղ է այն: Ո՛չ, եթե հարյուր հազար անգամ էլ ասես, թե ատում ես պատերազմը, միևնույն է, այն ժամանակ մենք ապրել ենք, մենք ապրել ենք այն ժամանակ, քանի որ մենք միասին էինք, ու քանզի մեզանում մի բան վառվում էր, դա ավելին էր, քան այստեղի այս ամբողջ աղբը,- արագ է շնչում,- դա պիտի ինչ-որ բանի համար եղած լինի, Լյո՛ւդվիգ:

Լյուդվիգը վեր է կենում: Նրա ճակատը կարմիր է: Աչքերը վառվում են: Նա դեմքը մոտեցնում է Ռահեի դեմքին.

-Իսկ ինչո՞ւ, Գեո՛րգ, ինչո՞ւ: Որովհետև մենք խաբված ենք, խաբված ու միայն նոր ենք հասկանում դա: Որովհետև մեզ սարսափելի շահագործել են: Մեզ «հայրենիք» էին ասում, մինչդեռ ընչաքաղց արդյունաբերության զավթման նախագիծ ունեին, «պատիվ» էին ասում, բայց կռիվ ու լիքը փառասեր իշխանների և դիվանագետների իշխանատենչություն նկատի ունեին, «ազգ» էին ասում, բայց պարապ գեներալների՝ գործունեության ձգտում նկատի ունեին,- ցնցում է Ռահեի ուսերը,- մի՞թե չես հասկանում, «հայրենասիրություն» բառի տակ իրենց շաղակրատանքը, փառատենչությունը, իրենց իշխանատենչությունը, իրենց կեղծ ռոմանտիզմը, իրենց ապուշությունը, իրենց առևտրական տենչն են խցկել ու մեզ որպես փայլուն իդեալ հրամցրել: Եվ մեզ թվում էր՝ դա մի նոր, ուժեղ, հզոր կյանքի շեփորանվագ էր: Մենք մեզ հետ էինք կռվում՝ առանց իմանալու: Ու ամեն կրակոց, որ նշանակետին էր հասնում, մեզնից մեկին էր դիպչում: Լսի՛ր, գոռում եմ ականջիդ տակ՝ աշխարհի երիտասարդությունը խորտակվել է, և ամեն երկրում խաբվել ու շահագործվել է նա, ամեն երկրում իդեալների փոխարեն հանուն հետաքրքրությունների է մարտնչել, ամեն երկրում գնդակահարվել է նա ու փոխադարձ բնաջնջել: Չե՞ս հասկանում: Գոյություն ունի միայն մեկ պայքար՝ պայքար ստի, անկատարության, փոխզիջման, տարիքի դեմ: Մենք, սակայն, տրվել ենք նրանց բառերին և փոխանակ նրանց դեմ պայքարելու՝ հանուն նրանց ենք պայքարել: Մեզ թվում էր՝ հանուն ապագայի է այդ ամենը: Բայց ընդդեմ ապագայի էր: Մեր ապագան մեռած է, որովհետև այն կրող երիտասարդությունն է մեռած: Մենք ընդամենը մնացածն ենք, մնացորդը: Բայց մյուսը՝ կուշտը, գոհը, ապրում է ավելի կուշտ, ավելի գոհ, քան երբևէ: Քանզի դժգոհները, մղվողները, գրոհողները դրա համար են մեռել: Մտածի՛ր: Մի ողջ սերունդ է ոչնչացվել: Հույսի, հավատի, կամքի, ուժի, կարողության մի սերունդ է հիպնոսացվել այնպես, որ ինքն իրեն է գնդակահարել, չնայած ամբողջ աշխարհում նույն նպատակներն ուներ:

*****
Քոզոլեն ու Զեելիգը երբեք տանել չեն կարողացել միմյանց: Բայց ոխերիմ թշնամիներ դարձան միայն 1918-ի օգոստոսին: Այն ժամանակ մի ռմբակոծված խրամատում էինք՝ թիկունքում, և ստիպված էինք ողջ գիշեր զանգվածային գերեզման փորել: Մենք չէինք կարող շատ խորը փորել, որովհետև ստորերկրյա ջուրն արդեն դուրս էր գալիս: Ի վերջո, ստիպված եղանք արդեն թանձր տիղմի մեջ աշխատել: Բեթքեն, Վեսլինգն ու Քոզոլեն պատերն էին ամրացնում: Մյուսներս դիակներն էինք հավաքում փոսի մոտ ու երկար շարքով կողք կողքի դնում, մինչև գերեզմանը պատրաստ կլիներ: Ալբերտ Թրոսքեն՝ մեր վաշտի ենթասպան, վերցնում էր նրանց մակաթելերն և զինգրքույկները, եթե, իհարկե, դեռ ունեին: Դիակներից մի քանիսն արդեն սև, թոշնած դեմքեր ունեին, որովհետև խոնավ ամիսներին փտումն արագ էր լինում: Փոխարենը, սակայն, այնքան ուժեղ հոտ չէր փչում, որքան ամռանը: Որոշները ջրից թրջվել և ուռել էին սպունգների պես: Շատ չանցած՝ հայտնվեց Մաքս Վայլը, որ թիկունքից խաչեր էր բերել: Ի զարմանս մեզ՝ մթի մեջ հայտնվեց նաև Զեելիգը: Մենք լսել էինք, որ նրան հանձնարարված էր աղոթք կարդալ, քանզի մոտակայքում քահանա չկար, իսկ մեր զույգ սպաները հիվանդ էին: Նա վատ տրամադրություն ուներ, քանի որ արյուն տեսնել չէր կարող, որքան էլ որ գեր էր: Դրան գումարած՝ հավկուրություն ուներ և լավ չէր տեսնում: Դա նրան այնքան նյարդայնացրեց, որ կորցրեց փոսի ծայրն ու մեջն ընկավ: Թյադենը հռհռաց և խուլ ձայնով կանչեց.

-Հողը լցրե՛ք, հողը լցրե՛ք…

 Փոսի մեջ՝ ճիշտ նույն տեղում, աշխատում էր Քոզոլեն: Զեելիգն ընկավ ուղիղ նրա գլխին: Մոտավորապես երկու ցենտներ կենդանի քաշ: Ֆերդինանդը մահացու հայհոյեց: Ապա տեսնելով, որ ֆելդֆեբելն է, որպես ռազմաճակատային հին խոզ՝ այդուհանդերձ չփակեց բերանը, որովհետև դեռ 1918-ն էր: Ֆելդֆեբելը ոտքի կանգնեց, նայեց իր հին հակառակորդին, պայթեց ու բղավեց նրա վրա: Ֆերդինանդն էլ ի պատասխան բղավեց: Բեթքեն, որ նույնպես ներքևում էր, փորձեց բաժանել նրանց:

-Հանգի՛ստ,- հանկարծ ասաց մեկը: Թեև ձայնը ցածր էր, աղմուկն իսկույն դադարեց: Զեելիգը փնչոցով մագլցեց գերեզմանից դուրս: Նրա համազգեստը կրափոշուց սպիտակել էր և ասես շեփորահար հրեշտակ լիներ՝ շաքարափոշին վրան: Քոզոլեն ու Բեթքեն ևս ելան: Վերևում, իր ձեռնափայտին հենված, կանգնած էր Լյուդվիգ Բրեյերը: Մինչ այդ երկու վերարկուով ծածկված պառկած էր բլինդաժում, քանի որ առաջին ծանր արնալուծն էր ունեցել:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա: Երեքը միաժամանակ փորձեցին բացատրել: Լյուդվիգը հոգնած թափ տվեց ձեռքը, — միևնույն է: Բոլոր մակաթելերն ունե՞ս, Ա՛լբերտ,- ապա հարցրեց նա:

-Այո՛,- պատասխանեց Թրոսքեն և ապա ցածրաձայն, որպեսզի Քոզոլեն չլսի, հավելեց,- Շրյոդերն էլ է նրանց մեջ: Երկուսով մի պահ իրար նայեցին: Հետո Լյուդվիգն ասաց. -Փաստորեն, չե՞ն գերեվարել: Որտե՞ղ է նա: Ալբերտը ուղեկցեց նրան շարքի երկայնքով: Բրյոգերն ու ես հետևեցինք, որովհետև Շրյոդերը մեր դասընկերն էր: Թրոսքեն կանգ առավ մի դիակի մոտ, որի գլուխը ծածկված էր ավազապարկով: Բրեյերը կռացավ: Ալբերտը նրան հետ քաշեց:

-Մի՛ բացիր, Լյո՛ւդվիգ,- խնդրեց նա: Բրեյերը շրջվեց.

-Թո՛ղ, Ա՛լբերտ,- հանգիստ ասաց նա,- թո՛ղ:

Շրյոդերի մարմնի վերնամասն անճանաչելի էր: Հարթ էր, ինչպես տափակաձուկը: Դեմքը ծեծվել էր տախտակի պես, որի վրա մի սև, շեղ անցք՝ ատամների պսակով, բերանն էր ցույց տալիս: Բրեյերը կրկին լուռ ծածկեց այն:

-Նա գիտի՞,- հարցրեց ու նայեց այն ուղղությամբ, որտեղ Քոզոլեն էր աշխատում: Ալբերտը տարուբերեց գլուխը:

-Մենք պիտի մի բան անենք, որ ֆելդֆեբելը չքվի,- ասաց նա,- այլապես դժբախտություն տեղի կունենա: Շրյոդերը Քոզոլեի ընկերն էր: Ճիշտ է, մենք դա երբեք չենք հասկացել, որովհետև նա նուրբ ու զգայուն էր, իսկական երեխա և Ֆերդինանդի ճիշտ հակապատկերը, բայց որը պաշտպանում էր նրան մոր պես: Մեր թիկունքում մեկը ֆսսացրեց:  Զեելիգը մեր հետևից եկել և չռված աչքերով կանգնել էր:

-Նման բան ես երբեք չէի տեսել,- կակազեց նա,- ինչպե՞ս է սա պատահել:

Ոչ ոք չպատասխանեց, քանի որ Շրյոդերը ութ օր առաջ պիտի արձակուրդ գնացած լիներ, բայց Զեելիգը հարամել էր, քանզի նրան ու Քոզոլեին չէր հանդուրժում: Հիմա Շրյոդերը մեռած էր: Մենք հեռու գնացինք, որովհետև այդ պահին չէինք կարող տեսնել ֆելդֆեբելին: Լյուդվիգը դարձյալ սողաց իր վերարկուի տակ: Միայն Ալբերտը մնաց: Զեելիգն աչքերը չէր հեռացնում դիակից: Լուսինը ելավ մի ամպի հետևից և լուսավորեց այն: Գեր մարմինն առաջ խոնարհած՝ ֆելդֆեբելը կանգնել էր այնտեղ ու նայում էր ներքևի դժգույն դեմքերին, որոնց վրա մռայլության աներևակայելի արտահայտությունն այնպես էր սառել-լռության վերածվել, որ ուր որ է՝ պիտի ճչար: Ալբերտը սառն ասաց.

-Ավելի լավ է՝ մի աղոթք կարդաք ու վերադառնաք:

Ֆելդֆեբելը շփեց իր ճակատը:

-Չեմ կարող,- մռթմռթաց նա: Սարսափը պատել էր նրան: Դա մեզ ծանոթ էր. շաբաթներ շարունակ ոչինչ չես զգում, և հանկարծ մի անակնկալ առիթով տապալում է քեզ: Կանաչ դեմքով օրորվում-հեռանում է նա:

-Սրան թվացել է՝ կոնֆետ են բաժանում այստեղ,- չոր ասաց Թյադենը: Անձրևը սաստկացավ, ու մենք կորցրինք մեր համբերությունը: Ֆելդֆեբելը չվերադարձավ: Ի վերջո, Լյուդվիգ Բրեյերին հանեցինք իր վերարկուի տակից: Ցածր ձայնով նա «Հայր մեր»-ը կարդաց: Մենք իջեցրինք դիակներին:

-Ուշադի՛ր, հիմա Շրյոդերն է գալիս,- վերևից ներքև ձայն տվեց Յուփը և սահեցրեց բրեզենտը ցած:  

-Փակի՛ր բերանդ,- ֆշշացրեց Բրյոգերը: Դիակը դեռ Քոզոլեի թևերի վրա էր:

-Ո՞վ,- չհասկանալով՝ հարցրեց նա:

-Շրյոդերը,- պատասխանեց Յուփը, որ կարծում էր՝ Ֆերդինանդն արդեն գիտեր:

-Ապուշ-ապուշ դուրս մի՛ տուր, կովի՛ գլուխ, նա գերի է ընկել,- կատաղած գոռաց Քոզոլեն:

-Ճիշտ է, Ֆերդինա՛նդ,- ասաց Ալբերտ Թրոսքեն, որ կանգնած էր կողքին: Մենք պահեցինք շունչներս: Քոզոլեն կրկին բարձրացրեց դիակը, ինքն էլ հետևից մագլցեց: Ապա գրպանի լապտերով լուսավորեց նրան: Նա կիպ խոնարհվեց դեմքի մնացորդների վրա և որոնեց:

-Փառք Աստծո, ֆելդֆեբելը հեռացել է,- շշնջաց Քառլը: Մենք անշարժ սպասում էինք հաջորդ վայրկյանին: Քոզոլեն ուղղեց մեջքը:

-Բահն ի՛նձ տվեք,- կարճ ասաց նա: Ես տվեցի այն: Մենք սպանության կամ ծեծի էինք սպասում: Բայց Քոզոլեն սկսեց ուղղակի փորել հողը: Շրյոդերի համար նա առանձին գերեզման փորեց և ուրիշ ոչ մեկին այնտեղ չդրեց: Նա անձամբ փոսը դրեց Շրյոդերին: Զեելիգի մասին նա ընդհանրապես չմտածեց՝ այնքան մտազբաղ էր:

Առավոտյան մոտակայքի ինչ-որ բլինդաժից հանկարծ հայտնվեց ֆելդֆեբելը: Մեզ թվացել էր՝ վաղուց էր հեռացել: Մի կիլոմետրից ռոմի հոտ էր փչում վրայից, և ուզում էր թիկունք վերադառնալ: Քոզոլեն մռնչաց՝ նրան տեսնելով: Շրյոդերի գերեզմանի մոտ նա երդվեց Զեելիգից վրեժ լուծել:

No Comments

Leave a Reply