Արմինե Սարգսյան Կինո

Երիտասարդների արվեստանոց․ Իսրայել Ասրյան

09.08.2021

Իսրայել Ասրյանի առաջին կարճամետրաժ անիմացոն ֆիլմը վերնագրված է «Գոէտիա» կամ «Տղան և Ուրվականը»։ Հեղինակի խոսքով՝ եթե երկրորդը քիչ թե շատ հասկանալի է, ապա առաջինը կարող է շփոթեցնել։

— «Գոէտիան» դևեր կանչելու միջնադարյան կախարդության ավանդույթ է,- ասում է Իսրայել Ասրյանը։— Մռայլ ու միստիկ այս անվանումը ֆիլմի տրամադրությունն ընդգծելու համար է։ Երկրորդ վերնագիրը՝ «Տղան և Ուրվականը», համընկնում է անիմացիայի ընթացքում հնչող Նայթվիշ խմբի վոկալիստ Տարիա Տուրունենի «Boy and the Ghost» երգի վերնագրի հետ։ Երգն այնքան համահունչ է ֆիլմին, որ կերպարների խոսքի կարիքը ընդհանրապես չի զգացվում։ Բայց պետք չէ վերնագիրը կապել երգի հետ։ Եթե ուրիշ երգ ընտրեի, մեկ է, վերնագիրը դա էր լինելու։ 

— Ինչն է ավելի դժվար՝ մտահղացո՞ւմը, թե՞ դրա իրականացումը։

— Միշտ էլ իրականացվածը մի փոքր զիջում է մտահղացմանը։ Վերջինս գալիս է անսպասելի ու կոդավորված մարդու ենթագիտակցությամբ։ Երբ մատիտը դիպչում է թղթին, հրաշք է տեղի ունենում․ միտքը հստակվում է, կորցնում թևերն ու դառնում շոշափելի։ Կարծում եմ՝ իրականացումն ավելի դժվար է, քան մտահղացումը։ 

— Անիմացիան գլուխ բերելու համար պարտադի՞ր է նկարչական ձիրքը։ Եթե ֆիլմը բաժանեիր նկարների, քանի՞ նկար կստանայիր։ Առհասարակ, ի՞նչ է գեղարվեստական անիմացիան։

— Նկարչական ձիրքը ցանկալի է բոլոր տեսակի անիմացիաների դեպքում, բայց «hand drawn» անիմացիայում, որտեղ ամեն ինչ նկարվում է ձեռքով, լավ նկարելը պարտադիր է։ Ռեալիստիկ անիմացիայի համար նկարչությունից բացի կարևոր են նաև ֆիզիկան և մաթեմատիկան։

Այս անիմացիան պարունակում է ձեռքով նկարված մոտ երկու հազար կադր։

— Ինչքա՞ն ժամանակ է պահանջվել ֆիլմդ ստեղծելու համար։

— Եթե ես լինեի միայն ֆիլմի «անիմատորը», աշխատանքս կտևեր մեկ ամիս, բայց ես կատարել եմ ֆիլմի բոլոր փուլերը՝ սկզբից մինչև վերջ։ Միայն երաժշտությունն ու երգն իմը չեն։ Ֆիլմի վրա աշխատել եմ ոչ ամեն օր և նույնիսկ մի քանի ամիս տևողությամբ դադարներ եմ ունեցել։ Այդպիսի գրաֆիկով ֆիլմն ավարտել եմ մոտ երկու տարում։ 

-Ո՞վ է առաջին հանդիսատեսդ։ Կա՞ մեկը, որն օգնում է խորհուրդներով։

— Առաջին հանդիսատեսներն, անշուշտ, իմ անիմացիայի ուսուցիչներն են՝ անիմատորներ Վահրամ Բաղդասարյանը, Էռնեստ Մուրադյանը, որոնք միշտ պատրաստ են օգնել ու բացատրել, թեպետ, թող մեծամիտ չհնչի, ֆիլմի վերաբերյալ որոշումները կայացրել եմ ինքնուրույն։ 

-Փառատոններին մասնակցելու մասին մտածե՞լ ես։

— Այս ֆիլմով, հավանաբար՝ ոչ, բայց ապագայում կլինեն ֆիլմեր, որոնք կմասնակցեն։ Փառատոններին մասնակցելու նպատակն ամենևին էլ հաղթելը չէ, այլ նույն ոլորտի ներկայացուցիչների հետ շփումը։

Դրվագ ֆիլմից

— Իսկ նոր ֆիլմի գաղափար արդեն ունե՞ս։

— Այո, ունեմ։ Եվ արդեն սկսել եմ։ 

— Ի՞նչ է պետք անիմատորին, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում սկսնակ անիմատորը։

— Իմ կարծիքով, սկսնակ անիմատորը երկու խնդրի է հանդիպում, առաջինը՝ թիմի բացակայություն, որը պայմանավորված է ֆինանսական միջոցների բացակայությամբ, երբ, օրինակ, երեք ամսվա թիմային աշխատանքը անիմատորը միայնակ կատարում է մեկ տարում։ Կամ, ասենք, անիմատորին յուրահատուկ երաժշտություն է պետք, իսկ նա չի կարող պրոֆեսիոնալ երաժիշտ վարձել։ Երկրորդ խնդիրը կապված է շուկայի պահանջարկի հետ․ ցավոք, շուկան չի պահանջում որակյալ գաղափարով և կատարմամբ թանկ արժեցող ֆիլմեր։ Դրանց ստեղծումը ժամանակ է պահանջում, բացի այդ, այնքան էլ եկամտաբեր չեն։ Փոխարենը՝ պահանջված են արագ և քիչ ծախսատար հոլովակները։ Օրինակ՝ գովազդները։ Եվ անիմատորը, մի կողմ դնելով սեփական նախագծերը՝ ստիպված է աշխատել ստուդիայում և գովազդներ նկարել։ Կարծում եմ, անիմացիան շատ մոտ է նկարչությանը և պետք է թռչունի նման ազատ լինի։
 
— Կա՞ն անիմատորներ, որոնց աշխատանքը հավանում ես։

— Հավանում եմ Ռիչարդ Ուիլյամսին։ Շատ բան եմ սովորել նրա արվեստն ուսումնասիրելով։

— Ո՞րն է քո երազանքը՝ որպես անիմատոր։

— Երազանքս մեկն է․ միշտ նկարել այն, ինչ հոգիս է թելադրում։ Միայն այդպես ես լավագույնս կցուցադրեմ իմ կարողությունները։ Օրինակ, այս ֆիլմն ինձ ոչ մի գումար չի բերել և չի բերելու, բայց այն թանկ է ինձ համար։ 

— Ի՞նչ ես կարծում կյանքը նմա՞ն է խաղի, կամ հենց «ռուբիկ-կուբիկի»։

— Եթե խաղ ասելով նկատի ունեք «աշխարհճանաչման ամենաէֆեկտիվ եղանակներից մեկը», ապա՝ այո, այն խաղ է։

— Քո հերոսի մեջ շատերն իրենք իրենց կտեսնե՞ն կամ գուցե կսովորեն ինչպե՞ս պայքարել խնդիրների դեմ։

— Բոլորս կտեսենք ինքներս մեզ և յուրաքանչուրս յուրովի կմեկնաբանի ֆիլմում կատարվածը։ Թույլ տվեք չմեկնաբանել, թե ինքս ինչ եմ թաքցրել ու կոդավորել այնտեղ։ Ինձ հետաքրքիր է լսել դիտողի կարծիքը, որտեղ չկա հեղինակի հուշումը։ Այդպիսով՝ ֆիլմի մեկնաբանությունը դառնում է դիտողի ենթագիտակցության պրոեկցիան։

-Գիտես, ես գորդյան հանգուցը հիշեցի, երբ նայեցի ֆիլմդ ․․․ Ուրիշ ի՞նչ կարծիքներ ես լսել, որ քեզ հետաքրքրել են, ուրախացրել կամ տխրեցրել։

— Կարծում եմ, համեմատությունը ճիշտ է։ Բանական մարդը կարող է սխալվել, և կարող է ուժ հավաքելով ուղղել անուղղելի թվացող սխալը՝ ընդունելով նաև հետևանքները։ Խնդիրը հաղթահարելը միշտ ուղեկցվում է հոգեբանական, երբեմն նաև ֆիզիկական ցավով, և դա նորմալ է։ 

Մարդիկ հաճախ ասում են, որ ֆիլմը փիլիսոփայական է, ու այն հասկանալու համար պետք է մի քանի անգամ դիտել։

— Հաջողություն եմ մաղթում ․․․ Ի՞նչ կասես վերջում։

— Շնորհակալ եմ։ Սիրեք արվեստը։

*****
Իսրայել Ասրյանի անիմացիոն ֆիլմը
«Տղան և Ուրվականը» («Boy and the Ghost»)

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply