ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Երվանդ Քոչար. Համակ խոնարհում (3)

30.04.2020

Սկիզբը՝ այստեղ

11.

Ուշադրություն դարձնենք Երվանդ Քոչարին ուղղված Լեոնս Ռոզենբերգի նամակին, որում խոսվում է փարիզյան արտշուկայում շարունակվող ճգնաժամի մասին, ինչից, հավանաբար, դժգոհում էր Քոչարը: Նամակը հայ նկարչին ուղարկվել է 1930 թվականին: Նկատենք, թե ինչպիսի անուների վրա է հենվում հանրահայտ մեկենասն ու հավաքորդը. «…Հիշո՞ւմ եք արդյոք Դուք, որ 19-րդ և 20-րդ դարերի ամենամեծ նկարիչներն սկզբում մեծ դժվարություններ են կրել` ընդհուպ մինչև 40-ամյա տարիքը… Ես աշխատել եմ Լեժեի հետ տասներկու տարի, և ութ տարվա ընթացքում չեմ կարողացել նրա գործերը վաճառել, բայց դա չի սասանել իմ հավատը և չի խանգարել ինձ շարունակել գործս… 1920 թվականին Պոլ Գիյոմին վաճառել եմ Բրակի շատ մեծ նկարը` 1200 ֆրանկով: Մեկ շաբաթ անց Պոլ Գիյոմը, չկարողանալով վերավաճառել այն, խնդրեց ինձ հետ վերցնել. մի բան, որ ես արեցի` առանց տատանվելու: Ես այն պահեցի ինձ մոտ ութ տարի և մեծ հաջողությամբ վերավաճառեցի… Այսօր վաճառողը պահանջում է դրա դիմաց 150000 ֆրանկ»: Այս ընդարձակ մեջբերումը պատկառելի մարշանի նամակից, վկայում է, որ Քոչարը նրա համար նույնարժեք էր, ինչ Ֆերնան Լեժեն, Ժորժ Բրակը, 19-րդ և 20-րդ դարերի մեծ վարպետները: Պետք է հիշել, որ Լեոնս Ռոզենբերգի ցուցասրահն այնօրյա Փարիզում գեղարվեստական կյանքը ձևավորող օջախներից մեկն էր:

12.

Գեղարվեստական երևակայությունը, ստեղծագործական ավյունը, աշխարհայացքային միտքը 1930-1936թթ. ընթացքում գործում էին ողջ թափով: Վարպետն ասես մեդիտացիա է անում նոր նյութերի, ռակուրսների, հումքի ու ձևերի որոնման թեմաներում և խորհրդանիշերում: Նա լցված է նաև ժամանակակից աշխարհի հզոր տպավորություններով. հայ ժողովրդի ապրած ողբերգությունը, տագնապը` կապված Իտալիա և Գերմանիա ֆաշիզմի մուտք գործելու հետ, քաղաքացիական պատերազմն Իսպանիայում, «երկաթե վարագույրը» ԽՍՀՄ-ում, որտեղ Հայաստանն է… Սա ամբողջ աշխարհակարգի ընդահանուր միտումն է. սրան ավելանում է տագնապն ու պայքարը գեղարվեստական հոսանքների ներսում, ինչպես և արտշուկայի աղքատացումը… Եվ նրա ներքին հոգեբանական վիճակը. ծնողների և քույրերի չստացված տեղափոխությունը Փարիզ, արտիստիկ և հուզավառ Վարդենիի հետ ամուսնությունը 1925 թվին, առաջնեկի մահը, իսկ հետո նաև կնոջ մահը թոքախտից: Հաջորդիվ հոր մահն էր, երկրորդ ամուսնությունը գեղարվեստորեն օժտված Մելինե Օհանյանի հետ 1930 թվականին:

Մելինեի դիմանկարը

13.

1936 թվական: Նա` իբրև առյուծ, իբրև Սասունցի Դավիթ, իբրև փոթորիկ, ձգտում է վերադառնալ իր մանկության, վաղ պատանեկության աշխարհը` Հայաստան: Կարոտաբաղձությունը հայրենիքի հանդեպ Երվանդ Քոչարին մղում է կոմունիստական քարոզչության գիրկը, և նա հայ ինտելիգենցիայի 1800 նշանավոր ներկայացուցիչների հետ Մարսելում նստում է շոգենավ, որն ուղևորվում էր ԽՍՀՄ: Մելինեն վատառողջ էր. բուժման կարճաժամկետ կուրսը հետաձգում է նրա մեկնումը: Ամուսինները պայմանավորվում են Երևանում մոտալուտ հանդիպման մասին: Ինչպե՜ս էին սխալվում սիրահարները: Մելինեն և Քոչարը բաժանվեցին ընդմիշտ…

14.

Բայց նախքան նրա կյանքի և ստեղծագործության խորհրդային ժամանակաշրջանին անդրադառնալը` ես վերևում ասվածին կավելացնեմ որոշակի տեղեկություն, որպեսզի պարզ դառնա, թե ինչ մասշտաբի և ինչ ճանաչման նկարիչ էր ուղևորվում «երկաթե վարագույրից» անդին:

Այո՛, 1936 թվականին Քոչարը լի էր ավյունով և ստեղծագործական մտահղացումներով: Նա իր գեղարվեստական հայտնագործության և ստեղծագործական վարանման գագաթնակետին էր: Երվանդ Քոչարն արդեն գրեթե եվրոպական նշանավոր դեմք էր… Ահա մի քանի նշաձող. 1923 թվական – հայ վարպետի մասնակցությունը «Կուբիստների, սյուրռեալիստների և աբստրակցիոնիստների ստեղծագործությունները Լեոնս Ռոզենբերգի ցուցասրահում» շատ կարևոր ցուցահանդեսին, որտեղ նրա աշխատանքները ներկայացված էին Ժ. Բրակի, Ժ. Մետցենժի, Ջ. դե Կիրիկոյի, Խ. Գրիսի, Ֆ. Պիկաբիայի, Ժ. Կզակի, Ֆ. Լեժեի, Մ. Էրնստի նկարների հետ. 1934 թվական — անհատական ցուցահանդես փարիզյան «Vignon» ցուցասրահում` «Քոչար. կերպարվեստ. քանդակագործություն. Գրաֆիկա». 1935 թվական – նա մասնակցում է Անրի Վալենսի կազմակերպած ցուցահանդեսներին Բուդապեշտում, Բրատիսլավայում և Բռնոյում. 1936 թվական – նա իր ստորագրությունն է դնում «Դիմանսիոնիզմի մանիֆեստի» տակ` Հ. Արպի, Ա. Կալդերի, Խ. Միրոյի, Ռ. Դելոնեի, Մ. Դյուշանի, Վ. Կանդինսկու, Ֆ. Պիկաբիայի հետ միասին: Դրանում խոսքը նախ և առաջ վերաբերում է ոճի և աշխարհաճանաչողության ընտրության ազատությանը (սկզբում` վերցված ֆուտուրիզմից և կուբիզմից)` ժամանակի և տարածության ուսումնասիրությունների ռակուրսում… «Դիմանսիոնիզմի մանիֆեստը» կարևոր նշաձող է Փարիզի նախապատերազմական ժամանակաշրջանում, երբ նկարիչներն արդեն կանխազգում էին պատերազմով ընդմիջվելու տագնապը և ձևի գեղարվեստական ճգնաժամը…

Ե. Քոչարին սատարում էին իրական, իսկ երբեմն անգամ հզորագույն գնահատողները, ինչպես օրինակ` ողջ հոգով նվիրված Մելինեն կամ մեկենաս Լ. Ռոզենբերգը, որոնց բավականաչափ ծավալուն նամակները վերապատկերում են դարաշրջանի և նկարչի ու հավաքորդի փոխհարաբերությունների կարևոր առանձնահատկությունները:

Եվ այսպես, Փարիզի գեղարվեստական շրջանակներում քաջ հայտնի Երվանդ Քոչարը նավարկում է դեպի ԽՍՀՄ` գրպանում խորհրդային անձնագիր:

Ի՞նչ է սպասում նրան «երկաթե վարագույրից» անդին:

15.

Վրացի անվանի նկարիչ Լադո Գուդիաշվիլին պատմել է ինձ Փարիզից վերադառնալուց հետո Քոչարի հետ ունեցած առաջին հանդիպման մասին. «Սպասում ենք, որ հայտնվի Քոչարը: Նա հայտնվում է, ինչպես վենետիկյան դոժ` նրբաճաշակ, բալագույն թավշյա բերետով, առանձնահատուկ երկար ձևվածքի կոստյումով, նրբագեղ ձեռնափայտով, մոնոկլով… Այն ժամանակների փարիզյան բոհեմի միջավայրում ձեռնափայտն ու մոնոկլը կարևոր ատրիբուտներ էին. ես ինքս 1920-ականների սկզբին եղել եմ այնտեղ: (Օրինակ` Մեն Ռեյի լուսանկարում տեսնում ենք Տրիստան Տցարային` մոնոկլով – Ռ. Ա.): Եվ ուրեմն, ես հրավիրեցի տղաներին: Եկան բոլոր մտերիմ ընկերները` Սաշա Բաժբեուկը, Ջոտտոն` անդավաճան Դիաննայի հետ, Հովսեփ Կարալյանը: Մենք ողջագուրվեցինք: Քոչարն ասաց. «Տղանե՛ր, դուք ինչ-որ այն չեք անում: Եկեք այս երեկո մանիֆեստ գրենք, իսկ առավոտյան հանդես կգանք նոր արվեստով»: Գերեզմանային լռության միջից ահաբեկված Ջոտտոն ցածրաձայն հառաչեց. «Երվա՛նդ, այստեղ` մեզ մոտ, Բերիան է…»:

16.

Իհարկե, Վրաստանի նկարիչների միությունը չընդունեց իր շարքերը վեհաշուք Քոչարին: Շուտով նա տեղափոխվում է Երևան և այստեղ վավերացվում` իբրև նկարիչ. նա դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ (1937թ.):

Եվ այսպես, Ե. Քոչարին ստեղծագործելու հնարավորություն է տրվում. նա պետական պատվերներ է ստանում (իսկ այլ պատվերներ լինո՞ւմ էին): Բայց ինչպիսի ձև ընտրել` գաղափարական շների ճանկը չընկնելու համար: Սա հարցերի հարցն էր: Չէ՞ որ շատ դեպքերում մարդկային շփումը վերածվում էր չափազանց վտանգավոր խաղի, քանզի ԽՍՀՄ-ում մարդու կյանքը կախված էր մատնիչի ու սադրիչի մեկ բառից…

Ի վերջո, այդպես էլ եղավ: Կեղծ մատնությամբ 1941 թվականի հունիսի 23-ին ՆԳԺԿ-ն նրան ձերբակալեց և բանտ նստեցրեց: Քոչարին ազատեցին 1943 թվականի օգոստոսի 23-ին` Ներսիսյան դպրոցի ընկերների` ճարտարապետ Կարո Հալաբյանի և այն ժամանակվա կառավարության անդամ Անաստաս Միկոյանի օգնությամբ:

Իսկ 1946 թվականին նա ամուսնացավ Մանիկ Մկրտչյանի հետ:

17.

Երվանդ Քոչարի ստեղծագործության խորհրդային ժամանակաշրջանը (տարօրինակ է հնչում փարիզյան դպրոցի ներկայացուցչի համար, այնպես չէ՞) զարմանալի կերպարանափոխություն է, դիմակահանդես և կենդանի ողբերգություն` միաժամանակ: Բայց ամենից առավել` իրական մոլություն. լինել, ստեղծագործել, չխաբել ինքն իրեն` թեկուզ աշխարհն իր շուրջ ազատ չէ, Փարիզը չէ… Այո՛, Երևանն այնքան ինտելեկտուալ չէր, որքան Փարիզը (թեկուզ հետպատերազմյան Փարիզն էլ արդեն այն չէր, ժամանակակից արվեստի Մեքքան չէր), բայց այդ շրջանում հայկական մայրաքաղաքը «մեծ սիրտ» ուներ, իր ոգեղենության գագաթնակետին էր… Քոչարն ապրում է ասես սոցիալիստական աշխարհի աքցանում, ժողովրդի ծոցում, ուր քիչ չեն ջերմությունն ու անկեղծությունը, բայց պակաս է ըմբռնումը: Նա մտերմանում է բարձր մշակույթի և անվիճելի տաղանդի տեր նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գայֆեջյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի), Հովսեփ  Կարալյանի հետ: Վերջին երեքը նաև մանկության և վաղ պատանեկության տարիների ընկերներ էին:

18.

Մարդկանց հետ շփումը մարդամոտ Քոչարի համար դառնում է իր գոյության հիմնական խնդիրը: Ասենք, ունեցե՞լ է արդյոք Քոչարը (ինչպես ժամանակին` Եղիշե Չարենցը) հնարավորություն` ժամանակակից արվեստի մասին խոսելու ազատ, բաց, լրջորեն, խորությամբ և ողջ ընդգրկումով: Արդյո՞ք զրուցակիցները համարժեք են եղել: Կարծում եմ` ո՛չ: Սա մեկն է Վարպետի կամ Մաեստրոյի, ինչպես նրան սկսել էր կոչել Երևանի գեղարվեստական երիտասարդությունը, ամենաահավոր ողբերգություններից:

19.

1939 թվականին Քոչարը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հրատարակչությունից կարևոր պատվեր է ստանում` «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի գեղարվեստական ձևավորումը:

Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ

Ազգային գրականության գլուխգործոցի նկարազարդումները նրա արվեստի եզակի նվաճումներից են` արդեն գրքի գրաֆիկայում: Նկարիչը, շնորհիվ իր գեղարվեստական տեսունակության, ինչպես և ոճաբանության (ոճավորում և՛ Հայաստանի, և՛ Միջագետքի, և՛ Պարթենոնի քարե հինավուրց ռելիեֆների ներքո), ստեղծել է ազգային էպոսի հերոսի շատ ամբողջական ու օրգանական  կերպարը և պատկերն այն աշխարհի, որը 1000 տարի առաջ շրջապատում էր Դավթին: Դա Մաեստրոյի ստեղծագործական հաջողությունն էր: Բայց մյուս կողմից` հայկական էպոսի նկարազարդման հնարը Քոչարը վերցրել էր Մագրիտից` երեսնական թվականների սկզբին: Եվ հայ վարպետն առաջ էր անցել Մագրիտից իր նկարազարդումներում` ողջ նկարը ներկայացնելով իբրև մեկ ամբողջական «քարե» օրգանիզմ` սոսկ անկյուններում թողնելով իսկական բնապատկերի ակնարկ: Այդ իրական հնար-ձևին Մագրիտտը հասու է դառնում միայն 50-ականներին: Ինչի՞ մասին է վկայում այսօրինակ համընկնումը կամ ազդեցությունը. այն մասին, որ Քոչարը մտածում և արարում էր սյուրռեալիստական գեղագիտական պատրանքների հունում: Այն մասին, որ նրա որոնումը մնում էր անփոփոխ անգամ ստալինյան Երևանում: Քոչարի գեղարվեստական տրամաբանությունը ընթանում և զարգանում էր հատկապես սյուրռեալիզմի ընդարձակ ինտերնացիոնալ ծովում: Դա վարպետի լավագույն դիմանկարներից մեկն է, մեկն այնպիսի կերպարներից, որոնք մարմնավորում են ժամանակը` ոչ միայն իբրև գեղագիտական կատեգորիա, այլև իբրև քրոնիկա:  

Սասունցի Դավիթը ձիու հետ

Նույն այդ 1939 թվականին նա անհավանականորեն կարճ ժամանակամիջոցում (18 օրվա ընթացքում) ստեղծում է նաև Սասունցի Դավթի պատկերաքանդակը (գիպսից): Եվ այդ ամենը` ԽՍՀՄ-ում հայկական ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարության շրջանակներում: Չափազանց կարևոր, միջանցիկ թեմա` նկարչի ողջ ստեղծագործության համար: Դավիթը Սասունից է, հայ ժողովրդի սպասումների արտահայտողը և լիարժեք որոնումը Քոչարի ստեղծագործական ու մարդկային ոգու, նրա բարդ, հակասական ու ներքուստ հերոսական կյանքի: Նրա օրերի ու տասնամյակների արտաքին հենքը սոսկ կետագիծ է, սոսկ փոշի… Նա ամբողջովին պարփակվում է սեփական «Ես»-ի ներսում, և բռնկուն, զգացմունքային բնավորությունն աստիճանաբար դառնում է եթե ոչ նրա կամքին ենթարկվող գործիք, ապա գոնե` կանխատեսելի:

Շարունակելի

Լուսանկարները՝ Երվանդ Քոչար թանգարանի կայքից                                                       

Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան
Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply