Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Մեր զրույցը վերաբերում է դերասանուհու թատերական գործունեությանը:
_ Կարինե, 1990-ականներին, երբ մարդիկ հացի և գոյատևման պարզ ու դաժան խնդրի առջև էին կանգնած, մի քանի նվիրյալներով ստեղծեցիք Համազգային թատրոնը և ներկայացումներ էիք խաղում՝ առանց թատրոնի շենք ունենալու: Հույս ունեի՞ք, որ հասնելու եք այսպիսի ժամանակների, որ լուսավոր ու մեծ դահլիճում եք խաղալու Ձեր ներկայացումները, որ ունենալու եք Համազգային թատրոնի առանձին շենք, մի բան, որ գործնական հիմքերի վրա է դրված այլևս:
— Այսօր ո՞վ իրավունք ունի ինչ-որ բան խոսելու, երբ աշխարհն այսքան անիրական է: Եվ անիրավ: 1992-ին սկսեցինք Համազգայինի գործունեությունը: Մութ ու ցուրտ տարիներին ներկայացումներ էինք խաղում նախ՝ Գրողների միության շենքում, ապա՝ Ժուռնալիստների միության: Փորձեր էինք անում վառարանի շուրջ, տաք ծածկոցներով փաթաթված: Հաճախ խաղում էինք բեմում մոմի լույսի տակ, հարմարվում հովհարային անջատումներին: Սարսափելի ցուրտ էր, իհարկե: Բայց մենք լի էինք մեծ հույսով, հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու: Սոս Սարգսյանն էնպե՜ս էր վարակել բոլորիս իր ոգով: Այդ ժամանակ գրեթե ոչ մի թատրոն չէր գործում: Սոս Սարգսյանը հավաքեց քաղաքի բոլոր լավագույն դերասաններին և ասաց, որ մեր մշակույթը պիտի ապրի: Ես ինչո՞ւ եմ ընդվզում մեր էսօրվա վիճակի դեմ, որովհետև հիշում եմ, որ Սոսն ասում էր, թե մենք հենց դժվար ժամանակ ենք պետք մեր ժողովրդին, հենց նեղության մեջ մշակույթը պիտի լծվի իր առաքելությանը: Նա ասում էր. «Հենց հիմա է մեր անելիքը, բա էլ ո՞ր օրվա համար ենք»: Ու էսօր էլ սա պիտի գիտակցեն: Հենց էս օրերին է պետք ժողովրդին ոգևորել, ապրեցնել: Սոսը դա արեց այն թվերին: Ձևավորվեց թատրոնը: Մենք անվերապահորեն հավատում էին իրեն, հավատում էինք ոչ միայն իր մեծությանը: Մենք ոչ թե իր մեծության հետևից էինք եկել, այլ իր տեսակի, վարակիչ խոսքի: Որովհետև ինքը չէր խոսում սոսկ, ապրում էր նրանով, ինչի մասին խոսում էր: Շատերը խոսում են՝ առանց ապրելու իրենց խոսքը: Երբ էդ մարդը իր տեսակով, իր տոկունությամբ խոսում էր, ազգի ապագայի, վերածննդի, հաղթանակի նկատմամբ հավատը փոխանցվում էր բոլորին: Մեր ժողովրդի ցավով ապրում էինք բոլորս: Այդ տարիներին ծնվեցին «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ» ներկայացումները և էլի ուրիշները, որոնք մեծ ասելիքով գործեր էին:
— Ձեր մի դերի մասին եմ ուզում խոսել, որը խաղում էիք Համազգայինի ներկայիս բեմում՝ կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճում: Անկեղծ ասած՝ ո՛չ ներկայացման վերնագիրն եմ հիշում, ո՛չ Ձեր մարմնավորած կերպարի անունը: Բայց ինձ ցնցել է Ձեր խաղը: Հաշմանդամի սայլակին գամված կին էիք խաղում, որը չուներ ո՛չ շարժվելու, ո՛չ ինչ-որ ակտիվ դրսևորումների հնարավորություն, բայց այդ սայլակին գամված վիճակում այնպե՜ս էիք լցնում բեմը: Թող ինձ ներեն Ձեր խաղընկերները, բայց երբ Դուք հայտնվում էիք, դա դառնում էր մի աննկարագրելի թատերական իրադարձություն, ես այլևս ոչ մեկին չէի նկատում բեմում: Ինչպե՞ս էիք կարողանում այսպիսի շեշտադրված ներկայություն ունենալ, երբ բացի ձայնից, դեմքից, աչքերից ու ձեռքերից, ուրիշ ոչ մի միջոցի չէիք տիրապետում այդ դերում:
— Չեմ էլ հիշում էդ դերը: Եվ չգիտեմ, թե ինձ ինչը ոնց է հաջողվում խաղալիս: Ես երբեք չեմ կարողացել սահմանումներ տալ, բացատրել, թե ինչ է արվեստը, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբ ես բեմ եմ բարձրանում: Ես բացարձակապես ուրիշ եմ բեմից դուրս՝ կուլսիներում, և բացարձակապես ուրիշ, երբ հայտնվում եմ բեմում: Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, ինչ-որ քիմիական փոփոխություն է լինում, որի սահմանումը ես չեմ կարող տալ: Ինձ բավական հաճախ են այսպիսի հարցեր տալիս, ես շատ եմ փորձել պատասխանը գտնել, չի հաջողվում: Ոչինչ չեմ հասկանում, ես էլ գլխի չեմ ընկնում, թե ինձ հետ ինչ է կատարվում: Ձեռքս կոտրված է, կուլիսներում մտածում եմ՝ ոնց եմ անելու, որ ոչ ոք դա չնկատի. երբ բարձրանում եմ բեմ, մոռանում եմ դրա մասին: Ու զարմանում եմ, որ ներկայացումից հետո ասում են. «Դուք գեղեցիկ ձեռքեր ունեք»: Մինուս 7 տեսողություն ունեմ կյանքում, բայց բեմում տեսողությունս բացարձակ է: Դե արի, բացատրիր: Գոնե ես՝ չեմ կարող: Իսկապես չեմ կարող: Թե սրանից բան եմ հասնակում՝ մեռնեմ:
— Վերջին ընթացքում Ձեր ստեղծագործական կյանքը խաչվեց Էդիթ Պիաֆի հետ: Հանդես եկաք «Ճնճղուկ Էդիթը» ներկայացման մեջ: Ողբերգական, բարդ, հակասական, տաղանդավոր, առեղծվածային այս կերպարին ինչպե՞ս եք հասել: Սա հետևողական, երկարատև ճանապարհի արդյո՞ւնք էր, թե՞ ամեն ինչ դիպվածով է ստացվել:
-Պիաֆը իմ միակ դերն էր, որ բացարձակապես ծրագրված չէր: Ավելին, ես խուսափում էի այդ կերպարից: Պիաֆն ամբողջ կյանքում ինձ ոգեղենություն հաղորդող մի կերպար է եղել, կարելի է ասել՝ իմ ուսուցիչներից մեկը: Ես նրան դիտել եմ, կլանել եմ դեռ վաղ տարիներից: Իր ոգեղեն կերպարը ինձ ներշնչել է: Զարմացել եմ, թե ինչպես կարող է մարդը մինիմալիզմի մեջ այդքան արտահայտիչ լինել, ինչպես և մեր Շառլը: Ինչպե՜ս կարող է փոքրամարմին մի մարդ մենակ կանգնել բեմում, ոչ մի ավելորդ արտահայտչամիջոց, բեմական էֆեկտներ չկիրառել ու ընդամենը ձայնով, ձայնի քիմիական բաղադրությամբ գրավել այդքան մարդկանց, այդքան լեցուն լինել: Ամբողջ կյանքս դիտել եմ իրենց, կլանել եմ, սովորել եմ: Առհասարակ, ես դիտող եմ իմ տեսակով: Աշակերտ եմ: Մինչև վերջ պիտի մնամ աշակերտ: Ես վախենում էի, ինձ թույլ չէի տալիս մոտենալ Պիաֆին, թեև շատ-շատ են առաջարկել: Ե՛վ երիտասարդ տարքիում էին բոլորն ասում, որ Պիաֆ խաղամ, և՛ Վիգեն Չալդրանյանն էր ասում, երբ դեռ մեր թատրոնում էր: Միշտ հրաժարվում էի:
— Եվ ի՞նչը օգնեց, որ այս անգամ չհրաժարվեք:
— Այդ առաջարկն ինձ շատ հանկարծ արեց իմ աղջիկը՝ Աննա Բայաթյանը: Մինչ այդ միասին արդեն հինգ ֆիլմ էինք նկարել: Ես իրեն վստահում էի, գիտեի աշխատանքային ոճը, ստեղծագործական մոտեցումները: Ես ընդհանրապես շատ անաչառ ու շատ դաժան եմ արվեստի հարցերում: Եթե իմ աղջկան չվստահեի, պարզապես թույլ չէի տա, որ նա այդ դերով ինձ հետ էքսպերիմենտ աներ: Աննա Բայաթյանը միակն էր, որ կարողացավ ինձ համոզել մի կարճ արտահայությամբ. «Մա՛մ, ես քեզ համար կստեղծեմ մի միջավայր, որտեղ դու կկարողանաս ապրել»: Եվ իսկապես, ստեղծեց այդ միջավայրը: Էնքան համբերեց ու ինձ դիմացավ, մինչև ես իր առաջարկած միջավայրերից ընտրեցի այն, որում կարողացա ապրել: Ամեն ինչ կայացավ Աննայի մեծ համառության շնորհիվ: Ես վախվորած, անտեղյակի նման կանգնել ու անհանգստանում էի, թե երեխաս կմտածի՝ էս ինչքա՜ն անտաղանդ է մայրս: Բայց էդ ո՜նց կարողացավ ինձ համոզել-շարժել:
— «Ճնճղուկ էդիթը» բեմադրեց Աննա Բայաթյանը: Իսկ որտեղի՞ց գտաք պիեսը, սցենարական հենքը:
— Պիեսն ինձ առաջարկեց Մարիաննա Մխիթարյանը: Գերմանուհի դրամատուրգ Նինա Մազուրի պիեսն է, որից մենք գրեթե բան չթողեցինք մեր ներկայացման մեջ: Հենց Մարիաննայի առաջարկով էլ աղջիկս բեմադրեց: Պիեսը ուղղակի քանդվեց, որովհետև Աննան նպատակ էր դրել իր առջև չկեղծել Պիաֆին: Մենք ուսումնասիրեցինք իր ելույթները, հարցազրույցները և ըստ դրանց՝ բեմադրեցինք ներկայացումը: Մի տառ անգամ մեր կողմից ավելացված չէ, ամենը Պիաֆի բերանից դուրս եկած խոսքն է: Այսինքն՝ ամեն ինչ շատ անսուտ էր: Իմ ընկերներից մեկը՝ գրող, փիլիսոփա Սևակ Արամազրդը, իր մի խոսքով ինձ շատ օգնեց՝ ասաց, որ ինձ խանգարում է Պիաֆի անունը, բայց այն հոգին, որ ուներ Պիաֆը, ես էլ ունեմ: Սա ինձ շատ հուսադրեց, հասկացա, որ ես կարող եմ հոգին բերել առաջին պլան: Ես դուրս եկա Պիաֆին նմանակելու փորձից: Ինձ հետաքրքրեցին Պիաֆի հոգին, սիրտը: Հանդիսատեսն էլ վարակվեց Պիաֆի հավատով, սիրով, տոկունությամբ: Նա սարսափելի տառապանքներ ապրած կին է, բայց ամեն անգամ ոտքի է կանգնել, մոխիրներից հառնել է, հավատացել է կյանքին, երջանկությանը: Ես ցանկացա իր այդ հատկությունները ի հայտ բերել ու վարակել իմ ժողովրդին: Դա իմ սկզբունքներից ամենակարևորն է՝ որպես արտիստ:
— Սա կարծրատիպ է կոտրում. դերասանը ոչ թե նմանակում է, այլ ստեղծում է դրամատուրգիական կերպարի ի՞ր տեսակը:
— Իհարկե: Հենց այդպես էլ պետք է լինի: Նույնն է և երգարվեստում: Ես ինձ թույլ չէի տա Պիաֆին կրկնել, շատ փոքր մարդ եմ, որ ինձ համեմատեմ Պիաֆի հետ: Բայց շատ բաներում նրա հետ համաձայն եմ: Երբ Պիաֆին համարում էին բնավորությամբ բարդ մարդ և արտիստ, նա բացատրում էր, որ ինքը պրոֆեսիոնալ պահանջներ ունի: Նույնը կարելի է ասել իմ մասին: Ինձ էլ են համարում շատ բարդ, որովհետև ինձ ռեժիսորի հետ հավասար եմ տեսնում, հավասար ստեղծագործող եմ համարում: Ես անհատականություն եմ, որը բեմում ստեղծագործում է: Այնպես չէ, որ մանեկեն եմ և պիտի ենթարկվեմ ռեժիսորի բոլոր ասածներին: Մենք միասին ստեղծում ենք մեկ ասելիք:
— Եվ, բնականաբար, հաճախ լինում են վեճեր ռեժիսորների հետ:
— Գիտե՞ս, ես էությամբ խաղաղասեր եմ: Աշխատանքային պրոցեսում, միջավայրում սիրում եմ խաղաղություն և կարողանում եմ այն ստեղծել՝ ըստ իս: Արտիստը շփման կուլտուրա պիտի ունենա, հանդիսատեսի հետ ճիշտ հարաբերվել կարողանա: Իհարկե, բախումներ եղել են, որովհետև ես, ի վերջո, անում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ: Հնարավոր չէ ինձանից մանեկեն ստեղծել: Ասում են, չէ՞, թե աթոռից էլ կարելի է դերասան սարքել: Ես ոչ մեկի համար աթոռ չեմ: Դա բացառվում է: Ես հավասարազոր ստեղծագործող եմ և շատ մեծ տեղ եմ վերապահում իմ առաքելությանը:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments