Երաժշտություն Թատրոն Կարինե Ռաֆայելյան

«Եթե սպասենք, որ բոլորը կուշտ լինեն, մենք մեր այբուբենը կմոռանանք»

30.07.2021

Հայաստանյան մշակութային կյանքում, հիրավի, շքեղ իրադարձություն է Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի բեմադրությունը, որն իրականացրել է Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան՝ Հասմիկ Պապյանի ղեկավարությամբ:

Բեմադրությունն իրագործվել է բարձր պրոֆեսիոնալների ջանքերով. դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ռեժիսոր՝ Վռամ Կարապետյան, նկարիչ՝ Տիգրան Ձիթողցյան, խմբավար՝ Գայանե Սահակյան, խորեոգրաֆ՝ Արման Բալմանուկյան, երաժշտախումբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Հասմիկ Պապյանին:

Տիկի՛ն Հասմիկ, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ստեղծագործությունը: Գլյուկի կենսագիրները վկայել են, որ 1762 թվականին Վիեննայում կայացած պրեմիերայից, 1770, 1771թթ. Իտալիայում ունեցած բեմադրություններից հետո «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացումն առանձնապես հաջողություն չի գրանցել հանդիսատեսի շրջանում: Միայն 1772 թվականի փարիզյան բեմադրությունից հետո է այն դարձել սիրելի և պահանջված ու շարունակում է իր հաղթարշավն առ այսօր, իսկ հանրահայտ «Ֆլեյտայի մեղեդին» պարզապես թևածում է համերգային ամենատարբեր դահլիճներում և առցանց տիրույթում՝ հմայելով երաժշտասերներին արդեն քանի դար շարունակ: Ի՞նչ ակնկալիքով էիք բեմադրում օպերան Երևանում, հանդիսատեսի արձագանքը գոհացրե՞լ է Ձեզ, արդարացվա՞ծ են Ձեր սպասումները:

-Քանի որ Հայաստանում երբևիցե բարոք օպերա չէր բեմադրվել, ես որոշեցի  կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի իմ առաջին փորձառությունն սկսել դրանով: «Օրփեոս և Էվրիդիկե»-ն հանրագիտարանային արժեք ունեցող օպերա է, և մեր դահլիճն էլ իր փոքր չափերով լիովին համապատասխանում է բարոք օպերայի ժանրին: Այսպիսի օպերային ներկայացման դեպքում երաժշտախումբը պիտի լինի փոքրաթիվ, կատարողները բեմում՝ նույնպես: Այսինքն՝ իմ ընտրությունը լիովին համապատասխանում էր մեր ունեցած հնարավորություններին: Բացի այդ, պատերազմից հետո մեր երկրի, մեր ժողովրդի ծանր վիճակը ինձ հուշեց, որ Գլյուկի հոգեպարար, հանգստացնող երաժշտությունը, օպերայի երջանիկ ավարտը, մի բան, որ հաճախ չի պատահում օպերաներում, կարող են սփոփել մեր հանդիսատեսին: Եվ պիտի ասեմ, որ հանդիսատեսի արձագանքը սպասածիցս ավելին էր: Վերջին երկու ներկայացումից առաջ ինձ հարցնում էին՝ ինչպես ե՞ս: Ես պատասխանում էի. «Մենք անհույս վաճառված ենք»: Այսինքն՝ ոչ մի ազատ տեղ չկար դահլիճում: Դա ինձ համար անսպասելի, երևակայությունից դուրս վիճակ էր:

Ինչպե՞ս «գտաք» Տիգրան Ձիթողցյանին: Նրան բեմանկարչի գործառույթի մեջ տեսնելը, գոնե ինձ համար, շատ անսպասելի էր:

-Տիգրան Ձիթողցյանի հետ ծանոթացել եմ շատ տարիներ առաջ, երբ երգում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում: Այդ ժամանակվանից բարեկամացել ենք: Մեծ համակրանք ունեմ նրա հանդեպ՝ որպես արվեստագետի: Եվ հպարտ եմ նրա հաջողություններով: Հեշտ չէ, լինելով հայ նկարիչ և այդքան երիտասարդ, դիմանալ այն մրցակցությանը, որ կա Նյու Յորքում, հասնել այն բանին, որ այդ քաղաքի ամենաբանուկ հատվածում շաբաթներ շարունակ մեծադիր պաստառով ցուցադրվի-գովազդվի քո արվեստը: Տիգրանի ճանաչվածությունը շատ մեծ է դրսում: Սրա վկայությունն է նաև այն, որ երեք տարի առաջ Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ մի ֆիլմ է նկարահանվել, որի ընթացքում Տիգրանը նկարում է Սյուզանին: Այսինքն՝ ֆիլմի ընթացքում ստեղծվում է այդ դիմանկարը, և դրան զուգահեռ՝ հրաշալիորեն ներկայացվում է Տիգրանի արվեստը: Ֆիլմն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների. սա իսկապես մեծ հաջողություն է: Տիգրան Ձիթողացյանով հետաքրքրված են շատ լուրջ շրջանակներ: Եվ ես ցանկացա ունենալ Տիգրան Ձիթողցյանի էսթետիկան բեմի վրա: Երբ զանգահարեցի և առաջարկեցի նրան այդ գործը, նա զարմացավ, վարանեց, որովհետև երբեք չէր արել բեմի ձևավորում: Ասացի, որ մարդն ամեն գործ էլ մի անգամ սկսում է, և սա կլինի իր համար մի նոր սկիզբ: Ուղարկեցի Գլյուկի օպերայի ձայնագրությունը, որը լսելուց հետո Տիգրանը խոստովանեց, որ իրեն ամբողջովին կլանել է այն, որ ինքը սիրահարվել է այդ երաժշտությանը և կստանձնի «Օրփեոս և Էվրիդիկե»-ի բեմանկարչի գործը: Այսպես սկսվեց մեր համագործակցությունը: Երկար ժամանակ աշխատում էինք առցանց տարբերակով, հեռախոսակապի միջոցով: Իհարկե, Տիգրանը շատ զբաղված մարդ է, բայց ես համբերատար սպասել եմ, մինչև նա կարողացել է ժամանակ տրամադրել մեր գործին, ու շատ ուրախ և հպարտ եմ, որ կայացավ այս համագործակցությունը: Եվ ինքն էլ է շատ ուրախ: Իհարկե, նա պերֆեկցիոնիստ է, կատարելության ձգտող արվեստագետ, և երբ արդեն կայացել էր ներկայացումը, ասաց, որ ևս երեք ամիս ժամանակ ունենալու դեպքում ինքն այլ, ավելի լավ բան  կկարողանար անել: Բայց սա իր տեսակետն է. մենք, հանդիսատեսը իսկապես հիացած ենք Տիգրանի ստեղծագործությամբ:

Տիգրանի բեմանկարչությունը Գլյուկի երաժշտությանը, օպերային ներկայացմանը համահունչ փայլուն ստեղծագործություն է, որը, սակայն, չի ճնշում իր գոյությամբ: Լինելով խիստ ընդգծված մշակութային դետալ, այդուհանդերձ, այն մնում է հենց որպես դետալ, ոչ թե գերակա, գերիշխող ինչ-որ բան համընդհանուր պատկերում: Դուք՝ որպես գեղարվեստական ղեկավար, ինչ-որ նախապայմաններ դրե՞լ էիք նկարչի առաջ, թե՞ նա լիովին անկախ է եղել ստեղծագործելիս:

-Ես որևէ նախապայման չեմ դրել, բայց փորձել եմ իրականացնել բոլոր «կամակորությունները», որ առաջարկել են Տիգրանը և ռեժիսորը՝ Վռամ Կարապետյանը: 23-ամյա Վռամ Կարապետյանը եկել էր Փարիզից: Նա երեք ամիս շարունակ օր ու գիշեր հավատարմորեն ծառայեց այս նախագծի կայացմանը:

Մշակույթն այն ոլորտն է, որտեղ չպետք է խնայել միջոցներ: Եվ քանի որ բոլորն այս ներկայացման վրա աշխատել են անվարձահատույց, որևէ մեկին մի լումա անգամ չի վճարվել, ուստի ես փորձել եմ հնարավորինս իրագործել նրանց ցանկությունները՝ կապված ստեղծագործական պրոցեսի հետ:

Օպերային ստուդիայի երիտասարդ սաները բավական ինքնավստահ էին բեմում: Իսկ վոկալ տվյալները պարզապես ապշեցնող էին: Շա՞տ ջանք է պահանջվել Ձեզանից՝ այս արդյունքին հասնելու համար:

-Երբ հայտարարեցինք այս նախագծի մասին, շատ չեղան ոգևորվողները: Մարդիկ թերահավատորեն ընդունեցին այն: Չէին պատրեկացնում, որ կարող ենք այսպիսի հսկայածավալ գործ իրականացնել: Այնպես որ, մենք շատ մեծ ընտրություն չունեինք սկզբում: Հետո՝ ընթացքի մեջ, մարդիկ հասկացան, թե դեպի ուր է տանում այս աշխատանքը, մասնակցել ցանկացողների թիվը մեծացավ, բայց ընտրությունն արդեն կատարված էր: Ես, այո՛, բավական շատ աշխատել եմ երգիչների հետ, մշակել նրանց ոճը, կատարողական տվյալները: Շարունակ մատս եղել է զարկերակի վրա: Բայց աշխատանքի հիմնական բաժինն ընկած է եղել Սուրեն Շահիջանյանի վրա: Նրան հրավիրել ենք Փարիզից: Նա հրաշալի երգիչ է և դիրիժոր: Անձնվիրաբար երեք ամիս շարունակ աշխատեց, պատրաստեց ամբողջ պարտիտուրան, մշակեց տեքստերը, և Էդուարդ Թոփչյանը հաջողությամբ ղեկավարեց նվագախումբը՝ ֆիլհարմոնիկի փոքր կազմով: Ես ուղղակի փորձել եմ չխանգարել մարդկաց, լրիվ ազատություն եմ տվել նրանց, որպեսզի աշխատեն իրենց ուզած ձևով: Բայց մշտապես վերահսկել եմ, որպեսզի հանկարծ ինչ-որ բան սխալ ուղղությամբ չգնա:

-Ներկայացման խորեոգրաֆիկ կտորները ևս շատ հաջողված էին: Ոչ մեծ բեմը խոչընդոտներ չի՞ առաջացրել դրանք բեմադրելու հարցում:

-Ո՛չ, բոլորովի՛ն: Օպերային ստուդիայի բալետի խումբը փոքր է, և նրանց ղեկավարը՝ Արման Բալմանուկյանը, շատ մեծ աշխատանք է կատարել: Անշուշտ, խորեոգրաֆիկ կտորները համապատասխանեցվել են բեմի հնարավորություններին: Անհանրին է ներկայացնել այն մեծ ջանքը, որ ներդրել են ներկայացման վրա ստեղծագործական խմբի բոլոր անդամները՝ առանց բացառության: Օպերային ստուդիայի երիտասարդ տնօրեն Հայկ Վարդանյանի ջանքն աներևակայելի մեծ է այս նախագծում: Հայկն ունի մասնագիտական, մարդկային բացառիկ որակներ, և առանց նրա՝ հնարավոր չէր լինի իրականացնել այս գործը: Մյուսները նույնպես աշխատել են մեծ նվիրումով, օրեր, շաբաթներ են լուսացրել ստուդաիայում, որպեսզի կայացնեն ներկայացումը: Ես երջանիկ եմ, որ այսպիսի երիտասարդներ կան մեր երկրում: Եթե այդպիսի մարդիկ ղեկավարեն մեր երկիրը, մենք մեկ տարում կունենանք հրաշալի երկիր. սրանում ես ավելի քան համոզված եմ:

Էդուրադ Թոփչյանը, լսելով այս նախագծի մասին, սիրով համաձայնեց համագործակցել, և սա լրիվ ուրիշ հմայք հաղորդեց ներկայացմանը: Նույնքան կարևոր էր մեր ստուդիայի երգչախմբի աշխատանքը: Երիտասարդ երգիչներն իսկապես նվիրյալներ են: Նրանք մեծ ճանապարհ ունեն անցնելու, և ես վստահ եմ, որ այդ ճանապարհը կկարողանան անցնել:

 —Ֆինանսական կողմին անդրադառնանք: Ինչպե՞ս հաջողվեց հայթայթել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այսպիսի ներկայացումն առանց լուրջ ներդրումների չէր կարող կայանալ:

-Անհավանական էր թվում, թե մենք կարճ ժամանակահատվածում, առանց պետական աջակցության, կկարողանանք հասնել այսպիսի արդյունքի: Դա հաջողվեց իմ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Կարող եմ ասել, որ ես նոր մասնագիտություն ձեռք բերեցի այս ընթացքում: 37 տարի միայն երգել եմ, ուրիշ որևէ գործով չեմ զբաղվել: Եվրոպան, իսկապես, տվել է ինձ այդ հնարավորությունը: Այստեղ այլ վիճակ էր:

Երբ հասկացանք, որ պատկան կառույցներից ոչ մեկը մեզ չի ֆինանսավորելու, ես նախ և առաջ գնացի իմ երկարամյա ընկերների մոտ, մարդկանց, որոնք գործարար են, ունեն ֆինանսական լուրջ միջոցներ: Շատերից մերժում ստացա, նույնիսկ մեկն ասաց, թե ինչու թողեցի իմ ապահով կյանքը Եվրոպայում և եկա այս «քամբախ» երկիրը, որտեղ ժողովուրդն անոթի է, իսկ ես փող եմ ուզում՝ օպերա բեմադրելու համար: Պատասխանեցի, որ նախ՝ ինքն այս «քամբախ» երկրում միլիոնատեր է դարձել, ապա՝ եթե սպասենք, որ բոլորը կուշտ լինեն, մենք մեր այբուբենը կմոռանանք: Այո՛, շատերը մերժեցին, դռներ փակեցին իմ առջև, և ես մի քանի շաբաթ անքուն գիշերներ լուսացրի՝ մտածելով, թե ինչպես պիտի հայթայթեմ միջոցներ, որպեսզի չտապալվի նախագիծը: Փա՛ռք Ատծո, գտնվեցին մադրիկ, որոնք պատրաստակամորեն օժանդակեցին մեզ: Նախ և առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռք մեկնեց: 2004 թվականին ես՝ որպես մշակութային դեսպան, Մայր Աթոռի կողմից արժանացել եմ բարձրագույն պարգևի՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին: Որոշեցի հիշեցնել այդ մասին: Եվ ի պատիվ մեր հոգևոր դասի՝ պիտի ասեմ, որ որևէ առարկություն չեղավ նրանց կողմից, իսկույն հասկացան մեր ձեռնարկած գործի կարևորությունն ու պատրաստակամորեն աջակցեցին: Չնայած՝ իրենք ամենալուրջ հիմքերն ունեին՝ մեզ մերժելու համար, որովհետև Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ են այսօր գտնվում էջմիածնում, որոնց հոգսը Մայր Աթոռի ուսերին է: ArmSwissBank-ից ստացանք ֆինասական աջակցություն: Բանկի տնօրեն Գևորգ Մաչանյանը իսկական հայ այր է. ինձ թվում էր, թե այդպիսի հայերը վերացել են աշխարհից: Նա անձամբ եկավ մեզ մոտ, տեսավ, թե ինչի կարիք կա, և արեց ավելին, քան մենք ակնկալում էինք: Աջակցեցին «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ը, «ԴԱՐ» հիմնադրամը, Sinergi կազմակերպությունը, RolMaster  ընկերության ղեկավար Գագիկ Հարությունյանը, «Հայոգի» հիմնադրամը, որի ղեկավարն է Խաժակ Գալուստյանը, տարբեր անհատներ Հայաստանից և սփյուռքից՝ Սեդա Տեր-Մինասյանը, Մարտին Բազարյանը, Վարդուհի Աբրահամյանը, Աննա-Հեսս-Սարգսյանը: Մարդիկ շռայլորեն, սրտացավորեն տրամադրեցին իրենց միջոցները մեր նախագծին՝ հասկանալով, որ մեր այսօրվա վիճակում և առհասարակ մշակույթը շատ կարևոր է:

Հին հունական առասպելը, որի հիմքով ստեղծվել է Գլյուկի օպերան, վկայում է դժոխքից ելք գտնելու հնարավորության մասին: Սա տարփողելու նպատա՞կն եք ունեցել նաև՝ մեզ համար դժոխային այս ժամանակում բեմադրելով «Օրփեոս և Էվրիդիկե»-ն:

-Այո՛, միանշանակ: Մենք ուզում էինք հավաստիացնել, որ սերը հաղթում է, և երբեք հույսը չպետք է կորցնել: Եվ առաջին հերթին ուզում էինք մարդկանց փոխանցել այդ գեղեցիկ, գերմարդկային երաժշտության հմայքը:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Գլխավոր լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

No Comments

Leave a Reply