Արվեստի ոլորտում միջազգային հարթակներում ներկայացված լինելը բացի կրթական և մշակութային փորձի փոխանակումից՝ ինքնաճանաչման, մասնագիտական աճի և համարձակ փորձարկումների հնարավորություն է։
Այդպիսի նախաձեռնությունները դառնում են ոգեշնչման աղբյուր, իսկ ներգրավվածությունը՝ կարևոր ազդակ նոր ստեղծագործությունների ծննդի համար։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցի շրջանակում մասնակցել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում կազմակերպվող հեղինակավոր Ավինյոնի թատերական փառատոնին։

Ուսանողներին ուղեկցել են ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս Գոռ Մարգարյանը։
Ավինյոնի թատերական փառատոնը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու ժամանակակից թատրոնի նորագույն միտումներին, նորարարական բեմադրական լուծումներին ու արտահայտչամիջոցներին։

-Ավինյոնը նման է կենդանի թատրոն-քաղաքի, որտեղ նույնիսկ փողոցներն են վերածվում բեմահարթակների։ Մի քանի օրերի ընթացքում դիտեցինք բազում ներկայացումներ, որոնցից շատերը մարտահրավեր են հանդիսանում հանդիսատեսի ավանդական ընկալումների համար,-նշում են ուսանողները։
Նմանօրինակ միջազգային ծրագրերը ոչ միայն զարգացնում են ուսանողների մասնագիտական աշխարհընկալումը, այլև նպաստում են ինստիտուտի արտաքին կապերի խորացմանը։ Երիտասարդ ստեղծագործողների ներկայությունը միջազգային հարթակներում ԵԹԿՊԻ-ի կարևոր ձեռքբերումներից է։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ