«Մե՛կ վերանալով, մե՛կ վերադառնալով՝ աշխատում ես»
Նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ զրուցել ենք հեռավար՝ հեռախոսազանգի միջոցով։ Ասաց, որ արվեստանոցում է։ Հարցրի՝ հնարավո՞ր է դուռը փակել իրականության դեմ, հասարակական-քաղաքական-սոցիալական խնդիրների ու ստեղծագործել, թե՞, ոնց էլ լինի, այդ իրականությունից մի փոքր կտոր տանում է իր հետ արվեստանոց։
-Նկարիչը չի կարող ամեն ինչից չվերանալ, «չանջատվել» ու ստեղծագործել։ Բայց արտաքին աշխարհի ներգործությունը, իհարկե, կա։ Չէ՞ որ բոլոր զգայարաններդ աշխատում են, պատկերները, մտքերը գալիս-գնում են, ինքդ քեզ հետ խոսում ես․․․ Դա անվերջ ընթացք է․ մե՛կ վերանալով, մե՛կ վերադառնալով՝ աշխատում ես։ Կապված արտաքին ազդակների հետ ու հոգեվիճակի՝ նկարածդ ծառը կարող է ավելի դրամատիկ լինել կամ ավելի նազելի։
-Դուք հաճախ եք անդրադառնում ծառերին։ Ի՞նչ խորհուրդ ունի ծառը Ձեզ համար։
— Երկու տիպի ծառեր ունեմ։ Կան ծառեր, որ ես եմ նկարում, ճկում, կերտում, ես եմ ստեղծում՝ քանդակագործի պես։ Եվ կան ծառեր, որ ունեն բնության մեջ իրենց նախատիպերը։ Թեև բնության մեջ գտած ծառն էլ իմն է դառնում, որովհետև ես եմ իրեն այդպես նկարում, այդպես բացահայտում։ Աչք ունեցողը տեսնում է, բայց պետք է ասեմ, որ «իմ ծառերից» հետո շատ մարդիկ ուրիշ կերպ են սկսում վերաբերվել ծառերին (ինչը շատ հուզիչ է ու հաճալի)։ Մասնավորապես, կերպարային, առանձին կանգնած ծառերը շատ «մարդկային» են, դրանց ճկունությունը, շարժումը, «թևերը»՝ հոգեհարազատ։ Շատերը նկատած կլինեն, որ ծառերն ասես բնավորություն ունեն, մտքեր, զգացմունքներ, կարող են տառապել, ցավ զգալ, ուրախանալ կամ տխրել․․․Մարդիկ են ինձ համար ծառերը, ես շատ եմ ասել՝ ծառեր նկարելով՝ ասես դիմանկար նկարեմ։ Նույնանում եմ ծառի հետ։
— Նաև լուսանկարում եք։ Նկարիչների, ռեժիսորների լուսանկարչական
աշխատանքներն առանձնահատուկ են։ Լուսանկարչությունը Ձեզ համար արվե՞ստ է, ինչպես գեղանկարչությունը։
-Իհարկե, արվեստ է: Չեմ հիշում՝ որն եմ ավելի շուտ սկսել՝ նկարե՞լը, որ,
պապայի ասած, աչքերս բացել եմ ու ինչ տեսել, սկսել եմ նկարել,
թե՞ լուսանկարելը։ Ասեմ նաև, որ թե՛գեղանկարում, թե՛ լուսանկարչության մեջ, թե՛ շարժանկարում
կարևոր է լույսի, կոմպոզիցիայի զգացողությունը, կադրը ճիշտ տեսնելը։ Պատահում է, մի ծառ գերում է, նկարում եմ, բայց
ավելի շատ անսպասելի լույսի որսորդ լինեմ։ Ասենք,
շատ հաճախ Սևանում ոչ թե մայրամուտն եմ նկարում (չնայած մայրամուտները շատ չքնաղ են
ու հաճախ եմ նկարել), այլ մայրամուտի հակառակ կողմը, մանավանդ՝ ամպամած եղանականերին,
երբ լույսը՝ արևի շողը, մեկ ակնթարթ ընկնում է մի ծառի վրա, մի սարի, մի ժայռի։ Դրանք
չկրկնվող, չտեսնված կադրեր են։ Պիտի հասցնես այդ շարժվող, փախչող լույսը որսալ-նկարել։
Վավերագրական լուսանկարչություն սիրում եմ, բայց ինքս հաճախ չեմ անում։ Թեև ունեմ լուսանկարներ,
որոնցում անսպասելի արձանագրել եմ ծեր մարդկանց, երեխաներին, կենդանիների․․․ մանավանդ այս օրերին շատ հուզիչ են Երևանի փողոցներում հանդիպող
շունիկները, իրենց հետ տխրում ես մի տեսակ։
— Արձանագրած պահը կա՞նգ է առնում, թե՞ ապրում լուսանկարի մեջ։
-Շատ հետաքրքիր հարց է. չգիտեմ՝ դրա մասին մտածե՞լ եմ։ Կադրը կանգնում է, որովհետև իրականում հաջորդ վայրկյանին այն փոխվում է, բայց լուսանկարում շարունակում է ապրել հավերժության մեջ։
«Գիտես, որ մոլորակը չի կարող այսպիսի ավարտ ունենալ»
—Զրույցի սկզբում խոսեցինք արվեստագետի փակվելու, առանձնանալու, մեկուսանալու մասին։ Մեր օրերում մեկուսացում բառն այլ իմաստ ունի։ Այդ պարտադրված մեկուսացումի՞ց էլ պիտի ազատվի-մեկուսանա, որ կարողանա նկարել։ Առհասարակ, ի՞նչ անդրադարձ ունեն համավարակով պայմանավորված իրավիճակները արվեստագետի վրա։
-Նկարչի համար, թվում է, հարմար առիթ է նկարելու. ոչինչ չես կորցնում՝ մեկ է, գնում էիր տուն կամ արվեստանոց՝ ստեղծագործելու։ Բայց մի ուրիշ կարևոր բան ես կորցնում։ Մինչ այդ սահմանափակումների ժամանակահատվածը ինչքան էլ առանձնանայիր, նկարեիր, գիտեիր, որ կյանքը շարունակվում է, դու ազատ ես, երբ ուզես՝ դուրս կգաս տնից, կհանդիպես ընկներիդ, ում ուզես՝ կգրկես։ Իսկ հատկապես մեկուսացման սկզբնական շրջանում ասես ամերիկյան սարսափ ֆիլմում հայտնված լինեինք, երբ թվում է՝ քեզ հետ երբեք դա չի կարող պատահել։ Հեռանկարը այնքան անորոշ էր, ճնշող։ Մտածում ես՝ «փակվում է» աշխարհը, երկրները, մարդիկ մեկուսանում են, դու քո արվեստանոցում փակված՝ նկարում ես, իսկ հետո՞ ինչ․․․ Բայց միաժամանակ հոգուդ խորքում լավատես ես, գիտես, որ մոլորակը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, թունելի վերջում լույսը առկայծելու է։
«Նկարներն ինչքա՞ն կարող են մնալ արվեստանոցներում փակված»
— Ի՞նչ հնարավորություններ և ի՞նչ խնդիրներ ունի այսօր նկարիչը, եթե համեմատենք նախորդ տասնամյակների՝ 10-20-30 տարի առաջվա հետ։ Նկարչական շուկան ինչպիսի՞ն է։
-Կարծում եմ, որ շատ մեծ չէ տարբերությունը։ Իհարկե, կյանքը առաջ է շարժվում, շփումները, ցուցահանդեսները, մշակութային կյանքը շատ ավելի ակտիվ են դարձել, բայց, մեծ հաշվով, շատ բան չի փոխվել։ Առաջին հերթին բացակայում է պետական հոգածությունը ու դրա կարևորության գիտակցումը։ Բացակայում է մեծ արվեստագետների թողած ժառանգությունը պահպանելու, հանրությանը հասցնելու մշակույթը։ Իսկ մենք խելքից դուրս լավ նկարիչներ ունենք, անհամար քանկությամբ հրաշք ստեղծագործություններ, որ ուղղակի պահոցներում են։ Այս համատեքստում կարևոր է դարձել նոր պատկերասրահ ունենալու հարցը (գուցե այս օրերին նման հայտարարությունը անիմաստ թվա, բայց հույս ունենք, որ կյանքը կվերադառնա իր բնականոն հունին)։ Մշակութային քաղաքականության մասին խոսվում է, բայց խոսքը գործ չի դառնում։ Նկարներն ինչքա՞ն կարող են մնալ արվեստանոցներում փակված, ժողովրդին պետք է հաղորդակից դարձնես լավ արվեստին, որովհետև ինքնաբուխ կերպով քիչ տոկոսն է գիտակցում դրա կարևորությունը։ Շատերը ցածրորակն են ընկալում. անցյալում, գիտենք, ինչքան դեգրադացվում էին, այնքան ավելի էին դեգրադացնում, փոխանակ հակառակը լիներ՝ այնքան լսեին Կոմիտաս, Մոցարտ, որ սկսեին սիրել։ Նույնը նկարչությանն է վերաբերում։ Որքան շփումը շատ է արվեստի գործերի հետ, այնքան մարդն ավելի բարի ու սրտացավ է դառնում թե՛ բնության հանդեպ, թե՛դիմացինի, թե՛ երկրի։ Բարձր արվեստի հետ շփվող մարդը ծառ չի փչացնի, աղբ չի թափի, որմնանկարը մեխով չի փորի։ Այս բոլորը փոխկապակցված են, բայց, կրկնում եմ, պետության հոգածությունը պարտադիր է։ Պետությունը պետք է իր հերոսների, զորավարների, մեծությունների մասին հոգ տանի։ Երբ մենք ասում ենք երկիր, ո՞ւմ ենք հիշում․ հզոր մարդիկ են գալիս մտքիդ՝գրող, նկարիչ, կոմպոզիտոր, ճարտարապետ, գիտնական, զորավար․․․ Զինվորն էլ, երբ գնում է պատերազմ, ենթագիտակցաբար Չարենցին է հիշում, Կոմիտասին, Թումանյանին։
Ուզում եմ մատնանշել նաև լրատվականների դերը։ Ինձ միշտ զարմացրել է․ ինչքան հրաշալի ցուցահանդեսներ են լինում, մի լրագրող չես տեսնի, բայց քաղաքական մի անիմաստ կերպար հարցազրույց է տալիս, լրագրողները հավաքվում են շուրջն ու հերթ չեն տալիս իրար՝ հարց ուղղելու համար։ Լրատվամիջոցների գործառույթը նույնպես մշակութային քաղաքականության մեջ պետք է ներառել։
Շարունակելի
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments