Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Գարուն»-ի «շրխկան» հոդվածները

«Գարուն»-ի «շրխկան» հոդվածները

Այս օրերին «Էպիգրաֆ» գրախանութում (Մաշտոցի 23) ցուցադրվում են «Գարուն» ամսագրի շապիկները՝ որպես հիշեցում դրա թողած ազդեցության և մշակութային ժառանգության։ Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ, որը 2022-ին թվայնացրել է ամսագրի բոլոր համարները։ Տեղում հնարավոր է ձեռք բերել նաև ամսագրի շապիկների դիզայնով պաստառներուփոստքարտեր։ 

Գրական-գեղարվեստական, հասարակական և քաղաքական «Գարուն» ամսագիրը ստեղծվեց 1967 թվականին՝ մի տանիքի տակ համախմբելով գրականության և արվեստի ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, անվանի դիզայներների, գեղարվեստական ձևավորողների ու լրագրողների։ 

 «…խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակներ, չշտապել բոլոր հարցերի համար ձևավորելու մշակված պատասխաններ»՝ այսպիսին էր ամսագրի անդրանիկ համարի ուղերձը։ 

Ամսագիրը փոխեց խորհրդային ժամանակներում տարածված հերոսի կերպարը։ Նոր հերոսը «կյանքով, գործով ու ժամանակով» ապրող մեկն էր, որ ուներ իր ասելիքը: Անվանի լրագրողներն ու մասնագետները «Գարուն»-ին էին վստահում իրենց լավագույն հոդվածները, օրինակ՝ լեռնային գյուղերի ամայացման, արոտավայրերի անխնա արածեցման, պատմաճարտարապետական հուշարձանների և Սևանա լճի պահպանության մասին։  

Ամսագրի առաջին գլխավոր խմբագիր Վարդգես Պետրոսյանի նպատակն էր, որ «Գարուն»-ը շնչի թարմությամբ, լինի արտաքուստ գրավիչ և բովանդակությամբ հարուստ։  «Երկուշաբթի հոդվածդ սեղանիս չեղավ, աշխատանքից ազատվելու դիմում կգրես»,- կեսկատակ, կեսլուրջ ասում էր Պետրոսյանը։  Յուրաքանչյուր համարում մի «շրխկան» հոդված պետք է լիներ։ 

Բոլոր ժամանակներում ամենամեծ գրաքննության էր ենթարկվում պոեզիան, ինչպես օրինակ՝ Գևորգ Էմինի «Ուշացող աշուն» բանաստեղծության դեպքում, երբ Կենտկոմը չհապաղեց ցուցաբերել իր վերաբերմունքը, իսկ գրական մամուլում տպագրվեցին հեգնական հոդվածներ։ Սակայն ամսագիրը շարունակում էր պայքարել՝ ներկայացնելով նոր անուններ: 

1980-ականների սկզբին ամսագրի շապիկների գրաֆիկական լուծումները վերափոխվեցին լուսանկարների։ Շապիկների ուրույն ոճը պայմանավորված էր գեղարվեստական ղեկավար Գրիգոր Խաչատրյանի ձեռագրով։ Ղարաբաղյան շարժման տարիներին «Գարուն»-ում արծարծված հեղափոխական մտքերը դուրս եկան հանրապետության սահմաններից մինչև միութենական ասպարեզ: 

Եկան 90-ականները՝ ծանր տարիներ, երբ դադարել էր հեղինակների հոսքը, հոնորար գրեթե չկար։ Դժվարությամբ ու համառությամբ ամսագիրը ներկայացնում էր իրարամերժ հասարակական ու մշակութային փոփոխությունները՝ շարունակելով հոգևոր արժեք լինել երկրաշարժի ցնցումն ու Արցախյան գոյամարտի զրկանքներն ապրած ժողովրդի համար։  Այդ ժամանակաշրջանում էր, երբ «Գարուն»-ում նոր թափ առավ թարգմանական գրականությունը։

«Գարուն»-ի վերջին համարը լույս տեսավ 2018 թվականին։ Ամսագրի գոյության բոլոր փուլերում խմբագրական կազմն առաջնահերթություն էր տալիս որակին և նորարարությանը, մտքին ու նոր շնչին, գեղարվեստական ձևավորմանն ու դրա ասելիքին։

«Գարուն» խորագրով միջոցառման կազմակերպիչ Մարիամ Ալոյանի խոսքով՝  ցուցադրության համար առանձնացվել են 1967–1995 թվականներին տպագրված 30 համարների շապիկները, որոնք վերատպվել են։ Դրանց թվում են Վաղարշակ Արամյանի, Մարտին Տոնոյանի, Գրիգոր Թորոսյանի, Կարապետ Փաշյանի, Ավետիս Օհանյանի, Վաղինակ Մանդակունու, Կարեն Սմբատյանի գրաֆիկաները, Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչիկ Պողոսյանի էսքիզները, Արա Շիրազի ֆոտոմոնտաժը, Պողոս Պողոսյանի ֆոտոկոմպոզիցիան։ Ցուցադրության մեջ ընդգրկված են նաև Վահան Քոչարի, Գագիկ Հարությունյանի, Զավեն Խաչիկյանի և այլոց գործերը:

«Ցուցադրության հիմնական մասը Գրիգոր Խաչատրյանի օրոք ստեղծված շապիկներն են։ Նա մեծ տեղ էր տալիս կոնցեպտուալ արվեստին և ենթատեքստային ասելիք ունեցող նկարիչներին։ «Գարուն»-ը միշտ առանձնացել է խոսքի ազատության առումով բարդ ժամանակաշրջաններում արտահայտվելու իր համարձակությամբ և երիտասարդների հետ կապով։ Հենց «Գարուն»-ի միջոցով է, որ այսօր մենք շատերին ճանաչում ենք ու նորովի բացահայտում»,- նշում է Մարիամը։ 

Բացի դրանից՝ ցուցահանդեսի նպատակներից մեկն էր համախմբել «գարունականներին», որոնք դեռ մեր կողքին են, թույլ տալ նրանց վերհիշել ու պատմել լավագույնը ներկա սերնդին, կարևորել նրանց ստեղծածը։ 


Անի Անտոնյան