Ապրիլի 2-ին, ժամը՝ 15։00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (Զարոբյան փող., 20 շենք) տեղի կունենա նշանավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Գեղամ Կիրակոսյանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500թթ)» և «Սասուն» գրքերի շնորհանդեսը, որը նվիրվում է գիտնականի 90-ամյա հոբելյանին։
Գեղամ Կիրակոսյանը ավելի քան չորս տասնամյակ դասավանդել է Հայաստանի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում, եղել է պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր: Դասավանդել է համաշխարհային պատմության նորագույն շրջանը և մասնագիտական մի շարք դասընթացներ: Հեղինակել է 40-ից ավելի գիտական հոդվածներ և 4 մենագրություն:
Նրա պատմագիտական հետաքրքրությունների շրջանակները ընդգրկում են միջնադարյան Հայաստանի հարուստ պատմության հիմնահարցերից մինչև Սասունի պատմությունը։ Պատմաբանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500թթ)» (1997թ.) մենագրությունը նվիրված է հայոց պատմության միջնադարի քիչ ուսումնասիրված շրջանին: Նրա պատմագիտական ժառանգության մեջ ուրույն տեղ ունեն հուշագրությունները նվիրված իր հայրենի բնօրրանի պատմությանը` «Հողի և արյան կանչով», «Էրգիրն է կանչում» աշխատությունները:
Հատված Գեղամ Կիրակոսյանի «Սասուն» աշխատությունից
Հիրավի, ես պառկած եմ իմ պապերի հողին, կարծեք թե լսում եմ նրա խուլ տնքացող ու ցավագին ձայնը։ Գերված հողը ինձ ձայնում է․
— Բարով ես եկել, իմ իրական տեր, ուր էիր այդքան երկար տարիներ, ինչու ես ինձ թողել օտարներին գերի, նրանք անխնա ավերեցին իմ իսկական տերերի կառուցած հոյակապ վանքերն ու եկեղեցիները, պղծեցին իմ ընդերքից բխող հակինթ աղբյուրները, ես չեմ ուզում առատ պտղաբերել և իմ կենսաբեր բարիքները տալ ինձ գերող օտարին։ Ես կարոտակեզ սպասում եմ իմ իրական տիրոջը, որ իմ ծաղկուն հովիտների ու լանջերի ծաղկաբույրը նվիրեմ նրան։ Ես ուզում եմ ամեն գարնան լսել հայոց հորովելի անուշ կանչը, նրա քաղցրահունչ մեղեդու ներքո իմ հերկերի մեջ հունդեր շաղ տա իմ իսկական տերը, ու ես բերքավորվեմ նրա ծով սիրուց և առատորեն հատուցեմ նրան․․․
No Comments