Անի Անտոնյան Կրեատիվ ՄշակութաԳիծ

Գերմանացի լեռնադահուկորդի ռեկորդները՝ Հայաստանում

Գերմանացի լեռնադահուկորդի ռեկորդները՝ Հայաստանում

Գերմանացի լեռնադահուկորդ, Գինեսի և աշխարհի բազմակի ռեկորդակիր Քրիստիան Ֆլյուրը մարտի 2-6-ը Եղիպատրուշ գյուղի «Մայլեռ» հանգստավայրում էր՝ իր Project3M+2 նախագծի շրջանակում։ 

2025-ի նոյեմբերին մեկնարկած նախագծի նպատակն է 365 օրում դահուկներով գրանցել 5 միլիոն մետր տարածություն՝ ուղղահայաց լանջերով։ Գինեսի նոր ռեկորդը սահմանելու համար մարզիկն այցելելու է 5 մայրցամաքի 14 երկիր։ 

Հայաստանում գտնվելու օրերին նա սահմանեց ևս մեկ աշխարհի ռեկորդ՝ մեկ ժամում անցնելով 5861 մ տարածություն։

Կարոտի, հայկական լեռների բացառիկության և հայ մարդու տեսակի մասին զրուցել ենք Քրիստիան Ֆլյուրի հետ։

-Քրիստիա՛ն, տարբեր հարթակներում միշտ սիրով եք խոսում Հայաստանի մասին։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը գրավում մեր երկրում։ 

-Կուզեի պատմել, թե ինչպես եկա Հայաստան։ Ժամանակին դահուկասերների համար մի ճամփորդական հարթակ կար՝ #Ichwillschnee, որը թույլ էր տալիս բացահայտել դահուկային սպորտի համար նոր երթուղիներ։ Դրանցից մեկը Ծաղկաձորն էր։ Սակայն ես բախվեցի մի մեծ խնդրի՝ չէր հաջողվում տեղացիների հետ հաղորդակցվել գերմաներեն։ Հյուրանոցներից մեկում աշխատող մի աղջիկ, ով քիչ թե շատ գիտեր այդ լեզուն, օգնեց ինձ։ 

Ծաղկաձոր ոտք դնելուն պես առաջին զգացողությունը սարսափելի ցուրտն էր՝ գրեթե -20 աստիճան։  Համեղ նախաճաշեցինք, բիլիարդ խաղացինք։ Երկրորդ օրը հանդիպեցի այն աղջկան, ով հեռվից ինձ համար բացահայտել էր Հայաստանը։ 

Սահելու ընթացքում ևս դժվարություններ եղան։ Օրինակ՝ Եվրոպայում դու գնում ես օրական տոմս ամբողջ երթուղուց օգտվելու համար, իսկ Ծաղկաձորում ճոպանուղով վերելքների թիվը սահմանափակ էր։

Երբ բացվեց «Մայլեռ» հանգստավայրը, կրկին կապեցի ճամպրուկս։ Ապարանում մեզ հրաշալի օրեր էին սպասվում։ Հասկացա, որ արբանյակային ալեհավաքներով հարուստ այս տներում ապրում են մարդիկ, որոնք դուրս են եկել խորհրդային ռեժիմից, ստեղծել են նոր արժեհամակարգ, նոր կապեր։ Այստեղ մարդիկ երբեմն զգուշանում են քեզնից, բայց երբ սկսում են ճանաչել, ժպտում են ու բացում սիրտը։ Կարծում եմ՝ ժպիտով հնարավոր է կոտրել բոլոր լեզվական խոչընդոտները։ 

Սիրում եմ Հայաստանի գիշերային կյանքը և հարուստ մշակույթը։ Անմիջապես նկատում ես կանանց և աղջիկներին, որոնք միշտ խնամված են։ 

Սիրում եմ անհավասար շարժումներով արագ ընթացող մետրոյի վագոնները, Հանրապետության հրապարակը՝ իր շքեղ ճարտարապետությամբ, մոնումենտալ Կասկադը, որը Երևանի նման հնագույն քաղաքի համար չափից շատ արտասովոր է, իրարից գրեթե 500 մետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ եկեղեցիները։  Եվ իհարկե հայկական լավաշն ու անուշեղենը։ 

-Դուք քաջատեղյակ եք Հայաստանի լեռնադահուկային գոտիներից։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում։ 

-Շատ բան է փոխվել։ Ամենակարևորը՝ մարդիկ ազատ խոսում են օտար լեզուներով։ 

Հայաստանն ունի բարձր լեռներ, հրաշալի լանջեր ու բնություն։ Նույն կետում կանգնելով՝ կարող ես միանգամից մի քանի լեռ տեսնել։ Սա աննկարագրելի զգացողություն է։ Օրինակ՝ Ալպերում պարզապես սահում ես թեք ու քարքարոտ լանջերով, իսկ Հայկական լեռնաշղթան քեզ դարձնում է զարմանալի ձյունաճերմակ բնության ականատեսը։ Թոքերդ լցվում են մաքուր օդով։ 

Այնքան ուրախ եմ, որ օրեցօր բարելավվում են պայմանները լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ Գիտեմ, որ առաջիկա տարիներին ավելի երկար սահուղիներ են կառուցվելու՝ մինչև 80 կմ երկարությամբ։ Թեև ձմռանը Հայաստանում ձյան պակաս չկա, այդուհանդերձ ներդրվում են ձյունաստեղծ համակարգեր։ Քեզ մնում է միայն տոմս ամրագրել, գնալ Հայաստան ու վայելել։ 

-Կարելի՞ է ասել, որ Հայաստանը կարող է մրցել լեռնադահուկային սպորտում լավագույն պայմաններն առաջարկող երկրների հետ։  

-Իհարկե։ Հայաստանն իսկապես արժանի է մեծ ուշադրության, այդ պատճառով ես իմ 15-րդ աշխարհի ռեկորդի ծրագրում ներառեցի այն։  

Բացի լեռներից՝ Հայաստանն ունի նաև հնագույն մշակույթ, որը ճանաչելով՝ ավելի ես կապվում այս երկրին։ Գերմանացիներն ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք այստեղ անվտանգ է։ Պատասխանս միշտ նույնն է՝ բավականաչափ ապահով է, հանցագործությունների մակարդակը՝ ցածր։ 

Բայց մի խնդրի մասին կցանկանայի խոսել։ Տեղեկատվական համակարգերում Հայաստանի անունն ավելի շատ ասոցացվում է տարածաշրջանային կոնֆլիկտի հետ։  Համացանցում օտար լեզուներով տեղեկատվության մեծ պակաս կա, և այս ուղղությամբ պետք է պետական մակարդակով քայլեր արվեն։ Օրինակ՝ նույն ձմեռային տուրիզմի և լեռնադահուկային սպորտի հնարավորությունների հանրահռչակման ուղղությամբ։ 

Ձմեռային հանգստավայրերի պաշտոնական էջերը թարմացման և մարկետինգի կարիք ունեն։

-Քանի որ խոսեցիք կոնֆլիկտից, գիտեմ, որ հետաքրքրված եք Արցախի պատմությամբ և 2020 թվականի պատերազմով։ 

-Ես հետաքրքրված եմ առհասարակ քաղաքականությամբ։ Ցանկացած կոնֆլիկտի մասին ճշմարտությունն իմանալը կարևոր է՝ լուծումներ գտնելու համար։ 

Կարծում եմ՝ այս կոնֆլիկտը պետք է լուծեն մարդիկ, ովքեր ապրում են կողք կողքի, ոչ թե դիտորդի դերում հանդես եկող մեծ պետությունները։ Այս հակամարտությունը շատ հին է, մարդիկ սահմանից այն կողմ թողել են իրենց հայրենիքը։ Միգուցե ամեն ինչ կարգավորվի, և բոլորը վերադառնան իրենց տուն։ Հույսը երբեք պետք չէ կորցնել։ 

Եթե ժամանակս հերիքի, ցանկանում եմ տեսնել Արցախից փրկված գորգերը և լսել մարդկանց պատմությունները։ 

-Զբոսաշրջիկները սովորաբար ինչ-որ բան են տանում իրենց հետ՝ որպես հուշ այդ երկրից։ Ի՞նչ եք Դուք տանելու։ 

-Միլիոնավոր հիշողություններ, որոնք գումարով չես գնի։ Օրինակ՝ ինչպես ճանապարհը շեղեցինք ու գտանք Աղբյուրակի ջրամբարին հարակից լքված ինքնաթիռը։ Տեղացիները մեծ տնական ծիրանի օղի հյուրասիրեցին հանքային ջրի շշով։ Մինչ օրս պահում եմ, հրաշալի օղի է։ 

Չեմ մոռանա հացաբուլկեղենի խանութում աշխատող արցախցի կնոջը, որն անմահական հաց էր թխում։ Նա մեծ տատի նման կանգնեց կողքիս, և լուսանկարվեցինք։ 

Իմ առաջին այցի ժամանակ ընկերներիցս մեկը խնդրել էր իր համար քամանչայի աղեղներ բերել Հայաստանից։ Մենք հյուրընկալվեցինք քամանչա պատրաստող ամենալավ վարպետներից մեկի տանը՝ Երևանին մոտ գյուղում։ Նա մեզ թեյ հյուրասիրեց, որի հատուկ բույրը հիշում եմ այսօրվա պես։  

Սրանք անգին հիշողություններ են։ 

Հ․Գ․ Հայաստանում իր համաշխարհային ռեկորդի մեկ օրը Քրիստիան Ֆլյուրը նվիրել է մշակութային էքսկուրսիաներին, այցելել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ, Կասկադ համալիր և Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Ասում է՝ միշտ պետք է վերադարձի տեղ թողնել։ 

 Անի Անտոնյան