Ազգամիջյան հակամարտությունները ոչ միայն խլում են մարդկային կյանքեր, խեղում մարդկային ճակատագրեր, այլև ծանր հետևանքներ ունենում պատմամշակութային հուշարձանների կենսագրության վրա:
Տարիներ առաջ Տավուշի մարզում լսել էի մի հուզիչ պատմություն Կոթի գյուղից ոչ հեռու՝ բարձր լեռան գագաթին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու մասին, որը անհիշելի ժամանակներից մինչև արցախյան պատերազմի օրերը եղել է հայաստանցիների, ինչպես և Հայաստանի հարևան տարածքներում բնակվող քրիստոնյաների պաշտելի, հրաշագործ սրբատեղին: Մարդիկ տարին երկու անգամ՝ Սուրբ Սարգսի տոնին և ամռանը, երբ ճանապարհը պակաս դժվարանցանելի է եղել՝ այստեղ են եկել ուխտի՝ հավատացած, որ զորավոր եկեղեցին կազատի ծանր հիվանդություններից ու կիրականացնի նվիրական երազանքները:
Արցախյան պատերազմի օրերից ի վեր՝ սրբատեղին դարձել է անմատչելի հայերի համար, քանի որ դեռևս խորհրդային տարիներին՝ 1920-ականներին գծված սահմանի համաձայն՝ այն հայտնվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: Այդ շրջանում ընդունված կարգախոսների համատեքստում բոլշևիկյան ղեկավարությունը որևէ զանզանություն չի դրել Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների սահմանազատումների միջև, որովհետև ընդունված էր մտածել, թե բոլորիս համար սահմանը ձգվում է Խորհրդային Միության մեկ ծայրից մյուսը, որ մենք լայնարձակ հայրենիքի ազատ քաղաքացիներն ենք և կարող ենք մեզ տիրոջ պես զգալ այդ լայնարձակության ցանկացած կետում: Այդպե՞ս էր արդյոք, թերևս: Բայց խորհրդային կայսրության փլուզումից հետո պարզ դարձավ այդ անհաջող մոգոնված հովվերգության սնանկությունը, և հայերիս պաշտելի սրբավայրը հայտնվեց թշնամու սահմանում:
Այս պատմության հետքով էլ գտանք Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանին, որին խնդրեցինք լույս սփռել մեր ունեցած տեղեկության վրա և հաղորդել այլ մանրամասներ հայկական եկեղեցու անցյալի ու ներկայի մասին:
Ս. Սարգիսը գտնվում է Գագ լեռան գագաթին՝ Կոթի գյուղից մոտ 8 կիլոմետր դեպի արևելք:
Այն՝ որպես սրբավայր, հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը: Վերջինս Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները (ըստ բանավոր անավդազրույցների՝ ծնոտը) բերել է Հայաստան և Գագ լեռան գագաթին հանձնել հողին: Փայտաշեն խաչ է տեղադրել շիրմաթմբի վրա և այդպես ստեղծել սրբատեղի: Հետագայում (ըստ ենթադրությունների՝ 12-րդ դարում) այդտեղ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու հարևանությամբ նաև մատուռ է կառուցվել: Ավելի ուշ՝ 19-րդ դարավերջին, եկեղեցին վերանորոգվել է կոթեցի Արզուման Տեր-Սարգսյանի ձեռամբ: Եկեղեցու մուտքի վերին մասում եղել է քարե արձանագրությունը, որ վկայել է այդ մասին:
Ադրբեջանցիների ձեռքն անցնելուց հետո համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում կոթեցիները ցավով նկատել են, որ այդ հայատառ արձանագրությունը քերված-ջնջված է: Սակայն սրանով չեն բավարավել մեր վայ-հարևանները. որոշ ժամանակ անց հայտնվում են նոր լուսանկարներ, որոնցում հիշյալ քարը լինում է կոտրտված, իսկ ավելի ուշ արված լուսանկարներում այն իսպառ բացակայում է:
Լուսանկարները պաշտոնական կայքերում չէ, որ տեղադրվում են. կոթեցիները ուշի ուշով հետևում են իրենց թանկ մասունքի ճակատագրին, և համացանցում հայտնված պատահական սիրողական լուսանկարներն են նրանց տեղեկության աղբյուրը:
Բնականաբար, ադրբեջանցիները չեն կարող մեր սրբավայրը վերագրել իրենց, այն քրիստոնեական եկեղեցի է, բայց կոնկրետ հետքերը վերացնելու հարցում ամեն ինչ անում են:
«Այս պահին եկեղեցին ամբողջությամբ ավերված չէ, ավելի շատ մատուռն է վնասված: Հավանաբար այնտեղ տեղակայված է համառակորդի հենակետը, և մեր եկեղեցին ծառայում է պատսպարվելու տարածք ադրբեջանցիների համար: Երևի համոզված են, որ մենք երբեք մեր սրբավայրի վրա հրետակոծություն չենք անի, և հենց այդ պատճառով է, որ չեն ավերում ամբողջությամբ,- կարծում է Ֆ. Մելիքյանը և հավելում,- ես փառք եմ տալիս Աստծուն, ինչ-որ տեղ էլ զարմանում, որ խորհրդային շրջանում, երբ համատարած ավերվում էին սրբատեղիները կամ վերածվում պահեստների, այս եկեղեցին չի ավերվել»:
Եկեղեցին շրջապատված է գետնափոր զորանոցներով, որոնք փորված են գրունտային շերտի մեջ: Դրանք կառուցվել են 20-րդ դարասկզբին՝ նախախորհրդային ժամանակներում, երբ ընթանում էին հայ-թուրքական արյունալի ընդհարումները: Այդ դիրքերից են թշնամու վրա կրակ արձակել մեր հայրենիքի զինյալ պաշտպանները՝ չկասկածելով հավանաբար, որ իրենց պաշտպանական կառույցը մի օր ծառայելու է հենց թշնամուն:
Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև հայ-ադրբեջանական հակամարտությունը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը քար առ քար չափագրել է Կոթիի Սուրբ Սարգիսը, և հիմա դրա շնորհիվ կարելի է մեկ այլ վայրում նույնությամբ վերականգնել եկեղեցին:
-Որպես սահմանամերձ համայնքի ղեկավար, որպես հայ մարդ՝ հույս ունե՞ք, որ երբևէ կբացվի դեպի նվիրական սրբատեղի տանող ճանապարհը, և հայ ուխտավորները կունենան այնտեղ կրկին լինելու բարեբախտությունը,- հարցնում ենք Ֆ. Մելիքյանին:
-Որպես հայ մարդ, որպես հայ քրիստոնյա, որպես մեր եկեղեցու հետևորդ՝ համոզված եմ, որ կգա օրը, երբ մենք կրկին մեր եկեղեցու տերը կլինենք և կգնանք այնտեղ ուխտի: Հիմա էլ կտրված չենք մեր եկեղեցուց, այն մեր տարածքից տեսանելի է: Բայց հիմա մշտադիտարկում ենք հեռադիտակով:
Լուսանկարները մեզ է տրամադրել Ֆելիքս Մելիքյանը
Կարինե Ռաֆայելյան
Երևան-Կոթի-Երևան
No Comments