Գիրք նվիրելու օրը հայաստանյան թանգարաններում
Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։
Մասնավորապես, Հովհաննես Թումանյանի թանգարանում միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին «Գիրքը՝ հեքիաթասաց» խորագրով ծրագրով։ Հեքիաթի ժամը կվարի Ալինա Ավետիսյանը՝ ստեղծելով ջերմ ու ներգրավող մթնոլորտ, որտեղ Թումանյանի հեքիաթները նոր շունչ կստանան։ Ժամը 16:00-ին տեղի կունենա նշանակալի իրադարձություն՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի թվայնացված գրքերի կայքէջի հանդիսավոր ներկայացումը։ Թվայնացումը հնարավորություն է տալիս Թումանյանի անձնական գրադարանի բացառիկ նմուշները հասանելի դարձնել լայն հանրությանը՝ անկախ աշխարհագրական սահմաններից։ Ժամը 17:00-ին կկայանա «Կյանքը՝ գրքերեն. գիրքը և ընթերցանությունը Ռուբեն Եսայանի հայացքով» խորագրով հանդիպումը։ Օրվա եզրափակիչ ակորդը կլինի ժամը 18:00-ին նախատեսված բացառիկ ցուցադրությունը։ Կներկայացվի 1852 թվականին հրատարակված Երգեր գիրքը՝ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործություններով։ Ցուցադրությունը կուղեկցվի քամանչայի նվագակցությամբ՝ ստեղծելով ժամանակների միաձուլման յուրահատուկ մթնոլորտ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը փետրվարի 19-ին կազմակերպում է բազմաբովանդակ միջոցառումներ «ԳԱԹ գրադարանի ոճային գրքերը» խորագրով։ Օրվա շրջանակում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում, որը կներկայացնի թանգարանի գրադարանի ուշագրավ նմուշները՝ շեշտադրելով ոչ միայն գրքի բովանդակությունը, այլև դրա գեղարվեստական ձևավորումը։ Ցուցադրությունը նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես է գիրքը դառնում արվեստի առարկա՝ կազմի, տպագրության և ձևավորման միջոցով։ Բացի այդ, կանցկացվի կրթական ծրագիր՝ նվիրված գրքի կազմի ձևավորմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գրքի կազմարարության «մարմարյա» կոչվող ավանդական տեխնոլոգիային՝ բացահայտելով ձեռագործ ձևավորման գաղտնիքները։ Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է երիտասարդների համար, քանի որ այն համադրում է տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ գիրքը ներկայացնելով որպես կենդանի մշակութային արժեք։
Նույն օրը, ժամը 14:00-ին, ԳԱԹ մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ օրվա հերոս» խորագրով հանդիպում գրող-հրապարակախոս Վովա Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում կներկայացվի հեղինակի «Ինձ տանն եմ մոռացել» գիրքը։ Միջոցառումը խոստանում է դառնալ բաց երկխոսության հարթակ՝ ընթերցողների և հեղինակի միջև։
Փետրվարի 19-ին առանձնահատուկ միջոցառումներ են նախատեսված նաև ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։ Ժամը 14:00-ին կբացվի «Նվիրում ենք գիրք» խորագրով ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Սիլվա Կապուտիկյանի տարբեր տարիներին հրատարակված գրքերը։ Ցուցադրությունը հնարավորություն կտա հետևել հեղինակի ստեղծագործական ուղուն՝ վաղ շրջանի գործերից մինչև հասուն շրջանի հրատարակություններ։ Նույն օրը, ժամը 16:00-ին, տուն-թանգարանում կկազմակերպվի «Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Կապուտիկյանի տանը» խորագրով միջոցառում։ Այն ներառում է բեմականացված ընթերցումներ աշակերտների մասնակցությամբ։
Գրքի տոնը մեծ շուքով նշվում է նաև Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ ԳԱԹ մասնաճյուղ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Ժամը 12:00-ին տեղի կունենա «Թումանյանական գրքի տոն Դսեղում» խորագրով միջոցառում, որի ընթացքում կներկայացվի Թումանյանի տարբեր տարիներին հրատարակված հեքիաթների գրքերի ցուցահանդես։
Նույն օրը, ժամը 14:00-ին, Դսեղում՝ բանաստեղծի արձանի մոտ, կանցկացվի «Ծնունդդ շնորհավոր, Ամենայն հայոց բանաստեղծ» խորագրով ցերեկույթը։ Միջոցառման շրջանակում Դսեղի դպրոցականները կներկայացնեն «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության բեմական տարբերակը։
Գորիս քաղաքում գործող ԳԱԹ մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանը նույնպես միացել է գրքի տոնին։ Ժամը 13:00-ին կանցկացվի «Նվիրում ենք գիրք» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։ ։ Ժամը 15:00-ին նախատեսված է «Թումանյանն ու Հայը» խորագրով գրական ցերեկույթ՝ Գորիսի դպրոցականների մասնակցությամբ։
Աշտարակում գործող ԳԱԹ մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ժամը 16:00-ին կանցկացվի «Գիրք նվիրելու օրը» խորագրով միջոցառում։ Օրվա շրջանակում կբացվի «Թումանյան-Պռոշյան» խորագրով ցուցահանդես, որը կներկայացնի երկու մեծ գրողների ստեղծագործական առնչությունները և գաղափարական ընդհանրությունները։ Կկազմակերպվի նաև ընթերցանության մրցույթ, որը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը և զարգացնում նրանց խոսքի ու վերլուծական կարողությունները։
Գիրք նվիրելու օրը Խ. Աբովյանի տուն-թանգարանում գրքառատ է լինելու. փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին Աբովյանի տուն-թանգարանում կկայանա մեծ գրողի «Ուղեգրություններ» և «Արձակ երկեր» գրքերի շնորհանդեսը։ Երկարատև դադարից հետո լույս տեսած «Ուղեգրություններ» գրքում ամփոփված են մեծ գրողի թարգմանական և ինքնուրույն ուղեգրական նոթերը, «Արձակ երկեր»-ում ՝ խոհափիլիսոփայական գործերը։ Տեղի կունենա գրքերի լույսընծայմանը նվիրված գինեձոն։ Շնորհանդեսը կուղեկցվի գրքերին առնչվող քննարկումներով, ինչպես նաև Խ. Աբովյանին նվիրված երաժշտական բացառիկ կատարումներով։ Կատարողներ՝ օպերային երգիչ, տենոր Հայկ Վարդանյան, դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյան։
Փետրվարի 19-ին, ժամը 14։00-ին, թանգարան-գրադարան համագործակցության շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով տուն-թանգարանի կողմից հրատարակված «Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքում ներկայացված են տուն-թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր, արխիվային նյութեր և համառոտ տեքստային մեկնաբանություններ՝ հայերեն և անգլերեն: Բացի այդ, կկայանան նաև հետևյալ գրքերի շնորհանդեսները՝ Ավիկ Իսահակյան, «Ավետիք Իսահակյան․ գիտական կենսագրություն» (մաս 2), «Ավետիք Իսահակյան» ընտրանի։ Գրադարաններին կնվիրաբերվեն թանգարանի նոր հրատարակություններից՝ նպատակ ունենալով համալրել նրանց գրքային ֆոնդը։
Փետրվար 19-ին, ժամը 15:00 Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա «Գրքարիում» խորագրով հանդիպում երիտասարդ գրողներ Լևոն Բեժանյանի և Միշա Մանուկյանի հետ: Զրույցը վարում է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը։
Միջոցառումներ կանցկացվեն նաև այլ թանգարաններում։






