ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Գրականությունը հայ-իրանական փոխշփումների ծիրում

15.10.2019

Հոկտեմբերի 12-ը համարվում է պարսիկ մեծանուն բանաստեղծ Հաֆեզի մեծարման օրը: Այդ օրը նշվեց հայ-իրանական գրական կապերին նվիրված նիստով՝ կազմակերպված ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի կողմից: Երևանի Կապույտ մզկիթում հավաքված հայ և պարսիկ մտավորականները առիթ ունեցան ևս մեկ անգամ համոզվելու, որ երկու հարևան ժողովուրդների մշակութային առնչությունները սկիզբ են առել դարերի խորքից և միտված են ապագային: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ողջույնի խոսքում անդրադարձավ այդ առնչություններին՝ խորությամբ վերլուծելով դրանք և երկու ժողովուրդների գրական գանձարանից մեջբերված դիպուկ քաղվածքներով համեմելով իր վերլուծությունը:

Ելույթով հանդես եկավ պ.գ.դ., ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները. «Վարդի և սոխակի պատմության համեմատական վերլուծություն. ըստ հայ և իրանական գրականությունների» /Վարդան Դևրիկյան, բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն/, «Հայ իրանագիտության զարգացման գործընթացը վերջին տասնամյակներում» /Վարդան Ոսկանյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ/, «Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» որպես իրանական դիցաբանության առավել հանրահռչակման միջոց» /Լուիզա Գասպարյան, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի վարիչ/, «Հայ իրանական գրական առնչությունները նոր և նորագույն շրջանում» /Գառնիկ Գևորգյան, բ.գ.թ., ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս/, «Գեղարվեստական ընկալման ժառանգականությունը ժամանակակից իրանական ընթերցողի համար Սաադու Գոլեստանի հեքիաթներից մեկի վերլուծությամբ» /Օվսաննա Բաղումյան, Թեհրանի համալսարանի ասպիրանտ/:

Նիստի կարևորագույն առանցքը բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, անվանի իրանագետ Արմանուշ Կոզմոյանին Իրանում սահմանված բարձր պարգևի՝ Շահրիյարի անվան միջազգային գրական մրցանակի հանձնման արարողությունն էր: Մրցանակակիրը  ներկայացրեց  «Դրվագներ Սիլվա Կապուտիկյանի և Վահագն Դավթյանի հետ պարսից պոեզիայի թարգմանական համագործակցության պատմությունից» թեմայով իր ուսումնասիրությունը: Մրցանակը նրան հանձնեցին Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին և Ռուբեն Սաֆրաստյանը:

ardi.am

No Comments

Leave a Reply