Արմինե Սարգսյան

ԳրաՀայտ՝ Հակոբ Սահակյանի հետ

23.01.2020

ԳրաՀայտ նախագիծը ներկայացնում է գրական ստեղծագործություններ՝ տարբեր ոլորտների մասնագետների հայացքով:

Թրումեն Կապոտե, Նախաճաշ Թիֆընիի մոտ, «Զանգակ» հրատարակչություն

Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է:
Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության շրջանում:

Հակոբ Սահակյան, ծնված՝ 20.07.75,  սովորել է ՀՊՃՀ-ում: Աշխատանքային գործունեությունն սկսել է «Տրանս-Սերվիս» ՍՊԸ-ում: Ներկայում, որպես համակարգչային ինժեներ, աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբում, Մ. Մաշտոցի անվան մատենադարանում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: «Սահակ-Սերվիս» համակարգիչների սպասարկման կենտրոնի հիմնադիր-տնօրենն է:
Սիրում է  կարդալ պատմվածքներ, նովելներ:Սեղանի գիրքը, կամ գիրքը, որը փոխել է կյանքը, «Մարտին Իդենն» է: Նախասիրությունները՝ սպորտ, ֆիլմերում փոքր դերերի մարմնավորում: Բանաձևեր, որ կիրառում է աշխատանքի մեջ ու կյանքում. «Այն, ինչ պատահում է մեզ հետ կյանքում, բարին է», «Վերաբերվիր մարդկանց այնպես, ինպես ուզում ես մարդիկ վերաբերվեն քեզ»: Այն, ինչ բացառում է, երբևէ չի ընդունում ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ կյանքում, զորօրինակ` «ընկածին չօգնելը, մեղավորին 2-րդ հնարավորություն չտալը»:

Հակոբ Սահակյան. «Հոլլին կարողացավ ազատվել վանդակից, ինքը՝ ոչ»


«Նախաճաշ Թիֆընիի մոտ» գիրքը կարդալիս

Գիրք կարդալը շատ կարևոր է, բայց, ափսոս,  ժամանակ չի լինում: Տեղեկատվական տեխնոլոգիաների հորձանուտը, աշխատանքը,  ծանրաբեռնվածությունը ժամանակ չեն թողնում ընտանիքիդ, ընկերներիդ, գիրք կարդալու համար: Ժամանակին այցելում էի թատրոն, համերգասրահներ, մայրս` Գալինա Սահակյանը, օպերային սիմֆոնիկ  նվագախմբի երաժիշտ էր, տոմսեր էր բերում՝ «Անուշ», «Դոն Կիխոտ»… Հայրս բանաստեղծ Յուրի Սահակյանն է: Միջոցառումների էի գնում, մասնակցում  մշակութային կյանքին:
«ԳրաՀայտ» նախագծի առաջարկից ուրախացա: Առիթ էր՝ գիրք կարդալու: Գիրքն էլ հեշտ կարդացվող էր, հնարավոր էր մի շնչով կարդալ, բայց երեկոյան ուշ աշխատանքից վերադառնում էի տուն, սեղանիս տեսնում էի դրված, մտածում էի՝ կարդամ, բայց մինչև կարդալը քնում էի:  Օրը ժամ-ժամուկես եմ կարդացել, մի քանի օրում ավարտեցի: Սյուժեն հետաքրքիր է.  պատկերացնում էի՝ հետո ինչ է լինելու, իհարկե, կանխատեսումներս միշտ չէ, որ իրականանում էին: Պարզվում էր՝ հեղինակն այլ կերպ է ծրագրել զարգացումները:  

Եթե կարդար առաջին հրատարակությունը

Այս վիպակը հայերեն առաջին անգամ լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը, 1987 թվականին: Եթե այդ տարիներին լինեի 30-35 տարեկան, հաճույքով կկարդայի:  Խորհրդային հասարակության մեջ մեծացած մարդուն հետաքրքիր կլինեին կապիտալիստական բարքերը, դրսի աշխարհը, ինչի հետ անմիջական հաղորդակցվելու հնարավորություն չկար: Հիմա դա նաև մեր իրականությունն է, դառը իրականությունը: Մարդիկ փորձում են այս կյանքում իրենց տեղը գտնել, մեկն իր ուղեղն է օգտագործում, մյուսը՝ արտաքին տվյալները, մեկ ուրիշը՝ծանոթ-բարեկամին:

Մեր օրերի Հոլլի Գոլայթլին

Հոլլի Գոլայթլիի նման կերպարի ինքս չեմ հանդիպել: Նրանք մեծ քաղաք են գալիս  գյուղերից, հեռու քաղաքներից,  փորձում ինքնահաստատվել, դժվարություններ հաղթահարել: Հոլլին ազատատենչ աղջիկ էր, որ փորձում էր ինքնահաստատվել, փորձում էր մտնել բարձր հասարակություն՝ խախտելով բարոյական նորմերը, ընդունված  կանոնները:
Հոլլի  նշանակում է սուրբ, Գոլայթլի՝ թեթև շարժվող, ճախրող: Ինձ թվում է, որ Կապոտեն հերոսի համար իզուր չի ընտրել այդ անունը:

Տասնիննամյա Հոլլիի որոնումները

Հոլլիի նման մարդիկ սովորաբար իրենց տեղը չեն գտնում կյանքում: Նրանք անդադար որոնումների մեջ են, նրանց թվում է, թե գիտեն ինչ են ուզում, բայց իրականում չգիտեն:  Հոլլին օրինակելի կերպար չէ, ոչ էլ՝ բացասական: Մարդ է՝ իր խառնվածքով, ներքին աշխարհընկալմամբ: Ճիշտ է, տարբեր իրավիճակներում կարող էր ուրիշ վարքագիծ դրսևորել, բայց, բոլոր դեպքերում, նրան չես կարող մեղադրել: Հոլլին հեշտ կյանքի էր ձգտում, բայց միևնույն ժամանակ գիտեր, որ դրա համար պիտք է վճարել:

Հակոբ Սահակյանն ավագ դստեր՝ Մարիայի հետ

Թրումեն Կապոտեն և իր հերոսուհին

Հեղինակը (պատմողը) նույնպես կա վեպում: Նա էլ է սիրահարված Հոլլին: Նրա հետ ապրում է նույն շենքում: Նկարագրում է, թե ինչպես են տարբեր մարդիկ՝ զինվորականներ, մեծահարուստներ, հավաքվում Հոլիիի տանը: Նրանք բոլորն էլ համակրում էին Հոլլին: Իսկ Հոլլին բոլորի համար ուներ ինչ-որ մի բան, բոլորի հետ կապը պահում էր, բայց ոչ մեկին չէր ընտրում, ոչ մեկին  «այո»  կամ «ոչ» չէր ասում:

Հոլլին երազում էր լինել այն մարդկանց հետ, ովքեր Թիֆընիի ոսկերչական խանութից թանկարժեք զարդեր են ձեռք բերում,  հայտնվել այն սրճարանում, որտեղ մեծահարուստները, հասարակության սերուցքը նախաճաշում էին, սրճում:

Թանկարաժեք վանդակն ու  ազատությունը

Երբ Հոլլին ու հեղինակը վիճում են, վերջինս աղջկա նվիրած թանկարժեք վանդակը տանում-դնում է աղջկա դռան մոտ, հաջորդ օրը տեսնում է՝ վանադակը աղբամանում է: Ու ինչքան էլ որ ուզում էր հետ կանգնել այդ քայլից, վանդակը տուն է տանում և   նեղսրտում, որ Հոլլին կարողացավ ազատվել վանդակից, ինքը՝ ոչ:

Կան դրվագներ, որ առանձին վերլուծություն են պահանջում: Հոլլին Նյու Յորքից հեռանալիս կատվին բաց է թողնում, բայց շատ արագ էլ զղջում է, փնտրում  ու չի գտնում նրան: Նա թե՛ ինքն իր համար է ազատություն ուզում, թե՛ իր շրջապատի: Բայց հետո զգում է, որ իր ազատությունը շրջապատի ազատության հետ համատեղելի չէ:
Իսկ կատուն նրա մի մասնիկն էր:
 
Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply