Հայաստանում ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում հնարավորություն ընձեռնվեց դիտելու ճապոնացի դերասան, ռեժիսոր Ջո Օդագիրիի առաջին լիամետրաժ խաղարկային «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը։ Ընդհանրապես երբ խոսում ենք ճապոնական կինոյի մասին, միանգամից մեր աչքերի առաջ են հայտնվում Ճապոնիայի ինքնատիպ բնապատկերները։ Եվ ինչքան էլ դասական դարձած ճապոնական ֆիլմերի օրինակներ թվարկենք, միևնույնն է, կինոարտադրությունն է փաստում, որ այսօր էլ շարունակվում են ստեղծվել բարձր գեղագիտությամբ ֆիլմեր, որոնք երկարատև աշխատանքի արդյունք են։ Նախ այն, որ ռեժիսորն այս ֆիլմի ստեղծագործական կազմում համախմբել է պրոֆեսիոնալների, արդեն իսկ հաջողության առաջին գրավականներից է։ Այսպիսով, ճանաչված բեմադրող օպերատոր Քրիստոֆեր Դոյլի, Օսկարի արժանացած հագուստի դիզայներ Էմի Վադայի, աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ համագործակցության արդյունքում ռեժիսորը կարողացել է իրականություն դարձնել իր մտահղացումը՝ պատմելով ճապոնացի մակույկավարի պատմությունը, որը չի ենթադրում տարածաժամանակային սահմանափակումներ, այլ մարդկության համար կարևոր ուղերձներով է հագեցած։ Սա ճապոնական կինոյի պատմության նվաճումներից է։ Մարդն իր կյանքի ընթացքում հեշտությամբ է հրաժարվում իրեն տրված գեղեցկությունից և կարևոր արժեքներից, բայց դրանք այլևս երբեք հետ չեն վերադարձվում և չեն դառնում իրենը: Գուցե հասարակությունում, որտեղ փողն ու ժամանակներն են իշխում, մարդը երբեմն կորցնում է իսկական երջանկությունն ու գտնելու հնարավորություն չի ունենում: Այս զգացողություններն ու մտքերն են արտացոլվում ֆիլմում։ Կանաչ սարերով շրջապատված մի գետ է հոսում՝ մակույկավար Տոյիչի կյանքի հետ։
Վերջինս ապրում է գետի ափին գտնվող համեստ տնակում և զբաղվում է մակույկավարությամբ՝ կապելով գյուղը քաղաքի հետ: Նրա մակույկից օգտվող ամեն մարդ իր հետ նոր պատմություն է բերում։ Իսկ մակույկավարը լուռ է։ Լսում է բոլոր պատմությունները։ Բայց ինքն ունի իր պատմությունը, այն յուրահատուկը, որը ռեժիսորին մղել է նկարահանելու այս ֆիլմը։ Նույնիսկ այս հեռավոր լեռնային գյուղին են հասնում քաղաքակրթության ալիքները: Գետի վրա մեծ կամուրջ է կառուցվում: Գյուղի մարդիկ անհամբեր սպասում են կամրջի կառուցման ավարտին՝ համոզված լինելով, որ այն կթեթևացնի ճանապարհորդությունները գյուղի և քաղաքի միջև և կյանքը կհեշտացնի: Սակայն մակույկավարը ներսից հակասական զգացմունքներով էր հետևում այդ ամենին, որովհետև գիտեր՝ չի կարելի հրաժարվել քեզ տրվածից։ Քոնը՝ քոնն է։ Եթե դժվար է, մեկ է, պետք է դիմանալ։ Կյանքի օրենքն է։ Օրերից մի օր մակույկավարի մոտ հայտնվում է մի աղջիկ և փոխվում է պատմության ամբողջ ընթացքը։ Բայց այն, մեկ է, մնում է մարդու և բնության ներդաշնակության, վերաբերմունքի, մեզ տրվածից օգտվելու մասին պատմություն։ Երբ խոսում ենք ֆիլմում երաժշտության ֆունկցիայի մասին, ապա պետք է նկատի ունենանք, թե ինչպես է այն գործում պատմության պատմելու համատեքստում։ «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմում մենք ականատես ենք լինում Տիգրան Համասյան կինոկոմպոզիտորի հոգևոր խորությանը, նրա մեղեդու՝ պատմությունն առաջ տանելու բացառիկությանը։ Համասյանի երաժշտությունն ապահովում է ամբողջ ֆիլմի տրամադրությունը՝ ներդաշնակելով բնության, ինքնության, մարդկային մտքի բոլոր շերտերը։ Անգամ կարելի է զարմանալ՝ ինչպե՞ս է կոմպոզիտորը այդքան ճիշտ զգացել ճապոնական պատմության ռիթմիկան։ Համասյանը կարողացել է ապահովել հուզականություն և արտահայտչականություն, տեմպառիթմ։
Հ․Գ․ Այս ֆիլմը դիտելու հաջորդ օրը կես էջանոց էսսե գրեցի։ Երևի այդ էսսեն երաժշտությունից էր գալիս։ Բայց այդ կես էջի համար շատ էին իմ հարցերը․
-Ոչինչ հավերժ չէ՞։ Ճի՞շտ լսեցի։
-Մարդը չի՞ հասկանում ինքն իրեն։
-Երևի՞․․․
-Բնությո՞ւնը կասի․․․
Վովա Արզումանյան