Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:
Քսավիեր դե Մեստղը մեր օրերի լավագույն տավղահարներից մեկն է։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։
Այս երաժշտական տեսլականը մղել է նրան համագործակցելու Անդրե Պրեվինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի, Դանիելե Գատտիի, Ֆիլիպ Ջորդանի, Քրիստիան Յարվիի, Բերթրանդ դե Բիլլիի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Դանիել Հարդինգի և Միրգա Գրաժինիտե-Թիլայի հետ։ Նրան նվագակցել են այնպիսի հանրահայտ նվագախմբեր, ինչպիսիք են Չիկագոյի, Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ցյուրիխի Թոնհալե նվագախումբը, Սալցբուրգի Մոցարտեումի նվագախումբը, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը։ Իր հայրենի Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի նվագախմբի, Փարիզի և Լիոնի պետական նվագախմբերի, Ֆրանսիայի, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեյի, Լիլի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շարք այլ վայրերում։
Իր նվագախմբային ելույթներին զուգահեռ՝ դե Մեստղը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ և պարբերաբար համատեղում էր իր երաժշտական գործունեությունը նմանատիպ նախագծերի հետ։ 2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլլասոնի հետ: Նրանք ելույթով հանդես են եկել Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում, Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում, այցելել են աշխարհի այլ քաղաքներ համերգային շրջագայության: Քսավիեր դե Մեստղը աշխատել է ֆլամենկոյի և կաստանետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ: Նա համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ:
2008 թվականից ի վեր, դե Մեստղը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։ Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ իր ելույթները, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի «Մոցարտեում»-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը:
Ծնված լինելով Տուլոնում՝ դե Մեստղը քնար նվագել սովորել է Վասիլիա Բրիանոյի հետ՝ տեղի կոնսերվատորիայում։ Իր կատարողական կարողությունները նա հետագայում կատարելագործել է Փարիզում՝ Քեթրին Միշելի և Ժակլին Բորոտի հետ: Նա նաև սովորել է Փարիզի «Sciences Po» (Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտ), իսկ հետո Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: 1998-ին նա արժանացել է իր առաջին մրցանակին՝ ԱՄՆ-ի Բլումինգտոնի քնարի հեղինակավոր միջազգային մրցույթում և նույն թվականին դարձել առաջին ֆրանսիացի երաժիշտը, որն ընդունվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ։
Նա 2001-ից դասավանդում է Համբուրգի արաժշտական ավագ դպրոցում։
No Comments